«Լոս Անճելըսում կայ հզօր հայ համայնք, որի ներուժը մինչ այժմ համարժէք չի ներգրաւուել Հայաստանում: Այստեղի գործարար համայնքը դեռեւս ծանօթանալու խնդիր ունի Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, նոր իրականութեանը, եւ կարծում եմ, որ մի քանի յաջող պատմութիւններ ունենալու դէպքում` ներդրումները կը բազմապատկուեն տասով, քսանով», Լոս Անճելըսում լրագրողների հետ յուլիսի 1-ին կայացած հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի Հանրապետութեան փոխվարչապետ Տիգրան Աւինեանը:
Նա տեղեկացրեց, որ աշխատանքային այցով Լոս Անճելըսում գտնուող իր գլխաւորած պատուիրակութիւնը 9,6 միլիոն տոլարի ներդրման յուշագիր է ստորագրել ամերիկահայ գործարար Ալեք Պաղտասարեանի հետ` Սեւանում հիւրանոցային եւ ժամանցային համալիր կառուցելու նպատակով:
Նախկինում գործարարների համար բազմաթիւ հիասթափութիւնների պատճառ դարձած փտածութեան, բռնագանձումի եւ այլ արատաւոր երեւոյթների դէպքերին անդրադառնալով` Աւինեանը նշեց, որ Հայաստանում տեղի են ունեցել այդ երեւոյթներն այլեւս բացառող փոփոխութիւններ: «Շատերն ունեցել են շատ վատ փորձ, խնդիրներ, երբ գործը հասել է ներդրումներին եւ պիզնեսին: Սակայն ցանկանում եմ մի բան յստակ արձանագրենք` Հայաստանի Հանրապետութիւնում տեղի են ունեցել անդառնալի գործընթացներ, եւ յետ ճանապարհ այլեւս չկայ դէպի փտածութիւն եւ այլ բացասական երեւոյթները: Դրանք մնալու են պատմութեան մէջ: Վստահեցնում եմ, որ այսօրուայ իշխանութիւններն անելու են հնարաւորն ու նոյնիսկ անհնարինը, որպէսզի մենք այլեւս չունենանք նման վատ պատմութիւններ», հաւաստիացրեց փոխվարչապետը:
Աւինեանը նշեց, որ նոր իշխանութիւններն ունեն քաղաքական կամք` իրականացնելու բարեփոխումներ, ի տարբերութիւն նախկին իշխանութիւնների, ովքեր ներկայացրել են փտածութեան, մենաշնորհների դէմ պայքարի լաւ ծրագրեր, սակայն դրանք մնացել են թղթի վրայ, քանի որ չի եղել քաղաքական կամք:
«Այսօր այդ կամքը կայ, եւ կարծում եմ, որ բոլորս ականատես ենք լինում այդ գործընթացներին` պայքարի մեր հիմնական ուղղութիւններին` փտածութեան, մենաշնորհների դէմ, եւ հարկային օրէնսգրքի յստակեցմանն ու պարզեցմանը», տեղեկացրեց փոխվարչապետը:
Ըստ Աւինեանի, օտարերկրեայ ներդրողների համար, բացի նշուած փոփոխութիւններից, գրաւիչ կարող է լինել այն, որ Հայաստանն ունի ներդրումային բաւական բարենպաստ դաշտ, Եւրասիական տնտեսական միութեան անդամ է, որը 200 միլիոնանոց շուկայ է, ինչպէս նաեւ` Եւրամիութեան հետ կնքուած «Խորը եւ համապարփակ համագործակցութեան» համաձայնագիր, որը նաեւ շուկայ է դէպի եւրոպական երկրներ: «Հայաստանը, շուկայի առումով, միայն երեք միլիոնանոց բնակչութիւնը չէ, այլ մուտք է նաեւ հսկայական շուկաներ` առանց խոչընդոտների: Միաժամանակ, այն ոլորտները, որոնք առաջնահերթութիւն են մեզ համար, նաեւ աշխարհում են համարւում առաջնահերթ, օրինակ` տեղեկատուական արհեստագիտութեան, վերականգնուող ուժանիւթի, խտացեալ գիւղատնտեսութեան, հիւսուածեղէնի ոլորտները»:
Փոխվարչապետը տեղեկացրեց, որ Հայաստանում մեծ ներուժ ունեցող տեղեկատուական արհեստագիտութեան ոլորտում ձեռք են բերուել յստակ պայմանաւորուածութիւններ Միացեալ Նահանգներու մեծ ընկերութիւնների հետ, որպէսզի նրանք տեղափոխեն իրենց ծրագրաւորման հատուածը Հայաստան: Համագործակցութեան հնարաւորութիւններ ու օրինակներ կան նաեւ գիւղատնտեսութեան ոլորտում, մասնաւորապէս` Ֆրեզնոյի ամերիկահայ գործարարների հետ:
Հարց հնչեց նաեւ Ամուլսարի հանքի շահագործման շուրջ ստեղծուած խնդրայարոյց իրավիճակի մասին: «Ամուլսարի հետ կապուած ոչ ամէնն է միանշանակ, որովհետեւ ծրագիրը, որ ներկայացուել է «Լիդիան Արմէնիա» ընկերութեան կողմից, բաւականին ծաւալուն է, եւ եթէ համեմատենք միւս հանքարդիւնաբերողների ներկայացրած ծրագրերի հետ, որոնք շատ կարճ, անբովանդակ են, սա բաւական խորքային վերլուծութիւն է պարունակում: Կան խնդիրներ, վտանգներ, եւ այդ մասին բարձրաձայնում են տարբեր փորձագէտներ, որոնց հետ վերջին հանդիպումս Յարութ Պրոնոզեանի կազմակերպածն էր: Այս հարցի լուծումը պէտք է լինի փաստարկների դաշտում, զգացական դաշտը, կարծում եմ, խանգարելու է յստակ հասկանալ բոլոր այն վտանգները, որոնք գոյութիւն ունեն: Որովհետեւ մի կողմից ունենք բնապահպանական խնդիր, միւս կողմից` ներդրումային մեծ ծրագիր, որի շրջանակներում արդէն իսկ հսկայական գումարներ են ծախսուել Հայաստանի Հանրապետութիւնում: Այնուամենայնիւ, բնապահպանութիւնը լինելու է առաջնահերթութիւն», նշեց Տիգրան Աւինեանը:
Ասուլիսին ներկայ, սփիւռքի նախարարի տեղակալ Բաբգէն Տէր Գրիգորեանն անդրադարձաւ Հայաստան-սփիւռք յարաբերութիւններին` մասնաւորապէս նշելով. «Սփիւռքը պէտք է ինքնակազմակերպուի, եւ Հայաստանը պէտք չէ թելադրի, թէ ինչպէ՛ս: Կլենտէյլի համայնքն էլ այդ ինքնակազմակերպման վառ օրինակն է: Մեր յարաբերութիւնները պէտք է առաւել առողջ հիմքերի վրայ դրուեն: Հայաստանը սփիւռքից չի ակնկալում օգնութիւն, այլ` համագործակցութիւն»: Տէր Գրիգորեանը նաեւ յայտարարեց, որ երկպալատ խորհրդարան ստեղծելու հարց օրակարգում չկայ, եւ պէտք է քննարկուի յարաբերութիւնների հաստատման ամենաարդիւնաւէտ ձեւը:
Լոս Անճելըսում Հայաստանի Հանրապետութեան գլխաւոր հիւպատոսարանում կազմակերպուած մամուլի ասուլիսի ժամանակ հնչած հարցերին պատասխանեցին նաեւ Հայաստանի Հանրապետութեան փոխվարչապետ Տիգրան Աւինեանի գլխաւորած պատուիրակութեան անդամները` կապի եւ տեղեկատուական արհեստագիտութեան նախարարի առաջին տեղակալ Յակոբ Արշակեանը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանէ Ադամեանը, Հայաստանի Հանրապետութեան փոխվարչապետի գրասենեակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռեանը: