Իւրաքանչիւր յեղափոխութիւն իր շուրջն է համախմբում ազնիւ նպատակների եւ առաջադիմական գաղափարների կողմնակիցների, ովքեր երաշխաւորում են յեղափոխութեան յաղթանակը: Բնականաբար, իւրաքանչիւր յեղափոխութեան գլխագիրը, հիմնական կարգախօսը կազմւում է վեհ գաղափարներ կրող բառակապակցութիւններից: Այդպէս է եղել 1600-ականների` Անգլիայի յեղափոխութիւնից սկսած, մինչեւ 1700-ականների` Ֆրանսայի յեղափոխութիւնը, 1900-ականների` Ռուսաստանի եւ մեր օրերի յեղափոխութիւնների պարագայում:
Ազատութիւն, հաւասարութիւն, եղբայրութիւն, համերաշխութիւն, սէր, հանդուրժողականութիւն, վարդեր… Սրանք են եղել յեղափոխութիւնների կարգախօսները: Այսպիսի գեղեցիկ բառակապակցութիւններն իրենց մէջ կուտակել են այն ներուժը, որի միջոցով հնարաւորութիւն է ստեղծւում համախմբման ստեղծել առաջադիմական եւ թռիչքային նախաձեռնութիւններ: Իսկ զարգացման համար անհրաժեշտ են թռիչքային գաղափարներ եւ այդ գաղափարների թելադրանքով արուած գործնական քայլեր:
Այսպէս թէ այնպէս, մարդկութեան զարգացման թռիչքային հանգրուանների նախօրեակին նկատելի են յեղափոխական մտածողութեան եւ ապստամբութեան երեւոյթներ: Արդի հասարակական գիտութիւնների տեսաբաններից շատերը համոզուած էին, որ 1979թ. Իրանի յեղափոխութիւնից յետոյ դասական յեղափոխութիւնների շարանն աւարտուել է, եւ դրանց յաջորդելու է քաղաքակրթութիւնների բախումը: Ի վերջոյ, քաղաքակրթութիւնների բախման գագաթնակէտը եղաւ 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողութիւնը, որին յաջորդեց Արեւմուտքի բիրտ ուժի ներթափանցումն Արեւելք` Աֆղանստան, որը մինչ այժմ շարունակւում է Սիրիայում: Այս բիրտ ուժի կողքին, արեւմտեան քաղաքակրթութիւնը դեռեւս 1990-ական թուականներից փափուկ ուժի կիրառմամբ քաղաքակրթութիւնների բախմանն էր նախապատրաստւում: Քաղաքագէտ, փիլիսոփայութեան դոկտոր Ճին Շարփի կողմից 1993թ. հրատարակուած «Բռնապետութիւնից ժողովրդավարութիւն» աշխատութիւնը ուղեցոյց դարձաւ մի շարք գունաւոր ու թաւշեայ յեղափոխութիւնների, մասնաւորապէս` 2010-ից սկսուած Արաբական գարնան համար:
Անկախ այն հանգամանքից, թէ արդի ժամանակաշրջանում տեղի ունեցած յեղափոխութիւններն ինչքանով են կարողացել իրագործել իրենց կողմից հռչակուած արժէքներին համապատասխան հասարակական կարգեր, դրանք համախմբել են ժողովրդին եւ ստեղծել առաջընթացի ներուժ: Դա յեղափոխութեան արժէքն է, որն անկատար է, եթէ իր հետ չի բերում արժէքների յեղափոխութիւն:
Հայաստանում տեղի ունեցած յեղափոխութիւնը դուրս չէ այս օրինաչափութիւնից: Պէտք է խոստովանել, որ Արաբական գարնան յեղափոխութիւնների շարանն անխտիր ձախողուեց, քանի որ չկարողացան յեղափոխութեան ենթարկել հասարակութեան մէջ տիրող արժէքային համակարգը, քանի որ հասարակութեան մէջ արդէն իսկ աւանդոյթ դարձած գործելաոճը նոյնութեամբ կիրառուեց «նորերի» կողմից: Դրա հետեւանքով կա՛մ «նորը» դարձաւ նորացուած «հին», կա՛մ «հինը» փոխվրէժի միջոցով վերագրաւեց կորցրած դիրքերը:
Հայկական յեղափոխութեան պարագայում բոլորիս պարտքն է չթողնել, որ «սէրն ու համերաշխութիւնը» վերածուեն «ատելութեան ու թշնամանքի», սեւի ու սպիտակի: Յեղափոխութեան արժէքն իմաստաւորւում է արժէքների յեղափոխութեամբ:
19 սեպտեմբեր 2018



