«ԵՐԿԻՐ»
Մրցունակ կրթութիւնն է արդար երկրի, զարգացող հասարակութեան գրաւականը: ՀՅԴ-ն, ի դէմս իր ուսանողական միութեան, նախանձախնդիր է կրթութեան եւ գիտութեան ոլորտում առկայ խնդիրները լուծելու հարցում, ասւում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան նախընտրական փլաթֆորմում:
ՀՅ Դաշնակցութեան համամասնական եւ վարկանշային ցուցակով թեկնածու առաջադրուած` ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան անդամ Վանուշ Ահարոնեանը ուսանողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց կուսակցութեան նախընտրական փլաթֆորմը, որից յետոյ կայացաւ փլաթֆորմի շուրջ զրոյց-քննարկում:
Ուսանողական միութեան ներկայացրած փլաթֆորմը, որում ներկայացւում է, թէ ՀՅԴ-ն ի՛նչ փոփոխութիւններ է նախատեսում ուսանողների կեանքում, գրեթէ չի տարբերւում դեռեւս անցած խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ ներկայացուած փլաթֆորմից:
«Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան գրասենեակում կայացած հանդիպման ընթացքում շեշտուեց, որ փլաթֆորմում ներկայացուած բոլոր կէտերն այսօր արդիական են եւ հրատապ լուծում են պահանջում, քանի որ կրթութիւնը երկրի անվտանգութեան կարեւորագոյն խնդիրներից մէկն է, եւ կրթութեամբ է պայմանաւորւում այլ ոլորտների ճիշդ կառավարումը:
Փլաթֆորմի հիմնական կէտերն են`
1.- Կրթութեան եւ գիտութեան ոլորտի պետական ֆինանսաւորումը հասցնել ՀՆԱ-ի 4%-ի,
2.- Ուսումնական հաստատութիւնների կրթական ծրագրերը եւ մասնագիտութիւնների բաշխումը կապակցել տնտեսութեան կարիքների ու աշխատաշուկայի պահանջների հետ,
3.- Պետութեան համար ռազմավարական ոլորտներում անհրաժեշտ մասնագիտութիւններով սովորող ուսանողների կրթութիւնը դարձնել անվճար,
4.- Պարտադիր զինուորական ծառայութեան մարտական հերթափոխ անցած եւ երեխայ ունեցող ուսանողներին ազատել ուսման վարձից,
5.- Երիտասարդ ընտանիքներին ապահովել ընկերային բնակարանաշինութեան մատչելի ծրագրերից օգտուելու հնարաւորութեամբ:
Փլաթֆորմը ներկայացնելիս դաշնակցական թեկնածու Վանուշ Ահարոնեանը շեշտեց, որ բոլոր բարեփոխումներն իրականացնելիս պէտք է հաւատարիմ մնալ սկզբունքներին:
Քննարկման ընթացքում դաշնակցական թեկնածուն նաեւ առանձնապէս կարեւորեց երիտասարդ ուսանողների բնակարանային հարցն ու մարտական ծառայութիւններն անցած զինուորականների խնդիրը: Նրա խօսքով, այսօր մի շարք քաղաքական ուժեր փորձում են օգտուել առիթից եւ այս խնդիրը դարձնում են իրենց օրակարգային հարցը, մինչդեռ նախկինում այդպէս չի եղել, եւ եթէ այդ խնդիրը լաւ ուսումնասիրեն, կը տեսնեն, որ ՀՅԴ-ն դեռեւս վաղուց բարձրացրել է:




