Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Խաւիարային Ախտը» ԵԽԽՎ-ում Կամ Թէ Ինչպէ՛ս Ձուկը Գլխից Է Փտում

Մայիս 9, 2017
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՄԻՔԱՅԵԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան

«Ձուկը գլխից է փտում» ժողովրդական իմաստութիւնը երեւի թէ հին է այնքան, որքան մարդկութեան ողջ պատմութիւնը եւ անխտիր  վերաբերում է բոլոր հանրութիւններին` նախնադարեան-համայնականից  մինչեւ մեր օրերը, անգամ` քաղաքակիրթ պետականութեան զարգացման ներկայիս անհամեմատ բարձր մակարդակի պայմաններում, որի չափորոշիչ է համարւում արդի արեւմտեան աշխարհը, մասնաւորապէս, եւրոպական մայր ցամաքը:

Ահաւասիկ` այդ վարակիչ հիւանդութեան վերջին ահազանգը, որ դամոկլեան սրի պէս կախուել է Եւրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գլխին` սպառնալով լայն հանրութեան աչքին իսպառ վարկաբեկել եւրոպական այդ միջազգային հեղինակաւոր կառոյցին:

Նախ յիշեցման կարգով նշեմ հետեւեալը:

Տակաւին  1946թ. սեպտեմբերի 19-ին Ցիւրիխում Ուինսթըն Չըրչիլը յայտարարել էր. «Անհրաժեշտ է միջոց, որն ինչպէս հրաշք, տարիների ընթացքում ողջ Եւրոպան կը դարձնի նոյնքան ազատ ու երջանիկ, որքան այսօրուայ Զուիցերիան է: Պէտք է կառուցենք Եւրոպայի Միացեալ Նահանգների նման մի բան»: Եւ ահա, 1949թ.  մայիս 5-ին, Լոնտոնում ստորագրուած կանոնադրութեամբ, ձեւաւորուեց Չըրչիլի երազած այդ հրաշքը` ԵԽ-ն եւ նրա խորհրդակցական մարմինը, որը,  1974թ. սկսած, վերանուանուած է Խորհրդարանական վեհաժողով: ԵԽ-ն ունի 324 ներկայացուցիչ, որոնցից իւրաքանչիւրն իր հերթին

անդամ-պետութեան խորհրդարանի պատգամաւոր է: Վեհաժողովը քննարկում է եւրոպական երկրներին մտահոգող հրատապ թեմաներ ու խնդիրներ` մարդու իրաւունքներ, ժողովրդավարութիւն, փոքրամասնութիւնների եւ իրաւական պետութեան պաշտպանութիւն: Նիստերը գումարւում են տարին չորս անգամ` Սթրազպուրկում, Եւրոպայի պալատում, մէկշաբաթեայ տեւողութեամբ: Հայաստանը ԵԽԽՎ լիիրաւ անդամ է դարձել 2001թ. յունուարի 25-ին: Զուտ քաղաքական հանգամանքների բերումով, աւելի յստակ` ընթացակարգային համահարթեցման սկզբունքով,  նոյն օրն այդ միջազգային կառոյցի անդամ է ընդունուել նաեւ Ազրպէյճանը, որը ժողովրդավարական վերափոխումների առումով զգալիօրէն զիջում էր Հայաստանին: Չնայած Հայաստանն ամիսներ առաջ էր կատարել նախապէս ներկայացուած բոլոր պահանջները, այնուամենայնիւ, նրա ընդունելութիւնը փաստօրէն յետաձգուեց: Պարզ էր` Ազրպէյճանի պատճառով:

Եւ ահա «գլխից փտելու» ձկնային այդ հիւանդութան յարուցիչը վերստին սպառնում է այդ հեղինակաւոր միջազգային հաստատութեան  բնականոն գործունէութեանը: Ասացի` վերստին, քանզի անցած գրեթէ եօթ տասնամեակում այն մէկ անգամ չէ, որ  ուրուականի պէս պտտուել է Եւրոպայի պալատի  գլխավերեւը: Վեհաժողովի հնաբնակ անդամներն այսօր էլ յստակ յիշում են երեւոյթի ցայտուն նախադէպերից մէկը, երբ Վերաքննիչ դատարանի դատավճռով 2010թ. եօթ տարուայ ազատազրկման են դատապարտուել պատգամաւորներ` զուիցերիացի Տիք Մարթինը եւ  իտալացի Մարչելօ Տել Ութրին` մաֆիոզական միաւորմանը յանցակցելու համար:

Բայց անցնենք մեր օրերին, որոնք  մեզ համար առաւելապէս ուշագրաւ են` առնչուած լինելով Ազրպէյճանի տխրահռչակ «խաւիարային քաղաքականութեան» հետ:

Եւ այսպէս, վերջերս` գարնանային նստաշրջանի հերթական` ապրիլի 25-ի լիագումար նիստում, վեհաժողովը որոշում է կայացրել հետաքննել Ազրպէյճանի հետ կապուած փտածութեան գործերը:  Բանն այն է, որ բացայայտուել են Վեհաժողովի որոշ ներկայացուցիչների` Ազրպէյճանի կառավարութիւնից կաշառք վերցնելու իրողութիւններ: Ըստ հնչած մեղադրանքների, դեռեւս  2013թ. յունուարին այդ կառոյցի որոշ նախկին ներկայացուցիչներ Ազրպէյճանի քաղաքական բանտարկեալների վերաբերեալ վերահսկողական զեկոյցը ձախողելու նպատակով կաշառք են ստացել Ազրպէյճանի կառավարութիւնից, ինչի արդիւնքում տապալուել է վեհաժողովում Գերմանիայի պատուիրակութեան ներկայացուցիչ Քրիսթոֆ Շթրասսերի ներկայացրած զեկոյցը:

Փոքր-ինչ մանրամասնեմ միջադէպը: Դեռեւս 2009-ի դեկտեմբերին վեհաժողովը յանձնարարել էր Գերմանիայի պատուիրակութեան անդամ Քրիսթոֆ Շթրասսերին` զեկոյց պատրաստել Ազրպէյճանում քաղբանտարկեալների վիճակի վերաբերեալ: Գրեթէ երեք տարի անց` 2012-ի հոկտեմբերին, Շթրասսերի ներկայացրած զեկոյցում նշւում էր, որ 2001 թուականից ի վեր այդ երկրում քաղբանտարկեալների խնդրում իրավիճակը չի փոփոխուել: Զեկոյցի ընդունումը կասեցնելու մտադրութեամբ, Վեհաժողովի մի քանի պատուիրակներ յայտարարեցին, որ այն լիազօրութիւն չունի գնահատական տալու մարդու իրաւունքների խախտումների մասով, քանզի այդ իրաւասութիւնը տրուած է Մարդու իրաւունքների եւրոպական դատարանին: Ազրպէյճանը երեք անգամ մերժել էր մուտքի վիզա տրամադրել Շթրասսերին: Այնուամենայնիւ, պատգամաւորն իր զեկոյցը 2013-ի յունուարի 23-ին ներկայացրեց վեհաժողովի քննարկմանը, որն ի վերջոյ մերժուեց:

Վեհաժողովի 60-ից աւելի պատգամաւորներ այս տարուայ յունուարին պահանջել են նշուած միջադէպի կապակցութեամբ անցկացնել անկախ հետաքննութիւն:

Մինչ այդ, մօտ օրերս Իտալիայում տեղի է ունենալու ԵԽԽՎ-ի նախկին փոխնախագահ Լուկայ Վոլոնտէի գործով դատավարութիւնը, ում դէմ 2016թ. փետրուարին քրէական գործ են յարուցել Միլանոյի ոստիկանութիւնն ու դատախազութիւնը: Վոլոնթեն, ով  Իտալիայի Քրիստոնէա-դեմոկրատական կուսակցութեան նախկին պատգամաւոր է եւ վեհաժողովում Եւրոպական ժողովրդական կուսակցութեան խմբակցութեան նախկին նախագահը, մեղադրւում է 2012-2013թթ. Ազրպէյճանից շուրջ երեք միլիոն եւրոյ կաշառք վերցնելու մէջ: Կաշառքի դիմաց պաշտօնական Պաքուն նրան օգտագործում էր Իտալիայի խորհրդարանում եւ ԵԽԽՎ-ում: Գումարը նրան է փոխանցել Վեհաժողովում Ազրպէյճանի պատուիրակութեան ղեկավար Էլխան Սուլէյմանովը, իսկ համակարգման աշխատանքներն իրականացրել է Պրիւքսելում տեղակայուած ազրպէյճանական լոպիստական կազմակերպութիւնը:

Այս առումով ուշագրաւ է նաեւ Ազրպէյճանի նախկին դեսպան, այժմ արդէն այլախոհ Արիֆ Մամետովի այն պնդումը, թէ Եւրոպայի խորհրդում նաւթով հարուստ այդ երկրի պատուիրակութիւնն ունի 30 մլն եւրոյ, որը ծախսւում է միջազգային կազմակերպութիւններում, այդ թւում նաեւ` ԵԽԽՎ-ում լոպինկի համար:

Խորհրդարանական վեհաժողովում վերջերս հնչած աղմկայարոյց յայտարարութիւններն առաւելապէս առնչւում են այդ կառոյցի ղեկավար Փետրօ Արկամունթի  անուանը:

Դարձեալ յիշեցման կարգով նշեմ, որ սպանացի Փետրօ Ակրամունթը  եւրոպական քաղաքական գործիչ է Վալենսիայից: Սպանիայի ժողովրդական կուսակցութեան անդամ է: Եղել է այդ երկրի ծերակոյտի անդամ: ԵԽԽՎ նախագահ է ընտրուել անցեալ տարուայ յունուարին` առաջադրուելով իր իսկ գլխաւորած Եւրոպական ժողովրդական կուսակցութեան մասնաբաժնով:  Եւրոհամարկման կողմնակից է, սատարում է Ուքրանիային եւ Ազրպէյճանին: Յաճախակի հանդէս է գալիս հակառուսական եւ հակահայկական յայտարարութիւններով, առաջինին` Ղրիմի, երկրորդին` Արցախի առնչութեամբ: Մասնաւորապէս, նրա տեսակէտով, որ արտայայտել է այդ պաշտօնն զբաղեցնելու օրն իսկ` 2016թ. յունուարի 25-ին,  ղարաբաղեան հակամարտութիւնը, ինչպէս որ Մերձտնեսթրի, Աբխազիայի եւ Հարաւային Օսեթիայի չկարգաւորուած խնդիրները, սպառնալիք է ներկայացնում Եւրոպայի անվտանգութեան համար:

Հիմնական մեղադրանքը, որ վեհաժողովի այս տարուայ գարնանային նստաշրջանի օրերին հնչել է նրա հասցէին, կապուած է նրա` որպէս ԵԽԽՎ նախագահ  Սիրիայ կատարած այցի հետ, որը նա իրականացրել է առանց վեհաժողովին եւ կամ նրա պիւրոյին նախապէս տեղեակ պահելու:

Ակրամունթի անունը քանիցս հնչել է Ազրպէյճանի կողմից վեհաժողովի անդամներին կաշառելու վերաբերեալ լրագրողական հետաքննութիւններում, առաջին հերթին հիմք ընդունելով, որ նա  եղել է ԵԽԽՎ հաշուետուն Ազրպէյճանի քաղբանտարկեալների հարցով: Մարդու իրաւունքների պաշտպանները քննադատում էին Ակրամունթի կապուածութիւնն Ազրպէյճանի կառավարութեան հետ, շեշտելով, որ նա  բազմիցս աչք է փակել այնտեղ մարդու իրաւունքների ոտնահարման դէպքերի վրայ:

Եւ ահա հատուցումը երկար սպասեցնել չտուեց: Ապրիլի 24-ին վեհաժողովի ընթացիկ գարնանային նստաշրջանի բացման օրը, պատգամաւորներն Ակրամունթին հեռացրին  դահլիճից` թոյլ չտալով նախագահել նիստը: Ըստ լուրերի, Ակրամունթին թոյլ են տուել ընդամէնը մէկ ժամով նախագահել միայն ապրիլի 27-ի նիստը, երբ վեհաժողովում ելոյթով հանդէս կը գայ Սպանիայի թագաւոր Ֆիլիփ 6-րդը: Սակայն այդ վերապահումը նոյնպէս չեղեալ յայտարարուեց, եւ Սպանիայի թագաւորը, ով Սթրազպուրկ էր ժամանել իր իսկ` Ակրամունթի հրաւէրով, ելոյթ ունեցաւ նրա բացակայութեամբ:

Գարնանային նստաշրջանի առաջին իսկ օրից պարզ էր, որ ԵԽԽՎ նախագահի պաշտօնում Փետրօ Ակրամունթի մնալ-չմնալն օրերի հարց է: Իր հրաժարականի մասին նա խոստացել էր յայտնել նստաշրջանի աւարտից երկու օր անց`  ԵԽԽՎ պիւրոյի Փրակայի նիստում, քաղաքական խմբերի հետ նախնական խորհրդակցութիւններ անցկացնելուց յետոյ:  Սակայն, ինչպէս տեղեկացնում է լրահոսը, Ակրամունթը խուսափեց մեկնել Փրակայ ներկայացնելու իր հրաժարականը:

Վեհաժողովի պիւրոն իր նիստում ստիպուած էր անվստահութեան քուէ յայտնել նրան: Բացի այդ, պիւրոն ընունել է որոշում, համաձայն որի, Փետրօ Ակրամունթը  լիազօրուած չէ կատարել որեւէ պաշտօնական այց, ներկայ գտնուել ցանկացած խորհրդակցութեան կամ վեհաժողովի անունից` որպէս նրա նախագահ, հանդէս գալ հրապարակային յայտարարութեամբ: «Խորհրդարանական վեհաժողովի չափանիշներն ու սկզբունքներն աւելի կարեւոր են, քան` նրա առանձին անդամ, իսկ մեր Վեհաժողովի ամբողջականութիւնը պէտք է պահպանուի»,- յայտարարել է ԵԽԽՎ աւագ փոխնախագահ Ռոճեր Կալէն: Յաւելենք միայն, որ յունիսին Եխխվ-ն կարող է ընտրի իր նոր նախագահին:

Ինչպէս յայտնի է, փտած ձուկը, մանաւանդ` գլխից փտածը, մահացու վտանգաւոր է ցանկացած օրկանիզմի համար, մարդու, թէ հանրային` միեւնոյնն է: ԵԽԽՎ պատգամաւորների մեծամասնութիւնը, եթէ ոչ ամբողջ կազմը, թէկուզ զգալի ուշացումով, բայց, այնուամենայնիւ, բարեբախտաբար յստակ գիտակցեց հնուց  ի վեր փորձուած այդ ճշմարտութիւնը եւ, ինչպէս պահանջւում է նման արտակարգ իրավիճակում, բնականաբար, այն աղբանոց նետեց: Ինչ վերաբերում է Ազրպէյճանի «խաւիարային ախտի» յարուցիչով տառապեալ Փետրօ Ակրամունթին, ապա, լքելով այդ միջազգային հեղինակաւոր կառոյցի նախագահի բարձր պաշտօնը, կարծում եմ, այս օրերին իր կաշուի վրայ նա հաստատապէս զգում է «Ուրիշի համար փոս փորողն ինքը կ՛ընկնի մէջը» հայկական առածի դառը հետեւանքը:

Արցախ

Յատուկ «Ազդակ»-ի համար

Նախորդը

Պաղեստինեան Դատը Եւ Մենք

Յաջորդը

Երեսփոխան Դոկտ. Նորա Արիսեանին Մաս Կազմած Սուրիոյ Խորհրդարանի Պատուիրակութեան Մոսկուա Այցելութեան Մասին

RelatedPosts

Դպրեվանեան Ոգին.  Գիրքի Հանդէպ Սէրը Դպրեվանքին Մէջ
Անդրադարձ

Դպրեվանեան Ոգին. Գիրքի Հանդէպ Սէրը Դպրեվանքին Մէջ

Հոկտեմբեր 25, 2025
Փաշինեանը Փոխելու Շարժումը Չի Մարիր,  Այլ Նոր Թափ Կը Ստանայ
Անդրադարձ

Արդեօք Հայաստանի Ժողովուրդը Վերջապէս Պիտի Արթննա՞յ, Երբ Փաշինեանը Հրամայէ Ձերբակալել Կաթողիկոսը

Հոկտեմբեր 25, 2025
Ս. Յարութեան Հզօր Ազդեցութիւնը
Անդրադարձ

Հայ Մամուլը Ե՞րբ Իր Կոչումը Կը Վսեմացնէ Եւ Ե՞րբ Զայն Կը Նսեմացնէ (Հայ Մշակոյթի Ամսուան Առթիւ)

Հոկտեմբեր 25, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?