ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉԵԱՆ
Չքնէ՛ք, տղանե՛ր, չքնէք,
Կեանքը ձեր նոր ընթացք կ՛ունենայ,
Չքնէ՛ք, տղաներ, չքնէք,
Ով քնի, հազիւ թէ արթնանայ…
Գ. ԳԱԲՐԻԷԼԵԱՆ
Մենք հիւանդանում ենք, երբ ընկնում է մեր օրկանիզմի դիմադրականութիւնը: Այն ուժը, ներքին այն դիմացկունութիւնը, որը կայ ու ամէն օր պայքարում է մեր օրկանիզմի վրայ արշաւող հազար տեսակ ախտ-աղարտի դէմ, թուլանում է, ու մենք դառնում ենք խոցելի: Սովալլուկ մանրէներն ու հիւանդածին պաքթերիաները արագ անցնում են գործի ու ախտահարում մեր առողջ օրկանները: Ու մէկ էլ տեսար` դարաւոր կաղնին տապալուեց… Ինչպէս մարդը, այնպէս էլ հասարակութիւններն ու պետութիւններն արագ կարող են բռնել կործանման ուղին, թուլանալ ու բզկտուել, եթէ կորցնեն արտաքին վտանգների դէմ պայքարելու ներքին դիմադրողականութիւնը: Պատմութեանը նման բազմաթիւ դէպքեր են յայտնի, ինչպէս ասում են` «Ազգեր են եկել, ազգեր գնացել…»: Մենք` հայերս, մեր դարաւոր պատմութեան ընթացքում, ունեցել ենք բազմաթիւ կորուստներ հէնց այդ պատճառով. յաճախ տարբեր դարերում մեր Հայկը պարտուել է Բէլին, որովհետեւ թուլացած է եղել հայ ժողովրդի ազգային դիմադրականութիւնը. արդիւնքում` օտար ուժերը թափանցել մեր ներսն ու ներսից կրծել են մեզ… այդպէս կործանուեց հայոց հողի վրայ վերջին հայկական պետականութիւնը` Բագրատունեաց թագաւորութիւնը: Պալատական վերնախաւում (եւ ոչ միայն) գնալով ամրացաւ բիւզանդասէր թեւը, ինչն ի վերջոյ թուլակամ Յովհաննէս-Սմբատին համոզեց կտակել Անին Բիւզանդիային: Այս ամէնին իր «Մեռած քաղաքի պարիսպների տակ» ստեղծագործութեան մէջ դիպուկ բնորոշում է տուել գրող Ռաֆայէլ Արամեանը. «Գայլը փարախում ձագեր էր բերել, եւ դա մեր շների հեզութիւնից էր…»: Այսօր էլ մեր պետականութեան շուրջ ոռնում են գայլեր, ծածուկ ու դաւադիր, գեղեցիկ խոստումներով ու գառան մորթի հագած` ցանկանում են ներս խուժել… մենք պիտի արթուն լինենք: Մենք քնով անցնելու իրաւունք չունենք: Մենք պատերազմի մէջ ենք. պատերազմ սահմանին թուրքի դէմ եւ երկրի ներսում հոգիների կռիւ, տեսակի կռիւ` յանուն ազգային արժէքների պահպանման… եթէ ներսում պարտուենք, սահմանին էլ կը պարտուենք, կամ որ աւելի ճիշդ է` սահմանին կը պարտուենք, եթէ ներսում` ազգային դաշտում պարտուենք…
Եւ չասենք, թէ այս ամէնի վտանգը չկայ, չասենք, թէ նման բան հնարաւոր չէ… հնարաւոր չի լինի, եթէ չթուլացնենք մեր դիմադրականութիւնը, եթէ չվարանենք ու ազգային արժէքների հանդէպ ցանկացած ոտնձգութեան պատասխանենք անմիջապէս, կոշտ ու դիպուկ: Մենք պէտք է հասկանանք, որ մեր օրկանիզմն ախտահարող մանրէներն առաջինը հարուածում են մեր ամենաթանկ ու զգայուն արժէքներին, նրանց, որոնք սնուցում են մեր հոգին ու միտքը, արթուն պահում մեր բանականութիւնը: Այսօր կայ այդ վտանգը, այն արդէն գործի է դրուած, իսկ մեր դիմադրականութիւնը հակադարձումն այնքան էլ լաւ վիճակում չէ… Ամիսներ շարունակ Հայ առաքելական եկեղեցու դէմ կատարուող ոտնձգութիւնները դեռ լուրջ հակադարձման չեն արժանացել նախ` պետական իշխանութեան եւ երկրորդ` հասարակութեան լայն շերտերի կողմից: Էլի դարձել ենք «Հռոմի պապից աւելի կաթոլիկ», հոգեւոր ու աշխարհիկ ենք անում` առանց մտածելու, որ սրանք մեր զգօնութիւնն ու մեր սթափութեան աստիճանը որոշող ձեռնարկումներ են. սրանք կուլ տուեցինք, էլի բաներ կուլ կը տանք… հայոց պատմութեան ողջ ընթացքում գրեթէ չի եղել մի դէպք, որ Հայ առաքելական եկեղեցու ու նրա առաջնորդի դէմ պայքարը լինի ինքնանպատակ ու հէնց այնպէս,առանց արտաքին քաղաքական դրդապատճառների: Հիմա այս ամէնը մոռացած մեր իշխանութիւնները խնդիրը դիտարկում են որպէս զուտ կրօնական դաշտում առաջացած վէճ, որտեղ իրենք` աշխարհիկ այրերը անելիք չունեն… այնինչ սա ազգային կեանքում առաջացած հարց է, հարուած է ազգային եկեղեցու հեղինակութեանը եւ լուրջ հակադարձման պիտի արժանանայ թէ՛ իշխանութեան, թէ՛ հասարակութեան կողմից:
Մէկ այլ մտահոգիչ փաստ եւս. Սասուն Միքայէլեան անունով քաղաքական գործիչը, վերջերս կայացած արտահերթ խորհրդարանական ընտրութիւններում, հաւաքեց բարձր ձայներ` ընդհուպ դառնալով վարկանշային ամենաշատ քուէ ստացած թեկնածուն, այն դէպքում, երբ նա ընտրարշաւի ժամանակ փորձել էր ստորադասել արցախեան յաղթանակը ապրիլի ժողովրդային շարժման կարեւորութիւնից: Եթէ մեր հասարակութեան ազգային դիմադրականութիւնը տեղը լինէր, Սասունը ձայն պիտի չհաւաքէր… սրանք հարցեր են, որոնց նկատմամբ անտարբեր լինել չենք կարող: Մեր դիմադրականութիւնը կարծես թէ ընկած է. այն բարձրացնել է պէտք…արցախցի պոէտը կ՛ասէր` «Չչքնէք, տղանե՛ր, չքնէք, ով քնի, հազիւ թէ արթնանայ….»: