Օրին հաղորդած էինք «Մէկ անգամ Հայաստանում» խորագիրով մրցումին մասին: Լրագրողական-ստեղծագործական յատկանշական առանցքներ նկատելով, ստորեւ կու տանք մրցանակակիր Նանէ Հայրապետեանի գրութիւնը:
ՆԱՆԷ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Ես էի, աքլորով կինն էր, քոյրս էր, ֆրանսացի ամուսիններն էին, մաման էր, հողագործ պապին էր, ցեխաշոքոլաթախառը դէմքով էրեխեքն էին, գնում էինք Տաթեւ: Ես, ոնց միշտ, ճմռթած դնչով նւնւում եմ, արձակուրդն` էլի Տաթեւում, ինչը նշանակում էր, որ դպրոցում ամառային արձակուրդի վերաբերեալ շարադրութեան բովանդակութիւնը չի փոխուելու: Քոյրս` Լուսինէն, ժպիտը մինչեւ հոգու խորքը դաջել էր: Դէ ֆրանսացիներ կային, կ՛որդեգրէին, կը գնար Ֆրանսա, երազանքն էլ կ՛իրականանար: Շէկ էրեխեքը (սիւնեցիները շէկ են)` սպասումով, որ էլի շոքոլաթ են ուտելու ու ցեխով թաթախուեն: Կինն էլ դժգոհ էր, հաւանաբար աքլորը չէր վաճառուել: Հողագործ պապին էլ բերքի դարդերով էր տառապում ու մտքով բաղերում թափ տուած թթով հոնի օղին էր թորում: Դէ, մեր կողմերում մէկ-մէկ պատահում է այդպէս: Ֆրանսացիների համար էլ մի խինդ, մի ուրախութիւն, խառը աւտոբուս, ուր ով ասես` կար: Չէ՛, ի՞նչ աւտոբուս, յետ խորհրդային կազելանման ինչ-որ երեւոյթ, երեւի` «ռաֆ», որ եթէ լինէր հիմա, հազիւ մի ոտքս կը տեղաւորուէր: Ու չեմ հասկանում` մարդիկ ո՞նց էին երթեւեկում: Պայմանական աւտոբուսի գլխաւոր «համեմունքը» շնորհանդէսից թարմ-թարմ դուրս էկած «համով-հոտով ռաբիս 2004» ձայներիզն էր: Ականջակալի գիւտն էլ մեզ դեռ չէր հասել, որ հասնէր` ի՞նչ պիտի անէինք:
Ես մօտալուտ ապագան էի գուշակում մտքումս: Դարպասների մօտ կը դիմաւորի ժպտերես մի աղջիկ, որն ամէն տարի նոյն թոնով ու տարբեր լեզուներով պատմում էր Տաթեւի վանքի մասին: Առաջին նախադասութիւնն անփոփոխ էր. «Տաթեւի վանքի առաջին եկեղեցին կառուցուել է 4-րդ դարում…», որից յետոյ ֆրանսացիները կ՛ասէին. «WOW, really fantastic»: Մինչեւ ես դպրոցական շարադրութիւնս եմ մտքումս գրում կամ պատկերացնում, փոշուց մառախուղ կապած ճանապարհով հասանք Տաթեւ:
Ամէն ինչ կը լինէր այնպէս, ինչպէս մտածել էի, եթէ ֆրանսացի ամուսինները շոքոլաթ չհիւրասիրէին: Ես էի, ցեխաշոքոլաթախառը դէմքով էրեխեքն էին, նրանց ընկերներն էին, քոյրս էր, հողագործ պապին էր, մաման էր, աքլորով կինն էր: Ռուսերէն, անգլերէն, մի քիչ ֆրանսերէն ու գորիսերէն: Խօսեցինք, բացատրեցինք ու ամուսինների հետ գնացինք տեսնելու իրական Տաթեւը` ձորը, անապատը, Սատանի կամուրջը, Հալիձորի անտառը: Բայց դրանից առաջ նրանց մի բաժակ տնական թթի օղի էր պէտք. հողագործ պապիի թորած թթի օղին ու աքլորով կնոջ պատրաստած բրդուճը:
Մի անգամ` Տաթեւում, էրեխեքի հետ, Էրեխեքի խելքին ու էրեխեքի ոգեւորութեամբ: Ուղղութիւնը` վերեւից ներքեւ, կամ տիհիրից տուվեր (Գորիսի բարբառով, որն արդէն ասում էին ֆրանսացիները) փոշոտ ճանապարհով, Սատանի կամրջով, Հալիձորի անտառ: Վերջնակէտ չկար, օրն ինչքան հերիքէր: Օրը հերիքեց մինչեւ Շինուհայր` «քշքռի միջեր», որտեղից երեւում են Խոտ ու Շինուհայր հին գիւղերը, ոլորապտոյտ ճանապարհները, Բարձրաւանը, բաղերը, անսկեսուր թաղամասը ու Էյֆելեան աշտարակից աւելի սիրուն ձորը:
Մինչեւ հոգու խորքը դաջած Լուսինէի ժպիտն արդէն ֆրանսացի ամուսիններին էր: Իսկ նրանց բոլոր շոքոլաթները` մերը, յոգնածութիւնը` բոլորինս, իսկ պայմանը մէկը` յաջորդ տարի կրկին Հայաստան, ուղղութիւնը` Սիւնիք: Ստոյգ տեղը` նայած ինչքան շոքոլաթ: