Շաբաթ, 10 փետրուարին ազդանշանը տրուեցաւ 23-րդ ձմեռնային ողիմպիական խաղերուն` հարաւային քորէական Փիոնկ Շանկ քաղաքին մէջ:
Այս տարի 15 մարզաձեւերուն մէջ իրենց մասնակցութիւնը կը բերեն 92 երկիրներէ 2925 երկսեռ մարզիկներ, ինչ որ կը նկատուի մրցանիշ մը` ձմեռնային այս խաղերուն մէջ:
Առաջին ոսկի մետալին տիրացաւ Շարլոթ Քալա (Շուէտ), որ դահուկարշաւի աղջկանց 7,5 քմ + 7,5 քմ սքիաթլոնին արձանագրեց 40″ 44′ 9 արդիւնք մը:
Ողիմպիական խաղերու 11-ակի մետալակիր, նորվեկիացի Մարիթ Պիորկեն բաւարարուեցաւ արծաթ մետալով:
Վերադառնալով բացման հանդիսութեան, Հայաստանի դրօշակակիրն էր դահուկորդ Միքայէլ Միքայէլեան: Հանդիսութեան մասնակցեցան նաեւ պատուիրակութեան նախագահ Գագիկ Բոլշիկեան, մարզիկներ Քաթիա Գալստեան, Աշոտ Կարապետեան, մարզիչներ Արթուր Միքայէլեան, Սէյրան Յարութիւնեան եւ Հայաստանի դահուկարշաւի ֆետերասիոնի ընդհանուր քարտուղար Գագիկ Սարգսեան:
Ինչ կը վերաբերի Լիբանանի, անոր մարզիկներն են Նաթաշա Մըխպաթ, Ալեն Պըհլոք եւ Սամեր Թոք:
Այս խաղերուն երկրորդ օրը, աղջկանց մենասահքի մրցումներուն նոր մրցանիշ մը հաստատեց ռուս Եւգենիա Մետվետեւա (Բաբասեան): 18 տարեկան մարզիկը, որ ապահովեց 81,06 կէտ, հայկական արմատներ ունի եւ անոր հայրը հայ է:
Այս ողիմպիական խաղերուն 45 տարեկան ճափոնցի Նորիաքի Քասայի մրցումները չսկսած արդէն իսկ մրցանիշ հաստատեց, որովհետեւ ան պիտի դառնայ առաջին մարզիկը, որ պիտի մասնակցի 8 տարբեր մարզաձեւերու մրցումներու:
Խաղերուն երկրորդ օրուան արդիւնքներէն ետք, մետալներու ընդհանուր դասաւորման առաջին դիրքին վրայ կը գտնուի Գերմանիա:
Ստորեւ` դասաւորման պատկերը.
| ՈՍԿԻ | ԱՐԾԱԹ | ՊՐՈՆԶ | ԳՈՒՄԱՐ | |
| 1.- Գերմանիա | 3 | 0 | 1 | 4 |
| 2.- Հոլանտա | 2 | 2 | 1 | 5 |
| 3.- Նորվեկիա | 1 | 4 | 3 | 8 |
| 4.- Միացեալ Նահանգներ | 1 | 1 | 0 | 2 |
| 5.- Աւստրիա | 1 | 0 | 0 | 1 |
| 5.- Ֆրանսա | 1 | 0 | 0 | 1 |
| 5.- Քորէա | 1 | 0 | 0 | 1 |
| 5.- Շուէտ | 1 | 0 | 0 | 1 |
| 9.- Քանատա | 0 | 3 | 1 | 4 |
| 10.- Չեխիա | 0 | 1 | 1 | 2 |
| 11.- Ֆինլանտա | 0 | 0 | 1 | 1 |
| 11.- Իտալիա | 0 | 0 | 1 | 1 |
| 11.- Ղազախստան | 0 | 0 | 1 | 1 |



