ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Առաջին հայեացքից, հնարաւոր է, որ հարցը հռետորական է հնչում: Բայց, թէկուզ եւ այդպէս, այնուամենայնիւ, կարծում եմ, որ այն խիստ այժմէական ու հրատապ է: Բարձր մակարդակի այդ հանդիպումն այս տարուայ աշնա՞նը կը կայանայ, թէ՞ աւելի շուտ կամ ուշ, եւ կամ, թէ մէկ այլ ձեւաչափով, ասենք` երկու երկրների նախագահների մասնակցութեամբ` Սարգսեան-ալիեւ մակարդակով, կարծում եմ` էական չէ: Այն պէտք է անպայման կայանայ: Քանզի այլընտրանքը նոր արիւնահեղ պատերազմն է, որ ահա ամիսներ շարունակ, յատկապէս` յուլիսին, անընդհատ ահազանգում էր ինչպէս փոխադարձ սպառնալիքներով յագեցած ռազմաշունչ հռետորաբանութեամբ, նոյնպէս եւ` զէնքերի երկուստեք ուժգնացող շաչիւնով: Երկու կողմերում էլ եռանդով նախապատրաստական աշխատանքներ են տարւում տարաբնոյթ ու լայնածաւալ զօրավարժութիւնների տեսքով. մերթ ազրպէյճանական զինուժը` Արցախի մատոյցներում, հակառակորդ ուժերի շփման գծի հարեւանութեամբ ու Նախիջեւան-հայաստան սահմանագծի մերձակայքում, այսպիսով իսկ սպառնալի հասկացնելով, որ այս անգամ մարտական գործողութիւնները մտադիր է վարել համաժամանակ երկու ճակատով, մերթ Արցախի Պաշտպանութեան բանակի զօրամասերը` մարտական դիրքերի տարբեր հատուածներում կամ հրամանատարա-սպայակոյտային վարժանքների տեսքով:
«Մենք Հայաստանը կը վերածենք անմարդաբնակ տարածքի», յոխորտում է Ազրպէյճանի պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովը:
«Մենք չենք բացառում Մինկեչաուրի ջրամբարը որպէս թիրախ օգտագործելու խնդիրը: Անհրաժեշտութեան դէպքում Պաշտպանութեան բանակը հնարաւորութիւն ունի կաթուածահար անել Ազրպէյճանի տնտեսութիւնը, սակայն դրա առիթն առայժմ չենք տեսնում», յայտարարում է Արցախի պաշտպանութեան նախարար Լեւոն Մնացականեանը:
Արդեօք իրատեսական եւ իրագործելի՞ են այդ փոխադարձ սպառնալիքները: Հնարաւոր է` այո: Հնարաւոր է եւ` ոչ: Յամենայն դէպս, ինչպէս ժողովրդական առածն է ասում, կռուի ժամանակ գաթայ չեն բաժանում: Ամէն ինչ կախուած է հակամարտ կողմերի պատրաստութեան մակարդակից: Ազրպէյճանն ասում է, որ ինքը լիովին պատրաստ է նոր պատերազմի, իր զինուած ուժերը յագեցած են արդիական զինատեսակներով: Ստեփանակերտն ու Երեւանը, իրենց հերթին, յայտարարում են, որ առկայ է սպառազինութեան որոշակի հաւասարակշռութիւն: Վերստին դիմենք Արցախի Պաշտպանութեան բանակի հրամանատարի խօսքին: Մեր յարձակողական հնարաւորութիւնները, ասում է նա, գրեթէ նոյնն են, ինչ Ազրպէյճանինը:
Միւս կողմից` պարզից էլ պարզ է, որ աւելի քան քառորդ դարէ ի վեր տեղի ունեցող բանակցային գործընթացը, որ իրականացւում է ԵԱՀԿ Մինսքի խմբի հովանու ներքոյ, այդպէս էլ ոչ մի յայտարարի չի բերել ոչ հակամարտ կողմերին եւ ոչ էլ շահագրգիռ միջազգային հանրութեանը: Այն յոյսերը, որ կապւում էին Հայաստանում եւ Ազրպէյճանում վերջին համապետական ընտրութիւններից յետոյ դրանք շարունակելու հեռանկարի հետ, իրականում ի դերեւ ելան Հայաստանում ապրիլ-մայիսին տեղի ունեցած յեղափոխութեան արդիւնքում: Հայաստանի նոր ղեկավարը` վարչապետ Նիկոլ Փաշինեանը, այդ պաշտօնին նշանակուելու յաջորդ օրը իսկ պաշտօնական այցով առաջին անգամ ժամանելով Ստեփանակերտ` յայտարարեց, որ ինքը մտադիր չէ Ալիեւի հետ երբեւէ կայանալիք հանդիպմանը քննարկել ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան հարցը, այսինքն` հանդէս գալ Արցախի անունից: Քանզի, ասել է նա, Արցախը պէտք է լիարժէք մասնակցի բանակցային գործընթացին եւ տրամաբանական ու բնական է, որ հարցի շուրջ անմիջականօրէն բանակցի ոչ այլ ոք, քան հակամարտութեան երկրորդ հիմնական կողմը` Ստեփանակերտը: Իր հերթին` Ազրպէյճանի նախագահը յայտարարում է,որ ինքը Նիկոլ Փաշինեանին չի ընդունում որպէս Հայաստանի առաջին դէմքի, քանզի նա, իր իսկ խօսքով ասած, «իշխանութեան է եկել փողոցային անկարգութիւնների հրահրմամբ»: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի ձեւաչափի առաջարկուող փոփոխութեանը, այսինքն` բանակցութիւնների սեղանի շուրջ պաշտօնական Ստեփանակերտի անմիջական ներկայութեան վերականգնմանը, ապա Պաքուն կտրականապէս մերժում է նման մօտեցումը` հակամարտութիւնը` համարելով միջպետական, բացառապէս` Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ:
Միեւնոյն ժամանակ, Երեւանում տակաւին լրիւ յստակեցուած չէ, թէ Հայաստանից յատկապէս ո՞վ պէտք է մասնակցի բանակցութիւններին` Հայաստանում խորհրդարանական կառավարման պայմաններում, նոր սահմանադրութեամբ բարձրագոյն իշխանութեան լիազօրութիւններով օժտուած վարչապետ Նիկոլ Փաշինեանը՞, թէ՞, այսպէս ասած, «անգլիական թագուհու» գործառոյթներով սահմանափակուած նախագահ Արմէն Սարգսեանը: Ինչպէս յայտնի է, նախագահ Սարգսեանը սկզբունքօրէն դէմ է բանակցող կողմի իր ենթադրուող առաքելութիւնից` պնդելով, որ ինքը կարող է բաւարարուել սոսկ խորհրդատուի դերակատարութեամբ, իսկ վարչապետը, ինչպէս նշեցինք, ի սկզբանէ յայտարարել է բանակցային գործընթացին Արցախի ուղղակի, անմիջական մասնակցութեան առաջնահերթութիւնը: Անշուշտ, այդպէս ասելով` վարչապետ Փաշինեանը հիմք է ընդունում այն բացայայտ ճշմարտութիւնը, որ Ազրպէյճանի հետ հակամարտութեան մէջ է գտնւում միայն ու միայն Արցախը, այլ ոչ թէ` Հայաստանը: Ինչ վերաբերում է Արցախի շուրջ տասնամեակներ շարունակ տիրող ռազմաքաղաքական իրադրութեանը, ապա Հայաստանը հանդէս է գալիս Արցախի Հանրապետութեան ու նրա ժողովրդի անվտանգութեան ապահովման երաշխաւորի, այլ ոչ` հակամարտութեան իրական կողմի դերում: Այլ կերպ ասած, խնդիրը վերաբերում է բանակցային սեղանի շուրջ Արցախի` որպէս հակամարտութեան հիմնական կողմերից մէկի, անմիջական ներկայութեան վերականգնմանը: Մի խնդիր, ինչի մասին բացի Երեւանից ու Ստեփանակերտից, քանիցս բարձրաձայնել են նաեւ միջազգային միջնորդութեան դեսպանները` ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահները: Վերջիններս, մանաւանդ, առաւել յաճախակի` վերջին տարիներին, քանիցս պնդել են, որ որոշակի փուլում Ստեփանակերտն անպայման կը միանայ բանակցութիւններին, միեւնոյն ժամանակ, առիթից առիթ, չմոռանալով մեզ յիշեցնել կամ խէթել, որ բանակցային ձեւաչափի խեղաթիւրման մէջ, ի լրումն Ազրպէյճանի ջանքերի, զգալի է նաեւ Հայաստանի նախկին ղեկավարների մեղքը, առանձնապէս` սկսած 90-ականների կէսերից:
Բայց, ինչպէս ասում են, գնացքն արդէն մեկնել է եւ, թւում է, հազիւ թէ դատարկ կառամատոյցում ձեռք թափ տալով կարողանանք կանգնեցնել նրա ընթացքը: Ազրպէյճանը, ինչպէս նշեցի, կտրականապէս դէմ է Ստեփանակերտի ուղղակի մասնակցութեանը բանակցային գործընթացին, ինչին միջազգային միջնորդները ստիպուած են, հնարաւոր է, ատամները կրճտացնելով, համակերպուել: Թէկուզեւ, ինչու՞ չէ, կարող են կիրառել պարտադրման գործօնը: Բայց չեն անում: Չեն անում, որովհետեւ համանախագահ երկրներից իւրաքանչիւրն իր առանձնակի ռազմավարական շահերն ունի Ազրպէյճանում, որոնց վրայով հազիւ թէ նրանք երբեւէ նպատակայարմար համարեն ցատկել:
Ուրեմն ի՞նչ: Մնում է մենք` հայերս, հաշտուե՞նք իրողութեան հետ: Ի հարկէ` ո՛չ: Ի վերջոյ, ինչքան էլ որ խոր լինի ջրհորը, այնուամենայնիւ, խմբովի լինի, թէ միայնակ, մենք եւ առաջին հերթին մենք պէտք է նրա միջից հանենք այն քարը, որ խոր փոսի մէջ է նետուել նաեւ մեր անմիջական մեղքով: Այսինքն, քանի որ այլոց հետ յոյս կապելու հնար չունենք, ուստի մենք ինքներս պիտի վերականգնենք իրական արդարութիւնը` Արցախի, որպէս Ազրպէյճանի հետ հակամարտութեան մէջ գտնուող կողմի, ապօրինաբար խլուած ու կարծես թէ մոռացութեան մատնուած կարգավիճակը: Ինչպէս յայտնի է, այդ մասին յստակ ու անբեկանելի ամրագրուած է 1995թ. մարտի 31-ին ԵԱՀԿ-ի Աւագ պաշտօնատար անձանց ընդունած որոշման մէջ, որտեղ Լեռնային Ղարաբաղն առաջին անգամ յիշատակուել է որպէս հակամարտութեան առանձին կողմ: Յիշեցման կարգով նշեմ, որ միջազգային այդ կանոնն ամրագրուել էր ի կատարումն 1994թ. դեկտեմբերի 5-6-ը Պուտափեշտում կայացած ԵԱՀԿ-ի անդամ պետութիւնների բարձրագոյն հաւաքի` գաւաթնաժողովի որոշումների, մասնաւորապէս, «Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորմանն ուղղուած ԵԱՀԿ-ի գործունէութեան աշխուժացման» մասին փաստաթղթի:
Ի լրումն ասուածի` նաեւ վերյիշենք ղարաբաղեան կարգաւորման հարցում բաւական քաջատեղեակ եւ իրատես դիւանագէտի` Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի Դաշնութեան նախագահի նախկին լիազօր ներկայացուցիչ եւ ԵԱՀԿ Մինսքի խմբի 1992-1996թթ. ռուսաստանեան համանախագահ Վլատիմիր Քազիմիրովի խօսքն իր վերջին հարցազրոյցներից մէկում: Անդրադառնալով հակամարտութեան եռակողմ ձեւաչափի խնդրին`, նա հեգնել է. «Երբ Պաքուին պէտք էր լինում, առաջինն էր դիմում Լեռնային Ղարաբաղի ղեկավարութեան հետ շփում հաստատելու քայլին, զանգում ու գրում էր նրան: Աւելի՛ն. հրադադարն էլ արդէն ստորագրել էր 1994թ. մայիսի 9-ին միայն Լեռնային Ղարաբաղի հետ, ընդ որում` նախքան այն, երբ Երեւանը համաձայնութիւն տուեց դնելու նաեւ իր ստորագրութիւնը: Այդ ի՞նչ կարգավիճակով էր նա գործ ունենում Ստեփանակերտի հետ, եթէ ոչ` որպէս հակամարտութեան կողմի: Չգիտեմ` յայտնի՞ է դա Ազրպէյճանի ներկայիս ղեկավարութեանը, թէ՞ բոլորը` իր իսկ փորձագէտները, պատմաբանները, արխիւի աշխատակիցները, ամէն ինչ թաքցրել են իրենից»:
Կարող է հարց ծագել` շուրջ քառորդ դար առաջ ԵԱՀԿ-ի ընդունած միջազգային այդ բանաձեւումի վերհանումը, արդեօք, վեր չէ՞ մեր ուժերից: Մանաւանդ երբ նոյն այդ հեղինակաւոր կառոյցը կարծես թէ մտադիր չէ հաստատուն տէր կանգնել իր իսկ սկզբունքային որոշմանը: Առաւել եւս` այդ խնդրում Ազրպէյճանի կոշտ ու կամակոր դիմակայութեան պայմաններում: Կարծում եմ, որ ոչ: Առաւել եւս, որ առկայ է միջազգային միջնորդների համաձայնութիւնը, որպէսզի նետուած քարը հանուի ջրհորից, ի հարկէ, առաջին հերթին` մեր` հայերիս ջանքերով: Մանաւանդ որ համանախագահների համար նոյնպէս առաւել քան յստակ է, որ բանակցային գործընթացին առանց Արցախի էական մասնակցութեան առաջացած տեղապտոյտը երկար պիտի շարունակուի, իսկ շարունակուելու պարագան յղի է հնարաւոր ցնցումներով` տեղական բնոյթի կամ լայնածաւալ մարտական գործողութիւններով, միով բանիւ` պատերազմի նոր փուլով, որն այս անգամ, հաշուի առնելով հակամարտ կողմերի սպառազինութեան աստիճանը, անշէջ հրդեհի դեր կարող է կատարել ոչ միայն հակամարտութեան գօտում, այլեւ` ողջ Հարաւային Կովկասում, անգամ` նրա սահմաններից դուրս: Իսկ միջազգային հանրութիւնը, առաջին հերթին` աշխարհի գերտէրութիւնները, այդ թւում, մասնաւորապէս, ԵԱՀԿ-ի Մինսքի խմբի համանախագահ երկրները, մերձաւորարեւելեան ճգնաժամին զուգահեռ ու, մանաւանդ, նրա անմիջական հարեւանութեամբ, հազիւ թէ նոր պատերազմի ականատես կամ մասնակից լինելու անհրաժեշտութիւն ունենան:
Ուստի, նոյնպէս կարծում եմ` մեր իսկ ուժերով խնդրի լուծումը հնարաւոր է լիարժէք կազմակերպել, ինչի համար նախ եւ առաջ «Հայաստանում պէտք է ապահովուի հանրային իրօք համերաշխ եւ հանդուրժողական մթնոլորտ» (Վահէ Յովհաննիսեան, «Այլընտրանքային նախագծեր» խումբ): Համամիտ եմ փորձագէտի հետ, այո՛, նաեւ` Արցախում: Քանզի, ինչպէս իրաւացիօրէն նշում է նա, «Արցախում ներքին անկայունութիւնն ուղղակի ազրպէյճանական յարձակողապաշտութեան առաջ ճանապարհի բացում է նշանակում»:
Եւ ապա պէտք է օգտագործել Հայաստանի եւ Արցախի դիւանագիտական, միջխորհրդարանական եւ այլ կապերի բոլոր հնարաւորութիւնները, ինչը, ցաւով պէտք է արձանագրել, եթէ ինչ որ չափով արւում էլ է, ապա, մեղմ ասած, ամենեւին բաւարար չէ: Անշուշտ, պէտք է ուժեղացուի լոպինկային աշխատանքն արտերկրի պետական կառավարման մամիններում, հանրային ու միազգային կառոյցներում, ինչին պէտք է բոլորանուէր լծուէն հայկական սփիւռքի բոլոր կառոյցները` կուսակցական, եկեղեցական եւ այլ մարմինները: Անհրաժեշտ է արդիւնաւէտ համագործակցութեան կապեր հաստատել մանաւանդ առանցքային երկրների տեղեկատուական-վերլուծական կենդրոնների հետ, յաճախակի հրաւիրել նրանց ներկայացուցիչներին Հայաստան եւ, առանձնապէս, Արցախ, կազմակերպել թեմաթիք կլոր սեղաններ ու խորհրդաժողովներ, հրատարակել ու տարածել այլ լեզուներով գրականութիւն, կազմակերպել մշակութային միջոցառումներ բարեկամ երկրներում:
Հնարաւոր է` արտառոց հնչի, եթէ ասեմ, որ անգամ հայկական սփիւռքի կառոյցների հետ հարկ եղած խորութեամբ եւ արդիւնաւէտութեամբ սերտ համագործակցութիւն չենք կարողանում ապահովել: Մանաւանդ` Արցախում: Երեւի թէ մատների վրայ կարելի է հաշուել վերջին երկու տասնամեակում սփիւռքից Արցախ ժամանած համոյթներին, էլ ինչ մնաց` Արցախից Սփիւռքի տարբեր գաղթօճախներ մեկնած երաժշտական խմբերին: Չեմ էլ խօսում արցախցի նկարիչների ու քանդակագործների աշխատանքների արտասահմանեան կամ սփիւռքեան ցուցադրանքների մասին: Ըստ երեւոյթին, մենք մոռանում կամ անուշադրութեան ենք մատնում այն կարեւոր հանգամանքը, որ միջազգային չճանաչուածութեան պայմաններում մշակութային արժէքները կարող են լաւագոյնս դիւանագիտութիւն իրականացնել արտերկրում: Իսկ որ Արցախն ունի օտարազգի հանրութեանը ներկայանալի մշակութային արժէքներ` կասկածից վեր է:
Բայց վերադառնամ խօսքիս բուն նիւթին` բանակցային գործընթացին: Ի վերջոյ, Հայաստանից ո՞վ պիտի. առաջիկայ աշնանը, թէ երբ, հանդիպում ունենայ Ազրպէյճանի նախագահի հետ: Եթէ ոչ` գործող վարչապետը, ով տակաւին տատանւում է` գնա՞լ, թէ՞ չգնալ, կամ նախագահը, ապա ո՞վ: Գուցէ դեռեւս ազատութեան մէջ գտնուող առաջին կամ երրորդ նախագահներից մեկնումէկը՞, քանզի երկրորդը ներկայումս կալանքի տակ է, եւ յայտնի էլ չէ, թէ մինչեւ աշուն ազատ կ՛արձակուի՞: Բայց այդ դէպքում, կարող էք ասել, էթիքեթը, կը փոխուի, ինչն անընդունելի է միջազգային յարաբերութիւնների փորձում, եւ Ալիեւը, բնականաբար, հազիւ թէ համաձայնի նման ձեւաչափի: Լաւագոյն դէպքում, կարելի է ենթադրել, նա երեւի թէ «գագաթնաժողովի» ուղարկի Ազրպէյճանի նախկին նախագահներից առ այսօր ողջ եւ առողջ մնացած միակ քաղաքական գործչին` առաջին նախագահ Այազ Մութալիպովին` տխրահռչակ «Օղակ» գործողութեան հեղինակին, ով տասնամեակներ տեւած վտարանդիութիւնից յետոյ վերջապէս իրաւունք է ստացել տուն վերադառնալ ու ներկայումս կենսաթոշակառուի իր անվրդով հանգիստն է վայելում Պաքւում: Եւ իրականում կը ստացուի այն, ինչին վերջին տարիներս շարունակաբար ձգտում է պաշտօնական Պաքուն` Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման խնդրում ամէն ինչ սկսել զրոյական նիշից:
Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար