Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում Հայաստանը քաղաքական զարգացումների բոլորովին նոր փուլ է թեւակոխելու: Ընտրութիւնների արդիւնքները վճռորոշ նշանակութիւն են ունենալու երկրի հետագայ զարգացման ընթացքի ու տեսլականի համար, յատկապէս եթէ հաշուի ենք առնում ներքին ու արտաքին տարաբնոյթ մարտահրաւէրները, որոնց դէմ յանդիման են կանգնած Հայաստանը, Արցախը եւ ողջ հայութիւնն այսօր:
Գիտակցելով պահի պատմական նշանակութիւնը եւ հաւատարիմ իր կոչմանը` ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը որոշում է կայացրել մասնակցելու ընտրութիւններին: Երկրում առկայ ընկերային-տնտեսական բարդագոյն խնդիրների կարգաւորման, անհրաժեշտ բարեփոխումների եւ իրական ժողովրդավարութեան կայացման, արդարութեան հաստատման, արտաքին մարտահրաւէրների յաղթահարման եւ ԼՂ հակամարտութեան հայանպաստ լուծման համար, ՀՅԴ-ն ներկայացրել է իր յստակ մօտեցումներն ու ծրագիրը, որը հիմնուած է զարգացող եւ անվտանգ Հայաստան ու Արցախ կառուցելու սկզբունքի վրայ:
Հաւատացած ենք, որ ՀՅԴ հայաստանեան կազմակերպութիւնն ունի անհրաժեշտ ներուժն ու վճռակամութիւնը ամբողջապէս ու լիարժէքօրէն իրականացնելու այդ ծրագիրը, ինչը միանշանակօրէն բխում է համայն հայութեան շահերից:
Առ այդ, Իրանի Հայ դատի յանձնախմբերն իրենց լիարժէք աջակցութիւնն ու զօրակցութիւնն են յայտնում ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ին` դժուարին այս պայքարում, վստահ լինելով, որ նրանք արժանի են իրենց իսկ ընտրած պարտաւորեցնող կարգախօսին. «Հաւատարիմ հողին ու հային»:
ԻՐԱՆԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՅԱՆՁՆԱԽՄԲԵՐ
29 նոյեմբերի 2018 թ.



