ՎՈՎ ՄՈՒՇԵՂԵԱՆ

Լիբանանում լոյս տեսնող հայալեզու «Ազդակ» օրաթերթի 90-ամեայ տարեդարձից առաջ լիբանանահայ պատմաբան, հայագէտ, օրաթերթի նախկին խմբագիր Երուանդ Փամպուքեանն ու ներկայիս գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը Երեւանի պետական համալսարանի լրագրութեան բաժանմունքի ուսանողներին ներկայացրին այն ծրագրերն ու հեռանկարները, որոնք իրականացրել ու իրականացւում են:
1927 թուականին լոյս տեսած օրաթերթի հսկայածաւալ արխիւի թուայնացուած տարբերակը մարտի 5-ին կը ներկայացուի հանրութեանը, որը նաեւ հասանելի կը լինի ցանկացած հետազօտողի: Նոյն օրը լոյս կը տեսնի «Ազդակ»-ի 90-ամեայ պատմութեանը նուիրուած գրքի շնորհանդէսը` իր աշխատանքներով, յուշերով, ուղերձներով: Ինչպէս նաեւ Պէյրութում ֆիլմարուեստի մէջ մասնագիտացուած երիտասարդների կողմից պատրաստուող 8 րոպէ տեւողութեամբ ֆիլմը կը ներկայացուի ընկերային ցանցերի օգտատէրերին:
Անկախ Հայաստանի արտաքին գործերի նախարար դառնալ երազող, սակայն կեանքի բերումով խմբագիր դարձած «Ազդակ» օրաթերթի նախկին խմբագիր Երուանդ Փամպուքեանը ակնածանքով է յիշում Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հայոց պատմութիւն ուսանած տարիները: «Կեանքի բերումով այնպէս եղաւ, որ ուսուցչից դարձայ խմբագիր, ինչպէս մեր Սիմոն Վրացեանը` վարչապետից դարձաւ վարժապետ»: Փամպուքեանը վերջին 10-12 տարիները զբաղուած է, իր խօսքով ասած` մի տաժանակիր գործով` ՀՅԴ արխիւների ուսումնասիրութեամբ եւ հրատարակութեամբ: Եւ հէնց այդ պատճառով է նաեւ, որ Հայաստանում է:
«Ազդակ»-ի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը, խօսելով օրաթերթի սկզբնաւորման, անցած ճանապարհի եւ այն մարտահրաւէրների մասին, որոնք ցայսօր ծառացած են տպագիր մամուլի առաջ, նշեց, որ նման պայմաններում, ինչպէս նաեւ Մերձաւոր Արեւելքում տիրող իրողութիւններով պայմանաւորուած, այնուամենայնիւ «Ազդակ»-ը շարունակել եւ շարունակում է հայապահպան իր գործունէութիւնը: Խմբագիրը իր խօսքում նշեց, որ 1927 թուականին ստեղծուած, իսկ արդէն 60-ականներին ՀՅԴ պաշտօնաթերթի վերածուած «Ազդակ» օրաթերթը հայապահպան լուրջ առաքելութիւն ունի: «Իւրաքանչիւր ժամանակ եւ հայաստանեան, եւ սփիւռքին առնչուող իրադարձութիւնների լուսաբանումը, ինչպէս նաեւ Լիբանանի հայ համայնքի խնդիրների լուսաբանումը, այս ամբողջը տպագրուել է «Ազդակ»-ի էջերում: Շուրջ 13-14 տարի առաջ, երբ որ ստանձնեցի գլխաւոր խմբագրի պաշտօնը, շատ արագ նկատուեց այն միտումը, որ տպագիր թերթը մտնում է լուրջ, խորը ճգնաժամի մէջ»:
Այնուհետեւ անդրադարձ եղաւ Երիտասարդական լրագրողների վերապատրաստման ծրագրին, որի շրջանակներում տեղի է ունենում սփիւռքի լրագրողների, մանկավարժների վերապատրաստում` ԵՊՀ լրագրութեան բաժանմունքի եւ Հայագիտական հետազօտութիւնների հիմնարկի ջանքերով: Այս քայլը «Ազդակ»-ի խմբագիրը ողջունելի համարեց եւ յաւելեց, որ դա օգնում է նաեւ Հայաստանից Լիբանան գնացող լրագրողների, մասնագէտների մասնակցութեամբ արդէն Լիբանանում կազմակերպել փորձի փոխանակման նմանատիպ ծրագիր-դասընթաց: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարուեց նաեւ Մերձաւոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձութիւններին, դրա հետեւանքներին, ազդեցութեանը հայկական համայնքի վրայ, ինչպէս նաեւ քաղաքական այն կարեւորագոյն նիւանսներին, որոնք այժմ առանցքային նշանակութիւն ունեն Սիրիական հակամարտութեան մէջ: Հարցին, թէ Մերձաւոր եւ Միջին Արեւելքի հայկական համայնքը ապագայում ինչպէ՞ս են տեսնում, Երուանդ Փամպուքեանը պատասխանեց. «25 տարուայ կեանք կը տային սփիւռքին. 25 անցաւ, 50 անցաւ, 70 անցաւ, հայութիւնը կանգուն է…»:
«Հրապարակ»