Դեկտեմբեր 4-ին «Մոսկուա» սրահին մէջ տեղի ունեցաւ Հայ յեղափոխական դաշնակցութեան Հայաստանի երիտասարդական միութեան 25-ամեակին նուիրուած ձեռնարկ, որուն ընթացքին խօսք առաւ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեան, որուն ելոյթը ամբողջութեամբ կը ներկայացնենք ստորեւ:
Յարգելի՛ ներկաներ, շա՛տ սիրելի երիտասարդներ,
Ասում են` երիտասարդութիւնը տարիք չի ճանաչում, ու դրա հիման վրայ ամէն մարդ փորձում է ինքն իրեն երիտասարդ համարել: Ես նման բարդոյթ չունեմ, տարիքս առած մարդ եմ: Բայց, ոչինչ, դա ինձ չի մտահոգում, որովհետեւ մտածում եմ` եթէ ապրած կեանքս իմաստ է ունեցել, արդիւնք է ունեցել, իմ գործը կը շարունակուի: Դրանով ամէն ինչ կարեւորւում եւ իր տեղն է գտնում:
Դաշնակցութեան մէջ աշխատող մեր սերունդը եւս ունի այդ խնդիրը: Մեզ համար ապացուցուած է, որ մեր գործը շարունակւում է, եւ մենք` յանձինս ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միութեան, ուժեղ ենք, հզօր ենք, նոյնիսկ անպարտելի ենք: Այս կազմակերպութեան յաջողութեան բանալիներից մէկը հէնց դա է, որ մենք մեր գործը սերնդէ սերունդ ենք փոխանցում: Մեր գործը շարունակականութեան մէջ է, որ կարեւորւում է եւ իմաստ է ստանում: Շա՜տ շատերի նման չենք, որ ջրի պղպջակի պէս մի պահ յայտնուենք ջրի մակերեւոյթին եւ յաջորդ պահին գոյութիւն չունենանք: Այդպիսին չէ Դաշնակցութիւնը, եւ սրա մէջ է Դաշնակցութեան ուժը:
Ես Հայ յեղափոխական դաշնակցութեան Բիւրոյի անունից ողջունում եմ երիտասարդական միութեան 25-ամեակը: Մի քիչ տարօրինակ կը լինէր, որ այս օրը, որը զուգադիպել է Հայաստանում տեղի ունեցող ընտրութիւններին, ես ձեզ հետ խօսէի եւ չանդրադառնայի քաղաքական այս պահին: Ամէն ինչ ժամանակի կտրուածքում է, որ կարեւորւում եւ իմաստ է ստանում: Տարեց մարդիկ սովոր են յուշեր պատմել, ես չեմ ուզում յուշեր պատմել, բայց ուզում եմ խօսել մի ժամանակաշրջանի մասին, որ ձեզ համար, հաւանաբար, պատմութիւն է, բայց դա մե՛ր կենսագրութիւնն է, մենք ապրել ենք այդ օրերը: Եւ այսօրուայ իրողութիւնը տեսնելուց յետոյ անդրադառնում ենք` որքան նմանութիւն ունի այսօրն այդ հին օրերի հետ: Ահա սա է, որին ես ուզում եմ` դուք ուշադրութիւն դարձնէք, որպէսզի այդ փորձն ունենալով` փորձառութեան վերածէք, եւ դրանով թոյլ չտաք կրկնութիւն մեր երկրում: Այդ ժամանակաշրջանի կրկնութիւնը պէտք է տեղի չունենայ մեր երկրում: Եւ հիմնական երաշխաւորը, որ կարող է դա թոյլ չտալ, դուք էք` երիտասարդութիւնը:
Ես ուզում եմ խօսել 1990, 1997-1998 թուականների մասին: Խորհրդային Միութեան քայքայումից յետոյ հայկական իրականութիւնն ալեկոծուեց: Ալեկոծուեց, եւ մի հրաշալի բան տեղի ունեցաւ. մեր ժողովուրդը մէկ մարդու պէս փողոց դուրս եկաւ Խորհրդային Միութեան կարգերի դէմ: Այդ օրերի «երկաթեայ վարագոյրի» թիկունքում գտնուող անբարենպաստ պայմաններում մեր ժողովուրդը պոռթկաց եւ կանչեց` միացում, Ղարաբաղը մերն է: Ղարաբաղեան պայքարին զուգահեռ` մենք կերտեցինք ազգային անկախ պետականութիւն: Մենք 9 դար յետոյ կարողացանք սկիզբ դնել մի շարժման, որը մեր հայրենիքի ամբողջացման առումով կարողացաւ քայլեր վերցնել: Բայց այս ամէնն այդքան պարզ ու հանգիստ չեղաւ: Այդ օրերին էլ ժողովրդային հսկայ ալիքի վրայ յայտնուեցին մարդիկ, որոնք բացարձակ ղեկավարութիւն էին` «Ղարաբաղ կոմիտէ» կոչուող, եւ թւում էր, որ ազգը միասնական է եւ գտել է իր երանելի ղեկավարութիւնը, եւ բոլոր հարցերն այլեւս լուծուած են, մենք հեշտ ու հանգիստ, սահուն ձեւով կը գնանք դէպի փայլուն ապագայ: Այդպէս էր թւում, բայց երկար չտեւեց: Մենք ղարաբաղեան շարժման դէմ յանդիման տեսանք կոտորած, տեսանք ջարդ, տեսանք Սումկայիթ, Պաքու… Տեսանք, որ այդպէս չի լինում, այդպէս չի պատահում, որ եթէ մենք խաղաղ ենք, խաղաղ վերաբերմունքի արժանանանք: Եթէ մենք օրինական ենք, օրինական վերաբերմունքի արժանանանք: Եթէ մենք լաւն ենք, լաւ վերաբերմունքի արժանանանք: Այդպէս չեղաւ, եւ մարդիկ, կազմակերպութիւններ հասկացան, որ, ինչպէս միշտ, ինչպէս ամէնուր, պէտք է ձեռքդ քո ծնկի վրայ դնես, պէտք է ոտքի ելնես, պէտք է քո ազատութիւնը նուաճես: Մենք` իբրեւ Հայաստան վերադարձած նոր կազմակերպութիւն, գերազանցեցինք ինքներս մեզ, կարողացանք կազմակերպել ղարաբաղեան ազատամարտը, կարողացանք Ղարաբաղը կազմակերպել, զինել եւ պայքարը առաջ տանել, չթողնել ո՛չ Մոսկուային, ո՛չ Պաքուին, նաեւ` Երեւանի ծրագիրը Ղարաբաղի հարցով իրագործուի:
Մենք մեծ գին վճարեցինք դրա համար: Նոր կազմակերպութիւն էինք Հայաստանում, առաջին կազմակերպական քայլերն էինք անում, բայց մենք պարտաւորուեցինք մեր այդ մատղաշ կազմակերպութեան իւրաքանչիւր 8 ընկերներից մէկը զոհել Ղարաբաղում: Մենք հարիւրաւոր զոհեր տուեցինք, որպէսզի Ղարաբաղը մնայ հայկական, Ղարաբաղը լինի ազատագրուած, լինի իսկապէս մերը, որտեղ միլիոնաւոր ժողովուրդ ոտքի էր կանգնել եւ գոռում էր` «Ղարաբաղը մե՛րն է»: Ժողովրդի ուզածը մենք ինքնազոհաբերութեամբ իրականութիւն դարձրեցինք: Դա այդքան հեշտ չեղաւ: Դեռ 1990-ին Լեւոն Տէր Պետրոսեանը, որ ներկայացնում էր «Ղարաբաղ կոմիտէ»-ն եւ դրա անունով էր ասպարէզ իջել` իբրեւ անկախ պետականութեան առաջին նախագահ, որ վայելում էր ժողովրդի 84 տոկոսի համակրանքը, սպառնում էր մեզ` խմբերը յետ կանչէք Ղարաբաղից, թէ ոչ` դուք ապօրինի աշխատանքով էք զբաղւում, ես ձեզ դատի կը տամ: Ցաւօք սրտի, շատ է այսօր դէպքերն իրար նման: Այսօր էլ մեզ ասում են` եթէ Ղարաբաղի անվտանգութեան հարցով մտահոգ էք, ԱԱԾ-ն պիտի ձեզնով զբաղուի, պէտք է դատի տանք ձեզ: Շատ են նման իրար: Բայց մենք չընկճուեցինք, տեղի չտուեցինք, չնահանջեցինք, չդողացինք: Մենք ասացինք` ժողովրդի համակրանքը, ժողովրդի յուզումն ու ժողովրդի ալիքը մեր աչքի ու գլխի վրայ տեղ ունի: Մենք ժողովրդի ցանկութիւնն է, որ իրականացնում ենք: Մենք ժողովրդի իրական տենչն ու ցանկութիւնն է, որ փորձում ենք իրականութիւն դարձնել:
Մենք չվախեցանք: Չվախեցանք սպառնալիքներից, բանտերից, հալածանքներից: Չվախեցանք: Այդ նոյն ղեկավարութիւնն ասպարէզ էր եկել ժողովրդավարութեան, դեմոկրատիայի անունով: Ասպարէզ էր եկել ազատութեան հասկացողութեամբ, որ Խորհրդային Միութիւնն ազատութիւնը թաղող, ազատութիւնը մերժող պետական համակարգ է: Եւ մենք անկախութիւն էինք ձեռք բերում առաջին հերթին Հայաստանում ազատութիւն եւ ժողովրդավարութիւն հաստատելու համար: Բայց շատ ժամանակ չանցաւ, որ սպառնալիքներ հնչեցին, մեղադրանքներ հնչեցին, հեգնանք ու ծաղր հնչեց, թերթերը փակուեցին, կուսակցութիւնը ապօրինի յայտարարուեց, քաղաքական մարդիկ ձերբակալուեցին, ամենաանհասկանալի մեղադրանքները հնչեցին:
Բայց մենք դիմացանք: Մենք շարունակեցինք կռուել Ղարաբաղում, չվերադարձանք Ղարաբաղից: Ճակատի ուղղութիւնը չփոխեցինք: Ասացինք` ոչինչ, իրական պայքարը, առաջնակարգ պայքարը Ղարաբաղի կռիւն է: Մենք կռուեցինք հէնց իր (խմբ. Լեւոն Տէր Պետրոսեանի) հրամանատարութեան ներքոյ, բայց այդ հրամանատարութիւնը ձեւական էր, տեսական էր, վերացական էր: Իրական հողի վրայ մենք էինք մեր հրամանատարը: Մենք չնահանջեցինք, չխեղճացանք, չշեղուեցինք մեր ճանապարհից: Տասնեակ մարդիկ բանտ մտան, կուսակցութիւնը ապօրինի յայտարարուեց, թերթերը փաւեցին, բայց մենք մեր ուղղութիւնը չշեղեցինք: Այսօր էլ նոյն ձեռագրն է կարծես կրկնւում: Այսօր էլ, կարծես, քաղաքական նոյն մշակոյթն է վերադառնում: Ժողովրդավարութեան ալիքի վրայ եկել ենք, եւ առաջին հերթին հէնց ժողովրդավարութիւնն է ոտնակոխ լինում: Առաջին հերթին այլ տեսակէտն է մերժւում:
Ես այս ամէնն ինչո՞ւ եմ ասում ձեզ. ասում եմ, որ դուք` երիտասարդներ, շարունակէք մեր գործը, բայց մեզ մի՛ կրկնէք: Մեր երկրին պէտք է խնայել այդ նոյն փորձը երկրորդ անգամ ապրելու տհաճութիւնը: Ազգի անունով իշխանութեան եկած ուժը շատ քիչ ժամանակ յետոյ սփիւռքին ասաց «նարինջ ուտող»: Այդպէս են սկսում ազգի պառակտումը: Այսօր սկսել ենք ղարաբաղցիներով, նոյն ձեռագիրն է, որովհետեւ, հաւանաբար, այսօրուայ ղեկավարութիւն էլ նոյն դպրոցից է դուրս եկել: Նոյն դպրոցն է աւարտել, նոյն մշակոյթն է բերում մեր կեանք: Բայց դուք` երիտասարդներ, թոյլ մի՛ տուէք, որ դա կրկնուի, որովհետեւ պէտք է խնայել մեր ժողովրդին: Մենք 1990-1998 թուականների ընթացքում շատ ենք արիւն կուլ տուել, մենք շատ հնարաւորոթիւն ենք կորցրել, շատ ներուժ ենք վատնել: Հայաստանից մեծ արտագաղթ է տեղի ունեցել: Մենք շատ մեծ գին ենք վճարել այդ պայքարում: Այսօր պէտք չէ դա կրկնուի: Ութ տարի ասացինք` եղբա՛յր, Ղարաբաղի անունով իշխանութեան եկած ուժը Ղարաբաղի հարցով պարտուողական քաղաքականութիւն է վարում: Ասացին` էդ ի՞նչ էք ասում, մի՞թէ այդպիսի բան հնարաւոր է, դուք չափազանցնում ենք, դուք ճիշդ չէք ասում, դուք նոյնիսկ դաւաճան էք: Բայց, արի ու տես, վերջում մենք ճիշդ դուրս եկանք: 1997 թուականին պարզուեց, որ մարդու բուն նպատակը` տարածքներ` խաղաղութեան դիմաց է: Տարածքներ է ուզում յանձնել, որ խաղաղութիւն ձեռք բերի: Մինչդեռ մենք ղարաբաղեան պայքարը չէինք սկսել խաղաղութիւն ոնենալու համար, մենք ղարաբաղեան պայքարն սկսել էինք Ղարաբաղն ունենալու համար: Խաղաղութիւնը մի բան չէ, որ զիջելով ձեռք բերես: Խաղաղութիւնն այն բանն է, որ պէտք է պարտադրես: Պարտադրես, որ քեզ յարգեն, պարտադրես, որ քեզ հետ հաշուի նստեն:
Այսօր էլ մենք մտահոգ ենք: Որոշներ ասում են` դա դաւաճանութիւն է, դա ազրպէյճանցիներին «աչքով անել» է: Ինչե՜ր ասես` չեն ասում: Մենք համբերում ենք, մենք դիմանում ենք, ոնց որ այն ժամանակ ենք համբերել եւ դիմացել: Այն ժամանակ մենք յաղթեցինք բանտի մէջ լինելով, բանտից յաղթեցինք այդ իշխանութեան: Այսօր ես չեմ ուզում` ոչ ոք բանտարկուի, ես չեմ ուզում, որ նոյն փորձն ապրենք: Տայ Աստուած սթափուեն այսօրուայ իշխանութեան վրայ եղողները: Նոյն գետը երկրորդ անգամ չի կարելի մտնել: Ուզում եմ հասկանան, որ այդ ուղիով չի կարելի քայլել: Սթափուեն եւ մտածեն ազգը պառակտելու փոխարէն` համախմբել: Անձը պարտադրելու փոխարէն` ժողովրդավարական հիմունքներով պայքարն առաջ տանեն: Ազատութիւնը, դեմոկրատիան է, որ մեզ պէտք են: Մեր ժողովուրդը պէտք է լաւ ապրի եւ ազատ ապրի, որպեսզի կենսունակ լինի, ուժեղ լինի, որպէսզի իրեն ներկայացնող պետութիւնն էլ ուժեղ լինի, հզօր լինի: Այլապէս չի լինում, չի լինում խեղճացած, «մեռած» ժողովուրդ, բայց` ուժեղ իշխանութիւն:
Երիտասարդնե՛ր,
Դուք թոյլ պիտի չտաք, որ մեր ժողովուրդը նոյն փորձառութիւնն ապրի: Դուք պէտք է կարողանաք ձեր պայքարով, կեցուածքով ու պահանջով զգաստացնել բոլորին: Այդ նոյն ճանապարհով մի՛ գնացէք: Մեզ էլ ասէք, միւսներին էլ ասէք: Ասէք, որպէսզի սրբագրուենք, ասէք, որպէսզի խաղաղուենք, ասէք, որպէսզի ուժեղանանք: Ասէք եւ պահանջէք, պահանջէք եւ պարտադրէք: Այս նոր սերունդը պէտք է ըմբոստանայ Լեւոնի դպրոցն աւարտած, Լեւոնի մշակոյթը մեր օրեր փոխադրած ուժի դէմ: Մենք պէտք չէ ունենանք այն տպաւորութիւնը, որ Լեւոնի դպրոցի սաները ռեւանշի են դուրս եկել Հայաստանում: Մենք պէտք է կարողանանք մեր երկրում ապրել, ստեղծագործել միասնաբար:
Ապրիլեան ժողովրդային շարժումը սրբութեան համազօր շարժում էր, հզօր շարժում էր, յարգանքի արժանի եւ ակնածանք պարտադրող շարժում էր, բայց այդ շարժումը կապ չունի այսօրուայ իշխանութիւնների մտադրութիւնների եւ կեցուածքների հետ: Դա շարժում էր, որպէսզի Հայաստանում աղքատութիւն չլինի, որպէսզի Հայաստանում անարդարութիւն, խտրականութիւն չլինի, որպէսզի Հայաստանում կամայականութիւն չլինի: Դա շարժում էր, որպէսզի Հայաստանում զոռպայութիւն չլինի: Այդ շարժման իրական ներկայացուցիչները հէնց մենք էինք, ոնց որ 90-ականներին Ղարաբաղեան շարժման իրական ներկայացուցիչները մենք էինք: Մեզանից իւրաքանչիւր ութերորդը մահացաւ «Ղարաբաղը մե՛րն է» նշանաբանի համար: Մենք դրանով գին վճարեցինք, վճարեցինք` ժողովրդի տրամադրութիւնների հետ համընթաց քայլելու համար: Այսօր էլ մենք պատրաստ ենք գին վճարել, որպէսզի Հայաստանում աղքատութիւն չլինի, որպէսզի Հայաստանում ոչ ոք ոչ մէկին չկարողանայ ճնշել, անարդար վարուի: Հէնց դրա համար առաջինը մենք չենք վախենայ եւ կուրծք դէմ կը տանք:
Մենք դուրս չենք եկել կռուի, մենք դուրս ենք եկել ապրելու եւ ապրեցնելու: Մենք դուրս ենք եկել եւ ասում ենք` սա հայկական իրականութեան մէջ երկրորդ առիթն է` երկիրը երկիր դարձնելու, մեր հասարակութեանը կազմակերպուած, զարգացած ժողովուրդ դարձնելու, արտագաղթը կասեցնելու, ներգաղթի վերացնելու: Մենք դա ենք ուզում այս երկրում, բայց ուզում ենք դա Ղարաբաղի հետ միասին, որովհետեւ Ղարաբաղը Հայաստան է, այլ բան չէ: Ղարաբաղը Հայաստան է ու վե՛րջ: Այլ բան չկայ այնտեղ:
Սիրելի՛ երիտասարդներ,
Մենք կարեւոր պահ ենք ապրում, կարեւոր ժամանակներ են: Երիտասարդութեան ամենաընդգծուած գիծը համարձակութիւնն է, անկեղծութիւնն ու մաքրութիւնը: Դրանց համազօր են հայրենասիրութիւնը, ազգասիրութիւնը: Համարձա՛կ եղէք, հայրնասէ՛ր եւ ազգասէ՛ր:
Համարձա՛կ եղէք, քա՛ջ եղէք, պայքարո՛ղ եղէք եւ ձեր երկրի ու ժողովրդի համար ձեզ պատասխանատու՛ զգացէք:
Սիրելի՛ երիտասարդներ,
Մեր սերունդն արդէն իր տեղը պէտք է զիջի ձեզ: Մենք այս 20 տարիների ընթացքում մի հայրենիք էինք ժառանգել եւ այն փոխանցում ենք ձեզ: 30.000 քառ. քմ-ով հայրենիք ենք ժառանգել, 42.000 քառ. քմ-ով փոխանցում ենք ձեզ: Մենք 9 դար յետոյ յաղթանակ արձանագրեցինք, 9 դար յետոյ քաղաք ազատագրեցինք: Մենք արեցինք մի բան, որ կարող է մեր սերունդն արդարացնել: Բայց առջեւում դեռ կայ աւելի՛ն` երջանիկ, օրէնքով, ժողովրդավար երկիր եւ ընկերային արդարութեամբ հասարակութիւն ստեղծելու համար: Ես վստահ եմ` մեր գործը կը շարունակուի: Առանց կրկնելու մեզ` դուք մեզ կը գերազանցէք:
Եղէ՛ք խելացի ու անմիջապէս օգտագործէք ձեր գիտելիքները: Թիրախաւորէ՛ք ձեր ճանապարհի առաջին, երկրորդ, երրորդ քայլերը եւ իրականացրէք դրանք ձեր գիտելիքի ուժով: Այսօր երկարաժամեայ անարդիւնաւէտ աշխատանքն իր տեղն է զիջում թիրախային կրակոցի նման կարճ ու արագ լուծումներին: Ուրեմն ձեռք բերէք այն գիտելիքները, որոնք կը դարձնեն ձեզ արդիւնաւէտ: Եղէք հաւատարիմ, քանի որ մտաւոր հզօրութիւնը գնահատւում է այն արժէքներով, որոնց այն ծառայում է, իսկ գաղափարին չծառայող, աննպատակ մտաւոր վարժանքը նման է պատիպիլտինկի պարապմունքի, որի արդիւնքում ստանում ես գծած նկարային քարտէս, բայց ունակ չես ո՛չ հարուածի, ո՛չ էլ` թռիչքի:
Եղէ՛ք ուժեղ, քանի որ առանց ուժի` ամենալաւ գաղափարներն ու ամենաազնիւ մղումները իրականութիւն չեն դառնում: Եղէք ուժեղ, որպէսզի զիջէք այնտեղ, որտեղ կարելի է զիջել: Եւ անսասան եղէք այնտեղ, որտեղ զիջումն ինքնասպանութիւն է: Եթէ պէտք է, նեղութիւն քաշէք, կամ աւելի աշխատէք: Ո՛չ մի քայլ մի՛ նահանջէք, երբ կանգնած էք հայրենիքի սահմանին:
Սա պատերազմի կոչ չէ: Սա կոչ է` ուժեղ լինելու: Այնքան ուժեղ, որ կարողանաս խաղաղութիւն պարտադրել, քանի որ խաղաղութիւնը միայն կարելի է պարտադրել: Զիջումներով խաղաղութիւն առնելու փորձը ինքնասպանութիւն է: Մի՛ վախեցէք մենակութիւնից: Դաշնակցութիւնը ոչ բոլորի համար է եւ երբեւիցէ չի կարող զանգուածային դառնալ: Դաշնակցութիւնը յատուկ նկարագրի հանգրուան է, յատուկ եւ շատ հազուագիւտ որակի, եւ այդ որակը երբեք չի կարող մեծամասնութեանը պատկանել: Մարդ տեսակն ստեղծուած է այնպէս, որ նրա բոլոր մղումներն ու ծրագրերը հաւասարակշռուած են ինքնապահպանման բնազդով, եւ շատ ու շատ քչերի մօտ է, որ նպատակի լոյսին ձգտելու ուժը գերակշռում է այդ բնազդին: Եւ թող մեծամասնութիւնը ծրագրուած եւ հաւասարաչափ քայլերով գնայ դէպի իր համար դրուած նպատակներ:
Ես կոչ եմ անում ձեզ` փոխել մակարդակը, փոխել չափման միաւորները, բարձրանալ իրականութիւնից: Ես կոչ եմ անում ձեզ` ստեղծել վաղուայ իրականութիւնը, եւ թող աւելի լաւ լինի այն իրականութիւնը, որում չի տեղաւորւում մեր գաղափարները:
Ես ուզում եմ իմ խօսքը եզրափակել նրանով, ինչով սկսեցի: Եղէ՛ք խելացի ու սովորէ՛ք: Շա՛տ սովորէք: Մի՛ սպասէք, որ ձեզ յուշեն, ուղղորդեն, պարտադրեն կամ շահագրգռեն: Սովորէ՛ք ինքնուրոյն, քանի որ այսօր դա հնարաւոր է: Սովորէ՛ք, քանի որ այսօր մի հեռու առանձնասենեակում անօդաչու սարքի վահանակը կառավարող մէկ հոգին հակադրւում է տասնեակ եւ հարիւրաւոր ազնիւ` ֆիզիքապէս ու գաղափարական զինուորների: Սովորէ՛ք, քանի որ զուտ աշխատասենեակներում կատարուած հետազօտութիւններով այսօր իշխանափոխութիւններ են իրականացւում եւ, հակառակը, կանխւում: Սովորէ՛ք, քանի որ միայն գիտելիքի ուժով է հնարաւոր հասնել այնպիսի դիւանագիտական յաղթանակների, որոնք կը կանխորոշեն յաջորդ տասնամեակների զարգացումները: Սովորէ՛ք, քանի որ այդպիսով մէկ հոգին կարող է հակադրուել հարիւրաւոր թշնամիների, քանի որ այդպէս կարող էք պաշտպանել ձեր վրայ յոյս դրած հազարաւոր ընկերների: Սովորէ՛ք, քանի որ այդպէս կարող էք փոխել մարտի ընթացքը, կանխորոշել պատերազմի արդիւնքը եւ շրջել պատմութիւնը:
Յաջողութի՛ւն ձեզ:



