ՍԵՐՏԱՐ ՔՈՐՈՒՃՈՒ
«Ակօս»
Սուրբ Զատկի տօնը, որը քրիստոնէական հաւատքով Յիսուս Քրիստոսի խաչելութիւնից 3 օր անց նրա յարութիւնն է խորհրդանշում, 100 տարի առաջ այս հողերում տօնւում էր բնակչութեան լայն զանգուածների կողմից: Բանաւոր պատմական աշխատութիւնները մեզ այսօր հաղորդակից են դարձնում Վանում, Մուշում, Սասունում եւ նման այլ հայաշատ վայրերում Սուրբ Զատկի տաղաւար տօնի սովորոյթներին:
Հայոց ցեղասպանութիւնից փրկուածների յուշերը, որ ժողովել է դոկտոր, փրոֆեսէօր Վերժինէ Սվազլեանը, տեղեկութիւններ են հաղորդում 20-րդ դարի սկզբին Սուրբ Զատիկը տօնելու հայկական աւանդոյթների ու սովորոյթների մասին: Պատմութիւնները վկայում են, որ 100 տարի առաջ հայերը բազմաթիւ քաղաքներում մեծ տօնախմբութիւններով են նշել Յիսուս Քրիստոսի հրաշափառ յարութեան տօնը:
Սուրբ Զատիկը Մուշում
1908 թ. Մուշի Գիւմգիւմ գիւղում ծնուած Սաթենիկ Նազարի Պետրոսեանը տօն օրերի խանդավառութիւնն այսպէս է ներկայացնում. «Նշում էինք տօն օրերը` Սուրբ Զատիկը, Սուրբ Ծնունդը: 40 օր պահք էինք պահում, ընկոյզով, զէյթունի իւղով ուտելիքներ էինք ուտում, իսկ Սուրբ Զատկին ձու էինք ներկում ու հարեւաններին բաժին հանում: Սուրբ Ծնունդին հայրս սկուտեղի մէջ մեծ գաթա էր հունցում, իսկ երբ այդ գաթան պատրաստ էր լինում, հայրս այն մասերի էր բաժանում: Գաթայի մէջ ընտանիքի բոլոր անդամների, այս թւում` նաեւ կենդանիների համար, յաջողութիւն կանխագուշակող մետաղադրամ էր դրուած լինում»:
Մուշի Արընջկուս գիւղում 1904 թ. ծնուած Սեդրակ Աբրահամի Յարութիւնեանը նշում է, որ Սուրբ Զատկին տարածուած սովորոյթ է եղել ձուկ ուտելը. «Սիփան սարից մի գետ էր հոսում, որը 25 ջրաղացի քար էր պտտում: Գիտէ՞ք, թէ որքան ցորեն էին աղում: Երբ մաշկային հիւանդութիւն էինք ձեռք բերում, Վանայ լճում լողում էինք ու լաւանում: Նոր տարուան, ինչպէս նաեւ Սուրբ Զատկին ծովատառեխ էինք ուտում, որը փուշ չունէր»:
Սուրբ Զատիկը Վանում
Թէ ինչպէս էին նշում Սուրբ Զատիկը Վանում, պատմում է Վանի Նարեկ գիւղում 1905 թ. ծնուած Սմբատ Դաւթի Դաւթեանը. «Սուրբ Զատկից առաջ նախ պահք էինք պահում, իսկ այդ օրը ձու էինք ներկում եւ հաւկիթակռիւ սկսում. յաղթում էր նա, ում ձուն կոտրել էր միւս հաւկիթներն ու անվնաս էր մնացել: Այդ օրը եկեղեցին միշտ լիքն էր լինում հաւատացեալներով»:
Վանի մէկ այլ բնակավայրում` Արձակի Խարակոնիս գիւղում, 1908 թ. ծնուած Ազնիւ Ասլանեանն ընդգծում է, որ այդ տարածաշրջանում հաւկիթ ներկելու իւրայատուկ սովորոյթ կար. «Տօն օրերին, ինչպէս օրինակ` Սուրբ Զատկին, ձու էինք եփում եւ կարմիր ներկում «դուրում» կոչուած խոտի միջոցով: Միմեանց տուն էինք գնում, շնորհաւորում մէկմէկու: Հարուստները նոր հագուստ էին հագնում…»:
Սուրբ Զատիկը Սասունում
Սասունում եւս, որը ներկայիս Պաթման գաւառն է մեծ խանդավառութեամբ էին տօնում Սուրբ Զատիկը: Ինչպէս պատմում է 1903 թ. ծնուած Յակոբ Մանուկի Գրիգորեանը, ամբողջովին հայաբնակ Տալւորիկ գիւղում Սուրբ Զատիկը մեծ կարեւորութիւն ունէր. «Սուրբ Զատկին ձու էինք ներկում, կարմիր-կանաչ գոյնի հաւկիթներով կռուի բռնւում: Նշում էին նաեւ Վարդավառն ու Տեառնընդառաջը: Այգիներում խարոյկ էինք վառում»:
«Սուրբ Զատկից մէկ շաբաթ առաջ
տղամարդկանց ձերբակալեցին»
1915 թ. եւ դրան յաջորդած տարիներին Ցեղասպանութիւնից փրկուածները Սուրբ Զատիկը վատ յիշողութիւնների հետ են կապում: Օրինակ` 1910 թ. Բաբերդում, այսինքն` Բայբուրդում ծնուած Մասիս Նիկողայոսի Կոջոյեանը պատմում է. «1915 թ. ապրիլ ամսին Յիսուս Քրիստոսի հրաշափառ յարութեան տօնից մէկ շաբաթ առաջ հեղինակաւոր բոլոր տղամարդկանց բանտարկեցին. հայրս նոյնպէս նրանց թւում էր: Բանտարկութեան երկրորդ օրը մայրս ուտելիք վերցրեց, եւ նրա մօտ գնացինք: Հայրս գունատ էր եւ մեզ զարմացած հայեացքով դիմաւորեց: Դրսում մեզ խուզարկել էին, յետոյ միայն թոյլ տուել ներս մտնել»:
Սուրբ Զատկի տօնին գաթայի մէջ
թաքցուած յաջողութեան կոճակը
Տղամարդկանց ձերբակալութիւններով սկսած Ցեղասպանութեան գործընթացը շարունակուելու էր հայ ազգաբնակչութեան ոչնչացմամբ այն հողերի վրայ, որոնք դարեր շարունակ նրանց բնօրրանն էին եղել: 1893 թ. Մուշի Պուլանըխ գաւառի Համզաշէյխ գիւղում ծնուած Տօնական Աբրահամի Տօնոյեանը եւս նրանցից է, ով այս գործընթացից յետոյ անգամ դեռ չի մոռացել իր հայրենիքն ու Սուրբ Զատկի օրերը. «Ժամանակ առ ժամանակ Մուշն եմ յիշում… Ամէն անգամ, երբ մեր հայրենի տունը, մեր հարազատներին, բարձր բարդիներով շրջապատուած մեր ընդարձակ բակը, այդ բարդիների վրայ ամէն գարուն բոյն հիւսող արագիլներին եմ մտաբերում, մտածում եմ, թէ կը գժուեմ…
Ցաւից արտասուելով` յիշում եմ Սուրբ Զատկին կամ իմ ծննդեան օրը մօրս` գաթայի մէջ թաքցուած յաջողութեան կոճակը… մէկ առ մէկ, անուն առ անուն մեր չթաղուած նահատակներին, անգերեզման մեր հարազատներին, կորած եղբայրներիս, նրանց կանանց ու երեխաներին: Անասնացած զինուորներից փախչող եւ իրենց Մուրատ գետի (Արածանի, «Ակունք»-ի խմբ.) սառը ջրերը նետող անմեղ քոյրերից, երիտասարդ հարսներից ո՞ր մէկին յիշեմ, որի՞ համար սգամ…»:
Թարգմանեց ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆԸ
«Ակունք»
2017/04/13