ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Անշուշտ այդպէս կարելի է բնութագրել Ազրպէյճանի նախագահի հերթական յոխորտանքը մարտի 18-ին` Պաքւում, Նովրուզ պայրամ մահմետական տօնի արարողութեանը: Որպէս պետութեան ղեկավար, փոխանակ տօնական տրամադրութիւն հաղորդի Կոյսի աշտարակի մօտ հաւաքուած հաւատակիցներին, Իլհամ Ալիեւը փաստօրէն սառը ջուր է մաղել նրանց գլխին` խոստանալով, այո՛, հէնց այդպէս, խոստանալով նոր պատերազմ հայ թշնամիների դէմ: «Դուք գիտէք,- ասել է նա,- որ Ազրպէյճանի դրօշն այսօր բարձրացուած է Լելեթեփէյում եւ Աղդերէյում, այն կը բարձրանայ նաեւ Շուշայում, Խանքենդիում»:
Լելեթեփէն, ինչպէս գիտէք, ընդամէնը մարտավարական նշանակութեան փոքր բարձունք է արցախա-ազրպէյճանական զօրքերի շփման գծի հարաւարեւելեան հատուածում: Անցեալ տարուայ ապրիլեան կարճատեւ պատերազմի արդիւնքում, պատերազմ, որ Պաքուն սանձազերծել էր` յուսալով յանկարծակի յարձակմամբ եւ գերարդիական զինատեսակների կիրառմամբ ջախջախիչ հարուած հասցնել Արցախի պաշտպանութեան բանակին, Լելեթեփէ բարձունքն առայժմ գտնւում է հակառակորդի վերահսկողութեան տակ:
Իսկ Աղդերէն Պաքուի կողմից ապօրինի անուանափոխուած Մարտակերտ քաղաքն է, որտեղ ահա տասնամեակներ ի վեր հպարտ ծածանւում է միայն ու միայն Արցախի Հանրապետութեան պետական դրօշը: Ըստ երեւոյթին, Մոսկուայի միջազգային յարաբերութիւնների հիմնարկի շրջանաւարտ Իլհամ Ալիեւն ուսանողութեան տարիներին պարբերաբար աչքաթող է արել այդ հեղինակաւոր կրթական հաստատութիւնում պարտադիր ուսումնական առարկայի` աշխարհագրութեան պարապմունքները, ինչով երեւի թէ բացատրւում է տեղանուանական գիտելիքների նրա պակասը:
Շուշան եւ Խանքենդին, պարզ է, դարձեալ ազրպէյճանական յանգի անուանափոխուած արցախեան Շուշի միջնաբերդը եւ հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտն են, որտեղ կրտսեր Ալիեւը խոստանում է իր պետութեան դրօշը կանգնեցնել: Ինչպէս ասում են` երազանքին տէր չկայ: Մանաւանդ եթէ այն սին է եւ առաւելապէս հիւանդ երեւակայութեան զառանցանք է յիշեցնում: Նոյն այդ զառանցանքով իրենց ժամանակին տառապում էին Ազրպէյճանի նախագահի բազկաթոռը զբաղեցրած նրա առանց բացառութեան բոլոր նախորդները, այդ թւում` եւ իր հարազատ հայրը, երբ երազում էին մերթ` լողանալ Սեւանի ջրերում, մերթ` թէյ խմել Ստեփանակերտում: Եւ ի՞նչ` կարող էք հարցնել: Դե՛հ, բացարձակապէս ոչի՛նչ: Քամի էր, իսկ քամու բերածը սովորաբար քամին էլ քշում, տանում է: Ուշագրաւ է, որ Իլհամ Ալիեւի այդ յայտարարութեան նախօրեակին` մարտի 17-ին, Ազրպէյճանի օդերեւութաբանական կենտրոնը յաջորդ օրուայ եղանակի տեսութեան մէջ հանդարտ, բարեխառն եղանակ էր կանխագուշակել Պաքուի համար: Սակայն Ազրպէյճանի մայրաքաղաքում տօնախմբութեան մասնակիցների համար այդ օրն անսպասելի քամի սկսուեց, որ հետզհետէ սաստկացաւ: Կարելի է ենթադրել` հաւանաբար երկրի նախագահի յոխորտանքի ազդեցութեամբ էր: Առհասարակ, իսկ դա, հանրայայտ է եւ թաքցնելու բան չկայ, եւրոպական ժողովրդավարութեան արժէքներ տարբողող այդ արհեստածին, բռնապետական երկրում ամէն ինչ պարտադիր ենթակայ է երկրի նախագահի կամքին` սկսած քաղաքացու տարրական իրաւունքներից մինչեւ բնութեան երեւոյթները: Այնպէս որ, զարմանալու ոչինչ չկայ նաեւ այդ օրուայ եղանակի փոփոխութեան մէջ: Այնտեղ այդպէս է կարգը: Այնտեղ` քամիների քաղաք Պաքւում, պարտադիր առաջնահերթութիւն է պետութեան առաջին դէմքի փչած քամին:
Արդեօք, մի՞թէ քամի չէ Իլհամ Ալիեւի այս էլ քանիերորդ անգամ տարբողած այն պնդումը, թէ անցեալ տարուայ ապրիլին, նախորդ 25 տարուայ մէջ առաջին անգամ, Ազրպէյճանի զինուած ուժերը պատմական յաղթանակ են տարել` ազատագրելով հազարաւոր հեկտար հողեր: Ազրպէյճանի նախագահը, ըստ երեւոյթին, ոչ աւել, ոչ պակաս մանկուրտ (յիշողութիւնը պարտադրաբար կորսնցուցած մարդ, Ա.) է, կամ` եթէ ոչ, ապա հաստատ այդպէս է պատկերացնում իր հպատակներին, մոռացութեան մատնելով կամ աչքաթող անելով այն հանրայայտ ճշմարտութիւնը, որ անցած 25 տարուայ մի առիւծի բաժին ժամանակաշրջան` ուղիղ 10 տարի, Ազրպէյճանում իշխել է իր հայրը` Հայտար Ալիեւը: Հէնց նրա օրօք է, որ Պաքուն տանուլ է տուել պատերազմը` հնարաւորութիւն տալով Արցախի զինուած ուժերին ազատագրելու յարակից եօթ շրջան` Քարվաճառից մինչեւ Զանգելան: Բայց հնարաւոր է` նա ինքը` Իլհամ Ալիեւը, ինչպէս որ իր հպատակները, բոլորովին էլ մանկուրտ չէ: Պարզապէս յանուն սեփական անձի փառաբանման ու սեփական հեղինակութեան բարձրացման` նա պատրաստ է ցանկացած պահի ցատկել հանգուցեալ հոր գերեզմանի վրայով: Չգիտեմ, չեմ կարող ասել` ազրպէյճանակա՞ն, թէ՞ քրտական աւանդոյթ է դա: Երեւի թէ` ոչ մէկի: Բայց, ախր, ի ծնէ ազգութեամբ նա քուրդ է, ինչպէս որ իր հայրն էր, եւ ինչպէս որ վերջինիս նախնիներն էին: Մանաւանդ որ Կոյսի աշտարակի մօտ տօնախմբութեան եկածների ճնշող մեծամասնութիւնը, եթէ ոչ բոլորը, ազրպէյճանցի քրտեր են ազգութեամբ, ովքեր տասնամեակներ ի վեր ալիեւների քլանային վարչախմբի, այսպէս կոչուած, յենարանն են կազմում: Հետաքրքիր է, այդ պահին ի՞նչ մտքեր էին թաքնուած նրանց առերեւոյթ շողոմ ժպիտների անտեսանելի խորքում:
Բայց քարը գլուխը, թէ ի՛նչ էր մտածում «պիրտան աղաների» այդ ազգուրաց ամբոխը: Մենք շարունակենք հետեւել Ազրպէյճանի թիւ մէկ քուրդ իշխանաւորի երեւակայութեան, ո՛չ, աւելի ճիշդ` զառանցանքի թռիչքներին: Ապրիլեան իրադարձութիւնները, յայտարարել է նա Նովրուզի այդ տօնական արարողութեանը, մէջբերում եմ` «հուժկու հարուած են հասցրել հայերի քարոզչութեանը, հայ հանրութիւնը ցնցուած էր: Թէկուզ դրանք ընդամէնը կարճատեւ մարտեր էին (մէջբերման աւարտը)»:
Նախ փորձենք պարզել. իրօ՞ք հազարաւոր հեկտարներ են կազմում այն տարածքները, որ ապրիլեան պատերազմի ժամանակ գրաւել են ազրպէյճանական զօրքերը: Հայկական մամուլում սովորաբար շրջանառւում է «700 կամ 800 հեկտար տարածք» հասկացութիւնը: Դժուար է պատկերացնել, թէ ինչպէ՞ս, ի՞նչ հողաչափական` պապենակա՞ն, թէ՞ արդի արհեստագիտական միջոցներով է պատերազմական բախումներից անմիջապէս յետոյ չափագրուել ու ճշդուել այդ տարածքների համահաւաք ծաւալը եւ մատուցուել լայն հանրութեանը` ամէնուրեք առաջ բերելով կարծիքների շատ յաճախ սուր բախումներ: Ընդ որում, ինչպէս դրանց իրական չափի, նոյնպէս եւ` ռազմավարական նշանակութեան շուրջ: Ըստ իս, ի լրումն իրատեսական գնահատումների, այդտեղ նաեւ որոշակի թիւրիմացութիւն է առկայ:
Այդ առնչութեամբ, կարծում եմ, որոշակի լոյս է սփռում առաջին հետախուզական- խափանարարական ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Վովա Վարդանովի խօսքը, որ նա ասել է Երեւանի «Յենարան» մամուլի ակումբում` դեռեւս անցեալ տարուայ մայիսի 25-ին: Նրա վկայութեամբ, մէջբերում եմ` «Այն օգտագործուող տարածքները, որոնք հիմա հայկական կողմի ձեռքում չեն, կազմում են 20-30 հեկտար: Նկատի ունեմ խրամատների գօտիները: 700 հեկտար ասելով` նկատի ունեն նոր առաջացած «չէզոք գօտին», որովհետեւ հիւսիսում եւ հարաւում կորցրած տարածքները 20-30 հեկտար են` ռազմական հաշուարկով` մօտաւորապէս խրամատների տարածքն են, որը, չակերտաւոր ասած, «պահպանուող գօտի» էր, որտեղ մուտքն արգելուած էր: Հիմա այդ դիրքերին աւելացել է «չէզոք գօտին», որն առաջացել է մեր նոր ստեղծուած դիրքերի եւ նախկին դիրքերի արանքուն» (մէջբերման աւարտը): Կարծես թէ հիմք չկայ հաւատ չընծայելու շփման գծի ողջ երկայնքին քաջածանօթ, փորձառու հետախոյզի վկայութեանը: Չբացառելով հանդերձ, որ հնարաւոր է` Վարդանովի վկայութիւնը նոյնպէս բացարձակ ճշմարտութիւն չէ, այնուամենայնիւ, ակնյայտ է ներկայացուած ծաւալների միջեւ հսկայական տարբերութիւնը: Առաւել եւս, Ազրպէյճանի նախագահի, այսպէս ասած, արձանագրած «հազարաւոր հեկտարների» համեմատութեամբ: Իլհամ Ալիեւին, անկասկած, ձեռնտու է աներեւակայելի մեծ ծաւալների պարագան` երկրի զինուած ուժերի գերագոյն գլխաւոր հրամանատարի իր ռազմարուեստը ցուցանելու համար: Յետո՞յ ինչ, Ազրպէյճանում բոլորն էլ` մեծ ու փոքր, ոչխարապահ, թէ գառնարած քաջ գիտեն, որ իրենց նախագահը կանոնաւոր բանակում մէկ օր անգամ ծառայած չէ: Ինչպէս որ երբեւէ զինուորական ծառայութիւն չի անցել խորհրդային ՊԱԿ-ի զօրավար-գնդապետ իր հայրը` կեղծ փաստաթղթերի օգնութեամբ ինքնազրկուելով Բ. Համաշխարհային պատերազմ զօրակոչուելու իր քաղաքացիական իրաւունքից ու պարտքից: Ասենք` նոյն վիճակն է սպասում նաեւ Իլհամի որդուն` աւագ Հայտարի Հայտար թոռանը: Դե՛հ, ի՞նչ արած: Մեր հները ճիշդ են ասել` պտուղը ծառից հեռու չի ընկնում:
Ի դէպ, նոյնի կրկնութիւնն ենք տեսնում նաեւ հայր եւ որդի ալիեւների արտաքին քաղաքականութեան մէջ, առանձնապէս` ազրպէյճանա-արցախեան հակամարտութեան խաղաղ, բանակցային կարգաւորման խնդրում: Այն ժամանակ էլ Հայտար Ալիեւն այլ բան էր ասում դրսերում, այլ բան` ներսում: Մեկնում էր աշխարհի մայրաքաղաքներ` ճոռոմելով իր խաղաղասիրութեան մասին, վերադառնում էր` դարձեալ ուժի կիրառման իր թելն էր մանում: Ահա վերջերս` մարտի 15-ին նրա նախագահ որդին` Իլհամ Ալիեւը, վերադարձել է Փարիզից, ուր նախագահ Ֆրանսուա Հոլանտի հետ քննարկել էր ղարաբաղեան կարգաւորման խնդիրը` երդուելով, հաւաստիացնելով, որ միայն ու միայն խնդրի բանակցային լուծման կողմնակից է: Եւ քանի որ մտավախութիւն ունէր, որ կարող է ֆրանսացի գործընկերը հաւատ չընծայի իր մինչեւ ականջները ձգուող լայնաբերան ժպիտին, Փարիզ էր տարել նաեւ Ազրպէյճանի Առաջին տիկին եւ նորանշանակ առաջին փոխնախագահ Մեհրիպան Ալիեւային: Վաղուց` դեռեւս Մոսկուայում ուսանելու տարիներին նրա գլուխն էին մտցրել, որ աշխարհի գեղագիտական ճաշակը ձեւաւորւում է Փարիզում, որտեղ ըստ արժանւոյն է գնահատւում մանաւանդ կանացի գեղեցկութիւնը: Գիտէ նաեւ, որ անձամբ նախագահ Հոլանտը գեղեցկութեան, այդ թւում, ինչո՞ւ չէ, նաեւ կանացի գեղեցկութեան երկրպագու է: Վկան նրա երկրորդ կինն է` ներկայումս Ֆրանսայի Առաջին տիկին, գեղեցկուհի Վալերին: Եւ ահա, ասում են, Ազրպէյճանի նախագահը յոյս ունէր, որ Մեհրիպան խանումի դեռեւս քիչ թէ շատ պահպանուող հմայքը, մանաւանդ ճառագուն ժպիտը կը գերի ֆրանսացի իր գործընկերոջը, եւ նա անվերապահ կը հաւատայ իր քաղցր-մեղցր հաւաստիացումներին: Միեւնոյն ժամանակ Ալիեւին դեռ Պաքւում վստահեցրել էին, որ այդ հաճելի հանդիպմանը չի կրկնուի այն, ինչ տարիներ առաջ իրեն թոյլ է տուել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Բանն այն է, որ Ազրպէյճանի եւ Վրաստանի նախագահների հանդիպումներից մէկի ժամանակ կնամոլ վրացին, երեւի թէ ոգելից խմիչքի ազդեցութեան տակ էր, չի դիմացել ու կսմթել է Մեհրիպան խանումի մի փոքրիշատէ փափուկ տեղը: Մահմետական կնոջ նկատմամբ այլադաւան տղամարդու նման վարմունքը, բնականաբար, դիւանագիտական մեծ աղմուկի պատճառ է դարձել: Հետագայում, որպէսզի մեղմի իր մեղքը, Վրաստանի նախագահը Թիֆլիսի փողոցներից մէկը վերանուանել է Հայտար Ալիեւի անուամբ եւ բացմանը հրաւիրել Իլհամ Ալիեւին: Սակայն վերջինս հրաժարուել է ժամանել: Հասկանալով, որ այդքանը հերիք չէ իր մեղքը քաւելու համար, Սահակաշվիլին Թիֆլիսի պատմական կենտրոնում տեղադրել է Հայտար Ալիեւի կիսանդրին: Սառոյցն այդտեղ էլ հալուել է, Իլհամ Ալիեւը ժամանել է յուշարձանի բացմանը, որտեղ եւ վերջապէս կայացել է կողմերի հաշտութիւնը:
Բայց քանի որ Իլհամ Ալիեւի, գուցէ եւ Մեհրիպան խանումի համար բարեբախտաբար, թէ ոչ` դժուար է ասել, նման նրբանկատ դիպուած չի արձանագրուել Ելիսեյեան պալատում, ուստի նորից դառնանք, ինչպէս ասում են, մեր ոչխարներին: Շարունակենք դիտել, թէ Ազրպէյճանի նախագահը Նովրուզ պայրամի տօնին ինչ յամառութեամբ էր ջուր ծեծում դատարկ բաժակի մէջ` իր պատկերացմամբ կարծելով, թէ, այնուամենայնիւ հնարաւոր է այդպիսով փոթորիկ առաջ բերել: Ինչ էլ լինի, ասել է նա, մենք կը վերականգնենք մեր տարածքային ամբողջականութիւնը: Թէ ինչպէ՞ս, պարզ է, ի հարկէ` նոր պատերազմի սանձազերծմամբ: Բայց` դարձեալ ինչպէ՞ս պատերազմել: Արդեօք հնարաւո՞ր է յաղթել մի հակառակորդի, ով նոյնպէս լիովին կազմ ու պատրաստ է ոչ միայն դիմագրաւելու թշնամու յարձակումը, այլեւ հուժկու հակազդելու նրան` ստիպելով տարրական թուաբանութիւն սովորել իմանալու համար, որ եօթին գումարած եօթ տասնչորս է անում: Էլ չեմ ասում, որ չի բացառւում նաեւ բազմապատկման գործողութիւնը: Իսկ որ Արցախի պաշտպանութեան բանակը, դասեր քաղած լինելով ապրիլեան պատերազմից, այս անգամ վերջնականապէս կը չէզոքացնի հայրենի երկրի ու ժողովրդի նկատմամբ հետագայ որեւէ ոտնձգութեան փորձ, կարծում եմ` ամենեւին գաղտնիք չէ: Անգամ` Պաքուի աքլորացած կռուարարների համար:
Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար