Մերձաւորարեւելեան Ընթացիկ Զարգացումների Շուրջ. Սիրիայից Ամերիկեան Զօրքերի Դուրսբերումը

ԿԱՐԷՆ ՎԵՐԱՆԵԱՆ
Տարածաշրջանային հարցերով փորձագէտ

Մերձաւորարեւելեան տարածաշրջանային զարգացումները կրկին մտնում են սրացման հերթական փուլ: Տարածաշրջանում նոր լարուածութեան ստեղծման պատճառ կարող է դառնալ Միացեալ Նահանգների նախագահ Թրամփի` Սիրիայից 2000-անոց ամերիկեան զօրքի դուրսբերման վերաբերեալ յայտարարութիւնը: Յիշեցնենք, որ Միացեալ Նահանգների նախագահ Տոնալտ Թրամփը 2018թ. դեկտեմբերի կէսին յայտարարել էր Սիրիայում «Իսլամական պետութիւն» խմբաւորման դէմ յաղթանակի մասին` նշելով, որ դա երկրում ամերիկեան զօրքերի գտնուելու միակ պատճառն էր: Ի հարկէ, սա ամենեւին էլ չի նշանակում, որ այս յայտարարութիւնից անմիջապէս յետոյ Ուաշինկթընը  շատ կարճ ժամանակաշրջանում դուրս կը բերի իր զօրքերը Սիրիայից: Թէեւ նախագահ Թրամփի կողմից հնչել է յստակ պաշտօնական յայտարարութիւն, սակայն մերձաւորարեւելեան այդ երկրից ամերիկեան զօրքերի դուրս բերման գործընթացը պայմանաւորուած է նաեւ տարածաշրջանային ընթացիկ գործընթացներով, մասնաւորապէս` նրանով, թէ ինչպիսի՛ հետեւանքներ եւ ազդեցութիւն կարող է ունենալ զօրքերի դուրս բերման վերաբերեալ հնչեցուած յայտարարութիւնը, եւ ի՛նչ արձագանգներ ու դիրքորոշումներ կը լինեն տարածաշրջանային այլ պետութիւնների կողմից: Այդ պարունակում թերեւս սխալուած չենք լինի, եթէ ասենք, որ, ի հարկէ, մտահոգիչ է, երբ տարածաշրջանում, կայունութեան ու խաղաղութեան պահպանման նկատառումներից ելնելով, որեւէ պետութիւն երրորդ երկրի կամ երկրների կողմից զօրքեր, տուեալ դէպքում` ամերիկեան, զօրքեր են մտցւում: Սակայն շատ աւելի մտահոգիչ է, երբ տարածաշրջանից կամ որեւէ երկրից դուրս են բերւում աշխարհաքաղաքական խաղացողներից մէկի` ամերիկեան զօրքերը, որն, անշուշտ, առաջացնում է որոշակի ռազմաքաղաքական դատարկութիւն, ինչն էլ նախադրեալներ կարող է ստեղծել ապակայունացման եւ նոր տեղաշարժերի համար: Թերեւս այդ յայտարարութեամբ էր պայմանաւորուած այն, որ կրկին իրավիճակը սրուեց պաղեստինա-իսրայէլական հակամարտութիւնում, արդէն խօսւում է ճգնաժամային իրադրութեան փուլ մտնելու մասին, սիրիական ճակատում նոր լիցք հաղորդուեց նաեւ Իսրայէլի ու Իրանի միջեւ ընթացող, այսպէս կոչուած, փրոքսի պատերազմական գործողութիւններին: Օրերս լուրեր տարածուեցին, որ իրանական կողմը եւ Հըզպալլա շարժումը կրկին քայլեր են ձեռնարկում` Իսրայէլի հետ սահմանին իրենց ռազմական ներկայութիւնը վերահաստատելու ուղղութեամբ, թէեւ ետ էին քաշուել Ռուսաստանի հետ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների հիման վրայ:

Սիրիայից ամերիկեան զօրքերի դուրս բերման մասին հնչած` Սպիտակ տան յայտարարութիւնից յետոյ տարածաշրջանում ձեւաւորուող ռազմաքաղաքական դատարկութիւնը տրամաբանօրէն երկար չի կարող պահպանուել: Միեւնոյն ժամանակ նշենք, որ պէտք չէ սպասել ստեղծուած դատարկութեան մեքանիքականօրէն լրացման միտում, քանի որ մենք գործ ունենք տարածաշրջանում շահերի բազմաշերտութեան հետ: Սակայն անհրաժեշտ ենք համարում յստակեցնել, որ Սիրիայից ամերիկեան զօրքերի դուրսբերումն ամենեւին էլ չի նշանակում, որ Միացեալ Նահանգների համար Սիրիան դառնում է պակաս հետաքրքրութիւն ներկայացնող շահերի գօտի: Խօսքը վերաբերում է զուտ ցամաքային զօրքերի դուրսբերմանը, որն ըստ ամենայնի, նպատակայարմար է` աւելի շուտ ֆինանսական յատկացումների կրճատման անհրաժեշտութիւնից ելնելով,  այլ ոչ թէ ռազմական ցամաքային ներկայութեան հարցն է, առհասարակ: Հասկանալի է, որ Ուաշինկթընը տիրապետում է ռազմական, զինատեսակների բաւական հզօր ներուժի`  ռազմածովային ու ռազմաօդային տեսանկիւններից, ինչը հնարաւորութիւն կարող է տալ ամերիկեան կողմին գործնականօրէն արձագանգելու եւ չէզոքացնելու սիրիական ու տարածաշրջանային ուղղութեամբ այն սպառնալիքներն ու մարտահրաւէրները, որոնք կարող են կանգնել Միացեալ Նահանգների պաշտպանական կամ արտաքին քաղաքականութեան առջեւ:

Անգարայի աշխուժացումը տարածաշրջանում

Ինչպէս արդէն նշուեց, Սիրիայից ամերիկեան զօրքերի դուրսբերման գործընթացը կարող է արագ չընթանալ` կախուած տարածաշրջանում ընթացիկ ռազմաքաղաքական գործընթացներից, հնարաւոր նոր մարտահրաւէրներից ելնելով: Այդ առումով, խորհրդանշական պէտք է համարել Սպիտակ տան ազգային անվտանգութեան գծով խորհրդական Ճոն Պոլթընի յայտարարութիւնն առ այն, որ Ուաշինկթընը պէտք է Թուրքիայից քրտերի անվտանգութեան յստակ երաշխիքներ ստանայ, ընդգծելով, որ Թուրքիայի ցանկացած ռազմական գործողութիւն Սիրիայի տարածքում պէտք է համաձայնեցուի Ուաշինկթընի հետ:

Թէեւ այս վերջին յայտարարութեան մէջ պաշտօնական Ուաշինկթընն իր մտահոգութիւնն էր յայտնում Թուրքիայից տարածաշրջանի եւ Սիրիայի քրտերի անվտանգութեան ու անձեռնմխելիութեան երաշխիքներ ստանալու հարցերի վերաբերեալ, այդուհանդերձ, կարծում ենք, որ խնդիրներն ու շահերը շատ աւելի բազմաշերտ են, լայն եւ բաւական փոխկապակցուած, քան տարածաշրջանի քրտերի հարցն ու նրանց անվտանգութիւնը` դրանից բխող բոլոր հետեւանքներով ու իրողութիւններով:

Ի հարկէ, տարածաշրջանի քրտերի անվտանգութեան հետ կապուած հարցերը սկզբունքային են համարւում թէ՛ Ուաշինկթընի, թէ՛ Անգարայի տարածաշրջանային արտաքին քաղաքականութիւնում, սակայն դրանք ունեն տրամագծօրէն հակառակ մօտեցումներ: Անգարան բազմիցս է յայտարարել, որ քրտերի ներկայութիւնը տարածաշրջանում սպառնալիք է իր անվտանգութեանը: Յիշեցման կարգով նշենք նաեւ, որ Էրտողանը պատրաստւում էր ռազմական գործողութիւններ ձեռնարկել Սիրիայիում արդէն մինչ Թրամփի` սիրիայից ամերիկեան զօրքերի դուրսբերման վերաբերեալ յայտարարութիւնը: Այդ մասին Թուրքիայի նախագահ Էրտողանի յայտարարութիւնը հնչել էր 2018թ. դեկտեմբերի 14-ին, որին դեկտեմբերի 19-ին յաջորդեց Միացեալ Նահանգների նախագահ Տոնալտ Թրամփի յայտնի յայտարարութիւնը: իսկ արդէն դեկտեմբերի 24-ին Սիրիայում թուրքական ուժերը Պապ քաղաքից շարժւում են դէպի Մենպիժի սահման: կարեւոր ենք համարում յիշատակել, որ Միացեալ Նահանգների եւ Թուրքիայի զինուած ուժերը Մենպիժի ճանապարհային քարտէսի եւ անվտանգութեան սկզբունքների համաձայնութիւնների շրջանակներում Մենպիժի շուրջ անկախ պարեկային գործողութիւններ էին սկսել նախորդ տարուայ յունիսի 18-ից:

Միւս կողմից` հետաքրքիր զուգահեռներ կարելի է անցկացնել վերը յիշատակուած գործընթացների եւ սիրիական ուղղութեամբ Ռուսաստան-Թուրքիա գործակցութեան միջեւ: Ոչ վաղ անցեալում` 2017թ. հոկտեմբերի 8-ին, Թուրքիայի զինուած ուժերը հետախուզական գործողութիւններ էին սկսում Սիրիայի Իտլիպ նահանգի տարածքում: Թուրքական զինուժը պատրաստւում էր ցամաքային ստորաբաժանումներ ուղարկել սիրիական նահանգի տարածք: Թուրքական զինուժը Իտլիպում գործողութիւններ է իրականացնում Ասթանայի բանակցութիւներում Իրանի եւ Ռուսաստանի հետ ձեռք բերուած համաձայնութեան շրջանակներում: Յիշեցնենք, որ Ասթանայում ձեռք բերուած համաձայնութեամբ` Իտլիպում «ոչ բախումնային» գօտի է սահմանուել, որի երաշխաւորներից Թուրքիան վերահսկողութիւն է հաստատում նահանգի տարածքում, Ռուսաստանը` հետեւում նահանգի սահմաններին հրադադարի պահպանմանը:

Այդ ամէնից ի՞նչ է ստացւում. Անգարան կարողանում է խաղալ եւ բաւական արդիւնաւէտութեամբ խաղալ տարբեր աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային բեւեռների հետ: Մի կողմից Էրտողանը սիրիական Իտլիպի եւ, առհասարակ, Սիրիայում անվտանգութեան ապահովման հարցում որոշակի գործողութիւնների նախաձեռնման հնարաւորութիւն է ստանում` Ասթանայում Ռուսաստան-Իրան-Թուրքիա բանակցութիւններից ելնելով, միւս կողմից` կարողանում է Ուաշինկթընի հետ քննարկել Սիրիայի քրտերի հետ կապուած հարցեր եւ` ոչ միայն: Կարծում ենք, որ վերջին գրեթէ մէկ տասնամեակում սիրիական ճգնաժամի տարիներին զգալիօրէն մեծացել է հէնց Թուրքիայի տարածաշրջանային կշիռը, նշանակութիւնը, որը կարողացել է խուսանաւել տարբեր աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային շահերի միջեւ եւ ստանալ առաւելագոյն քաղաքական, ռազմաքաղաքական շահեր: Նոյն տրամաբանութեամբ պէտք է դիտարկել նաեւ Պոլթընի վերջին յայտարարութիւնը` Սիրիայի քրտերի անվտանգութեան մտահոգութեան առնչութեամբ` յստակ երաշխիքներ ակնկալելով Անգարայի կողմից: Կարծում ենք, որ այս յայտարարութիւնն ինքնին խօսուն է եւ ցոյց է տալիս, իսկ աւելի շուտ` ընդգծում Սիրիայի քրտերի հարցում եւ տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, Թուրքիայի առանձնակի դերակատարութիւնը:

Աւելի՛ն. 2019թ. յունուարի առաջին կէսին կայացաւ Թրամփ-Էրտողան հեռախօսազրոյցը, որի արդիւնքները կողմերը թէեւ դրական են գնահատել, սակայն կարծես սկզբունքային հարցերում եւ առաջին հերթին քրտերի առնչութեամբ դեռեւս առկայ են աւելի շատ հակասութիւններ, քան` երկխօսութեան եզրեր: Հեռախօսազրոյցի ընթացքում երկու երկրների առաջնորդները պատրաստակամութիւն են յայտնել շարունակել բանակցութիւնները Սիրիայում Թուրքիայի կողմից անվտանգութեան գօտու ստեղծման առաջարկի հեռանկարի շուրջ:

Իսկ արդէն ս.թ. յունուարի վերջերին Մոսկուայում տեղի ունեցան Փութին-Էրտողան բանակցութիւնները, որոնց գլխաւոր թեմաներից մէկը Սիրիայի իրավիճակն էր: Կողմերը վերահաստատել են իրենց դիրքորոշումները` շարունակելու բանակցութիւնները Ասթանայում ձեռք բերուած եռակողմ` Ռուսաստան-Թուրքիա-Իրան պայմանաւորուածութիւններին համապատասխան: Այդ հանդիպման ընթացքում կրկին հնչել է անվտանգութեան գօտի ստեղծելու առաջարկը, որը թէեւ արարողակարգային մակարդակով աջակցութիւն է գտել Փութինի կողմից, այդուհանդերձ, հասկանալի պատճառներով Մոսկուային ձեռնտու չէ Սիրիայում անվտանգութեան գօտու ձեւաւորման գաղափարը` Թուրքիայի ուղղակի մասնակցութեամբ: Հարցը պարզ է` դա թոյլ կը տան Էրդողանին առժամանակ ռազմական ներկայութիւն հաստատել Սիրիայի այդ շրջաններում: Գուցէ իրավիճակային հարթութիւնում կողմերը գան ընդհանուր յայտարարի, բայց թերեւս ոչ աւելին:

Ոչ հրապարակային, յետքուլիսային քննարկումներում Թրամփ-Էրտողան, Փութին-Էրտողան բանակցութիւնները, Սիրիայի իրադրութեան եւ քրտերի հիմնահարցերից զատ, ծաւալւում են նաեւ առանցքային այնպիսի նիւթի շուրջ, ինչպիսին է` Թուրքիայի կողմից ռուսական  400 հակաօդային-հրթիռային համակարգերի ձեռք բերման հնարաւորութիւնը: Յիշեցնենք, որ Միացեալ Նահանգների ծերակոյտն այդ գործարքի հետ կապուած արգելափակեց «Էֆ.-35» կործանիչների մատակարարումը Թուրքիային. Միացեալ Նահանգների նախագահ Թրամփը ստորագրեց 2019թ. ռազմական պիւտճէի նախագիծը, որի կէտերից մէկով էլ նախատեսւում էր ժամանակաւորապէս դադարեցնել Թուրքիային «Էֆ.-35» կործանիչների մատակարարումը:

Ելնելով վերոնշեալ իրողութիւններից, հաշուի առնելով Միացեալ Նահանգներ-Թուրքիա, Ռուստան-Թուրքիա ղեկավարների միջեւ վերջին շրջանում հանդիպումների, քննարկումների յաճախակիացման միտումները` կարող ենք ասել, որ յետքուլիսային ձեւաչափում կողմերը վերաճշգրտում են նշեալ առանցքային հարցերի շուրջ սեփական հնարաւորութիւններն ու փոխզիջման սահմանները: Արդիւնքում` Թուրքիան կարող է ձգտել թէ՛ Ուաշինկթընից, թէ՛ Մոսկուայից ստանալ քաղաքական, ռազմական որոշ շահեր, քանի որ ստեղծուած իրավիճակում առաւել շահեկան դիրքում է յայտնւում հէ՛նց Թուրքիան: Սիրիայից ամերիկեան զօրքերի դուրսբերումը մեծացնում է տարածաշրջանային խաղացողների շահերի աշխուժացման ու վերադիրքաւորման  հնարաւորութիւնները: Սա նախ խուսանաւելու հնարաւորութիւն է տալիս առաջին հերթին Անգարային, քանի որ զօրքերի դուրսբերմամբ ստեղծուած դատարկութիւնը Մոսկուայի կողմից համալրման փորձերը կը հանդիպեն Ուաշինկթընի դիմակայութեանը, դա վերաբերում է նաեւ Իրանին: Իսկ Անգարա-Ուաշինկթըն յարաբերութիւններում, չնայած քրտերի հարցում առկայ տարակարծութիւններին, իրավիճակային, մարտավարական առումով կայ փոխզիջման առաւել նպաստաւոր դաշտ, քան` միւսների առումով: Էրտողանն իր հերթին յստակ գիտակցում է, որ Թրամփը պատրաստ է գնալ փոխզիջման Թուրքիայի հետ, յատկապէս` Ռուսական «Սի.-400» հակաօդային-հրթիռային համակարգերի ձեռք բերման վերաբերեալ ռուս-թուրքական հնարաւոր գործարքը տապալելու հարցում: Բաւական խորհրդանշական էր նաեւ վերջերս Մոսկուայում կայացած Փութին-Էրտողան հանդիպման ընթացքում այն տեղեկատուութեան արտահոսքը, ըստ որի, կողմերն անդրադարձել են 1998թ. Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ ստորագրուած Ատանայի պայմանագրին, որով կողմերը համաձայնութեան են եկել համագործակցել անվտանգութեան ոլորտում եւ փոխանակուել հետախուզական տուեալներով: Ասել է, թէ` Մոսկուան քաղաքական աջակցութիւն է ցոյց տալիս Թուրքիային, որպէսզի վերջինս ամերիկեան զօրքերի դուրսբերումից յետոյ Սիրիայի հետ սկսի բանակցութիւնները երկու երկրների միջեւ համատեղ սահմանի անվտանգութեան ապահովման հարցի շուրջ` հիմնուելով նաեւ Ատանայում ստորագրուած համաձայնագրի վրայ:

Հետեւութիւններ

1.- Սիրիայից ամերիկեան զօրքերի դուրսբերումը, ըստ էութեան, ունի մարտավարական-իրավիճակային նշանակութիւն եւ դրա ռազմաքաղաքական հետեւանքները նոյնպէս չեն կարող դիտուել ռազմավարական հարթութիւնում, քանի որ զօրքերի դուրսբերումը ռազմավարական առումով փոփոխութիւններ չի ենթադրում:

2.- Սիրիական ճգնաժամի տարիներին զգալիօրէն ընդլայնուել է Անգարայի տարածաշրջանային նշանակութիւնը: Մերձաւորարեւելեան այդ երկրից ամերիկեան զօրքերի դուրսբերման մասին յայտարարութիւնը եւ դրա գործընթացը կը մեծացնեն տարածաշրջանում դիրքերի ամրապնդման հարցում Թուրքիայի հնարաւորութիւնները, հետեւաբար` նրա տարածարջանային կշիռը:

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)