Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Գանձակը` Արիւնալի Կամուրջ «Սումկայիթի» Եւ Պաքուի «Սեւ Յունուարի» Միջեւ

Դեկտեմբեր 11, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան

Ուղիղ 30 տարի է անցել Գանձակի հայութեան ինքնապաշտպանութեան հերոսական, միեւնոյն ժամանակ` ողբերգական իրադարձութիւններից, որոնք իբրեւ հայոց նորագոյն պատմութեան անմոռաց էջեր, շարահիւսուած են արցախահայութեան ազգային-ազատագրական շարժման ու պայքարի տարեգրութեանը:

Անցած դարավերջին Ազրպէյճանում հայ ժողովրդի նկատմամբ պետականօրէն իրագործուած ցեղասպանութեան ոճրալի շղթայում Գանձակ-Կիրովապատի իրադարձութիւնների տեղն ու դերը հէնց այսպէս է բնորոշել քաղաքի հայ բնակիչներից մէկը` դրանք անուանելով` արիւնալի կամուրջ «Սումկայիթի» եւ Պաքուի «սեւ յունուարի» միջեւ: Ինչպէս յայտնի է, մեկնարկած լինելով Սումկայիթի հայ բնակչութեան 1988թ. փետրուարեան ջարդերով, այն իր կիզակէտին էր հասել 1990-ի յունուարին: Յայտնի է նաեւ, որ  խայտառակաբար ձախողուելով մինչ այդ` փետրուարի 21-ին, Ասկերանի ուղղութեամբ ձեռնարկած ամբոխային արշաւանքում, Պաքուի իշխանութիւնները թէ՛ «Սումկայիթը» եւ թէ՛ «Գանձակը» նախատեսել էին իբրեւ զանգուածային ջարդերի նոյն այդ շղթայի մէկ միասնական օղակ: Նախատեսուած լինելով իրագործել  համաժամանակ` գրեթէ միեւնոյն օրերին` դրանք պէտք էր բնաջնջման սարսափի հզօր մարտահրաւէր-ազդակ հանդիսանային ազգային-ազատագրական պայքարի ելած արցախահայութեան եւ նրան համազգային աջակցութիւն յայտնած Հայաստանի ու սփիւռքի հայութեան համար: Այն պէտք էր դառնար Պաքուի  ազդու պատասխանը` մայր հայրենիքի հետ վերամիաւորուելու մասին ԼՂԻՄ մարզխորհրդի փետրուարի 20-ի որոշմանը, դառնար սպառնալի զսպաշապիկ ողջ հայ ժողովրդի համար` այն հեռանկարով, որ հակառակ դէպքում կարող  է   կրկնուել դարասկզբին Արեւմտեան Հայաստանում եւ Օսմանեան Թուրքիայի ողջ տարածքում, ապա եւ արեւմտեան մերձկասպեան` ներկայիս Ազրպէյճանի տարածքում 1915-1923 թուականներին իրագործուած Հայոց ցեղասպանութիւնը:

Յայտնի է, որ Սումկայիթում հայ քաղաքացիների ջարդերը տեղի ունեցան  հիմնականում փետրուարի 27-29` ուղեկցուելով միջնադարեան բարբարոսութեան բոլոր երեւակայելի ու աներեւակայելի ոճրագործութիւններով` սկսած ուղղակի սպանութիւններից մինչեւ կենդանի մարդկանց, այդ թւում` ծերերի, կանանց ու մանկանց հրապարակային հրկիզումներ, խմբային բռնաբարութիւններ, այսինքն` նոյն այն ձեռագրով, որով իրագործուել է դարասկզբի Հայոց մեծ եղեռնը:  Անմեղ զոհերի թիւը, առ այսօր լրիւ չճշդուած տարբեր տուեալներով, հարիւրների էր հասել: Սումկայիթի  աւելի քան 18 հազար հայեր, ովքեր քաղաքի բնակչութեան հազիւ 7  տոկոսն էին կազմում, մազապուրծ լինելով գազազած ամբոխի գիշատչական ճիրաններից, ստիպուած էին լքել իրենց իսկ ձեռքերով կառուցած բնակավայրն ու խոշոր արդիւնաբերական կենտրոնը` ապաստանելով ով` Հայաստանում, ով` Արցախում, ով` Խորհրդային Միութեան եւ աշխարհի տարբեր ծայրերում:

Սակայն այն, ինչ ազրպէյճանական իշխանութիւնների կողմից կառավարուող ու հրահանգաւորուող ջարդարարների ամբոխին յաջողուեց Կասպից ծովի ափին` Սումկայիթ քաղաքում, դարձեալ, ինչպէս որ Ասկերանի մատոյցներում էր, Գանձակում ձախողման մատնուեց:

Ի դէպ, նախքան այդ իրադարձութիւններին անցնելը, կարծում եմ, արժէ նրանց համար, ում, յուսամ, հետաքրքրում է, թէկուզ հպանցիկ յետադարձ հայեացքով հակիրճ ներկայացնել հինաւուրց հայկական Գանձակի պատմութիւնը:

Գանձակ քաղաքը, որի անունը ծագում է հայերէն գանձ բառից, իսկ պարսկա-թուրքական յորջորջմամբ դարձել է Գեանճա, գտնւում է Մեծ Հայքի Ուտիք նահանգում: Օսմանեան զօրքերի կողմից 1918թ. բռնագրաւուելու եւ «Ազրպէյճան»  անունով թուրքական նոր պետութիւն ստեղծելու պահին քաղաքը կոչւում էր Ելիզավետպոլ, ապա 1920-ին վերականգնուել է քաղաքի նախկին թուրքական անունը, որը նորից անուանափոխուեց 1935-ին` Կիրովապատ: 1991թ. քաղաքը Պաքուի իշխանութիւնների կողմից վերանուանուեց Գեանճա, որը հնչիւնային առումով հայկական Գանձակ անուանման խեղաթիւրուած ազրպէյճանական տարբերակն է:

Ինչպէս «Հայոց Գանձակը» ճանաչողական յօդուածում գրում է բանասիրական գիտութիւնների դոկտոր Հենրիկ Բախչինեանը, Գանձակի տարածքը, պատմա-աշխարհագրական առումով, վերաբերում է Հայոց Արեւելից կողմանքին, մասնաւորապէս, պատմական Գարդմանքին եւ Հիւսիսային կամ Դաշտային Արցախին:  Քաղաքը հիմնադրուել է 846թ. եւ շրջապատուած էր հայկական բազում գիւղերով ու վանքերով: Յատկապէս նշանաւոր էր աւելի վաղ` 751թ. կառուցուած Դասնօ վանքը, որտեղ Մխիթար Գոշը գրել է իր հռչակաւոր «Դատաստանագիրք»-ը: Հայ ստեղծարար շինարարների, հմուտ առեւտրականների եւ բազմաշնորհ կրթական-մշակութային գործիչների շնորհիւ` Գանձակն արագօրէն զարգացել է եւ դարձել տարածաշրջանի վարչա-տնտեսական եւ հոգեւոր կենտրոնը, որը մեր պատմիչները` Վարդան Արեւելցին, Կիրակոս Գանձակեցին, կոչել են ,«Գանձակ Հայոց» կամ «Գանձակ Առանի»: Սկսած 9-րդ դարի վերջից մինչեւ 12-րդ դարը` Գանձակում է հաստատուել Աղուանից Հայոց կաթողիկոսութեան գահը: Քաղաքը նախապէս ընդգրկուել է Բագրատունեաց թագաւորութեան կազմում, ապա, Հայաստանի միւս գաւառների ու քաղաքների նման, ենթարկուել է արաբների, այնուհետեւ սելճուք թուրքերի ասպատակութիւններին ու գերիշխանութեանը: Հետագայում` 12-րդ դարի վերջին եւ յաջորդ հարիւրամեակի սկզբներին Գանձակն իր շրջակայքով ազատագրուել է սելճուքներից եւ ընդգրկուել Զաքարեան իշխանապետութեան մէջ` դառնալով, ըստ սկզբնաղբիւրների, հայահոծ, հարուստ եւ ամուր բերդաքաղաք: Նշուած ժամանակաշրջանում այդ տարածաշրջանին վիճակուած էր չափազանց նշանակալից դեր կատարել մեր ժողովրդի կեանքում: Երբ թուրք սելճուքների ասպատակութիւնների պատճառով կասեցուեց քրիստոնէական աշխարհում առաջինն սկիզբ առած Վերածնունդի (Ռենեսանսի) շարժումը, յատկապէս Գանձակից ու նրա շրջակայ կրթա-մշակութային օճախներից ծագեց եւ Հայաստանով մէկ տարածուեց հայ դպրութեան ու մշակոյթի նոր կենարար ալիքը: Այդտեղից սերուած բազում մատենագիրներից ու գործիչներից յիշենք ամենաերեւելիներին. Յովհաննէս Սարկաւագ Իմաստասէր` աստուածաբան, փիլիսոփայ, տոմարագէտ, շարականագիր, արուեստի տեսաբան, որ յատկապէս առաջ է մղել հայ գեղագիտական միտքը, խոշոր իրաւագէտներ` Դաւիթ Ալավկայ Որդի եւ Մխիթար Գոշ, որոնցից երկրորդը նաեւ եղել է հայ առակագրութեան հիմնադիրը եւ աննախադէպ բարձունքի է հասցրել հայ իրաւագիտական միտքը, նշանաւոր պատմիչներ` Կիրակոս Գանձակեցի եւ Վարդան Արեւելցի, որոնք որակական նոր աստիճանի են հասցրել միջնադարեան հայ պատմագրութիւնը:

Գանձակի աստեղային ժամը, սակայն, դժբախտաբար շատ երկար չի տեւել: 1236թ. քաղաքն աւերել են թաթար-մոնկոլները: Այդուհանդերձ, շրջակայ վանքերում շարունակուել է հայ կրթական-մշակութային կեանքը: Այնուհետեւ` 16-րդ դարում, Գանձակը վերակառուցուել է եւ անցել Սեֆեան Պարսկաստանին` որպէս առանձին խանութեան կենտրոն, մինչեւ 19-րդ դարի սկիզբը: Այս ժամանակաշրջանում, հայ եւ օտար աղբիւրների վկայութեամբ, Գանձակի եւ նրա շրջակայքի բնակչութիւնը հիմնականում (եթէ ոչ ամբողջապէս) կազմել են հայերը: նրանք շարունակել են շէնացնել հայրենի երկիրը, կառուցել բազում քաղաքացիական ու հոգեւոր շինութիւններ: Այսպէս, 1633-ին է կառուցուել Գանձակի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ մայր եկեղեցին: 18-րդ դարի կառոյցներ են քաղաքի Սուրբ Ամենափրկիչ, Սուրբ Աստուածածին, Սուրբ Սարգիս, Սուրբ Թադէոս եկեղեցիները:

1804թ. Գանձակն ընդգրկուել է Ռուսական կայսրութեան մէջ, վերանուանուել Ելիզավետպոլ եւ որոշ ժամանակ անց դարձել համանուն նահանգի կենտրոնը: Այս ժամանակաշրջանում եւս Գանձակում եւ շրջակայքում հայութեան թիւը գերակշիռ է եղել: Ըստ վիճակագրական աղբիւրների, Ելիզավետպոլ-Գանձակի նահանգում ապրել է շուրջ 400 հազար հայ: Գանձակահայութիւնը շարունակել է իր բեղուն ազգային կրթա-մշակութային կեանքը. գործել են հայկական դպրոցներ, թատերախմբեր, տպագրուել են գրքեր, մամուլ, վերաշինուել են որոշ եկեղեցիներ, կառուցուել է Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին:

Աստիճանաբար, յատկապէս բազմաթիւ մարդկային կեանքեր խլած 1905-1906թթ. հայ-թաթարական ընդհարումներից յետոյ, հայերի թիւը Ելիզավետպոլ-Գանձակի նահանգում բաւական նուազել է, եւ բազմացել են սելճուքների հետ բուն Աղուանքի եւ Հայոց Արեւելեան կողմանքի տարածքները թափանցած օղուզ թուրքերը, որ հետագայում կոչւում էին կովկասեան թաթարներ:

1918թ., երբ արհեստականօրէն կազմաւորուեց Ազրպէյճանի մուսաւաթական հանրապետութիւնը, նրանում ընդգրկուեցին պատմական Հայաստանի մի շարք գաւառներ, այդ թւում` նաեւ Գանձակը: Յատկապէս Այսրկովկաս ներխուժած օսման թուրքերի աջակցութեամբ` ուղղուած  թուրքական նոր պետութեան ստեղծմանը, այդ շինծու երկիրը յանձնուեց նրանց ցեղակից կովկասեան թաթարներին, որոնք 30-ական թուականների կէսերից նոր միայն սկսեցին կոչուել ազրպէյճանցիներ:

Ազրպէյճանի Խորհրդային Հանրապետութիւնն արդէն ոչ միայն իր կազմում հաստատագրեց Գանձակը` ողջ Հիւսիսային Արցախով հանդերձ, այլեւ իւրացրեց Լեռնային Ղարաբաղն ու Նախիջեւանը: Խորհրդային տարիներին Գանձակը դեռեւս հայաշատ էր, եւ  հայ բնակչութիւնը, չնայած ազգային իրաւական սահմանափակումներին ու ճնշումներին, շարունակում էր իր կենսագործունէութիւնը: Քաղաքն ունեցել է հայկական դպրոցներ, մամուլ. 1935-1949 թուականներին գործել է հայկական տրամաթիքական թատրոն, որը կամայականօրէն փակուել է Պաքուի Լեւոն Երամեանի անուան հայկական պետական տրամաթիքական թատրոնի հետ միաժամանակ: Ըստ վիճակագրական տուեալների, 80-ականների վերջերին քաղաքում բնակւում էր 230 հազար ազրպէյճանցի եւ 45 հազար հայ, որից 13 հազարը` ազրպէյճանական թաղամասում:

Եւ ահա 1988թ., երբ վերստին սկիզբ առաւ արցախահայութեան ազգային-ազատագրական հզօր շարժումը, Սումկայիթի հետ գրեթէ համաժամանակ զանգուածային յարձակումների ենթարկուեցին նաեւ Գանձակ-Կիրովապատի հայաբնակ թաղամասերը: Մետաղեայ ձողերով եւ այլ կտրիչ-ծակող գործիքներով զինուած ազրպէյճանական ամբոխն առաջին աւազակաբարոյ յարձակումը ձեռնարկեց «Սումկայիթի» մեկնարկից մէկ օր անց` փետրուարի 28-ին, բայց հանդիպելով քաղաքի հայկական թաղամասերի բնակիչների կազմակերպուած դիմադրութեանը, ստիպուած եղաւ ընկրկել: Փաստօրէն, Գանձակը, ի հեճուկս Պաքուի իշխանութիւնների, 1988-ի փետրուարին երկրորդ «Սումկայիթ» չդարձաւ: Հակամարտ կողմերի առաջին մեծ  բախման վայրը քաղաքը երկու մասի բաժանող Ախսու գետի կամուրջն էր, որի աջ կողմում հայկական թաղամասերն էին, իսկ ահեակում` թուրքականը:

Պետական մակարդակով հանգամանալի նախապատրաստութիւնից յետոյ` 1988-ի նոյեմբերի 21-ից Ազրպէյճանի բոլոր հայաբնակ շրջաններում, այդ թւում` Գանձակում, գործի է դրւում զանգուածային հայաթափման ծրագիրը: Անշուշտ, միանգամայն իրաւացի է «Գոլոս Արմենիի» թերթի քաղաքական մեկնաբան Մարինա Գրիգորեանը` նշելով, որ այն, ինչ տեղի ունեցաւ 88-ի նոյեմբերին Գանձակում, «բացարձակապէս ներգրւում է այն ժամանակուայ իրադարձութիւնների սրընթաց զարգացման տրամաբանութեան մէջ»: Ամէնուրեք Ազրպէյճանում սկսւում են հայերի ցեղային զտումները, թալանն ու ջարդերը: Մայիսին բռնի տեղահանուել էր Շուշի քաղաքի, Դաշտային Արցախում գտնուող Խանլարի, Միր-Պաշիրի եւ Կասում Իսմայլովի շրջանների  ողջ հայ բնակչութիւնը, իսկ ամրանը եւ աշնանը բռնագաղթի ենթարկուեցին Հիւսիսային Արցախի մի մեծ հատուածի` Շամխորի, Գետաբեկի շրջանների հայկական գիւղերի բնակիչները:

Գանձակում, չնայած ազրպէյճանական հաշուեյարդարի քանիցս փորձերին, հայերը տակաւին կանգուն էին մնում: Ջարդերի ահազանգն այդտեղ հնչեց նոյեմբերի 21-ին: Ոչ լրիւ տուեալներով, գրեթէ երկու շաբաթուայ ընթացքում սպաննուեց 18, անյայտ կորաւ 60 եւ ծանր վիրաւորուեց շուրջ 80 մարդ: Բացի այդ` գրանցուել են մի շարք ողբերգական դէպքեր: Այսպէս, ազրպէյճանցի ջարդարարները, ներխուժելով Գանձակի ծերանոց, պատանդ են վերցնում եւ դաժանօրէն սպաննում այնտեղ ապաստանած հայազգի 12 ծերերի, որոնց մասնատուած դիակները յայտնաբերուել են միայն 1990թ. ամրանը` Գանձակի մատոյցներում: Այդ սահմռկելի ոճրագործութեան փաստն առաջինը հրապարակել է  մոսկովեան «Քոմսոմոլսքայա Փրաւտա» թերթը` 1990-ի փետրուարեան համարներից մէկում: Հաղորդագրութեան մէջ նշւում է. «ԽՍՀՄ ՆԳՆ (ներքին գործերի նախարարութեան.-խմբ.) Քրէական հետախուզութեան խմբի կողմից հաստատուել է Գեանճա (Կիրովապատ) քաղաքի Քեափազի (քաղաքային շրջան-խմբ.) հաշմանդամների տնից հայ ազգութեան 12 տարեց մարդկանց դուրս բերելու եւ նրանց սպաննելու փաստը: Կուր գետի ափին, Գեանճայից 40 քիլոմեթր հիւսիս-արեւմուտք  յայտնաբերուել են 12 թաղուած դիակներ. 11 կանանց եւ 1 տղամարդու: Նրանց մէջ կան զառամեալ տարիքի մարդիկ»: ԽՍՀՄ ՆԳՆ քաղվարչութեան պետի տեղակալ, զօրավար Եւգենի Նեչայեւի խօսքով, նոյն օրը` փետրուարի 14-ին զինծառայողները յայտնաբերել են եւս 6 դիակ, այս անգամ` Խանլարի շրջանի նախկին հայկական Հաճիքենդ գիւղի մերձակայքում` Գանձակ-Կիրովապատից 20 քմ հեռաւորութեան վրայ: «Դիակներն այլանդակուած են բազմաթիւ խոցովի վէրքերով», ասւում է հաղորդագրութեան մէջ:  Միայն տարիներ անց յայտնի դարձան 18 նահատակների անունները. ի պատասխան հայ պատգամաւորների հարցադրման` դրանք հաղորդել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի (Պետական անվտանգութեան կոմիտէ – խմբ.) նախագահ Վլատիմիր Քրիւչքովը:

Սումկայիթեան դէպքերի կրկնութիւնը Գանձակում բացառելու նպատակով նոյեմբերի 21-ի գիշերը ստեղծուեց «Գանձակ» կոմիտէն` որպէս ինքնապաշտպանութեան ղեկավար մարմին: Կոմիտէի ղեկավար կազմում ընդգրկւում են` տէր Սահակ Սահակեանը, Գրիգոր Օգանեզովը, Խ. Սարգսեանը, Ս. Յակոբեանը, Ն. Մինասեանը, Ճիւլեթա Վերդեանը, Կ. Խաչատրեանը, Ալ. Բալասանեանը, Վ. Ասրեանը, Մ. Եսայեանը, Վ. Բայտալովը եւ ուրիշներ: «Գանձակ» կոմիտէն կարճ ժամանակահատուածում հայկական թաղամասերում ստեղծում է պահակակէտեր, կազմակերպում ազրպէյճանական թաղամասերում եւ քաղաքի յարակից գիւղերում բնակուող հայերի տարհանումն ու փոխադրումը հայկական վերահսկողութեան գօտի` նրանց ապահովելով առաջին անհրաժեշտութեան միջոցներով: Քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում գործում էին բուժկէտ` վիրաւորների համար եւ ճաշարան` անտուն մնացած մարդկանց համար: Առհասարակ եկեղեցին ապահով ապաստարան էր դարձած կանանց, երեխաների, ծեր եւ հիւանդ մարդկանց համար: Կամաւորականները սնունդ էին տեղափոխում նոյնիսկ այն բնակարանները, որոնցում խմբովի ապաստանած էին հայ բնակիչները: Փողոցներում եւ խաչմերուկներում պատնէշներ էին կառուցուել աւազի պարկերից, մետաղեայ մահճակալներից, տակառներից, պատրաստուել էին հրկիզող խառնուրդով լի շշեր եւ այլն: Գիշերները խմբերը թափանցում էին ազրպէյճանական թաղամասերը եւ դուրս բերում այնտեղ մնացած հայրենակիցներին: Բացի այդ` կոմիտէն բանակցութիւններ էր վարում քաղաքային իշխանութիւնների, ոստիկանութեան եւ խորհրդային զինուած ուժերի ներկայացուցիչների հետ, կազմակերպում շուրջօրեայ հանրահաւաքներ: Համաժամանակ ստեղծուեցին  ինքնապաշտպանական շրջաններ, որոնք ղեկավարում էին` Ա. Շահնազարեանը, Ջ. Զաքարեանը, Վ. Մաթեւոսեանը, Եու. Դաշեանը, Տ. Բայանդուրեանը, Զ. Շահինեանը եւ ուրիշներ:

Գանձակի հայութեանը վերջնագիր էր ներկայացուել` մինչեւ նոյեմբերի 24-ը լքել քաղաքը: Ազրպէյճանական ամբոխը, զինուած ինքնաշէն զէնքերով, երթեր էր անցկացնում փողոցներում` սպառնալիքներ գոչելով հայերի հասցէին: Ինչպէս Սումկայիթում էր, ջարդարարները գիտէին հայերի հասցէները, մանաւանդ` քաղաքի ազրպէյճանական  մասում, որտեղ նրանք բնակւում էին իրարից անջատ-անջատ ու չէին կարող համատեղ կազմակերպել իրենց պաշտպանութիւնը: Հիմնականում հէնց այդ թաղամասերում էլ ամբոխի  գրոհներին էին ենթարկւում անպաշտպան մնացած հայ ընտանիքները:  Ինչպէս որ ինն ամիս առաջ Սումկայիթում էր` նրանց սպաննում էին, կողոպտում, դաժան բռնութիւնների ու ծաղրուծանակի ենթարկում: Տարբերութիւնն այն էր, որ Գանձակում տեղացի հայերը, հիմնականում հոծ ապրելով հայկական թաղամասերում, կարողանում էին կազմակերպել ինքնապաշտպանութիւնը:

Սակայն գլխաւոր առանձնայատկութիւնն այդտեղ այն էր, որ գանձակցի հայերը քաջ գիտակցում էին միասնութեան ու կազմակերպուածութեան ուժը, որի շնորհիւ կարելի է հակադրուել ու դիմադրել բազմամարդ գազազած ամբոխին, թէկուզ եւ այն վայելում է ջարդերի կազմակերպիչների` Ազրպէյճանի իշխանութիւնների ամենայն աջակցութիւնը:

Նոյեմբերի 24-ին ազրպէյճանական հրոսակները գրոհի անցան` փորձելով անցնել բաժանարար կամուրջը: Ինչպէս վկայում է ռուս զինծառայող Իվան Չուկունովը. «Զինուած ամբոխները` պենզինի տարաները եւ ինքնաշէն նռնակները ձեռքներին, շարժւում էին դէպի քաղաքի հայկական մաս` նպատակ ունենալով շրջապատել այն, հրկիզել հայերին պատկանող առեւտրա-կենցաղային սպասարկման ձեռնարկութիւնները եւ զաւթել տները: Տասնեակ հազարաւոր մարդկանց գլխին կախուել էր դաժան հաշուեյարդարի սպառնալիքը»:  Ամբոխի յարձակումը հնարաւոր եղաւ կանգնեցնել 5 զինուորի եւ 1 սպայի կեանքի գնով: Ի դէպ, հարկ է նշել, որ ի տարբերութիւն Սումկայիթի` խորհրդային բանակի զօրամասերը Գանձակում գործում էին բաւական յստակ եւ հայերին որոշակի օգնում էին պաշտպանուել:

Գանձակի հայութեան հերոսական ինքնապաշտպանութիւնը տեւեց մինչեւ դեկտեմբերի 10-ը: Չնայած դրան` «Գանձակ» կոմիտէն շարունակում էր ընդյատակեայ կարգով գործել մինչեւ յաջորդ տարուայ փետրուար: Իրավիճակը փոքր ի շատէ  մեղմացել էր, երբ քաղաք մտցուեցին լրացուցիչ բանակային զօրամասեր, որոնք շրջափակեցին քաղաքի հայկական մասը: Միայն լաւ կազմակերպուած ինքնապաշտպանութեան շնորհիւ հնարաւոր եղաւ խուսափել լայնածաւալ կոտորածից: Բայց հետագայ մի քանի ամսուայ ընթացքում ողջ հայ բնակչութիւնը` շուրջ 45 հազար հայ, աւաղ,  ստիպուած եղաւ հեռանալ հարազատ քաղաքից` լքելով սեփական տներն ու վիթխարի ունեցուածքը եւ տեղափոխուեց Հայաստան ու Արցախ: Այդուհետ Ազրպէյճանի ցեղասպան իշխանութիւնների համար կանաչ լոյս էր վառուած դէպի Պաքուի հայ բնակչութեան 1990թ. յունուարեան ջարդեր տանող արիւնալի ճանապարհին:

 

 

 

Արցախ

Յատուկ «Ազդակ»-ի համար

Նախորդը

Մենք Եւ Ազգի Հարցը. Պատմութիւն Եւ Համաշխարհայնացում

Յաջորդը

Անթիլիասի Մայրավանքին Մէջ Հոգեհանգիստ` Հայաստանի Երկրաշարժի 30-րդ Տարելիցին Առիթով

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Աւարտական Վտանգաւոր Ջղաձգումներ

Յուլիս 9, 2025
Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի.  Ընդունելութիւն` Քաղաքապետական Եւ Թաղապետական Ընտրութիւններուն Ապահովուած Արդիւնքներուն Առիթով
Անդրադարձ

Մեր Համայնքի Քաղաքական Գործօնի Հանգամանքը Առաջին Հերթին Հիմնուած Է Մեր Հաւաքական Քուէի Ուժին Վրայ*

Յուլիս 9, 2025
Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի.  Ընդունելութիւն` Քաղաքապետական Եւ Թաղապետական Ընտրութիւններուն Ապահովուած Արդիւնքներուն Առիթով
Անդրադարձ

Պաշտօնները Կու Գան ու Կ՛երթան, Մեր Ժողովուրդին Բարօրութիւնը, Բարգաւաճումը Եւ Հզօրացումը Էականն Են ու Մնայուն*

Յուլիս 9, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?