– Աշխարհի Գործող Ախոյեան Գերմանիա Դուրս Մնաց Մրցաշարքէն
– Պրազիլ – Մեքսիքա 1-16-րդ Հանգրուանի Զօրաւոր Ճակատում
Ռուսիոյ մէջ տեղի ունեցող 2018-ի մոնտիալին 14-րդ օրը` չորեքշաբթի, 27 յունիսը բաւական չարաբաստիկ օր մը եղաւ աշխարհի գործող ախոյեան Գերմանիոյ համար, որ 2-0 արդիւնքով պարտութիւն մը կրելէ ետք Հարաւային Քորէայէն, հրաժեշտ տուաւ 2018-ի մոնտիալին` գրաւելով 4-րդ եւ վերջին դիրքը:
Այսպիսով, մոնտիալի իր պատմութեան մէջ, Գերմանիա առաջին անգամ ըլլալով երէկ չկրցաւ յաղթահարել խմբային հանգրուանի արգելքը` բերդին մէջ 94-րդ եւ 97-րդ վայրկեաններուն կոլեր ստանալով:
1954 թուականէն ի վեր Գերմանիա միշտ ալ կը յաջողէր անցնիլ փլէյ-օֆի հանգրուան:
Այսպիսով, գերմանացիները շարունակեցին Եւրոպայի աշխարհի ախոյեաններուն բացասական շարքը, որ սկսած էր 2002-ին, երբ այդ ժամանակ գործող ախոյեանը` Ֆրանսա, դուրս մնացած էր մրցաշարքէն: Ահա, 2010-ին դուրս մնաց 2006-ի ախոյեան Իտալիա, իսկ 2014-ին` 2010-ի ախոյեան Սպանիա:
Այդ ժամանակաշրջանին խմբային փուլը յաղթահարեց միայն 2002-ին աշխարհի ախոյեան հանդիսացած Պրազիլ, որ 2006-ի մոնտիալի քառորդ աւարտականին զիջեցաւ Ֆրանսային:
Շուէտ 3-0 արդիւնքով յաղթելով Մեքսիքային, գրաւեց Զ. խմբակին առաջին դիրքը եւ վերջինիս հետ միասին անցաւ 1-16-րդ հանգրուան:
Նշենք, որ այս մրցումին աշխարհի ախոյեանութիւններու պատմութեան մէջ ամէնէն արագ դեղին քարտը տրուեցաւ մեքսիքացի Խեսուս Կալարտոյին` 15-րդ երկվայրկեանին:
1-16-րդ հանգրուանին Շուէտի մրցակիցը պիտի ըլլայ Զուիցերիա, մինչ Մեքսիքայի մրցակիցը` Պրազիլ:
Պրազիլ երէկ գրաւեց Ե. խմբակին առաջին դիրքը` 2-0 արդիւնքով յաղթելէ ետք Սերպիոյ, որ Քոսթա Ռիքայի հետ դուրս մնաց:
44 հազար հանդիսատեսներու ներկայութեան, Փաուլինիօ (36-րդ) եւ Թիակօ Սիլվա (68-րդ) նշանակեցին Պրազիլի կոլերը:
Ստորեւ` Ե. եւ Զ. խմբակներուն վերջնական դասաւորումը.
Ե. ԽՄԲԱԿ | Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ |
1.- Պրազիլ | 2 | 1 | 0 | 5 | 1 | 7 |
2.- Զուիցերիա | 1 | 2 | 0 | 5 | 4 | 5 |
3.- Սերպիա | 1 | 0 | 2 | 2 | 4 | 3 |
4.- Քոսթա Ռիքա | 0 | 1 | 2 | 2 | 5 | 1 |
Զ. ԽՄԲԱԿ | ||||||
1.- Շուէտ | 2 | 0 | 1 | 5 | 2 | 6 |
2.- Մեքսիքա | 2 | 0 | 1 | 3 | 4 | 6 |
3.- Հարաւային Քորէա | 1 | 0 | 2 | 3 | 3 | 3 |
4.- Գերմանիա | 1 | 0 | 2 | 2 | 4 | 3 |
Ստորեւ` այսօրուան մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
Ը. ԽՄԲԱԿ | ԺԱՄ |
Ճափոն – Լեհաստան | 17:00 |
Սենեկալ – Քոլոմպիա | 17:00 |
Է. ԽՄԲԱԿ | |
Անգլիա – Պելճիքա | 21:00 |
Փանամա – Թունուզ | 21:00 |