Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը վաղը` կիրակի, 8 սեպտեմբերին, մրցում մը եւս ունի կատարելիք Եւրօ-2020-ի ֆութպոլի ախոյեանութեան ծիրին մէջ, երբ Երեւանի հանրապետական մարզադաշտին վրայ պիտի հիւրընկալէ Պոսնիան:
Ժ. խմբակին մէջ կատարուելիք այս մրցումը պիտի սկսի ժամը 16:00-ին` Պէյրութի ժամանակացոյցով:
Ինչպէս ծանօթ է, հայրենի կազմը նախանցեալ օր հիւրընկալեց Իտալիան եւ կրեց 3-1 արդիւնքով պարտութիւն մը, հակառակ անոր որ սկիզբը Իտալիա 1-0 արդիւնքով ուշացած էր:
Պէտք չէ մոռնալ նաեւ այն, որ Հայաստան Բ. կիսախաղը ամբողջութեամբ մրցեցաւ 10 մարզիկով:
Վաղուան այս ճակատումին Հայաստանէն կ՛ակնկալուի ամէն գնով արձանագրել մրցաշարքի իր երրորդ յաղթանակը` աւելիով չհեռանալու համար նամանաւանդ Ֆինլանտայէն, որ ունի 12 կէտ: Առաջին դիրքը գրաւող Իտալիոյ հասնիլը գրեթէ անկարելի է (15 կէտ): Պոսնիա 7 կէտով կը գրաւէ 3-րդ դիրքը, մինչ Հայաստան 6 կէտով` չորրորդ դիրքը:
Այս մրցումին տոմսակներուն գիները կը սկսին 1000 դրամէն` հասնելով մինչեւ 9000-ի:
Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը յայտնեց, որ համակիրներուն ներկայութիւնը այս մրցումին կը նկատուի բաւական կարեւոր: Պէտք է դաշտը լեցուի ամբողջութեամբ, ինչպէս որ լեցուեցաւ Իտալիոյ դէմ մրցումին:
«Եու. Է. Էֆ. Ա.»-ի կողմէ Հայաստան – Պոսնիա մրցումին իրաւարարները նշանակուեցան Ֆրանսայէն: Կեդրոնի իրաւարարը պիտի ըլայ Պենուա Փասթիեն:
Ստորեւ Ժ. խմբակին դասաւորման պատկերը` վաղուան մրցումներուն նախօրեակին.
ՄՐՑ. | Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
1.- Իտալիա | 5 | 5 | 0 | 0 | 16 | 2 | 15 |
2.- Ֆինլանտա | 5 | 4 | 0 | 1 | 7 | 2 | 12 |
3.- Պոսնիա | 5 | 2 | 1 | 2 | 10 | 7 | 7 |
4.- ՀԱՅԱՍՏԱՆ | 5 | 2 | 0 | 3 | 8 | 9 | 6 |
5.- Յունաստան | 5 | 1 | 1 | 3 | 6 | 9 | 4 |
6.- Լիխթնշթայն | 5 | 0 | 0 | 5 | 0 | 18 | 0 |