Խորհրդարանական «Ելք» դաշինքը վերջերս առաջարկեց փոփոխել մայրաքաղաքի մի շարք փողոցների անուանումները: Խնդիրը մասնաւորապէս վերաբերում էր որոշ պոլշեւիկ գործիչների անուններին: Այս նախաձեռնութիւնը լրատուամիջոցներով ու ընկերային ցանցերով լայն քննարկումների առիթ դարձաւ, կարծես իրապէս էլ պատճառը հասունացած էր եւ խօսակցութեան ծաւալման համար միայն առիթ էր հարկաւոր: Ի հարկէ եթէ ոչ երէկ ու այսօր, ապա մի օր անխուսափելիօրէն այդ քննարկումները սկսուելու էին` խնդրի մակերեսային ընկալումներից յանգելով աւելի խորքային ու արմատական ընդհանրացումների:
Գաղտնիք չէ, որ բնակավայրերի (ինչպէս եւ` պետական ու ոչ պետական հաստատութիւնների, հիմնադրամների, մրցանակների, կրթաթոշակների եւ այլնի) անուանակոչութիւնը նախ քաղաքական, ապա պատմական ու քարոզչական նշանակութիւն ունի եւ տուեալ պահին արտայայտում է երկրի ու պետութեան բնոյթը, ժամանակի մթնոլորտը, գաղափարական ու քաղաքական մտայնութիւնները եւ այլն: Բաւական է յիշել Խորհրդային Միութեան օրինակը, եւ թէ ինչպէ՛ս ժամանակ առ ժամանակ փոխւում էին անուանումները, պատուանդաններից ցած էին գլորւում արձանները, դասագրքերից հանւում էին անունները: Ինչպէս զանգուածօրէն կպցուելով ամէն ինչին, քաղաքական հերթական վերանայումներից յետոյ դրանք նոյն արագութեամբ ջնջւում ու փոփոխւում էին: Բայց երկիրը եւ պետութիւնը սեւագրութեան թուղթ չեն, եւ ոչ էլ կարող են մշտապէս փորձարկումների (կամ փորձութիւնների) ենթարկուել: Անուանակոչութիւններ պէտք է վաւերագրեն եւ անմահացնեն յիշատակը ազգային դէմքերի, որոնք իրենցով կը խորհրդանշեն արժէք եւ արժեհամակարգ, սերունդներ կը կրթեն ու կը դաստիարակեն, կ՛արտայայտեն տուեալ ժողովրդի պատկառանքն ու հաւատարմութիւնը մեծերի եւ սեփական պատմութեան հանդէպ: Սերունդների կեանքում իրենց անմահութիւնը ապահոված անունների այս փաղանգը կարող է հարստացուել, բայց ոչ` փոփոխուել: Ակնյայտ է, նաեւ որ այս երեւոյթի մէջ արտացոլուել եւ արտացոլւում է` երկրի ճակատագրի լիարժէք տնօրինումը իր տիրողջ եւ ոչ օտարների կողմից:
Վերանուանումների գործընթացը բնականօրէն յանգեցնում է հերոսների, նրանց խորհրդանշած արժէքների ու մեծ հաշուով պատմական իրողութիւնների վերանայմանն ու վերարժեւորմանը:
Պատահական չէ, որ սկիզբ առած քննարկումները յանգում են մասնաւորապէս հետեւեալ հարցին. «Իսկ ի՞նչ է արել այս կամ այն գործիչը հայ ժողովրդի համար»:
Քննարկումները ի յայտ են բերում դէպքերի ու դէմքերի հետ կապուած ոչ միանշանակ գնահատականներ, ինչպէս, օրինակ, Խանջեանի ու Մեասնիկեանի դէպքում մէկ տրամադրութիւն է հանրութեան մօտ եւ մէկ այլ, երբ խօսքը վերաբերում է նոյն համակարգն ու կուսակցութիւնը ներկայացնող այլ անունների: Մարդկանց, ովքեր մատը մատին չեն խփել սեփական հայրենիքի համար, իսկ այլ դէպքերում էլ, յանուն օտարածին յեղափոխութեան նպատակների, պատրաստ են եղել ոտնակոխելու ազգային շահը, պապերի երկիրը վերածելու օտար նուաճողների եւ նրանց քաղաքական-գաղափարական ծրագրերի իրագործման արիւնոտ փորձադաշտի:
Անկախացման նոր հնարաւորութիւնը ապահովեց Հայաստանի ֆիզիքական ինքնուրոյնութիւնը, բայց ինքնաբերաբար չյանգեցրեց պատմաքաղաքական ու գաղափարական մտաշրջութեան: Պայմանաւորուած հիմնականում պահի քաղաքական առաջնորդող ուժերի յաւուր պատշաճի շահերով շատ դէպքերում շարունակեցին տիրապետել գաղութացնող երկրի պարտադրած մտակաղապարները: ԽՍՀՄ պատմութեան դասախօսները դարձան հայ ժողովրդի պատմութեան մեկնաբաններ, աթէիզմի «մասնագէտները» լծուեցին կրօնի եւ կրօնի պատմութեան դասաւանդման գործին, իսկ Համայնավար կուսակցութեան պատմութեան մասնագէտները վերածուեցին քաղաքագէտների: Հետեւանքն այն է, որ նորագոյն պատմութեան շրջադարձային ժամանակահատուածը, հասարակական, մշակութային արժէքները եւ այդ ամէնը մարմնաւորող դէմքերն ու հաւաքականութիւնները դեռեւս չեն ստացել իրենց իրական գնահատականը եւ վերարժեւորուած չեն հասարակական գիտակցութեան մէջ:
Հետեւաբար եւ պէտք չէ զարմանալ, որ 100-ամեակի շեմին հաւաքականօրէն գիտակցուած չէ հայոց անկախ պետականութեան վերականգնման պատմաքաղաքական բովանդակութիւնը, որպէս դասագրքային ճշմարտութիւններ` չեն արձանագրուել բախտորոշ իրադարձութիւնների պատճառահետեւանքային կապերը` ժողովրդի հետագայ ճակատագրի հարցում այս կամ այն իրադարձութեան ունեցած իրական ներգործութիւնը եւ այլն:
100-ամեակը, սակայն, հէնց այն պատեհ առիթն է, երբ կարելի է ճշմարտութեան լուսարձակը նետել պատմական ուղու վրայ եւ առանց ամբոխավարական յոյզերի ու կողմնակի ազդակների ազդեցութեան` ազգային ակնոցով կատարել լուսաբանումներ եւ վերարժեւորումներ:
Հիմա նպաստաւոր ժամանակ է դրա համար: Կարելի է չերկնչել, թէ ինչ-որ մէկը կամ ոմանք յանկարծ կը շահեն դրանից: Սեփական պատմութիւնը եւ նրա լաւ կամ վատ դերակատարները ողջ ազգի ժառանգութիւնն են, ինչպէս որ ընդհանուր ժառանգութիւն են մեր նուաճումներն ու կորուստները` ողջ մեր անցեալի բեռը: Եթէ ինչ-որ մէկը ինչ-որ բան վատ ժամանակներից փրկելու համար պահել է իր ծոցում, ո՛չ խանդենք, ո՛չ նախանձենք, վերցնենք այն նրանից ու բաժանենք բոլորիս: Պահպանողը չի կողոպտուի, բայց ազգը կը հարստանայ:
Մեր դարաւոր մաքառումների կարեւորագոյն հանգրուանի` հայոց պետականութեան վերածնութեան 100-ամեակի լրումը լաւ առիթ է մեր պատմութիւնը կամ, աւելի ճիշդ, պատմութեան արժեւորումը հայեացնելու: Մեն ինքներս պիտի կտրուենք անցեալի մտային ու ֆիզիքական ախտերից եւ ոսկեջրուենք մեր ազգային ինքնութեան աւազանում: Դրանից յետոյ հեշտ կը լինի մէկ անգամ եւ վերջնականօրէն գրելու պատմութիւնը, գնահատելու իրական հերոսներին, կատարելու անուանակոչումներ` ըստ անմահների դասի:
Մենք մեր ինքնութեան անձնագրով հեշտօրէն կը պաշտպանուենք աւելի ու աւելի համաշխարհայնացող աշխարհի հիւսիսներից ու հարաւներից, արեւելքներից ու արեւմուտքներից փչող քամիներից եւ այլեւս երբեք սերունդները չեն հանդուրժի, որ դահիճներն ու նրանց մանկլաւիկները նշանակուեն փրկիչներ եւ սողոսկեն գրքեր, գրաւեն հրապարակներ ու փողոցներ: