Եւրօ-2020. Հայաստան Արձանագրեց Իր Առաջին Յաղթանակը` 3-0 Արդիւնքով Պարտութեան Մատնելով Լիխթնշթայնը
Եւրօ-2020-ի Եւրոպայի ֆութպոլի ախոյեանութեան զտումի մրցաշարքի երրորդ հանգրուանին ծիրին մէջ, Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը, գլխաւոր մարզիչ Արմէն Գիւլբուդաղեանցի գլխաւորութեամբ, Երեւանի Վազգէն Սարգսեանի անուան հանրապետական մարզադաշտին վրայ հիւրընկալեց Լիխթնշթայնը եւ 3-0 արդիւնքով արձանագրեց մրցաշարքի իր առաջին յաղթանակը, յաջորդական երկու պարտութենէ ետք (առաջինը Պոսնիայէն 2-1, իսկ երկրորդը Ֆինլանտայէն` 2-0):
Արդէն իսկ 2-րդ վայրկեանին, Վարազդատ Հարոյեանի երկար փոխանցումէն ետք Գէորգ Ղազարեան նշանակեց մրցումին առաջին կոլը:
18-րդ վայրկեանին Ալեքսանտր Կարապետեան նշանակեց երկրորդ կոլը:
Իսկ մրցումին վերջին վայրկեանին, Տիգրան Բարսեղեան նշանակեց հայրենի կազմին երրորդ եւ վերջին կոլը:
Բ. կիսախաղի սկզբնաւորութեան բերդապահ Արամ Հայրապետեանի երկու սխալները կրնային ճակատագրական ըլլալ Հայաստանի խումբին համար, սակայն բարեբախտաբար որեւէ կոլ չնշանակուեցաւ մրցակիցին կողմէ:
Մրցումէն ետք Հայաստանի առաջին կոլը նշանակած Ղազարեան իր մարզաշապիկը նուիրեց Հայաստանի հաւաքականի հաշմանդամ մէկ համակիրին:
Հայաստան վաղը` երեքշաբթի, 11 յունիսին Աթէնքի մէջ հիւրը պիտի ըլլայ Յունաստանի, որ նախանցեալ օր իր դաշտին վրայ 3-0 արդիւնքով պարտութիւն մը կրեց Իտալիայէն: Վերջինս ցարդ իր կատարած երեք մրցումներուն ալ յաղթանակ արձանագրած է:
Իսկ երրորդ մրցումին Ֆինլանտա 2-0 արդիւնքով յաղթեց Պոսնիոյ:
Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
1.- Իտալիա | 3 | 0 | 0 | 11 | 0 | 9 |
2.- Ֆինլանտա | 2 | 0 | 1 | 4 | 2 | 6 |
3.- Յունաստան | 1 | 1 | 1 | 4 | 5 | 4 |
4.- Պոսնիա | 1 | 1 | 1 | 4 | 5 | 4 |
5.- ՀԱՅԱՍՏԱՆ | 1 | 0 | 2 | 4 | 4 | 3 |
6.- Լիխթնշթայն | 0 | 0 | 3 | 0 | 11 | 0 |