Կը Ներկայացնենք ՀՅԴ Բիւրոյի անդամ Կիրօ Մանոյեանի ելոյթը` Արամ Մանուկեանի արձանի բացման առիթով.
Հայաստանի հողի վրայ հայոց պետականութեան կորստից մօտ 9 դար յետոյ վերականգնուած հայոց պետականութեան` Հայաստանի Հանրապետութեան փաստացի հիմնադիր Արամ Մանուկեանի յուշարձանի կանգնեցումը քաղաքամայր Երեւանի կեդրոնում, թէկուզ ուշացած, պատշաճ յարգանքի տուրք է: Յարգանքի մի քայլ, որը ցանկալի է, որ ունենայ իր շարունակութիւնը, այնպէս` ինչպէս նախատեսուած էր` Արամ արքային նուիրուած Արամի փողոցի վերանուանումը Արամ Մանուկեանի փողոց, այդ փողոցի մէկ հատուածում Հայաստանի Ա. Հանրապետութեան նուիրուած այգու հաստատումը` խորհրդարանի նախագահների ու վարչապետների կիսանդրիներով: Մենք նաեւ աշխատում ենք, որ այդ փողոցում գտնուող Արամ Մանուկեանի տունը, աւելի ճիշդ, տան մնացած պատերի ներսում կառուցուի Արամ Մանուկեանի եւ Հայաստանի Ա. Հանրապետութեան նուիրուած տուն-թանգարան:
Հասկանալի է, որ առանց այդ վերականգնուած պետականութեան` մենք չէինք ունենայ ո՛չ Խորհրդային Հայաստան, ոչ վերանկախացած Հայաստանի Հանրապետութիւն, ո՛չ` նոր Հայաստան:
Արամի արձանի կանգնեցումը չի կարելի մեկնաբանել որպէս անհատի պաշտամունքի դրսեւորում: Ընդհակառակը, սա յարգանք է մէկ սովորական մահկանացուի, ով ծնուել էր Սիւնիքում, մեծացել Շուշիում, կուսակցական գործունէութիւն ծաւալել Պաքւում, Թիֆլիսում ու Կարսում, ապա` անցել Վան, կազմակերպել տեղի հայութեանը, Մեծ եղեռնի օրերին կազմակերպել Վանի ինքնապաշտպանութիւնը եւ հիմք դրել հայոց պետականութեան վերականգնմանը, անցել Երեւան, առաջնորդել մայիսեան ճակատամարտերն ու ՀՀ հիմնադրութիւնը: Եւ որպէս սովորական մահկանացու` ինքը եւս վարակուել էր ժողովրդից բծաւոր տիֆով եւ ընդամնէը 40 տարեկանում մահացել:
Դեռ խորհրդային ժամանակաշրջանից սկսած` Արամի ու իր գործակիցների վաստակի ստորագնահատումի կարեւոր պատճառներից մէկը նրա ՀՅԴ անդամ լինելու փաստն է: Արամը դաշնակցական էր երկու առումով. առաջին` կուսակցական` իր ամբողջ կեանքը նուիրելով հայ ժողովրդի ազատութեան պայքարին: Նա նաեւ դաշնակցական էր բառի ոչ կուսակցական առումով: Նա հաւատում էր, որ կարող է պայքարել` տարբեր ուժեր համախմբելով:
Արամի մտքերից շատերը այսօր եւս մնում են ուսանելի, առաջնորդող: Այդ մտքերից է այս բառերով արտայայտածը.
«Մենակ ենք ու պէտք է ապաւինենք միայն մեր ուժերին` թէ՛ ճակատը պաշտպանելու, թէ՛ երկրի ներսը կարգ հաստատելու համար»: Սա չի նշանակում չունենալ դաշնակիցներ կամ ընկերներ, բայց նշանակում է` յոյսը ամէնից առաջ դնել սեփական ուժերի վրայ` թէ՛ մեր ներքին խնդիրները լուծելու, թէ՛ արտաքին սպառնալիքներն ու մարտահրաւէրները դիմակայելու համար:
Արամի արձանը կանգնեցնելով` մենք յարգում ենք մեր պետականութիւնը վերականգնած ամբողջ սերնդին: Արամի մտքերից մէկը նաեւ մեր երկիրը ընկոյզի նմանեցնելով` նրա կորիզը կարեւորելն է: Այսօրուայ մեր Հայաստանի ու Արցախի հանրապետութիւնները մեր հայրենիքի կորիզն են, որի շուրջ ապագայում ձեւաւորուելու է մեր ամբողջական հայրենիքը: Մինչ այդ, սակայն, ինչպէս Արամն է պատգամել, մեր նպատակը պէտք է լինի Հայաստանի կորիզը աճեցնել: