ՎԻԳԷՆ ՍԵՐՈԲԻ ԱՐԱՊԵԱՆ
«Զուարթնոց» օդակայանում եմ, սահմանային անցակէտում, հանրապետութիւնից դուրս եմ գալիս. հերթս է. մօտենում եմ սահմանապահ ծառայողի պատուհանին: Յանձնում եմ անձնագիրս: Ծառայողը ռուսերէն է խօսում իմ հետ, ռուս է: Ես հայերէնով պատասխանում եմ` «խնդրում եմ` հայերէն խօսէք». ծառայողը շարունակում է խօսել ռուսերէն: Պատասխանում եմ` «մենք Ռուսաստանում չենք, մենք Հայաստանում ենք, ու Հայաստանում մայրենի լեզուն հայերէն է»: Կրկնում եմ իմ խօսքը, սահմանապահը ձեռքով նշան է անում ու ցոյց է տալիս կողքի պատուհանը ու առաջարկում, որ մօտենամ այդ պատուհանին, որտեղ ծառայողը հայերէն է խօսում:
Մօտենում եմ կողքի պատուհանին: Ծառայողը հայ է ու հայերէն է խօսում իմ հետ: Յանձնում եմ փաստաթղթերս ու ասում` «Ես անընդունելի եմ համարում, որ Հայաստանի Հանրապետութիւնում սահմանապահ ծառայողը հայերէն չխօսի»: Նա պատասխանում է, որ դրա մէջ խնդիր չի տեսնում, նկատի ունենալով, որ այդ ծառայողը ռուս սահմանապահ է, ոչ ՀՀ սահմանապահ: Ասում եմ, որ անկախ ծառայողի ազգութիւնից` նա պարտաւոր է հայերէն խօսել, քանի որ իրականացնում է ՀՀ սահմանապահի ծառայութիւն:
Մեր զրոյցին միանում է մի այլ սահմանապահ: Հայ ծառայողները շարունակում են առարկել ու իբրեւ օրինակ` ասում են, որ օդակայանում կայ նաեւ արժանթինցի աշխատակից, որ հայերէն չի խօսում. պատասխանում եմ, որ այդ արժանթինցի աշխատակիցը ՀՀ սահմանապահի ծառայութիւն չի իրականացնում, եթէ իրականացնէր, ապա պարտաւոր կը լինէր հայերէն իմանալ ու հայերէնով հաղորդակցել քաղաքացիների հետ: Իբրեւ օրինակ, ասում եմ, որ կատարուածը նոյնն է` ինչ ՀՀ ոստիկանը Երեւանում կանգնեցնի քաղաքացուն ու չիմանալով հայերէն` հաղորդակցի բացառապէս այլ լեզուով: Հարց եմ տալիս, թէ ինչքանո՛վ ընդունելի կը լինի, եթէ Մոսկուայի օդակայանում սահմանապահ ծառայողը խօսի հայերէն ու միայն հայերէն:
Մի քանի անգամ խնդրում եմ ու պնդում, որ կանչեն իրենց վերադասը, պատասխանատուն. ծառայողը պատասխանում է` «Իմ ղեկավարը Հայաստանի վարչապետն է»: Ես հարց եմ տալիս, թէ Վ. Սարգսեանը տակաւին սահմանապահ զօրքերի հրամանատա՞րն է, եւ ասում եմ, որ ճանաչում եմ նրան եւ յայտնում եմ, որ բողոքելու եմ: Իրենք հաստատում են: Նոր մօտեցող սահմանապահը ցոյց է տալիս ապակու վրայի թէժ գծի հեռախօսահամարը, որին զանգելով` կարող եմ ներկայացնել իմ բողոքը:
Հեռանում եմ անցակէտից` յայտնելով ափսոսանքս, որ լինելով անկախ ՀՀ քաղաքացիներ, աւելի՛ն, ՀՀ պետական ծառայողներ, վիրաւորուած չեն զգում, որ օտարազգի քաղաքացին ՀՀ սահմանում ռուսերէն է խօսում: Սահմանապահներից Արմենը պատասխանում է. «Ցաւդ տանեմ, մենք քեզ հասկանում ենք, բայց մեր երկիրը այդ կարգավիճակում չի…»:
Զանգում եմ ՀՀ սահմանապահ զօրքերի թէժ գիծ: Պատասխանում է Ա. Յարութիւնեանը: Յայտնում եմ իմ բողոքը եւ խնդրում եմ, որ գրանցի: Նա ասում է, որ իմ բողոքը չի կարող բողոք համարուել: Ասում եմ, որ իբրեւ քաղաքացի` զանգում եմ ու յայտարարում, որ խախտուած են իմ իրաւունքները` հիմնաւորելով, որ Հայաստանի Հանրապետութեան պետական լեզուն հայերէն է: Զանգին պատասխանողը ինձ ասում ու կրկնում է երկու անգամ, որ նկատի ունենալով, որ տուեալ ծառայողը հայ սահմանապահ չէ, այլ` ռուս, եւ ծառայում է պայմանագրով, չունի որեւէ պարտաւորութիւն ՀՀ սահմանին հայերէն խօսելու:
Այսքանը` միջադէպի մասին:
Յարգանք ունեմ մարդու նկատմամբ` անկախ անձի ազգութիւնից ու քաղաքացիութիւնից եւ չունեմ որեւէ բացասական նախապաշարում այլ երկրների քաղաքացիների կամ ընդհանրապէս այլ ազգերի նկատմամբ, եւ հասկանալով հանդերձ, որ ռուս սահմանապահը ծառայում է մեր սահմանում միջպետական պայմանագրի հիմունքով, անընդունելի եմ համարում եւ վիրաւորական իմ ազգային արժանապատուութեան, որ մի այլ երկրի քաղաքացի Հայաստանում մատուցի սահմանապահ ծառայութիւն եւ չխօսի հայերէն:
Սոյն գրութիւնը ոեւէ այլ ազգի կամ երկրի դէմ չէ, այլ հայի ու Հայաստանի համար է:
Արդեօք եթէ հակառակը լինէր, Մոսկուայում կամ Պերլինում, ուր հայ սահմանապահը ծառայէր եւ խօսէր բացառապէս հայերէն, ի՞նչ կը մտածէր այդ երկրի քաղաքացին:
10.01.2019
«Զուարթնոց» օդակայան
Քաղաք Երեւան, Հայաստանի Հանրապետութիւն