ՆԱՐԻՆԷ ԹՈՒԽԻԿԵԱՆ-ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ
«Հիանալի լուսաբաց էր: Լոյսն ու խաւարը մարտնչում էին իրար հետ: Մօտակայ անտառից հասնում էր սոխակների զուարթ երգեցողութիւնը: Արու եւ էգ իրար էին հրապուրում:
– Մի տե՛ս, ի՛նչ սքանչելիք է,- ասաց Քաջազնունին իր բարեկամ Հաճինսկուն: Ինչ երջանկութիւն է բուրում բնութիւնից, իսկ մենք իրար ենք յօշոտում:
– Այո՛,- պատասխանեց Հաճինսկին,- ես կ՛ուզէի այդ թռչունների տեղը լինել եւ թռչուններին կ՛առաջարկէի մեր տեղը:
Երբ վերջապէս արտօնութիւն ստացուեց, եւ մենք, անքուն գիշերից յետոյ, կէսօրուայ մօտ մտանք Պաթում, տեղատարափ անձրեւը դիմաւորեց մեզ:
– Վատ նշան,- ասաց Քաջազնունին: Ուրիշ տեղ անձրեւը բարիք է, բայց Պաթումի համար չարիք է: Վատ նշան…
Մեզ տեղաւորեցին «Պելվիլ» պանդոկում, ծովափին:…Հազիւ էինք տեղաւորուել, երբ բարի գալուստի այցելութեան եկաւ Կովկասեան ճակատի հրամանատար եւ թուրք պատուիրակութեան անդամ Վեհիպ փաշան մի քանի բարձրաստիճան սպաների հետ: Մեր ընկճուած, խեղճ երեւոյթի հետ համեմատած` գոռոզ յաղթականների տեսք ունէին նրանք, թէեւ Վեհիպ փաշան ակնյայտ կերպով աշխատում էր բարեկամական սիրալիր վերաբերմունք ցուցադրել:… Չեմ յիշում խորհրդաժողովի պաշտօնական բացումից քանի օր առաջ Պաթում եկաւ իթթիհատական եռապետութեան անդամ Ճեմալ փաշան: Մի քանի օր առաջ եկել եւ գնացել էր Էնվերը: Վեհիպ փաշայի կողմից լուր բերին, թէ Ճեմալը ուզում է այցելութեան գալ Կովկասեան պատուիրակութեան մեր պանդոկը:
Եկաւ: Կովկասեան պատուիրակութիւններս ընդունեցինք նրան պանդոկի սրահում: Կարճահասակ, դուրս ցցուած կուրծքով, խնամուած մօրուքով, զինուորական շքեղ հագուստի մէջ. այնքան յիշեցնում էր փքուած հնդկահաւի:
… ըստ «փրոթոգոլի», տեղ էինք գրաւել սրահում. ազրպէյճանցիները «ամենալաւ» մասում, ապա` լեռնականները, ապա` վրացիք եւ վերջը մենք` հայերս: Ճեմալը իր վեհութեան գիտակցութեամբ նստեց սեղանի գլուխը, մի պահ լուռ դիտեց ժողովականներին, ինչպէս ուսուցիչը դիտում է աշակերտներին դասից առաջ: Ապա ողջոյնի խօսք ուղղեց Կովկասեան ժողովուրդների պատուիրակութիւններին առանձին-առանձին: Առաջին շատ սիրալիր խօսքը ասաց ազրպէյճանցիներին` թուրքերէն: Ասածի իմաստն այն էր, որ թուրքերը եւ ազրպէյճանցիները հարազատ եղբայրներ են, որ երկար ժամանակ բաժանուած էին միմեանցից: Հիմա ժամանակը հասել է միանալու: Եւ փաստօրէն մենք արդէն միացած ենք:
Ազրպէյճանցիների կողմից պատասխանեց Հաճինսկին` ռուսերէն: Հաստատելով Ճեմալի խօսքերը` նա շեշտեց թուրք-ազրպէյճանական եղբայրութիւնը:
Նոյն իմաստով ու ոգով խօսք փոխանակեցին եւ Ճեմալն ու լեռնականները:
Վրացիներին ուղղած խօսքում Ճեմալը աւելի զուսպ էր, թէեւ թուրք եւ գիւրջի հարեւանների միջեւ անցեալում թիւրիմացութիւններ պատահել են, բայց դրանք անցողական բաներ են, փաշան համոզուած էր, որ Թուրքիայի եւ գեղեցիկ Վրաստանի յարաբերութիւնները պիտի լինեն փայլուն ապագայում: Չխենկելին պատասխանեց նոյն իմաստով եւ միեւնոյն ոգով:
Երբ հերթը հասաւ հայերին, Ճեմալ փաշայի դէմքը խոժոռ երեւոյթ ստացաւ, թաւ յօնքերը կախուեցին եւ կարճատեւ լռութիւնից յետոյ նա հատիկ-հատիկ արտասանեց.
– Ձեզ` հայերիդ, շատ բան չունեմ ասելիք, միայն կը մաղթեմ, որ անցեալը չկրկնուի: Ինչ որ դուք արիք մեզ, շատ հեշտ չէ մոռանալ: Այժմ ձեր ընթացքից է կախուած ձեր եւ մեր ապագայ յարաբերութիւնները:
Հայերի կողմից պատասխանեց Խատիսեանը` աշխատելով մեղմացնել Ճեմալի խօսքերի տպաւորութիւնը, բայց նոյնիսկ Խատիսեանի ճարտարութիւնը անզօր գտնուեց:
… Քաջազնունու հետ գնացինք մեր սենեակը: Նրա դէմքը մեռելի գոյն էր ստացել: Անվերջ կրկնում էր ռուսերէն.
– Ա՛խ, նեգոդա, ա՛խ, պոդլեց… (Ա՛հ, անպիտան, ա՛հ, սրիկայ…):
Այդ օրը չճաշեց: Սենեակից դուրս չեկաւ: Չէր էլ խօսում: Լուռ ծխում էր անվերջ, եւ ծխից դեղնած բեղերը, կարծես, աւելի էին դեղնել: Ինչքան աշխատեցի խօսեցնել, դուրս բերել ծովափ` մերժեց:
Աւելի սարսափելի հարուած եղաւ, սակայն, Պաթումի խորհրդաժողովի բացման օրը` մայիսի 11ը: Խալիլը Կովկասեան պատուիրակութեան նախագահին յանձնեց մի գոց ծրար, որի մէջ ներկայացուած էին հաշտութեան թրքական պայմանները` առաջարկելով, որ Կովկասեան պատուիրակութիւնը ծանօթանայ այդ պայմաններին եւ շուտով իր համաձայնութիւնը յայտնէ… դաշնագիրը ստորագրելու համար: Վերջնագրի հոտ էր գալիս Խալիլի խօսքերից:
Երբ ակումբից դուրս էինք գալիս, թուրք ասկեարները նուագում էին «Քարմենի» ցլամարտի կտորը…
Պանդոկի սրահում, կովկասեան բոլոր պատուիրակների ներկայութեամբ, բացուեց Խալիլ պէյի յանձնած ծրարը: Իրենց ներկայացրած պայմաններով թուրքերը ստեղծում էին մեծ Ազրպէյճան` ի հաշիւ Հայաստանի. Վրաստանից առնում էին Պաթումի շրջանի հարաւային մի կտոր եւ Ախալցխայի գաւառը, հայերին թողնում էին Էջմիածինը եւ Սեւանայ լիճը, շուրջ 11.000 քառ. քիլոմեթր լեռնային տարածութիւն:
– Գերեզմանոցի համար էլ բաւական չէ,- ասաց Խատիսեանը: Ազրպէյճանցիների դէմքերը տօնական տեսք առին: Ըստ էութեան, գոհ էին եւ վրացիները, թէեւ տխուր էին ձեւանում: Հայերիս վիճակը սարսափելի էր:
Քաջազնունիի հետ բարձրացանք մեր սենեակը: Նա հազիւ ոտներն էր շարժում: Առանց մի խօսք ասելու` վրայից հանեց հագուստը, մտաւ անկողին, վերմակը գլխին քաշեց եւ այդպէս մնաց մինչեւ յաջորդ առաւօտ` անխօս եւ անշարժ, առանց մի բան ուտելու, յիշում է Սիմոն Վրացեանը:
Մինչ Պաթումում 1918 մայիսի 11-ից Թուրքիայի պատուիրակները վերաձեւում էին մանաւանդ Հայաստանի քարտէսը` կաթուածի հասցնելով Յովհաննէս Քաջազնունուն եւ հայ պատուիրակութեան միւս երկու անդամներին, Սարդարապատում, Բաշ Ապարանում եւ Ղարաքիլիսայում հայկական զօրքերը ջախջախում էին արեւելեան Հայաստան մտած երիտթուրքերի եղբայրներին: Մերոնք չգիտէին այդ մասին: Ինֆորմացիա չկար: Լուրը Պաթում չէր հասել: Քաջազնունին չգիտէր անգամ, որ իր որդին` Աշոտը զոհուել է Ղարաքիլիսայի ճակատամարտում: Եւ, փաստօրէն, յաղթանակած հազարաւոր տղաների, այդ թւում եւ 20-ամեայ Աշոտ Քաջազնունու թափած արեան վրայ դրւում է Հայաստանը մօտ տասը հազար քառակուսի քիլոմեթր բնակավայր դարձնելու որոշման կնիքը: Հայաստանի Ա. Հանրապետութիւնը այսպէս սկսեց իր անդրանիկ քայլերը արտաքին քաղաքական դաշտում: Բարեբախտաբար շուտով իրավիճակը փոխուեց. Ա. Համաշխարհային պատերազմում Թուրքիան պարտութիւն կրեց, կնքուեց Մուտրոսի զինադադարը, Պրեսթ-Լիթովսքի պայմանագիրը չեղեալ յայտարարուեց, եւ Հայաստանը կարողացաւ հրաժարուել Պաթումի պայմանագրի բեռից: Բայց այս մասին չէ, որ ուզում եմ պատմել: Ուզում եմ շարունակել պատմութիւնը Յովհաննէս Քաջազնունու` իմ ընկալմամբ անչափ համակրելի եւ ազնիւ հոգու տէր մարդու եւ դժբախտ քաղաքական գործչի մասին: Ով ծնուել եւ ապրել էր խառը ժամանակներում, ով իր կեանքը անմնացորդ նուիրել էր իր հայրենիքին, ով հիւսել էր գեղեցիկ երազներ եւ գնացել էր դրանց ետեւից, ու նաեւ` ականատեսը եղել այդ երազների կործանմանը: Ով 17 տարեկանից մինչեւ Քա. Կէ. Պէ.ի բանտում 1938-ին չարաբաստիկ սպանութեան օրը սիրել եւ երախտապարտ է եղել Սաթենիկ անունով կնոջը` իր ընտանեկան երջանկութեան եւ իր երազների ըմբռնման ու սատարման համար:
Երբ 1914թ. նրանց աւագ որդին` անչափահաս Արամը, ծնողներին յայտարարեց, թէ ուզում է կամաւոր մեկնել ռազմաճակատ, հայրը ոչ թէ բարկացաւ կամ սաստեց որդուն, այլ խոստացաւ բարեխօսել կամաւորական բիւրոյում, մի պայմանով, որ երեխան համբերի 2-3 ամիս, մինչեւ կ՛աւարտի դպրոցը: Մայրը ոչ թէ ուշաթափուեց կամ սրտի տագնապ ունեցաւ, այլ ասաց. «Թող գնայ, միւս գնացողները նոյնպէս մայրեր ունեն»: Մայիս ամսին Արամը աւարտեց դպրոցը, եւ հայրը նրան տարաւ երկաթգծի կայարան` Թիֆլիսից Երեւան ճանապարհելու համար: Յիշում է Սիմոն Վրացեանը. «Կայարանում նրանք պինդ սեղմեցին ձեռքները եւ վերջ: Տնաշէ՛ն, գոնէ համբուրուէք: Քաջազնունին ասաց. «Դեռ ժամանակը չէ, կը համբուրուենք, երբ յաղթութեամբ վերադառնայ պատերազմից»: Եւ, փա՛ռք Աստծոյ, այդ օրը եկաւ: Պատերազմում երկու անգամ վիրաւորուած Արամը վերադարձաւ, եւ հայրը նրան համբուրեց: Ապաքինուելուց յետոյ կրկին մեկնեց ռազմաճակատ: Յովհաննէս Քաջազնունու երեք տղաներն էլ` Արամը եւ երկուորեակներ` Աշոտն ու Ռուբէնը, կամաւոր մեկնեցին ճակատ: 4-րդ` կրտսեր որդին շատ էր փոքր: Նրանց հայրը բոլոր լծակներն ունէր տղաներին կռիւ չուղարկելու: Նախ կապերը եւ երեխաների` Թիֆլիսում ապրելու հանգամանքը միանգամայն լուծելի էին դարձնում ծառայութիւնից ազատելու հնարաւորութիւնը: Իսկ արդէն վարչապետ նշանակուելուց յետոյ առաւելապէս դա հեշտ էր անել: Բայց, ըստ երեւոյթին, ժամանակները աւելի ազնիւ էին եւ Հայաստանը աւելի սիրելի` 1918 թուի կառավարութեան եւ մասնաւորապէս վարչապետ Քաջազնունու համար: Նա իր երեխաներին ոչ միայն չթաքցրեց զինկոմիսարիատից, այլեւ քաջալերեց դեռ զինուորական տարիքի չհասած 3 տղաների կամաւորական գրուելու ցանկութիւնը: Նա շատ լաւ գիտակցում էր, թէ ո՛ւր են գնում տղաները, եւ որ` նրանց վերադարձը չափից դուրս անհաւանական է: 1918թ. սեպտեմբեր 14-ին Երեւանից Թիֆլիս կնոջը նամակ է ուղարկում: Նրանք արդէն 3-4 ամիս է որեւէ տեղեկութիւն չունէին Աշոտի մասին:
«Մի բան միայն գիտեմ հաստատապէս եւ ուզում եմ, որ դու եւս գիտենաս, որովհետեւ դրա մէջ մեծ մխիթարութիւն կայ, եթէ Աշոտը սպաննուած է, ուրեմն սպաննուած է Ղարաքիլիսայում, պատերազմի դաշտում, կռուի ժամանակ, իր զինուորական, քաղաքացիական ու հայրենասիրական բարձր պարտքը կատարելիս, սպաննուած է հերոսաբար, զէնքը ձեռքին, մի այնպիսի փառաւոր կռուի մէջ, որի մասին իրենք` տաճիկները, խօսում են հիացմունքով ու պատկառանքով: Մեր փոքրաթիւ զօրքերը չորս օր անընդհատ կռուել են առիւծների պէս` իրենցից շատ գերազանց ուժերի դէմ եւ նահանջել են միայն վերջին փամփուշտը այրելուց յետոյ: Ո՞ղջ է դուրս եկել Աշոտը այդ կռուից, թէ՞ սպաննուել է, երկու դէպքում էլ նա վաստակել է հայրենիքի սէրը, յարգանքը ու երախտագիտութիւնը. նա կռուել է մինչեւ վերջ եւ գուցէ իր մատաղ կեանքի գնով բարձր է պահել զինուորական պատիւը: Էլ չեմ կարող գրել»:
Նա արդէն վարչապետ էր նշանակուել: Կաբինետը (դահլիճը, խմբ.) Թիֆլիսից տեղափոխուել էր Երեւան: Ընտանիքը դեռ Վրաստանում էր, բայց շուտով նոյնպէս տեղափոխուեց: Չնայած` Երեւանում սոսկալի վիճակ էր: Քաջազնունու քաղաքական վիպապաշտութիւնը, երեւի թէ, երկրորդ լուրջ եւ սասանող հարուածը ստացաւ հէ՛նց այստեղ, առաջինը Պաթումն էր: Միեւնոյն ժամանակ հէնց այստեղ էլ աւելի մեծացաւ նրա պատկառանքը եւ սէրը հայութեան նկատմամբ: Այստեղ` Երեւանում, նա գուցեւ առաջին անգամ իսկապէս տեսաւ եւ զգաց, թէ ինչպէ՛ս է ապրում հայ մարդը, ինչի՛ է ունակ եւ ինչքա՛ն անտէր է: Փեթերսպուրկում, Թիֆլիսում նա ապրել էր հայերի մէջ եւ ճանաչել իր հայրենակիցներին: Բայց դա այլ բան էր: Դրսում հայեր լաւ են ապրել, եղել են կրթուած եւ հարուստ, համարձակ եւ հայրենիքի վերաբերեալ վիպապաշտ, անգամ` զգացմունքային: Այստեղ` տեղում, այլ իրավիճակ էր: Աղքատ, քաղցած, հիւանդ, անզէն, անյոյս, բայց, այնուամենայնիւ, բնազդօրէն` դեռ որ պինդ:
Դրա վկայութիւնը Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի փառահեղ ճակատամարտերն էին: Մի խօսքով, Թիֆլիսից Երեւան տեղափոխուած կառավարութիւնը, Յովհաննէս Քաջազնունու գլխաւորութեամբ, տեսաւ այն, ինչը հեռուից չէր երեւում` իրականութիւնը: Եւ նրա սէրը իր ժողովրդի նկատմամբ վերածուեց անզօր կարեկցանքի:
1919թ. յունուար 9-11 կնոջը գրում է.
«Աչքերիս առաջ տեսնում եմ այն ժողովուրդը, որին կառավարելը ինձ է վիճակուած: Յիշում, մտածում եւ խելագարւում եմ ցաւից ու կսկիծից: Չգիտեմ` արդեօք երբեւիցէ ոեւէ ժողովուրդ եղե՞լ է այն օրհասական, այն աներանելի կացութեան մէջ, որ ապրում է այսօր հայ ժողովուրդը: Տեղեկութիւն չունեմ, թէ ի՛նչ դրութեան մէջ են մեր փախստականները Հիւսիսային Կովկասում, Վրաստանում, Ազրպէյճանում: Բայց մեր հանրապետութեան սահմաններում ժողովուրդը հասել է ծայր աստիճան թշուառութեան, ժողովուրդը հոգեվարքի մէջ է, ժողովուրդը մեռնում է: Հաց չունինք ուտելու, անօթի ենք, բծաւոր տիֆը այնպիսի՛ ծաւալ է ստացել: Երեւան քաղաքում, որ ունի 60-65 հազար ազգաբնակչութիւն, այսօր աւել քան 20.000 հիւանդ կայ: Բժիշկներ չունինք, ֆելդշերներ չունինք, եղածները կա՛մ հիւանդ պառկած են, կա՛մ մեռած: Փող չունինք, մեր փողերը վրացիք ձերբակալել են Թիֆլիսում, հաղորդակցութեան միջոցներ չունինք, երկաթուղային գիծը աւերուած է… միայն հայի անսահման տոկունութիւնն է, որ կարող է դեռեւս դիմանալ: Մեր զօրքերը, որ Լոռիում այդպէս քշեցին վրացիներին, մերկ են եւ քաղցած: Որբանոցներում 10 հազարից աւել որբ ունենք, մօտ 300 հազար տնաւեր գաղթականութիւն ունենք, ովքեր մեռնում են մեր աչքի առջեւ, եւ որոնց ոչ մի օգնութիւն չենք կարող տալ: Պետական մեխանիզմը չենք կարող կարգի բերել, որովհետեւ միջոց չունենք վարձատրելու: Ընդհանուր թշուառութեան վրայ աւելանում են նաեւ` կաշառակերութիւնը, գողութիւնն ու թալանը, շանթաժը, որոնց դէմ հնար չունենք կռուելու»:
Բայց ոչ մի ծանր պայման, յուսահատութիւն, անզօրութիւն չնսեմացրին հայրենասիրութեան զգացումը: Նա ոչ մի ակնթարթ չափսոսեց իր ընտրած ճանապարհի համար: Հայաստանը գերագոյն արժէք էր, որի համար ինքը եւ իր ընտանիքի անդամները պարտաւոր էին ծառայել:
1919-ի ապրիլի 30-ին աւագ դստերը` Հրաչեային գրում է.
«Աշոտը սպաննուեց անցեալ գարնան Ղարաքիլիսայի կռիւներում: Արամը վիրաւորուած է 2 անգամ, մի անգամ` շատ լուրջ, բայց բժշկուել է: Ռուբէնը չի ունեցել բախտ ու պատիւ հայրենիքի համար վէրք ստանալու, բայց 2 անգամ մերձ ի մահ հիւանդ է եղել Պարսկաստանում: Այժմ միանգամայն առողջ է: Երկուսն էլ ներկայիս զինուորական ծառայութեան են Հայաստանի բանակի մէջ»:
Քաջազնունին ընդամէնը 6 ամիս եղաւ վարչապետի պաշտօնում:
«Այսօր կառավարութիւնը տալու է իր հրաժարականը, եւ կազմակերպւում է նոր կառավարութիւն` Դաշնակցական եւ Ժողովրդական կուսակցութեան մասնակցութեամբ,- գրում է կնոջը 1918 նոյեմբերի 4-ին,- ես մնում եմ պրեմիեր` առանց պորտֆելի: Շատ դժուար օրեր ապրեցի, մինչեւ կարողացայ հասցնել այս ելքին»: 1919թ. փետրուարին նա կը մեկնի Միացեալ Նահանգներ` Հայաստանի համար օգնութիւն բերելու: Նիւ Եորք, Մետիսոն աւենիւ 121 հասցէում կը բացուի ժամանակաւոր գրասենեակ` հետեւեալ ցուցանակով. Յովհաննէս Քաջազնունի, Հայաստանի նախկին վարչապետ, Միացեալ Նահանգներում տնտեսական առաքելութեան նախագահ:
Երեւի դժուար չէ պատկերացնել, թէ նա ի՛նչ հնարաւորութիւններ ունէր գոնէ իր ընտանիքի անդամների տանելի կեցութիւնը ապահովելու համար: Փրկելու համար իր ողջ մնացած 5 զաւակների կեանքը եւ բարւոք ապագայի դռներ բացելու նրանց առջեւ: Նա արդէն որդիներից մէկին կորցրել էր պատերազմի դաշտում եւ կարող էր այդ նահատակութիւնը միանգամայն բաւարար համարել հայրենիքի համար: Այսպէս կարող էր վարուել ոեւէ մէկը: Բայց Քաջազնունին ոեւէ մէկը չէր: Եւ նրա մտքերն ու գործելակերպը հիմնուած էին միանգամայն այլ արժէքների վրայ:
1920 յունուար 2-ին ի պատասխան դստեր` Մարգարիտի` արտասահմանում ուսանելու ցանկութեանը, Ամերիկայից գրում է.
«Մարգուշ ջան, իմ վրայ ծանրացած է մի ամբողջ ժողովրդի հոգսը: Ես չեմ կարող ու նոյնիսկ ամաչում եմ էլ կենտրոնացնել ուշադրութիւնս սեփական ընտանիքի հոգսերի վրայ: Ի՞նչ պատասխան պիտի տայի իմ խղճին, եթէ, վերադառնալով Ամերիկայից, ստիպուած լինէի ասել, թէ հայկական դատը վիժել է, բայց ես ապահովել եմ իմ որդկերաց կրթութիւնը: Հայկական դատի պրոպագանդայի (քարոզչութեան, Խմբ.) տեսակէտից այստեղ շատ խոշոր բան ենք արել: Ամերիկայի ամենամեծ թերթերը զբաղուած են շարունակ մեր հարցով: Եթէ միջազգային քաղաքական հարցերը լուծուելու լինէին` հասարակական կարծիքը շահագործելով, մենք վստահ կարող էինք ասել, որ մեր ցանկութիւնների իրագործումը ապահովուած է, որովհետեւ Միացեալ Նահանգների հասարակական համակրութիւնը համարեա ամբողջութեամբ մեր կողմ է»:
«Ի՞նչ պատասխան պիտի տայի իմ խղճին…» պետական պաշտօնեայի շուրթերից հնչող` մեր ականջին շատ անսովոր խոստովանութիւն:
***
Նա Ամերիկայում էր, երբ Զանգիբասարի կռիւներում հերոսի մահով ընկաւ իր մեծը` Արամը:
«Ինձ չէր վիճակուած վերջին համբոյրը տալ որդուս, շատ հեռու էի Հայաստանից, երբ Արամի անշնչացած մարմինը` արեան մի փոքրիկ բիծ ճակատին` զինուորական պատիւներով յանձնեցին հողին»:
Միայնութիւնը, անձնական, ծնողական ողբերգութիւնը, կնոջը մխիթարելու եւ այդ դժուար պահին նրա կողքին լինելու անհնարինութիւնը, միաժամանակ երախտագիտութեան զգացումը Արամի հանդէպ` իսկական զինուոր եւ հայրենիքի ծառայ լինելու համար, միախառնուել էին իր չստացուող գործերին: Մետիսոն աւենիւ 121 հասցէում բացուած Հայաստանի համար տնտեսական օգնութիւն հայթայթող գրասենեակի պատուհանից երեւում էր Նիւ Եորքը` իր աղմկոտ, քաոսային կշռոյթով, ամերիկեան խնդիրներով: Այդ ամէնը բոլորովին կապ չունէր Քաջազնունու հետ: Դա միանգամայն այլ աշխարհ էր, ուր նա յայտնուել էր ոչ լաւ օրից: Քաջազնունու եւ այս քաղաքի հոգեվիճակները բացարձակ տարբեր էին: Նա նայում էր խայտաբղէտ անցորդներին եւ տեսնում էր հայութեանը` աղքատ, անտէր, զինուորներին` քաղցած, հիւծուած, գաղթականներին, հիւանդներին եւ որբուկներին` հարիւր հազարներով: Նա նայում էր Մետիսոն պողոտային, բայց տեսնում էր ռազմաճակատը, որտեղ հերոսի մահով ընկել էր Արամը` իր աւագ տղան` ընտանիքի 2-րդ զինուորը: Քաջազնունին մենակ էր եւ` կոտրուած: Բայց պետական-ազգային պատասխանատուութիւնը նրան իրաւունք չէր տալիս երկարատեւ վիշտ ապրել իր զոհուած տղայի համար: Իբրեւ հայ պաշտօնեայի` նրա վիշտը աւելի էր, քան որդու մահը: Քաջազնունին միայն իր ընտանիքինը չէր: Նա պետական դէմք էր եւ ունէր ահռելի մեծ առաքելութիւն: Հայաստանի Ա. Հանրապետութեան առաջին վարչապետն էր, չնայած հիմա արդէն` առանց պորտֆելի: Եւ իր անձնական ողբերգութեան չափը իրաւունք չունէր նոյնացնելու այն ողբերգութեան հետ, որի մէջ յայտնուել էր ամբողջ հայութիւնը: Քաջազնունին նախ ազգի համար պատասխանատու քաղաքական գործիչ էր, յետոյ նոր` հայր: Եւ նա շարունակեց գործել ըստ այդմ:
Ակնկալիքները Ամերիկայից գրեթէ չիրականացան: Եւ Հայաստանի համար ներդրումներ գտնելու առաքելութեամբ, Քաջազնունին մեկնեց նաեւ Պոլիս: Մեծ եղեռնից մի քանի տարի էր ընդամէնը անցել, բայց հայերը քիչ-քիչ հաւաքւում էին այս եւ ծովափնեայ այլ քաղաքներում:
(Շար. 3)