Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Իրականում Ովքե՞ր Են Սպաննել Ճեմալ Փաշային Եւ Նրա Մարդկանց…

Յունուար 10, 2019
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՌՈՒԲԻԿ ԹՈՎՄԱՍԵԱՆ

Այժմ անդրադառնանք Ճեմալ փաշայի սպանութեան կազմակերպման ընթացքին եւ իրականացման մասնակիցներին, որոնք ունեն ճանաչողական նշանակութիւն, քանզի անհրաժեշտ է զատել նրանց վայ հայրենասէրներից… Այս պարագայում ահաբեկման հեղինակները չէին բարձրաձայնել, քանի որ նրանք յանդգնութիւն ունեցան խորհրդային դաժան պայմաններում, Խորհրդային Վրաստանում` Չեկայի մերձակայքում գնդակահարելու Ճեմալին եւ նրա մարդկանց:

Արխիւային փաստաթղթերն անհերքելի ապացուցում են, որ Ճեմալի ահաբեկումը նախաձեռնել եւ իրագործել է ՀՅԴ Վրաստանի Կենտրոնական կոմիտէն` դաշնակցականներ Ստեփան Ծաղիկեանի, Պետրոս Տէր Պօղոսեանի եւ նրանց համերկրացի, անկուսակցական Արտաշէս Գէորգեանի միջոցով: Ահաբեկման պատասխանատուն էր ՀՅԴ անդամ, խոտորջուրցի Ս. Ծաղիկեանը, որը որոշման իրագործման համար նկատի էր ունեցել իր հայրենակից, անվրէպ նշանառու, նոյնպէս դաշնակցական Պետրոս Տէր Պօղոսեանին եւ վերջինիս խորհրդով` խոտորջուրցի երիտասարդ Արտաշէս Գէորգեանին: ՀՅԴ Վրաստանի Կենտրոնական կոմիտէի երկու անդամները` Կորիւն Ղազազեանը եւ Տիգրան Աւետիսեանը, կրնկակոխ եւ աչալուրջ հետեւում էին աշխատանքների ընթացքին` Ճեմալին ճանաչող մարդկանց ներգրաւմամբ կազմակերպելով առերեսումներ եւ վստահելի հետախոյզների միջոցով հետեւելով նրա տեղաշարժերին եւ հանդիպումներին:

Պերլինում թաքնուած ապրելու տարիներին Թալէաթը, Էնվերը եւ Ճեմալը ապրում էին միօրինակ կեանքով, երեքն էլ գրում էին իրենց յուշերը եւ ճգնում էին իրենց վրայից գցել հայկական ջարդերի պատասխանատուութիւնը:

Ճեմալը, աւարտելով իր յուշերը, 1920 թ. մեկնում է Պուխարա, որտեղ սկսում է աշխատել որպէս պուխարական էմիրի ռազմական խորհրդական: Սակայն նա ձգտում էր ցանկացած գնով, թէկուզ` որպէս մասնաւոր անձ, վերադառնալ Թուրքիա: Դրա համար նա 1922 թ. գարնանը Պուխարայից ժամանում է Մոսկուա եւ Թուրքիա մեկնելու համար գալիս է Թիֆլիս: Նա Թիֆլիսում երկար մնալու մտադրութիւն չունէր: Սակայն պարզուել է, որ նա դեռ չէր կարող Թուրքիա մեկնել, որովհետեւ Քեմալի կառավարութիւնը ձգձգում էր նրան անցաթուղթ տալ: Այդ հանգամանքն էլ հնարաւորութիւն է տուել Հայ յեղափոխական դաշնակցութեան Վրաստանի Կենտրոնական կոմիտէին` լաւ նախապատրաստուելու, մանրազնին ուսումնասիրելու եւ նոր միայն ատրճանակներն ուղղելու դէպի Ճեմալ փաշան:

Ահաբեկման գործողութիւնը կատարուել է այսպէս. դէպքի օրը երեկոյեան Ճեմալն իր մարդկանցով մտնում է Թուրքիայի դեսպանատուն: Դուրս գալով այնտեղից` նրանք բարձրանում են ֆունիկուլեոր (ճոպանուղի, Ա.)` ընթրելու: Ղազազեանի նշանակած մարդիկ ստուերի նման աչալուրջ հետեւում են նրան, լսում են նոյնիսկ, թէ նրանք ի՛նչ են խօսում: Ճեմալի խմբից առաջ նրանք դուրս են գալիս ֆունիկուլեորից եւ վարձում են եղած երկու ազատ կառքերը, որպէսզի Ճեմալն ու նրա մարդիկ կառք չգտնեն եւ ստիպուած` ոտքով իջնեն քաղաք: Ահա այս կարեւոր հանգամանքը վճռական նշանակութիւն է ունենում ահաբեկչութեան յաջող իրագործման համար:

Ճեմալ փաշան եւ նրան ուղեկցողները, կառք չգտնելով, ստիպուած են լինում ոտքով մտնել քաղաք: Ահա նրանց սպասող Ծաղիկեանը, Գէորգեանը եւ Տէր Պօղոսեանը, արդէն իսկ պատրաստ, նրանց դիմաւորում են Երմոլովսկայա փողոցում, Սուրբ Նինայի մենաստանի մօտ: Ճեմալ փաշան եւ նրան ուղեկցողները քայլում են աջ մայթով, իսկ նրանց հետեւողները` ձախ: Արտաշէսն ահաբեկչութիւնը հետագայում նկարագրելիս ասել է, որ երբ իրենք ձախ մայթից երկուսով անցել են աջ մայթ, իսկ Ծաղիկեանը մնացել է նոյն տեղում, Ճեմալը ետ է նայել, կարծես զգացել է իր վրահաս մահը: Առանց երկմտելու` Արտաշէսն ու Պետրոսը մի ակնթարթում հանել են ատրճանակներն ու միասին կրակել Ճեմալի թիկունքին: Երեք փամփուշտներից խոցուելով` Ճեմալ փաշան գլորուել է գետնին:

1937 թուականին, ձերբակալուելուց երեք օր առաջ, Արտաշէսն իր կնոջ` Արփենիկին եւ նրա եղբօրը պատմել է, որ երբ Ճեմալ փաշան տապալուել է, այդ նեղ պահին ինքը հասցրել է համբուրել ատրճանակի փողը` ապրելով մեծ երանութիւն: Ճեմալի վայր ընկնելուց յետոյ նրա քարտուղար Նուսրեթ պէյը, որը քայլում էր նրան թեւանցուկ, իսկ համհարզը` մի փոքր առջեւից, փորձել է զէնքի դիմել, սակայն երկու ատրճանակներից տեղացող հինգ գնդակները նրան էլ են տապալել: Այդ պահին համհարզ Սուրսիա պէյն օգնութիւն կանչելով` վազել է Սոլորակիի կողմը, սակայն Պետրոսի անվրէպ գնդակը նոյնպէս վերջ է դնում նրա կեանքին: Գործը փայլուն աւարտուած համարելով` Պետրոսը մի համազարկ է տալիս սալայատակին, որպէսզի որոտն աւելի սահմռկեցուցիչ լինի, որ մարդիկ վախից փողոց դուրս չգան ու չխանգարեն իրենց փախուստին, վազում է Արտաշէսի ետեւից եւ նկատում, որ մէկը գրկել է Արտաշէսին ու բաց չի թողնում:

Չնայած Արտաշէսը բղաւում է. «Բա՛ց թող, տեռոր է», սակայն նա տեղի չի տալիս: Պետրոսը վազելով մօտենում է եւ նոյնպէս գոռում. «Բա՛ց թող, քաղաքական տեռոր է»: Անծանօթը, միեւնոյնն է, մնում է Արտաշէսին պինդ գրկած վիճակում: Այդ պահին Պետրոսը ստիպուած կողքից, որպէսզի գնդակն Արտաշէսին չդիպչի, տեղն ու տեղը գնդակահարում է այդ մարդուն: Յետոյ պարզւում է, որ այդ մարդը հրշէջ խմբի հերթապահ Գարեգին Դիլանեանն է լինում: Նրա հայրը, լսելով այդ գուժը, լացակումած բացագանչում է. «Վայն իմ գլխուս, շունը սատկելիս լը մի հայու իր հետ տարաւ, էդ հայն էլ բանին անտեղեակ իմ թառլան բալես եղաւ»:

Ինչպէս նշել ենք, Ծաղիկեանը մնացել է ձախ մայթին` Պետրոսի եւ Արտաշէսի թիկունքը պահելու համար: Նա տեսել է, որ Չեկայի շէնքից զինուոր է դուրս վազում, որին կարող էին հետեւել նաեւ ուրիշները, եւ ենթադրել, որ տղաներին թիկունքից վտանգ է սպառնում: Առանց յապաղելու` Ծաղիկեանը հանում է իր ատրճանակն ու կրակում, ծակւում է զինուորի վերնաշապիկը եւ նա ստիպուած ետ է փախչում ու պատսպարւում շէնքում:

Հարկ է նշել, որ փախուստի ժամանակ տղաների կրակոցից պատահաբար ոտքից վիրաւորւում է մի անծանօթ կին: Այսպիսով, կարեւոր չէ, թէ որքան են կրակել Պետրոսն ու Արտաշէսը, կարեւորն այն է, որ այդ կրակոցներից 9-ը հասել են նպատակին` Ճեմալ փաշային` 3 գնդակ, Նուսրեթ պէյին` 5, Սուրսիա պէյին` 1, իսկ 2-ը` չնախատեսուած` Դիլանեանինը 1 գնդակ եւ պատահական մէկ գնդակ ոտքից վիրաւորուած անծանօթ կնոջը: Այս ամէնը փաստացի անձանագրուած է տեղում համապատասխան օրկանների, բժիշկների եւ  Անգարայի հիւպատոսութեան ներկայացուցիչների կողմից, որոնց օգնութեամբ էլ ճանաչուել է սպաննուածների ինքնութիւնը:

Ահաբեկչութեան հէնց առաջին րոպէից ՀՅԴ-ը չէր հրաժարւում այն իր վրայ վերցնելուց, սակայն կոմիտէի անդամները մինչեւ վերջ էլ հրաժարուեցին յայտնել այն գործնականում իրագործողների ով լինելը: Արխիւում գտնուող ոչ մի հարցաքննութեան մէջ չկայ գէթ մէկ փաստ, որ կուսակցութեան ղեկավարներից մէկնումէկն արտաբերած լինի ահաբեկչութիւնը կատարողի անուն ազգանունը: Իսկապէս, աքթի կազմակերպիչը` Ստեփան Ծաղիկեանը եւ ահաբեկիչներ Պետրոս Տէր Պօղոսեանն ու Արտաշէս Գէորգեանը չեն ձերբակալուել եւ մինչեւ 1928 թուականը հարցաքննութեան չեն ենթարկուել: Դա վկայում է այն մասին, որ ահաբեկման ամբողջ գործը շատ կշռադատուած, զգուշ եւ գաղտնի էր կազմակերպուած: Այդ է վկայում նաեւ 1931 թ. հրատարակած «Սովետական մեծ հանրագիտարան»-ի 21-րդ հատորի 756 էջում արձանագրուածը. «… Ճեմալ փաշան սպաննուեց Թիֆլիսում հայկական «Դաշնակցութիւն» կազմակերպութեան կողմից, կազմակերպութիւն, որ լուծեց իր վրէժը նրանից` Սիրիայում գտնուելու ժամանակ հայերին ճնշելու համար»: Հանրագիտարանի տուած այս տեղեկութեան համար հիմք են ծառայել հետեւեալ տեղեկութիւնները:

Այն ժամանակ, երբ Մետեխի բանտում ստորագրելիս են եղել Դաշնակցութեան կուսակցութեան Կովկասեան խմբի յայտարարագիրը, Չեկայի նախագահի տեղակալ Մորոզովը հարց է տուել յայտարարագիրը ստորագրողներին, թէ ասացէք վերջապէս, ո՞վ է սպաննել Ճեմալ փաշային եւ նրա մարդկանց: Նրանք բոլորն էլ միաբերան պատասխանել են, թէ Դաշնակցութիւն կուսակցութիւնն ամբողջապէս վերցրած, սակայն թէ առանձնապէս ո՛վ է իրագործել արդարահատոյցը, իրենք չեն ասի: Խօսքը վերաբերում է այն յայտարարագիրին, որի տակ ստորագրել են` Դրոն` որպէս ՀՅԴ Կենտկոմի կովկասեան խմբերի եւ Վրաստանի լիազօր, Կ. Ղազազեանը, Բ. Թօփչեանը, Մ. Մակարեանը, Ա. Նալչաջեանը, Տ. Աւետիսեանը` որպէս Վրաստանի ՀՅԴ ԿԿ-ի անդամներ:

Ինչպէս յայտնի է, Դրոն այդ տարիներին աքսորական էր Մոսկուայում, գործուղուել էր Թիֆլիս` մի կերպ աւարտին հասցնելու Ճեմալի սպանութեան գործով ձերբակալուածների հարցը: «Մեծ թուով մարդիկ էին ձերբակալուել, որոնցից 33-ին արդէն աքսորել էին,- նշում է ձերբակալուածներից Սամսոն Արիստակէսի Կարախանեանը: – Եղան նոյնիսկ մի քանի ծիծաղելի ձերբակալութիւններ: 1923 թ. յուլիսի վերջն էր, արդէն աւելի քան մէկ տարի հետաքննութիւնը շարունակւում էր նոյն եռանդով: Մի օր էլ բանտախցերից տեսանք, որ չեկիստների նախագահի տեղակալ Մորոզովի ուղեկցութեամբ Մետեխի բանտ մտաւ Դրոն: Առաջին պարզ հայեացքից զգացւում էր, որ Դրոն կալանաւոր չէր: Իրեն պահում էր ինքնավստահ, խօսում եւ մտքեր էր փոխանակում չեկիստների հետ: Դա մեզ` կալանաւորներիս, որ բոլորս ապշահար նայում էինք ու սպասում, թէ ի՛նչ է տեղի ունենում, հանելուկային թուաց: Երկու ժամ յետոյ մեզ յայտնեցին, որ մեր հարցը որոշուած է Մոսկուայում եւ օրերս մեզ բոլորիս` մինչեւ վերջին մարդը ազատ կ՛արձակեն, որ` հէնց նոր յայտարարագիր են ստորագրել: Օգոստոսի 4-ին ես նոյնպէս դուրս եկայ բանտից եւ յետոյ իմացայ, որ Հայ յեղափոխական դաշնակցութիւն կուսակցութեան Վրաստանի մասնաճիւղի ղեկավարութիւնն իսկապէս յայտարարութիւն էր հրապարակել, համաձայն որի, յայտնում էր, որ Դաշնակցութիւնը կոմունիստական ղեկավարութեան հանդէպ ոչ մի թշնամանք չի տածում»: Այդ յայտարարութիւնը տպագրուել է մամուլում 1923 թ. օգոստոսի 4-ի համարում:

«Բանտից դուրս գալուց յետոյ մեզ ազատելու հետ կապուած շատ մանրամասներ իմացայ: Նախ Դրոյի` Թիֆլիս գալու եւ բանտից մեզ շուտափոյթ ազատելու մասին: Մեր գործով հետաքրքրուել էին Մոսկուայում եւ որոշում կայացրել: Կոմունիստական կուսակցութեան Կենտրոնական կոմիտէի քաղպիւրոն այդ գործով յատուկ որոշում էր ընդունել: Այդ որոշման իրագործման համար որպէս Դաշնակցութեան ղեկավար եւ անառարկելի մեծ հեղինակութիւն ունեցող անձի` նպատակայարմար են գտել դիմել Դրոյին, որն այդ տարիներին հարկադրաբար գտնւում էր Մոսկուայում, որ մեկնի Թիֆլիս եւ հետեւի այդ որոշումը ճշդութեամբ եւ արագ կատարելուն: Թիֆլիսում գտնուելու օրերին Դրոն ապրում էր Կորիւն Ղազազեանի բնակարանում: Այդտեղ էլ ես հանդիպեցի Դրոյին, ումից էլ իմացայ գործի եղելութեան մանրամասները» (տե՛ս Այվազեան Միքայէլ, «Ովքե՞ր են սպաննել Ճեմալ փաշային», Ե., 2016, էջ 91):

Այս անառարկելի փաստերից յետոյ անհրաժեշտ է անդրադառնալ այս թեման շահարկող վայ հայրենասէր կոչուող, ինքնակոչ իրենց «հերոս համարող ահաբեկիչներին», մատնիչ- դաւաճաններին, որոնց պատճառով տուժել են շատ անմեղ մարդիկ: Բոլորը պէտք է իմանան, որ պատմութիւն կեղծողները վաղ թէ ուշ մերկացւում են եւ  դասակարգւում որպէս ստոր խաբեբաներ ու համալրում ստորաքարշների եւ պատուագողերի բանակը:

Հայաստանում, փաստօրէն, մինչեւ այս գրքի լոյս ընծայումը գոյութիւն է ունեցել մէկ աղբիւր` ոմն Ազուինի գրածը «Ճեմալ փաշայի սպանութիւնը» վերնագրով: Այն առաջին անգամ տպագրուել է Պէյրութում` «Նայիրի» շաբաթաթերթում, 1966 թուականին, իսկ Հայաստանում` 1991 թուականին: Ազուինը` նոյն ինքը Արտաշէս Գէորգեանի ցաւօք եղբայր Թորգոմ Գէորգեանը, խեղաթիւրել է իրական պատմութիւնը` նշելով, որ Ճեմալի սպանութեան որոշումը կայացրել է խոտորջուրցիների 13 հոգանոց ինչ-որ «խորհուրդ», այնինչ, ապացուցուած փաստ է, որ որոշումն ընդունուել եւ իրականացուել է ՀՅԴ-ի կողմից: Թորգոմը կարող է խաբել, թիւրիմացութեան մէջ գցել գործից անտեղեակներին կամ էլ միամիտներին: Թորգոմը մոռանում է, որ գոյութիւն ունի քննչական գործ, որտեղ ժամանակին ասուած ու հաստատուած են բոլոր հանգամանքները, մարդկանց ու կուսակցութեան ղեկավարութեան ցուցմունքները: Վերջապէս գոյութիւն ունի Համկոմկուսի Կենտկոմի Քաղպիւրոյի որոշումը, որի քաղուածքը Դրոն բերել է Թիֆլիս, ինչի հիման վրայ էլ Ճեմալի եւ նրա մարդկանց սպանութեան գործը դադարեցուել է: Հէնց այդ որոշման մէջ էլ պարզորոշ ասուած է, որ ահաբեկչութիւնն իրագործուել է Դաշնակցութիւն կուսակցութեան կողմից:

Գրքի հեղինակը, իր հայրենասիրական ազնիւ մղումներից եւ հոգեւոր պահանջներից ելնելով, դիմում է աքսորավայրից վերադարձած Կարախանեանին, որը պարզորոշ նշում է ահաբեկչութեան պատուագողերի «ով» լինելը, այն շարադրուած է նշուած գրքի 93-101 էջերում.

– «Սամսոն Արիստակովիչ, որքանով ինձ յաջողուել է պարզել, Ճեմալ փաշայի եւ նրա մարդկանց սպանութիւնը ձեր ամբողջ կեանքում չարիք է դարձել ձեզ համար: Որպէս այդ գործի կասկածեալ` դուք 1922 թ. օգոստոսի 9-ից մինչեւ 1923 թ. օգոստոսի 4-ը նստած էք եղել Մետեխի բանտում: Մանաս Գէորգեանի մատնութեամբ, որը, ցաւօք սրտի, Արտաշէս Գէորգեանի կրտսեր եղբայրն էր: 1937 թ. սեպտեմբերի 20-ին ձերբակալուել էք, աքսորուել հեռաւոր Կոլիմայի կալանաւորական ճամբարը եւ 1947 թ. սեպտեմբերի 20-ին միայն ազատ արձակուել: Աւելի՛ն. կալանքից ազատուելուց երկու տարի անց, այսինքն` 1949 թ. յունիսի 13-ին, դարձեալ նոյն գործով, այս անգամ ամբողջ ընտանիքով էք աքսորուել Ալթայի երկրամաս եւ միայն 1955 թ. մայիսին ազատուել աքսորավայրից: Ճի՞շդ են արդեօք այս տեղեկութիւնները:

– Միանգամայն ճիշդ են: Իմ գործն արխիւում է եւ միշտ էլ կարելի է ստուգել այդ փաստերի ճշմարտացիութիւնը: Վերջին անգամ, երբ քննւում էր ինձ արդարացնելու հարցը, դատախազ Աբրամիշվիլին ինձ տուեց կարդալու Մանաս Գէորգեանի ձեռքով գրուած մատնութիւնը, որի պատճառով ես 17 տարի բանտում եւ աքսորում անցկացրի: Ես չեմ զարմանայ, եթէ վաղը Թորգոմը յօրինի, որ Պետրոս Տէր Պօղոսեանն էլ չի մասնակցել Ճեմալի եւ նրա մարդկանց սպանութեանը, որ երկրորդ անձնաւորութիւնը ինքն է եղել, որ Արտաշէսի հետ միասին իրագործել է ահաբեկչութիւնը, դա նրա մարդկային կերպարն է, նրա խառնուածքն է:

Եւ, վերջապէս, ահա ձեզ եմ տալիս Թորգոմ Գէորգեանի նամակը` ուղղուած իր քեռի Գրիգոր Չախալեանին, որտեղ իմ աջակցութիւնն է խնդրում պատուագող Մեսրոպ Ներսիսովին մերկացնելու համար: Թորգոմը Ներսիսովին է պատուագող համարում, ինչն անժխտելի է, բայց Թորգոմն ահաբեկչութեան գլխաւոր դերակատար դարձրել է իր քեռուն` Գրիգոր Չախալեանին: Բնական հարց է առաջանում, թէ այդ դէպքում ինչո՞ւ է Թորգոմը դիմում իմ աջակցութեանը, չէ՞ որ իր քեռին, ըստ իր յօրինածի, ամենամեծ վկան ու ապացոյցն է…

– Սամսոն Արիստակեսովիչ, իսկ ի՞նչ գիտէք Ստեփան Ծաղիկեանի ձերբակալութեան մասին, ինչպէ՞ս են կալանաւորել նրան:

– Ստալինեան վարչակարգի տարիներին նա թաքնւում էր խոտորջուրցի Չամանեանի հացի փռան ետեւի կից սենեակում: Մի օր էլ, «յանկարծակի» այդ սենեակ է ներխուժում Թորգոմը եւ տեսնում Ծաղիկեանին: Թորգոմի դուրս գալուց կէս ժամ յետոյ չեկիստները շրջապատում են փուռը եւ կալանաւորում Ծաղիկեանին: Աքսորում են Սիպիր, որտեղ եւ կնքել է մահկանացուն: Մահուան տարեթիւն անյայտ է:

– Սամսոն Արիստակեսովիչ, իսկ ի՞նչ կ՛ասէք Մեսրոպ Ներսիսովի ով լինելու մասին:

– Ըստ Կորիւն Ղազազեանի, նա եղել է Չեկայի գործակալ, նշանակուած էր պաշտպանելու Ճեմալին, սակայն չկարողացաւ… բայց հետագայում կեղծ եւ հնարովի զեկուցագիր է ներկայացրել` հերոսանալու մարմաջով տարուած, թէ ինքն է սպաննել Ճեմալ փաշային Ս. Օրջոնիկիձէի, Ալ. Միասնիկեանի եւ Գ. Աթարբեկեանի յանձնարարութեամբ: Այսինքն ոչ միայն պատուագող է, այլ նաեւ` զրպարտիչ…

– Սամսոն Արիստակեսովիչ, իսկ ի՞նչ կարող էք ասել Պետրոս Տէր Պօղոսեանի մասին, ի՞նչ բախտ վիճակուեց նրան:

– Պետրոսը բանտարկուել է Միջին Ասիայում, բայց թէ ո՞ր քաղաքում կամ վայրում` չգիտեմ եւ նրա հետագայ ճակատագիրն անյայտ է:

1925 թ. Արտաշէս Գէորգեանին յաջողւում է ստանալ Հայաստանի կառավարութեան համաձայնութիւնը` Տոմպասում բնակուող խոտորջուրցիների համար մայր հայրենիքում հիմնադրել նոր Խոտորջուր անունով մի գիւղ: Այն ստեղծւում է ներքին Ախտայի մօտ գտնուող կիսաւեր Գորուխ-Գիւնէի գիւղում, 720 հեկտար տարածութեան վրայ` որպէս գիւղատնտեսական կոլեկտիւ` Խոտորջրի կոմունան, որն առաջին կոլեկտիւ տնտեսութիւնն էր Հայաստանում: Զանազան վայրերից երամ-երամ հաւաքուած տարագիր խոտորջուրցիներն իրենց անդրանիկ ժողովում Գէորգեան Արտաշէսին ընտրում են կոմունայի նախագահ: Արտաշէսի ղեկավարութեամբ,  Խոտորջրի կոմունան մեծ յաջողութիւնների է հասնում: Անդրկովկասի եւ Հայաստանի մամուլը շատ էջեր է նուիրել կոմունային եւ նրա աշխատասէր մարդկանց: Մեր գրականութեան վառ դէմքերից մէկը` Ակսել Բակունցը, որ կոմունայի անկաշառ եւ նուիրուած բարեկամն էր, շատ օրեր է անցկացրել այնտեղ, խրախուսել եւ ոգեւորել նրանց: Հայրենասէր գրողը կոմունային է նուիրել իր աշխատութիւններից մէկը, որով եւ իր բախտը մէկընդմիշտ կապել է կոմունայի եւ նրա նախագահ Արտաշէսի հետ:

… Սակայն վրայ հասան անհատի պաշտամունքի սեւ տարիները, եւ 1937 թ. Արտաշէսը դարձաւ չարանենգ զրպարտանքի զոհ, իսկ նրա փայփայած ու նուաճումների հասած կոմունան դադարեց գոյութիւն ունենալ: Նա գնդակահարուել է 1937 թ. օգոստոսի 14-ի լոյս 15-ի գիշերը…

Վերջում մի քանի խօսք` Սամսոն Արիստակեսի Կարախանեանի մասին: Նա այն գաղտնապահ, քաջակորով, կամքով արի, հայրենասէր հայորդին էր, ում Ճեմալի սպանութեան օրը վստահել էր Կ. Ղազազեանը` նրան յանձնարարելով հետեւել եւ տեսնել, թէ ո՛ւր են գնում այն երեք հոգին (Ճեմալը եւ նրա մարդիկ), ինչը կատարում է շատ մեծ պատասխանատուութեամբ… Մնացածն արդէն մեզ պարզ է…

Որպէս յօդուածի ամփոփում` նշենք, որ այն ինքնանպատակ չէ, նախ անհրաժեշտ է, որ գալիք սերունդները ճանաչեն եւ դաստիարակուեն այն ազգային հերոսների հայրենանուէր ոգով, որոնք իրենց քաջագործութիւններով եւ անձնազոհութեամբ օծել են «ոսկէ տառերով» իրենց անունները մեր ազգի հերոսական պատմութեան էջերում եւ վաստակել են պատմութեան յաւերժ բնակիչներ համարուելուն…

Իսկ պատուագողերն արժանի են հայ ժողովրդի արհամարհանքին եւ նզովքին…

Որպէս վերջաբան` նշենք, որ յիշողութիւնը սրբութիւն է մեզ համար, որի շնորհիւ պէտք է մաքրազերծուենք եւ հասկանանք, որ մեր ուժը միաւորուած լինելու մէջ է: Եւ միշտ չմոռանանք մեծ վիպասան Րաֆֆու բնութագրմամբ` ինչպիսի նենգ թշնամի հարեւան ունենք. «Թուրքն այսօր անկիրթ բարբարոս է, բայց քաղաքակրթուելուց յետոյ կը դառնայ կրթեալ աւազակ եւ այն ժամանակ աւելի վտանգաւոր կը դառնայ…»:

(Շար. 2 եւ վերջ)

 

Նախորդը

Ի՞նչ Տեսաք Առաջին Հերթին

Յաջորդը

Գաղութէ Գաղութ

RelatedPosts

«Ապառաժ»-ի Խմբագրական.  Շուշին Ազգային Վերազարթօնքի Խորհրդանիշ. Վերադարձն Անխուսափելի Է, Համախմբուել Եւ Պայքարել, Սա Է Օրուայ Հրամայականը
Անդրադարձ

«Ապառաժ»-ի Խմբագրական. Շուշին Ազգային Վերազարթօնքի Խորհրդանիշ. Վերադարձն Անխուսափելի Է, Համախմբուել Եւ Պայքարել, Սա Է Օրուայ Հրամայականը

Մայիս 15, 2025
Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Մայիս 14, 2025
Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին   Յառաջաբանի Փոխարէն
Անդրադարձ

Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին Յառաջաբանի Փոխարէն

Մայիս 14, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?