«ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ»
Թուրքական «Թարաֆ» պարբերականի յօդուածագիր Օզլեմ Էրթանը ներկայացնում է վերջերս լոյս տեսած «Կիւլիզարի սեւ հարսանիքը» գիրքն ու իր տպաւորութիւնները:
Անդրադարձը «Թերթ»-ը ներկայացնում է մասնակի կրճատումներով.
«Վերջերս «Արաս» հրատարակչութեան կողմից հրատարակուած «Կիւլիզարի սեւ հարսանիքը» գիրքը կարդալով` իրականութիւնը եւս մէկ անգամ ըմբռնեցի:
Թուրքիայում քուրտ պէյի կողմից առեւանգուած հայ աղջկայ իրական պատմութեան մասին այս գիրքը ներկայացնում է 1800-ականների վերջերին, մի գիշերուայ ընթացքում ընտանիքից պոկուած Կիւլիզարի պատմութիւնը, որում առկայ է նաեւ ժամանակաշրջանի նկարագրութիւնը:
Այդ շրջանում շատ հայ աղջիկներ էին առեւանգուել եւ բռնի իսլամացուել, սակայն Կիւլիզարի պատմութիւնն այլ էր, եւ դրա համար էլ այն հասել է մինչեւ մեր օրերը:
Անկասկած, դրան նպաստող գործօնը եղել է 14-ամեայ Կիւլիզարի` անխիղճ Մուսա պէյի քայլերի առաջ գլուխ չխոնարհելն ու իր մէջ նրան դիմադրելու ուժ գտնելը:
Հէնց այդ պատճառով էլ Կիւլիզարի հետ պատահածն այդ ժամանակ Անատոլիայում (Արեւմտեան Հայաստանում, «Ակունք»-ի խմբ.) գտնուող օտար պետութիւնների ներկայացուցիչներին է լսելի դառնում, եւ Պոլսի իշխանութիւնը ստիպուած է լինում դատել Մուսա պէյին:
Արդիւնքում` Մուշի եւ Պիթլիսի (Բաղէշ) մօտակայքում բնակուող հայկական գիւղերում նրա իրականացրած կողոպուտների, իրեն դիմադրողներին անխղճօրէն սպաննելու պատմութիւնները լսելի դարձան եւ յիշուեցին:
Մուշի յայտնի ընտանիքներից մէկի դուստրն էր Կիւլիզարը: Խելացի էր եւ գեղեցիկ: Մի հարսանիքի ընթացքում Մուսա պէյի հետ ծանօթութիւնը փոխեց նրա կեանքը: Մուսա պէյի մարդիկ առեւանգեցին Կիւլիզարին:
Քուրտ հոգեւորականներն արդէն իսկ չորս կին ունեցող Մուսա պէյին թոյլ չտուեցին ամուսնանալ, եւ նա Կիւլիզարին ամուսնացրեց իր եղբօր` Ճեզահիրի հետ: Անունը Ֆաթմա դարձաւ, նրան ստիպեցին հրաժարուել հայ լինելուց եւ մուսուլման դառնալ, սակայն նա չխոնարհուեց: Այդ պատճառով ստորացուեց, տանջանքներ տեսաւ, մէկ աչքը կորցրեց:
Երբ այդ դէպքի մասին ողջ Անատոլիան լսեց եւ դէմ դուրս եկաւ, Մուսա պէյը դատարանի առաջ կանգնեց: Չնայած իրեն ու իր ընտանիքին ուղղուած սպառնալիքներին` Կիւլիզարը դատարանի դահլիճում պատմեց ողջ ճշմարտութիւնը, ասաց, որ բռնութեամբ են իրեն փախցրել, եւ որ ցանկանում է ընտանիքի մօտ վերադառնալ: Սակայն ժամանակաշրջանի ղեկավարների հովանաւորութիւնը վայելող Մուսա պէյը փոքր պատիժ ստացաւ: Աւելի ուշ գլխաւորեց Անատոլիայի հայերին կոտորած համիտեան գնդերը:
Կիւլիզարի պատմութիւնը Հայոց ցեղասպանութիւնից առաջ Անատոլիայի հայերի վերապրած ցաւերն է ներկայացնում: Մուսա պէյի եւ ժամանակի իշխանութեան կողմից աջակցութիւն ստացած նմանների դաժանութիւններին դէմ դուրս գալու համարձակութիւն ունեցած փոքրիկ աղջկայ միջոցով պատմութեան ցաւերն է ի ցոյց դնում»: