ՄԻՔԱՅԷԼ ՀԱՃԵԱՆ
Դա‚ իրօք‚ անառարկելի ճշմարտութիւն է‚ որ վերաբերում է‚ առհասարակ‚ բոլոր հակամարտութիւնների կարգաւորման հեռանկարին: Անկախ դրանցից իւրաքանչիւրի բնոյթից‚ պատճառահետեւանքային կապից: Հին ու տեւական են դրանք‚ թէ նոր‚ սառեցուած են‚ թէ տակաւին թէժ‚ միջպետական են‚ ազգամիջեան‚ քաղաքական‚ կրօնական` էական չէ: Մարդկութեան պատմութիւնն այդ է ուսուցանում: Համաշխարհային պատերազմներն անգամ ի վերջոյ հանգուցալուծուել են բանակցութիւնների սեղանի շուրջ:
Նոյն տրամաբանութեամբ, այս ճշմարտութիւնը մեծապէս վերաբերում է նաեւ գրեթէ երեք տասնամեակ ձգձգուող ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեանը: Այս համոզմանն է համայն աշխարհի հանրութիւնը` մեծ ու փոքր պետութիւններով‚ հեղինակաւոր միջազգային կառոյցներով: Այդ մասին բազմիցս շեշտել են ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահ երկրների առաջին դէմքերը‚ միջնորդական առաքելութեան նրանց դեսպանները: Նոյն այդ դիրքորոշմանն են հակամարտութեան հայկական կողմերը` Հայաստանը եւ Արցախը: Մինչդեռ ահա‚ դատելով իրադարձութիւնների զարգացման ընթացքից‚ միանգամայն հակառակ տեսակէտի է հակամարտութեան ազրպէյճանական կողմը: Կամայ թէ ակամայ նստելով բանակցային սեղանի շուրջ` պաշտօնական Պաքուն ամէն անգամ նորանոր խոչընդոտներ է յարուցում խաղաղ կարգաւորման ճանապարհին‚ շարունակելով‚ արցախցու ասած‚ իր էշը քշել. մերթ հրաժարւում է նախորդ պայմանաւորուածութիւններից‚ առաջադրելով միանգամայն անտրամաբանական եւ‚ բնականաբար‚ արմատապէս անընդունելի նոր պայմաններ‚ մերթ հանդէս է գալիս ռազմատենչ յոխորտանքներով‚ մերթ‚ ինչպէս որ ներկայումս է, խուսափում է միջնորդների կողմից առաջարկուող հերթական հանդիպումներից` լինեն դրանք հակամարտ կողմերի առաջին դէմքերի‚ թէ զուտ արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարների մակարդակով:
Այնուամենայնիւ‚ ինչո՞վ կարելի է բացատրել Ազրպէյճանի այդ կամայական‚ թէ կամակոր պահուածքը: Ի՛նչ խօսք‚ պատճառը եօթ փակի տակ չէ եւ որեւէ գաղտնիք չի ներկայացնում իրենից, այնքան որ բացայայտ է ազրպէյճանական դիրքորոշումը‚ այն է` բանակցութիւններն իրենց հերթին‚ բայց մենք ի զօրու ենք ինքնուրոյն‚ առանց կողմնակի օգնութեան քանդել ղարաբաղեան հանգոյցը` հայերին ստիպելով հեռանալ հակամարտութեան ողջ գօտուց: Ընդ որում` այդ արկածախնդրական հեռանկարը վերաբերում է ոչ միայն նախկին ինքնավար մարզի յարակից շրջաններին‚ որոնք Արցախի պաշտպանութեան բանակն ազատագրել էր 1991-1994թթ. պատերազմի ընթացքում‚ այլեւ` մարզի բուն տարածքին: Աւելի՛ն. խօսքը ոչ թէ սոսկ արցախեան զօրքերի արտամղման‚ այլեւ` ընդհանուր առմամբ‚ Արցախի բնիկ հայ բնակչութեան բռնատեղահանման մասին է: Այնպէս‚ ինչպէս դա 1988-1990թթ. կատարուեց Ազրպէյճանի աւելի քան կէս միլիոն հայ քաղաքացիների հանդէպ` գազանաբարոյ իրականացուած ջարդ ու կոտորածներով:
Ասում են` ախորժակն ուտելուց է բացւում: Անցեալ տարուայ ապրիլին սանձազերծած լայնածաւալ պատերազմի արդիւնքում Ազրպէյճանին յաջողուել էր ժամանակաւոր տիրանալ մի քանի հայկական դիրքերի` մերձակայ տարածքներով հանդերձ, ընդամէնը` մի քանի հարիւր հեկտար անբնակ տարածք‚ ինչը պաշտօնական Պաքուն, յանձինս նախագահ Իլհամ Ալիեւի‚ տարփողում է որպէս պատմական յաղթանակ: Թէկուզ թէ՛ նա եւ թէ՛ նրա մերձաւոր շրջապատը‚ մանաւանդ` զինուորական հրամանատարութիւնը‚ քաջ գիտակցում են‚ որ եթէ ապրիլի 4-ին փութաջան չաղերսէին Մոսկուայի միջամտութիւնը, եւ վերջինս չյորդորէր Երեւանին‚ ապա հազիւ թէ այդպէս շուտափոյթ` ապրիլի 5-ին հրադադար հաստատուէր‚ եւ հակայարձակման անցած արցախեան զօրամիաւորումները հակառակորդին ոչ միայն դուրս կը շպրտէին գրաւեալ դիրքերից‚ այլեւ հուժկու հարուածներով կը խորանային նրա թիկունքային տարածքները‚ այո‚ հէնց այսպէս` ազատագրելով Ազրպէյճանի նոր տիրոյթներ: Աւա՜ղ‚ թոյլ չտուեցին: Չեղա՜ւ: Եւ ի՞նչ: Արդիւնքում Պաքուն գլուխ է գովում իր չակերտաւոր «պատմական յաղթանակով»: Աւելի՛ն. այն համարում են «տարածքների ազատագրման» յուսալի մեկնարկ: «Ահա այդպէս մէկ առ մէկ մենք ազատագրելու ենք մեր բռնազաւթուած շրջանները», օրերս` Պաքւում կայացած մամլոյ ասուլիսում հէնց այդպէս էլ յայտարարել է Ազրպէյճանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավար Էլմար Մամետեարովը: «Ես որպէս արտաքին գործերի նախարարութեան ղեկավար` վստահ եմ‚ որ Ազրպէյճանը կ՛ազատագրի բոլոր բռնազաւթուած տարածքները եւ կը վերականգնի դրանք», սնապարծ ինքնավստահութեամբ յայտարարել է նա:
Միեւնոյն ժամանակ‚ նոյն միջոցառմանը լրագրողներին ներկայացնելով հակամարտութեան կարգաւորման ազրպէյճանական տեսլականը‚ Ազրպէյճանի թիւ մէկ դիւանագէտն ահա թէ ռազմավարական երեւակայութեան ի՛նչ թռիչք է կատարել‚ մէջբերում եմ. «Առաջին հերթին` այդ տարածքների վերականգնման գործընթացը կը ստանձնի Ազրպէյճանի կառավարութիւնը‚ իսկ երկրորդ փուլում դրան կարելի կը լինի միացնել նաեւ միջազգային կազմակերպութիւններին»: Այսինքն ասել կ՛ուզի‚ որ Պաքուն միակ ելքը տեսնում է պատերազմի մէջ: Ինչ վերաբերում է միջազգային կառոյցների‚ առանձնապէս‚ ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահութեան հաշտարար դերակատարութեանը‚ ապա Մամետեարովի խօսքի տրամաբանութիւնը յուշում է‚ որ Պաքուն բառիս բուն իմաստով թքած ունի միջնորդական առաքելութեան վրայ‚ եւ եթէ նոյնիսկ մարդատեղ դնի կամ չդնի միջնորդներին‚ ապա միայն խնդրի ուժային լուծում ենթադրող առաջին փուլից յետոյ‚ այսինքն` երկրորդ փուլում‚ այն էլ դեռ հարցական է‚ քանզի արտաքին գործերի նախարարը հէնց այդպէս էլ ասում է‚ յիշեցնում եմ իր խօսքը` «կարելի կը լինի միացնել նաեւ միջազգային կազմակերպութիւններին»: Ընդ որում` թէ միջազգային ի՛նչ կառոյցների նկատի ունի‚ պարզ չէ: Յամենայն դէպս կարելի է ենթադրել` ոչ ԵԱՀԿ-ին ու նրա Մինսքի խմբի համանախագահութեանը: Ըստ երեւոյթին, դա այնքան էլ էական չէ առկայ անպատժելիութեան պատճառով ծայր աստիճան լկտիութեան հասած պաշտօնական Պաքուի համար:
Հետաքրքիր է իմանալ` Ազրպէյճանի այդ դիրքորոշումն ինչպէ՞ս է դիտարկւում դրսից: Մասնաւորապէս‚ անդրադառնալով խնդրին‚ ԵԱՀԿ Մինսքի խմբի նախկին համանախագահ Վլատիմիր Քազիմիրովը «Նեզաւիսիմայա կազեթա» թերթում հրապարակուած իր յօդուածում գրում է‚ մէջբերում եմ‚ «Եթէ երկու հայկական կողմերը պատրաստակամութիւն են յայտնում աշխատել ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահ միջնորդների` Ռուսաստանի, Միացեալ Նահանգների‚ Ֆրանսայի առաջարկների շուրջ, ապա պաշտօնական Պաքուն չի էլ ձգտում դրան, այլ հակառակը, փորձում է այս կամ այն ձեւով խոչընդոտել միջնորդների նախաձեռնութիւններին կամ այս կամ այն ձեւով ձգձգել դրանց քննարկումը»: Միեւնոյն ժամանակ‚ նշում է Քազիմիրովը‚ դիմելով երկդիմի մարտավարութեան‚ որն այլ կերպ չես անուանի‚ քան` երեսպաշտութիւն‚ Ազրպէյճանի իշխանութիւնները փորձում են այն կեղծ տպաւորութիւնը ստեղծել‚ թէ իբր պատրաստ են դրական վերաբերուել համանախագահների նախաձեռնութիւններին կամ դեռ ուսումնասիրում են դրանք, որպէսզի յետոյ հրաժարուեն դրանցից եւ ասեն, որ անընդունելի են:
Անշուշտ նոյն այդ երկդիմի մարտավարութեան ցայտուն արտայայտութիւն են Պաքուի խուսանաւումները շփման գծից դիպուկահարներին հեռացնելու‚ միջադէպերի հետաքննութիւն անցկացնելու եւ այդ նպատակով յատուկ մեքանիզմներ կիրառելու‚ վստահութեան միջոցառումներ իրականացնելու եւ այլ առաջարկութիւնների առնչութեամբ‚ որոնք կարող են նպաստել իրադրութեան կարգաւորմանն առաջնագծի ողջ երկայնքով եւ բանակցային գործընթացի շարունակմանը: Ինչպէս յայտնի է‚ այդ առաջարկութիւնների վերաբերեալ բարձր մակարդակով պայմանաւորուածութիւններ են ձեռք բերուել բանակցային գործընթացի տարբեր փուլերում: Առանձնապէս` Վիեննայի եւ Ս. Փեթերսպուրկի բանակցութիւնների ժամանակ համաձայնեցուած միջոցառումների իրականացումը թոյլ կը տայ դիտարկումների ընթացքում ստոյգ որոշարկել‚ թէ հակամարտ կողմերից յատկապէս ո՛ւմ նախաձեռնութեամբ են տեղի ունեցել հրադադարի խախտումները:
Այլապէս ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահութիւնը‚ պնդելով‚ թէ հիմքեր չունի հասցէական նշելու միջադէպերի մեղաւորներին‚ յայտարարութիւնից յայտարարութիւն հաւասարեցման նշան է դնում կողմերի միջեւ` յորդորելով նրանց զերծ մնալ նման վտանգաւոր քայլերից: Թէկուզ‚ թաքցնելու բան չէ‚ միջնորդական առաքելութեան համար վաղուց ի վեր պարզ է‚ որ արձանագրուած միջադէպերի հեղինակը ոչ այլ ոք է‚ քան ազրպէյճանական կողմը: Համանախագահները յստակ գիտեն‚ որ կրակոցներն առաջին հերթին արձակւում են հէնց ազրպէյճանական դիրքերից‚ իսկ հայկական կողմը‚ կախուած իրավիճակի վտանգաւորութեան աստիճանից‚ կամ ձեռնպահ է մնում` անպատասխան թողնելով դրանք եւ կամ‚ եթէ բան է` հակադարձում է‚ ապա սոսկ հակառակորդի նկրտումները զսպելու‚ կանխելու խիստ անհրաժեշտութիւնից ելնելով: Միջնորդական առաքելութեան դեսպանների համար յստակ է եւ‚ որպէս այդպիսին‚ կարծում եմ‚ լրացուցիչ հետաքննութեան անհրաժեշտութիւն չի առաջ բերում փետրուարի 1-ին արձանագրուած միջադէպը‚ երբ ազրպէյճանական հետախուզական-խափանարարական խումբը ներթափանցման փորձ ձեռնարկեց Արցախի Պաշտպանութեան բանակի պահպանութեան Թալիշի ուղղութիւնում: Ինչպէս յայտնի է‚ այն անմիջապէս կասեցուեց հայ դիրքապահների ջանքերով‚ ազրպէյճանցի խափանարարներից մէկը վիրաւորուեց‚ իսկ խմբի մէկ այլ անդամ` Ազրպէյճանի քաղաքացի‚ այդ հանրապետութեան զինուած ուժերի 157-րդ մոթոհրաձգային գնդի հետախուզական վաշտի զինծառայող Էլնուր Էլմանօղլի Հուսէյնզատէն գերեվարուեց: Պաքուն ներկայումս կտրականապէս հրաժարւում է գերի ընկած իր զինուորից` յայտարարելով‚ թէ հանրապետութեան զինուած ուժերում այդպիսի զինուորական չկայ‚ անգամ այն պարագայում‚ երբ վերջինիս մայրը հակառակն է ապացուցում` յայտնելով‚ որ իր որդին զինծառայող է: Բայց դա թողնենք Ազրպէյճանի իշխանութիւնների‚ առանձնապէս պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովի եւ‚ ինչո՞ւ չէ‚ գերագոյն գլխաւոր հրամանատարի` իր կեանքում երբեք զինուորական ծառայութիւն չանցած նախագահ Իլհամ Ալիեւի խղճին:
Մինսքի խմբի համանախագահների համար ի սկզբանէ յստակ էր նաեւ անցեալ տարուայ դեկտեմբերի 29-ի` Հայաստանի Տաւուշի մարզի Չինարի գիւղի մերձակայքում տեղի ունեցած բախումների պատճառահետեւանքային կապը: Նրանք‚ անկասկած‚ քաջատեղեակ են‚ որ հայ-ազրպէյճանական միջպետական սահմանի այդ հատուածում հայկական կողմը ստիպուած էր վճռական միջոցների դիմել` կասեցնելու համար ազրպէյճանական զինուժի խափանարար ներթափանցման փորձը:
Կարգաւորման միջազգային առաքելութեան համար բացարձակ ճշմարտութիւն է նաեւ այն‚ որ անցեալ տարուայ ապրիլեան նախայարձակումը նախաձեռնել է հէնց ազրպէյճանական բանակը` փորձելով յանկարծակի լայնածաւալ յարձակմամբ‚ այսպէս կոչուած‚ պլից-քրիկի միջոցով ջախջախել Արցախի պաշտպանութեան բանակը‚ ընդ որում` միանգամայն հեռահար նպատակով: Քաղաքական եւ մանաւանդ‚ ռազմական վերլուծաբանների գնահատմամբ, ազրպէյճանական բանակի առջեւ խնդիր էր դրուած ոչ միայն զաւթել Արցախը‚ այլեւ նրա միջով ճեղքում կատարել դէպի Հայաստանի Հանրապետութեան տարածք եւ‚ գրաւելով Սիւնիքի մարզը‚ հասնել Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութիւն ու միանալ Ազրպէյճանի զինուած ուժերի` այդտեղ տեղակայուած եւ ընդառաջ ռազմարշաւի պատրաստ համազօրային բանակին: Այդպիսով‚ ըստ Պաքուի արկածախնդրական մտայղացման‚ միանգամից կը լուծուէր տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական ընդգրկման մի քանի խնդիր‚ դրանք են` Ազրպէյճանին կը վերաենթարկուէր որպէս ինքնիշխան պետութիւն գործող անհնազանդ Արցախը‚ ծնկի կը բերուէր Հայաստանի Հանրապետութիւնը‚ Նախիջեւանը Սիւնիքի միջանցքով փաստացի կը միանար Ազրպէյճանին‚ իսկ վերջինս‚ նրա միջոցով‚ եղբայրական Թուրքիային եւ վերջապէս` սկիզբ կը դրուէր Մեծն Թուրանի ստեղծման վաղուց ի վեր ծրագրուող աշխարհաքաղաքական գործընթացին:
Անշուշտ‚ փա՛ռք հայ զինուորին‚ ով‚ անկախ այն բանից` այդ պահին զգում կամ գիտակցում էր‚ թէ ոչ` հակառակորդի ռազմավարական նկրտումները‚ կարողացաւ անձնուէր սխրանքով ի չիք դարձնել նրա այդ նենգ ու աղէտալի մտայղացումը:
Միեւնոյն ժամանակ‚ անդրադառնալով շփման գծում արձանագրուող ազրպէյճանական հրաձգութեան միջադէպերին‚ նշենք‚ որ այդ միջոցով Պաքուն փորձում է մշտական վախի ու սարսափի հոգեբանութիւն սերմանել ինչպէս դիրքապահ զինուորների մէջ‚ նոյնպէս եւ` խաղաղ բնակչութեան շրջանում‚ նրանցից առաջիններին պարտադրելով վերահաս զոհուելու‚ իսկ վերջինիս` հայրենի եզերքը լքելու տրամադրութիւն: Դրա հետ մէկտեղ‚ անընդհատ բորբոք պահելով մարտական բախումների եւ հրաձգութեան իրողութիւնը շփման գծում` Պաքուն այդ միջոցով ձգտում է միջազգային հանրութեան աչքին վարկաբեկել ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահութեանը` ապացուցելով, որ իբր թէ նրա անզօրութիւնը հաշտարար միջնորդի իր դերակատարութեան մէջ‚ հետեւապէս եւ համանախագահութեան կազմը փոփոխութեան ենթարկելու‚ այսինքն` Թուրքիային նոյնպէս այնտեղ ներգրաւելու եւ կամ միջնորդական այդ ձեւաչափը մէկ այլ միջազգային առաքելութեամբ փոխարինելու հրատապ անհրաժեշտութիւնը:
Ասել‚ թէ Ազրպէյճանի այդ մտադրութիւնները հասու չեն ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների գիտակցութեանը‚ կը նշանակէր թերագնահատել քաղաքական ու դիւանագիտական գործիչների նրանց փորձառութիւնն ու գիտելիքները: Բայց ահա տես` տարածաշրջան կատարած նրանց իւրաքանչիւր այցից եւ կազմակերպած տարբեր մակարդակի հանդիպումներից յետոյ դարձեալ ու դարձեալ նոյն կոտրած տաշտակն է յառնում‚ այսպէս ասած‚ խաղի անխտիր բոլոր մասնակիցների առջեւ: Եւ դա‚ կրկնում եմ‚ տասնամեակներ շարունակ:
Մինչդեռ‚ ինչպէս յիշում ենք‚ երբ բանակցային սեղանի շուրջ իրաւահաւասար բանակցողի իրաւունքով նաեւ պաշտօնական Ստեփանակերտն էր ներկայ‚ խնդրի լուծումը դրական տեղաշարժեր էր արձանագրում: Խօսքիս ցայտուն ապացոյց կարող են ծառայել 1994-ի մայիսեան‚ ապա եւ հետագայ համաձայնագրերը հրադադարի հաստատման ու պահպանման վերաբերեալ: Այդ առումով‚ անշուշտ‚ պատահական չէր ԵԱՀԿ նոյն թուականի Պուտափեշտի գագաթնաժողովի ընդունած եզրափակիչ յայտարարութեան դրոյթն առ այն‚ որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է հակամարտութեան լիիրաւ կողմ: Սակայն 1998 թուականից ի վեր կարծես թէ չեղեալ յայտարարուեց այդ պատմական փաստաթղթի հրամայականը‚ եւ Լեռնային Ղարաբաղը դուրս մղուեց բանակցային սեղանից: Երեւի թէ պէտք է խոստովանենք‚ որ այդ ցաւալի իրողութիւնը ոչ միայն Պաքուի յամառ‚ նպատակասլաց ջանքերի արդիւնքն էր: Այո՛‚ այդտեղ առկայ է նաեւ մեր` հայերիս‚ մեղքը‚ երբ առանց լրջօրէն‚ համակողմանի կշռադատելու‚ ցաւօք‚ միաբեւեռ դարձրինք հայկական ներկայութիւնը բանակցային սեղանի շուրջ: Հետեւանքները‚ չմանրամասնեմ‚ ակնյայտ են:
Բայց‚ բարեբախտաբար‚ պատմութիւնը նաեւ կրկնուելու‚ այսպէս ասած` ի շրջանս իւր գալու յատկութեամբ է օժտուած: Մեր պարագայում խօսքս վերաբերում է բանակցային սեղանի շուրջ պաշտօնական Ստեփանակերտի վերադարձի հաւանականութեանը‚ ինչին վերջին տարիներս յաճախակի են անդրադառնում կարգաւորման միջնորդական առաքելութեան մասնակիցները` մերթ դիւանագիտական տողատակով‚ մերթ` բացայայտ շեշտադրմամբ: Վերջին նման անդրադարձը‚ երեւի յիշում էք‚ կատարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերկէյ Լաւրովը` լրագրողների հետ ճեպազրոյցի ընթացքում յայտարարելով‚ որ Լեռնային Ղարաբաղը պէտք է բանակցային կողմ դառնայ: Մէջբերում եմ նրա խօսքը. «Այո՛, Լեռնային Ղարաբաղը պէտք է բանակցութիւնների կողմ դառնայ: Ես դա միշտ եմ յայտարարել»: Ուշադրութիւն դարձրէք Լաւրովի հաւաստմամբ` նա այդ մասին միշտ է յայտարարել: Բնականաբար յայտարարել է‚ առաջին հերթին‚ Ֆրանսայի եւ Միացեալ Նահանգների ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահ միւս երկրների իր գործընկերների` արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարների ներկայութեամբ‚ բանակցային գործընթացի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ: Դատելով համանախագահութեան ֆրանսացի եւ ամերիկացի դեսպանների տարբեր առիթներով կատարած յայտարարութիւններից` նրանք նոյնպէս‚ զգալով բանակցութիւններին պաշտօնական Ստեփանակերտի անմիջական մասնակցութեան անհրաժեշտութիւնը‚ համամիտ են այդ գաղափարին: Բնականաբար խնդրին համաձայն է նաեւ Հայաստանը: Բանը միայն Ազրպէյճանի կամակորութեան մէջ է‚ ինչը‚ կարծում եմ‚ եթէ ոչ մօտ ապագայում‚ ապա վաղ թէ ուշ կը յաղթահարուի: Մանաւանդ‚ առկայ են նախադէպերը: Ահա Մոլտովայի նորընտիր նախագահը վերջերս հանդիպում է ունեցել Մերձտնեսթրի Մոլտովական Հանրապետութեան ղեկավարութեան հետ` քննարկելով քառորդ դարից ի վեր չարչրկուող մոլտովո-մերձտնեսթրեան հակամարտութեան կարգաւորման խնդիրները: Նոյնը‚ ելնելով վերջին տեղեկութիւններից‚ հակուած են կատարել նաեւ Վրաստանի իշխանութիւնները` չբացառելով իրենց առաջիկայ առերեսումը հարաւօսական եւ աբխազական ղեկավարութեան հետ:
Անկախ այն բանից‚ թէ ինչ ընթացք կը ստանան նման երկխօսութիւնները‚ այնուամենայնիւ‚ դրանք փաստօրէն կարելի է արձանագրել որպէս առաջընթաց այդ տարածաշրջաններում ազգային ինքնորոշման հողի վրայ առաջացած հակամարտութիւնների վերջնական կարգաւորման հեռանկարում: Ընդ որում‚ չեմ կարծում‚ թէ նշուած միտումներն ինքնահոս իրողութիւններ են: Չբացառենք‚ որ դրանց տողատակում առկայ է նաեւ միջազգային պարտադրանքի գործօնը‚ ինչը‚ յուսանք‚ ի վերջոյ կը գործի նաեւ յամառօրէն կոշտ‚ աւելի՛ն, ռազմատենչ‚ ուժային կիրառման դիրքորոշում որդեգրած Պաքուի պարագայում:
Բայց‚ արդեօք‚ մօտակայ ժամանակաշրջանում տեսանելի՞ է Ազրպէյճանին սթափեցնելու եւ իրատեսութեան մղելու այդ պարտադրանքը: Ռուսաստանցի քաղաքագէտ Ալեքսանտր Սքաքովի տեսակէտով` առայժմ ոչ: Կարծում եմ‚ ասել է նա‚ յաջողութեան կարելի է հասնել միայն Պաքուի վրայ բոլոր հիմնական խաղացողների` Միացեալ Նահանգների, Ռուսաստանի եւ Եւրոպայի միութեան համաձայնեցուած ճնշմամբ: Այժմ նման համաձայնեցուած ճնշման պայմաններ տեսանելի չեն:
Ստեփանակերտ
Յատուկ «Ազդակ»-ի համար