Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ազրպէյճանը Միջազգային Թմրասարդոստայնում Կամ` Ձուկը Գլխից Է Հոտում

Օգոստոս 28, 2017
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՃԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան

Դա իրականում այդպէս է եւ ամենեւին էլ հայկական լրատուամիջոցի ապատեղեկատուութիւն չէ: Այդ մասին քանիցս բարձրաձայնել են ինչպէս միջազգային կառոյցները, նոյնպէս եւ ազրպէյճանական լրատուամիջոցները: Բնականաբար հիմնականում Պաքուի ընդդիմադիր պարբերականները`  ահազանգելով երեւոյթի ահագնութեան մասին, թէ՛ միջազգային եւ թէ՛, մանաւանդ, ներհանրապետական չափումներով: Անգամ Ազրպէյճանի իշխանամէտ լրատուամիջոցները, կամայ թէ ակամայ, ստիպուած են ստեպ-ստեպ անդրադառնալ լայն հանրութեանը մտահոգող այդ խնդրին` յղում կատարելով համապատասխան պաշտօնական մարմիններին: Օրինակ, ինչպէս հաղորդել է Պաքուի «Թրենտ» լրատուական կայքը, Ազրպէյճանի փոխվարչապետ, թմրամոլութեան եւ թմրանիւթերի ապօրինի շրջանառութեան դէմ պայքարի պետական յանձնաժողովի նախագահ Ալի Հասանովի խօսքով, որ նա ասել է լրագրողների հետ հանդիպմանը. «Թմրապիզնեսը գրաւում է պաշտօնատար անձանց, այդ իսկ պատճառով նման խնդիրները պէտք է ընդհանուր առմամբ գնահատել որպէս թմրակաշառասունութիւն: Երկրում հարկ է լրջօրէն ուժեղացնել պայքարն ինչպէս թմրամոլութեան, նոյնպէս եւ կաշառասունութեան դէմ»: Թէ որոշակիօրէն ովքե՞ր են այդ թմրամոլ կամ թմրապիզնեսով զբաղուող ազրպէյճանցի պաշտօնեաները, ի հարկէ, Հասանովը խոհեմաբար լռել է` խուսափելով հատել, այսպէս ասած, կարմիր գիծը:  Կարծում եմ` միանգամայն ճիշդ էլ վարուել է` զգուշանալով աւելորդ գլխացաւանքից, եթէ ոչ` ուսերին թառած գլխից զրկուելու վտանգից: Քանզի եթէ հատէր, ապա, թերեւս, սկզբնապէս պէտք էր մատնացոյց անէր պետութեան առաջին դէմքին` նախագահ Իլհամ Ալիեւին, ում նախասիրութիւնը` ամէնօրեայ նիրվանայ ապրել թմրանիւթերի օգտագործմամբ,  յայտնի է Ազրպէյճանում ամէնուրեք ու, բնականաբար, նաեւ հէնց իրեն` փոխվարչապետին: Ի դէպ, այդ մասին վերջերս մամուլում հրապարակուել է Ճալալ Ալիեւի` Ազրպէյճանի նախագահի ակադեմիկոս հօրեղբօր յետմահու նամակը, որի մէջ ի շարս իր Իլհամ զարմիկի այլ թուլութիւնների, նա հաստատում է նաեւ առանձնապէս հերոյին թմրանիւթի նկատմամբ նրա ընդգծուած հակումը:  Այնպէս որ, հազիւ թէ Ալի Հասանովը, ինչպէս ասում են, գլխից ձեռ քաշած լինէր ու դիմէր նման անձնազոհ բացայայտման: Ուստի եւ նա ճիշդ պահին խելամտօրէն կծել է լեզուն` քաջ գիտակցելով, որ աւելի լաւ է վնասի կամ անգամ կորցնի լեզուն, քան գլուխը: Ի հարկէ նա ստիպուած էր խոստովանել լրագրողներին, որ Ազրպէյճանն օգտագործւում է որպէս թմրանիւթերի փոխադրման տարանցիկ երկիր:

Ընդ որում, ասել է Հասանովը, Ազրպէյճանի տարածքով դէպի Եւրոպա եւ Ռուսաստան դրանց փոխադրումն իրականացւում է 4 հիմնական երթուղիներով: Նրա թուարկմամբ` առաջինն  Աֆղանստան-Փաքիստան-Իրան-Ազրպէյճան երթուղին է, երկրորդը` Աֆղանստան-Իրան-Ազրպէյճանը, երրորդը` Աֆղանստան-Միջին Ասիա-Իրան-Ազրպէյճանը: Բայց ահա չորրորդը, դժգոհութեամբ ասել է նա նկատի առնելով թուացեալ Աֆղանստան-Իրան-Լեռնային Ղարաբաղ երթուղին, չգիտես ինչու միջազգայնօրէն չի ճանաչւում, քանզի ՄԱԿ-ն իր ամէնամեայ զեկուցագրերում (նկատի ունի ՄԱԿ-ի  Թմրանիւթերի դէմ պայքարի վարչութեան ամէնամեայ հաշուետուութիւնները),  յամառօրէն բացառում է թմրանիւթերի առաքման այդ ուղղութիւնը` շեշտելով միայն վերոյիշեալ երեք երթուղին: Այլ կերպ ասած`  իր զեկուցագրերում հաստատելով, որ առաջին երեք երթուղին էլ անցնում է Ազրպէյճանի տարածքով,  ՄԱԿ-ը փաստօրէն բացառում է այդ թմրասարդոստայնում Արցախի գործօնի առկայութիւնը: Իսկ դա նշանակում է, որ լիովին ձախողւում են պաշտօնական Պաքուի անդադար փորձերը` ուղղուած ՄԱԿ-ի զեկուցագրում Լեռնային Ղարաբաղի ներառմանը: «Մենք բարձրացրել ենք այդ հարցը, որպէսզի չորրորդ երթուղին նոյնպէս նշուի ՄԱԿ-ի զեկուցագրում: Սակայն նրանք այն չեն մտցրել զեկուցագրի մէջ», խոստովանել է ազրպէյճանցի բարձրաստիճան պաշտօնեան: Ընդհանուր առմամբ,  ստիպուած էր խոր ափսոսանքով նշել Հասանովը, չնայած Ազրպէյճանի փորձերին` ՄԱԿ-ի զեկուցագրի մէջ մտցնել նաեւ այն պնդումը, թէ Լեռնային Ղարաբաղում աճեցւում են  թմրանիւթեր պարունակող բոյսեր, եւ այդ տարածքն  օգտագործւում է որպէս տարանցիկ ուղի, ոչ մի հետաքրքրութիւն չի յարուցել:

Մինչդեռ ահա Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարարութեան «Թմրանիւթերի նկատմամբ վերահսկողութեան միջազգային ռազմավարութիւն» ամէնամեայ զեկուցագրում նշւում է, որ Ազրպէյճանը կարեւոր երկիր է հերոյին եւ այլ թմրանիւթերի տարանցիկ փոխադրման համար: «Ամէն տարի Ազրպէյճանի միջոցով տարանցիկ փոխադրւում է մինչեւ 11 մեթրական թոն հերոյին: Մեծ մասը ներկրւում է Իրանի հետ հարաւային սահմանի կողմից», արձանագրուած է փաստաթղթում: Ինչ խօսք, հերոյինի այդ վիթխարի քանակութիւնից  ով-ով, բայց անպայման իր չափաբաժինն ունի նաեւ նախագահ Իլհամ Ալիեւը` վայելելով այն, այսպէս ասած, «արքայական մենութեան մէջ» եւ կամ ընկերակից բարձրաստիճան պաշտօնեաների հետ միասին: Ասում են` նաեւ նման «եդեմական» պահերն են արձանագրել այն գաղտնի տեսախցիկները, որոնք նախագահական բնակելի ապարանքի սենեակներում ամէնուրեք ժամանակին տեղադրել էր այդ պոհեմական հաւաքների մշտական մասնակից, իսկ վերջերս անսպասելի պաշտօնանկ արուած եւ տնային կալանքի մէջ պահուող Էլտար Մահմուտովը` Ազրպէյճանի արդէն լուծարուած ազգային անվտանգութեան նախարարութեան վերջին ղեկավարը` սպառնալով հրապարակել դրանք իրեն ճաղերի ետեւ նետելու առաջին իսկ փորձի դէպքում:

Միեւնոյն ժամանակ, Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարարութեան զեկուցագրում  ընդգծւում է, որ Հայաստանը գրաւիչ չէ թմրանիւթերի փոխադրման համար, քանզի երկրի իշխանութիւնները հետզհետէ աւելի են ուժեղացնում սահմանների  վերահսկողութիւնը: Ուստի եւ այդ երթուղիները շրջանցում են թէ՛ Հայաստանը եւ թէ՛ Լեռնային Ղարաբաղը: Իսկ իշխանութիւնները յաջողութեամբ պայքարում են այդ համամարդկային չարիքի դէմ, պարբերաբար միջոցառումներ անցկացնում վայրի կակաչն ու կանեփն արմատախիլ անելու ուղղութեամբ: Այդ իսկ պատճառով Հայաստանի եւ Արցախի տարածքները երկրորդական նշանակութիւն ունեն թմրանիւթերի տարանցիկ փոխադրման խնդրում: Միեւնոյն ժամանակ  բնակչութեան վարքագծի պատճառով թմրանիւթերի ներքին օգտագործման չափերը ծայր աստիճան  համեստ են: Հարկ է նշել նաեւ, որ ՄԱԿ-ի զեկուցագրում եւ նրա կից յաւելուած-քարտէզներում Հայաստանը չի մատնանշւում որպէս  թմրանիւթերի տարանցիկ փոխադրմանը խառնուած երկիր: Ընդհակառակը, դրանցում նշուած են Իրանից Ազրպէյճան առաքումների երթուղիները, Իրանից Նախիջեւան, Թուրքիա եւ այլն: ՄԱԿ-ի քարտէզներն իրենց հերթին ցոյց են տալիս, որ թմրանիւթերի փոխադրման ուղիները շրջանցում են Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը: ՄԱԿ-ի զեկուցագրում Հայաստանը յիշատակւում է այն երկրների թւում, որոնք պայքար  են մղում աֆիոնի կակաչի դէմ:

Ինչ վերաբերում է յատկապէս  Արցախի Հանրապետութեանը, ապա այն սահմանակից է երեք երկրի` Հայաստանի, Իրանի եւ Ազրպէյճանի հետ, որոնցից վերջին երկուսի հետ չունի եւ ոչ մի սահմանային անցակէտ, ինչպէս նաեւ չի օգտւում օդուղիներից: Այնպէս որ, Հասանովի քանիցս կատարած պնդումները, թէ իբր թմրանիւթերը հասնում են Լեռնային Ղարաբաղ, որտեղից եւ փոխադրւում Ռուսաստան ու Եւրոպա (ընդ որում` թէ ինչպէ՛ս, նա ի հարկէ չի բացատրում) ոչ այլ ինչ են, եթէ ոչ` բացարձակ անհեթեթութիւն: Այնպէս որ, ակնյայտ է ազրպէյճանցի պաշտօնեայի ոչ միայն բացայայտ, կեղծ ու պատիր ստախօսութիւնը, այլեւ` տրամաբանութեան ի սպառ բացակայութիւնը նրա պնդումներում:

Պաքուն, ի հարկէ, շարունակում է Արցախը ներկայացնել որպէս այդ առումով «վտանգաւոր ու չվերահսկուող գօտի»: Թէկուզ ո՞ւմ չէ յայտնի, որ պարբերաբար Արցախ են այցելում ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահ դեսպանները, նրանցից առաւել յաճախակի` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի խմբի անդամները` դիտարկումներ անցկացնելով հակադիր զօրքերի շփման գծի տարբեր հատուածներում: Բացի այդ, համապետական ընտրութիւնների օրերին Արցախ են գալիս դիտորդներ աշխարհի տարբեր երկրներից: Անկախ այդ քաղաքական գործընթացներից` տարուայ տարբեր ամիսների ժամանում են այլ երկրների քաղաքական գործիչներ եւ խորհրդարանականներ, համաշխարհային ճանաչման տէր մշակոյթի եւ արուեստի գործիչներ, ի դէպ, իրենց այցելութիւններով անիմաստ ջղագրգռութիւն պատճառելով Պաքուի իշխանութիւններին: Իսկ պարզապէս զբօսաշրջիկների թիւը տասնեակ հազարներով է հաշւուում: Ի լրումն նշեմ նաեւ, որ երկու անգամ` 2005թ. փետրուարին եւ 2010թ. հոկտեմբերին, Արցախ է այցելել ԵԱՀԿ Դաշտային գնահատման առաքելութիւնը: Ընդ որում` 2010-ին ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ միասին ժամանել էին նաեւ ՄԱԿ-ի Փախստականների գործերով գլխաւոր կոմիսարութեան փորձագէտները: Ու չնայած Պաքուի ջանքերին` ԵԱՀԿ Դաշտային գնահատման առաքելութեան եզրափակիչ աքթում  խօսք անգամ չի արձանագրուել Լեռնային Ղարաբաղի տարածքով թմրանիւթերի տարանցիկ փոխադրման մասին:

Կարծում եմ, այդ իմաստով յատկանշական է 2012-2014թթ. Ազրպէյճանում Միացեալ Նահանգների արտակարգ եւ լիազօր դեսպան աշխատած Ռիչըրտ Մոռնինկսթարի յայտնի կեցուածքը: Պաքուի լրատուամիջոցները փորձում էին ամերիկացի դեսպանին ներգրաւել հակաարցախեան քարոզարշաւի մէջ` խնդրելով մեկնաբանել Ազրպէյճանի Ազգային անվտանգութեան նախարարութեան պնդումն առ այն, թէ իբր Լեռնային Ղարաբաղում թմրաբոյսեր են աճեցնում: Սակայն այդ անգամ եւս ձախողուեցին: Բանն այն է, որ ի պատասխան հարցի` դեսպանն ասել է. «Ես չգիտեմ, թէ ինչքանո՛վ է այդ տեղեկութիւնը համապատասխանում իրականութեանը: Բայց կարող եմ յստակ ասել, որ մենք դէմ ենք թմրանիւթերի աճեցմանը եւ փոխադրմանը: Ուզում եմ ընդգծել, որ մենք չգիտենք, թէ այդ պնդումներն ի՛նչ չափով են համապատասխանում իրականութեանը»: Նշեմ նաեւ, որ դեսպան Մոռնինկսթարը, ինչպէս որ իր նախորդը` Մեթիու Պրայզան էր,  երկար չմնաց այդ պաշտօնում` սահմանուած երեքի փոխարէն Ազրպէյճանում աշխատելով ընդամէնը երկու տարի: Պարզւում է, որ ամերիկացի դեսպանը քանիցս առիթներ է ունեցել, այսպէս ասած, «խախտելու դիւանագիտական էթիքեթը», անհամաձայնութիւն յայտնելով Իլհամ Ալիեւի քաղաքականութեանը` կապուած մարդու իրաւունքների եւ այլ ոլորտների հետ: Եւ 2014-ի օգոստոսի 1-ին նա յետ կանչուեց Ուաշինկթըն: Ինչպէս յայտնի է, դեսպան Մեթիու Պրայզան, ում թեկնածութիւնը չէր արժանացել ամերիկեան ծերակոյտի հաւանութեանը, եւ ով նշանակուել էր սոսկ նախագահ Պարաք Օպամայի անմիջական հրամանագրով, այդ պաշտօնում մնաց ընդամէնը մէկ տարի: Ռիչըրտ Մոռնինկսթարի  հրաժարականից մէկ տարի առաջ` 2013-ին Ազրպէյճանից յետ էր կանչուել նաեւ Գերմանիայի դեսպան Հերպերթ Քուելլեն` դարձեալ նոյն պատճառով:

Բայց դառնանք մեր թեմային: Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարարութեան հաշուետուութեան մէջ ասւում է, որ Ազրպէյճանում աւելանում է թմրամոլների քանակը: Ընդ որում` այդտեղ հանրօրէն առաւել տարածուած է հերոյինը, միեւնոյն ժամանակ  Ազրպէյճանում աճեցւում են նաեւ թմրանիւթ պարունակող բոյսեր: Ըստ երեւոյթին, պետութեան առաջին դէմքի եւ նրա անմիջական ենթակաների օրինակը վարակիչ է: Համաձայն Ազրպէյճանի  պաշտօնական տուեալների, անցեալ տարուայ մայիսի դրութեամբ  այդ երկրում հաշւուում էր շուրջ 300 հազար թմրամոլ, սակայն, ինչպէս նշում են փորձագէտները, իրական թուերը 10 անգամ գերազանցում են շրջանառուող ցուցանիշը: Դրանից տարիներ առաջ` 2011թ. յուլիսի 18-ին Ազրպէյճանի թմրանիւթերի դէմ քարոզչութեան գրասենեակի ղեկավար Մազահիր  Էֆենտիեւը յայտարարել էր, որ գրանցուած թմրամոլների թիւն Ազրպէյճանում տարեկան աճում է 1000-1500 մարդով: Բացի այդ, վերջին մի քանի տարում թմրամոլների միջին տարիքն Ազրպէյճանում 25-ից իջել է 20-ի: Կարելի է պատկերացնել, թէ ովքե՛ր են զօրակոչւում ազրպէյճանական բանակ եւ ինչո՛վ են նրանք զբաղուած ազրպէյճանա-արցախեան զօրքերի շփման գծում` դիրքապահութիւնից ազատ ժամերին եւ կամ հէնց դիրքապահութեան ժամերին: Պաքուի լրատուամիջոցների տուեալներով, Ազրպէյճանի «սեւ շուկայում» հերոյինը ներկայումս այնքան է շատացել, որ եթէ երկու տարի առաջ դրա 1 կրամն արժէր 40-50 մանաթ, ապա այժմ այն կարելի է ձեռք բերել 10 մանաթով: Բանն այն է, որ թմրանիւթերը ոչ միայն փոխադրւում են Ազրպէյճան, այլեւ պատրաստւում հէնց այդտեղ: Յատկանշական է, որ դեռեւս 2009թ. Թուրքիայում վնասազերծուել էր թմրանիւթերի վաճառքով զբաղուող մի յանձնախումբ, որի պարագլուխները յայտարարել են, թէ Ազրպէյճանում ունեն հերոյինի եւ այլ թմրանիւթերի արտադրութեան հսկայական տարրալուծարան: Միեւնոյն ժամանակ, 2014 թուականից Ազրպէյճանի երիտասարդութեան շրջանում սկսել է լայն տարածում ստանալ հոգեմետ նիւթեր պարունակող ծխելու «Սփայս» խառնուրդը, որը բացասական ազդեցութիւն է ունենում մարդու նեարդային-հոգեկան, հոգեբանական, ինչպէս նաեւ ֆիզիոլոկիական` բնախօսական վիճակի վրայ, ինչը յանգեցնում է ինքնասպանութեան դէպքերի աճի:

Աշխարհում թմրանիւթերի անօրինական շրջանառութեան մասին ՄԱԿ-ի զեկուցագրում ասւում է, որ Ազրպէյճանը եւ ազրպէյճանցիները կարեւոր տեղ են զբաղեցնում Աֆղանստանից Եւրոպա հերոյինի փոխադրման եւ այլ թմրամիջոցների շրջանառման գործում: Համաձայն զեկուցագրի, Աֆղանստանից Եւրոպա թմրանիւթերի փոխադրման առաջին «Հիւսիսային պալքանեան ուղին» անցնում է հէնց Ազրպէյճանով: Երկրորդ` «Հին պալքանեան ուղին» ուղղակի անցնում է Իրանից Թուրքիա, սակայն ապրանքի մեծ մասը վերափոխադրում են այնտեղ բնակուող ազրպէյճանցիները եւ քրտերը: Ազրպէյճանի տարածքով թմրանիւթերի մատակարարման երրորդ ուղին, համաձայն ՄԱԿ-ի զեկուցագրի, Թուրքմենիայի Թուրքմենպաշու անուան նաւահանգստից  ձգւում է Պաքու, որտեղից թմրանիւթերի մի մասը հեշտութեամբ առաքւում է Ռուսաստան: Այդ ուղիներով տարեկան Ազրպէյճան է հասնում 11 թոն հերոյին, որից 4 թոնը օգտագործում են Ազրպէյճանում, Վրաստանում եւ Հիւսիսային Կովկասում: Վրաստանից 6 թոնը Սեւ ծովով փոխադրւում է Պուլկարիա, իսկ մնացած 1 թոնը տեղափոխւում է Ուքրանիա:

Դէպի Ազրպէյճան եւ Ազրպէյճանից թմրանիւթերը տեղափոխւում են նաեւ օդային ճանապարհներով: Այս առումով ուշագրաւ է Քապուլ-Պաքու օդային չուերթով  թմրանիւթերի մաքսանենգ  փոխադրման մասին տեղեկատուութիւնը, որ տակաւին տաս տարի առաջ` 2007-ի փետրուարի 8-ին,  հրապարակել է «Ազատլիք» ազրպէյճանական ընդդիմադիր թերթը: Այդ  պարբերականի վարկածի անուղղակի հաստատում կարելի է դիտարկել բաց աղբիւրներում պարբերաբար ի յայտ եկող տեղեկութիւններն առ այն, որ Աֆղանստանից արտասահման թմրանիւթերի փոխադրման համար օգտագործում են ռազմա-փոխադրական չուերթեր: Այդ օդանաւերը վերալիցքաւորման համար շատ յաճախ ստիպուած են լինում վայրէջք կատարել մասնաւորապէս Խըրխըզիստանի «Մանաս» եւ Թուրքիայի «Ինճիրլիք» ռազմական խարիսխներում: Վերջին պարագան, կարծում եմ, առանձնապէս ուշագրաւ է թմրանիւթերի փոխադրման Թուրքիա-Իրան-Ազրպէյճան-Վրաստան-Եւրոպա  բացայայտուած երթուղու փաստի առնչութեամբ: Բանն այն է, որ Քապուլից այդ երթուղով բեռնափոխադրումներ շատ յաճախ, գրեթէ ամէնօրեայ պարբերականութեամբ, իրականացնում է ազրպէյճանական Silk Way Airlines քաղաքացիական օդանաւային ընկերութիւնը, որը յայտնի է որպէս աշխուժ բեռնափոխադրող Աֆղանստանում միջազգային քոալիսիոն ուժերի համար, եւ որը կասկածւում է զէնք ու զինամթերքի, վտանգաւոր բեռների ապօրինի փոխադրմանը մասնակցելու մէջ: Այդ կասկածները հաստատուեցին վերջերս` յուլիսի 2-ին, երբ  պուլկարական «Թրուտ» օրաթերթը հրապարակեց լրագրող Տիլեանա Կայթանճիեւայի յօդուածը: Իմ վերջին հրապարակումներից մէկում ես անդրադարձել եմ այդ աղմկայարոյց յօդուածին: Նշել եմ, որ այն խօսուն փաստեր եւ գաղտնազերծուած փաստաթղթերով յագեցած  հետաքրքիր լրագրողական հետաքննութիւն է, որը  բացայայտում է ազրպէյճանական պետական մարմինների  ուղղակի ներգրաւուածութիւնն «Իսլամական պետութիւն» կամ ՏԱՀԵՇ կոչեցեալ ահաբեկչական  խմբաւորման եւ աշխարհի տարբեր ծայրերում գործող նրա  խմբերի սպառազինման գործում: Յիշեցնեմ, որ յօդուածում անդրադարձ է կատարուած հիմնականում Ազրպէյճանի Silk Way Airlines պետական օդանաւային ընկերութեան կողմից դիւանագիտական բեռների քողի  տակ Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Փաքիստան,  Քոնկօ, Պուրքինա Ֆասօ, այլ երկրներ  զէնք ու զինամթերքի  անօրինական եւ լայնածաւալ արտահանմանն ու վաճառքին: Տակաւին 2010թ. իր մի յօդուածում ազրպէյճանցի հետաքննող լրագրող Խատիճա Իսմայլովան բացայայտել էր, որ նախագահ Ալիեւի դուստրը` Արզու Ալիեւան, մասնաբաժին ունի մի ընկերութիւնում,  որը կապուած է նոյն այդ  օդանաւային ընկերութեան հետ: Ըստ նրա, Silk Way Airlines օդանաւային ընկերութիւնը պատկանում է Silk Way Holding ընկերութիւնների խմբին: Այդ ընկերութեան սեփականութիւնն է նաեւ Silk Way դրամատունը, որը պատկանում է նախագահի դստեր` Արզու Ալիեւային եւ Ազրպէյճանի «AZAL» պետական օդանաւային ընկերութեան նախագահի կնոջը` Զարիֆա Համզայեւային: Միեւնոյն ժամանակ, Silk Way Airlines օդանաւային ընկերութիւնը նաեւ Silk Way դրամատան մի մասի սեփականատէրն է: Միայն Արզու Ալիեւայի մասնաբաժինն այդ դրամատան կազմում է աւելի քան 12 միլիոն տոլար: Այնպէս որ, դժուար չէ կռահել, որ Ազրպէյճանի տարածքով թմրանիւթերի, ինչպէս որ պարզւում է Տիլեանա Կայթանճիեւայի յօդուածից, նաեւ զէնք ու զինամթերքի ապօրինի տարանցիկ փոխադրումների խնդրում իր զգալի դերակատարութիւնն ունի նաեւ այդ հանրապետութեան նախագահի` Իլհամ Ալիեւի ընտանիքը: Արդեօք սովորաբար այս եւ նման պարագաներո՞ւմ չէ, որ հայկական ժողովրդական առածն ասում է` «Ձուկը գլխից է հոտում»:

Յատուկ «Ազդակ»-ի համար
Արցախ

Նախորդը

Կատակը Մէկդի. Թող Պապանձի՛ն Թրամփի Պաշտօնազրկումը Պահանջողները

Յաջորդը

«Ամերիքանա» Կ՛ընդունի Ծանուցել Հայոց Ցեղասպանութեան Մասին Վաւերագրական Ժապաւէնը

RelatedPosts

Հաղորդագրութիւն.  Մէկ Դար Եւ Սերունդներու Ազգային Դաստիարակութեան Հիմնասիւնը Հանդիսացող Կառոյցը Կը Շարունակէ Իր Առաքելութիւնը
Անդրադարձ

Արցախի Շրջափակման 100-րդ Օրուան Առիթով. Լիբանանահայ Պատանիներու Միացեալ Հաղորդագրութիւն

Մարտ 21, 2023
Համազգայինի Լիբանանի Ընտանիքը Արժանավայել Հանդիսութեամբ Նշեց Միութեան Հիմնադրութեան 95-Ամեակը
Անդրադարձ

Համազգայինի Կեդրոնական Վարչութեան Ատենապետ Զաքար Քէշիշեանի Խօսքը` Համազգայինի 95-Ամեակի Անդրանիկ Հանդիսութեան Առիթով

Մարտ 21, 2023
Համազգայինի Լիբանանի Ընտանիքը Արժանավայել Հանդիսութեամբ Նշեց Միութեան Հիմնադրութեան 95-Ամեակը
Անդրադարձ

Համազգայինի 95-Ամեակի Հանդիսութեան Օրուան Բանախօս Յակոբ Հաւաթեանի Արտասանած Խօսքը

Մարտ 21, 2023

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In