ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող խոշորացման գործընթացները, որոնք տեղի են ունենում դաշինքների ձեւաւորման կամ մէկ կուսակցութեան մէջ մանրերի տարրալուծման տեսքով, հետապնդում են մի պարզ նպատակ` անցնել խորհրդարան եւ առնուազն ստանալ այնքան մանտա, որ հնարաւոր դառնայ ՀՀԿ-ին զրկել բացարձակ մեծամասնութիւնից, իշխանութիւնից: Այդ հնարաւորութիւնը կը ստեղծուի նոյնիսկ ոչ թէ այն դէպքում, եթէ որեւէ ուժ 54 տոկոս քուէ ստանայ, այլեւ այն դէպքում, եթէ կարողանան թոյլ չտալ ՀՀԿ-ին` ստանալ 49 տոկոսանոց արդիւնք: Այդ դէպքում ընդդիմադիրներն իրենք կարող են քոալիսիոն ձեւաւորել, ԱԺ մեծամասնութիւն ունենալ եւ կառավարութիւն ձեւաւորել: Գործընթաց, որն ինքնին իշխանափոխութիւն է:
Ակնյայտ է, որ եթէ նման արդիւնք ստանալն իրատեսական չհամարուէր, ներկայիս դաշինքամանիան դժուար թէ նման ծաւալներ ունենար: Իսկ այդ իրատեսականութիւնը պայմանաւորուած է երկու գործօնով: Առաջինը նախորդ տարի կայացած` Գիւմրու եւ Վանաձորի ՏԻՄ ընտրութիւններն էին, որոնք, ըստ նոր ընտրական օրէնսգրքի, կայացան գրեթէ այն ընթացակարգով, որը պէտք է գործի խորհրդարանական յառաջիկայ ընտրութիւնների դէպքում: Հէնց այդ պատճառով էին ի սկզբանէ դրանք համարւում ԱԺ ընտրութիւնների «մաքեթը» կամ փորձարկումը: Իսկ ինչի՞ յանգեցրեց այդ փորձարկումը` որ Գիւմրու աւագանիում ՀՀԿ-ն մեծ դժուարութեամբ կարողացաւ մեծամասնութիւն կազմել, իսկ Վանաձորում իրավիճակն այնքան բարդ է, որ աւագանիում խմբակցութիւններ ձեւաւորած ուժերից երեքի միաւորման արդիւնքում արդէն ամիսներ շարունակ հնարաւոր չի դառնում աւագանու նիստեր հրաւիրել: Այսպիսի պատկեր հնարաւոր չէր անգամ երեւակայել նախկին սահմանադրութեան եւ ընտրական նախկին օրէնսգրքի պարագայում: Եւ այս արդիւնքը հասկանալի դարձրեց, որ թէեւ խորհրդարանական կառավարման համակարգը նաեւ որոշակի ռիսքեր է պարունակում, բայց այն լուծում է պահի ամենակարեւոր խնդիրներից մէկը` տալիս է համակարգ փոխելու հնարաւորութիւն:
Երկրորդ գործօնը ՀՀԿ-ից որոշակի մարդուժի արտահոսքն է, որը նրա կարողական մրցակից ուժերը որակում են իբրեւ իշխանական բեւեռի դիրքերի թուլացում: Չափազանց անառողջ տարրեր պարունակող այդ գործընթացը եւս ուղղակի խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու «կողմնակի ազդեցութիւններից» է: Բանն այն է, որ 2018-ից վերանում է քաղաքական իշխանութեան երրորդ` մինչ այժմ եղած ամենաուժեղ բեւեռը` նախագահի հաստատութիւնը: Չի լինելու ուժային այն կեդրոնը, որը, անկախ նրանից, թէ Աժ-ում քաղաքական ուժերի ինչպիսի յարաբերակցութիւն կը ձեւաւորուի, կը մնայ քաղաքականութեան թելադրողն ու իշխանութեան իրական կրողը: Սա համարձակութիւն է տալիս անգամ իշխանութեան թեւի կեդրոնախոյս ուժերին կամ անհատներին` տեղափոխուել նաեւ այլ դաշտեր:
Բացի դրանից, Աժ-ում մօտ 20-30 տոկոսով նուազում է պատգամաւորական տեղերի թիւը: Դա ոչ միայն ընտրութիւններին մասնակցող ուժերի միջեւ է մեծացնում մրցակցութիւնն ամէն տեղի համար, այլեւ առաջին հերթին այդ ուժերի խմբերում` ցուցակի անցողիկ տեղերը զբաղեցնելու եւ վարկաչափային կարգով առաջադրուելու համար: Եւ պարզ է, որ բոլորի ախորժակը բաւարարել հնարաւոր չի լինելու, ինչից էլ առաջանալու է դժգոհների, «խաղից դուրս» մնացողների որոշակի զանգուած` յանգեցնելով իշխանութիւնից արտահոսքի:
Ամէն ինչ առաջին հայեացքից թուում է օրինաչափ: Սակայն իրականում ստեղծուել է տարակարծական մի իրավիճակ: Սահմանադրական նոր կարգի, կառավարման նոր մոտելի ստեղծած այս հնարաւորութիւններից ամենակատաղի ձեւով փորձում են օգտուել այն անհատներն ու ուժերը, որոնք ընդամէնը մէկ-մէկուկէս տարի առաջ նոյն կատաղութեամբ դէմ էին արտայայտւում սահմանադրական փոփոխութիւնների նախաձեռնութեանը, խորհրդարանական համակարգի ներդրմանը: Օրինակ` ներկայումս դաշինք ձեւաւորող «Համախմբում» կուսակցութեան ղեկավար Վարդան Օսկանեանը 2015-ին 10 պատճառ էր բերում, թէ ինչու չի կարելի սահմանադրութեան նոր խմբագրութեանը կողմ լինել, որոնց թուում առաջինը համոզուած պնդումն էր, թէ` «այս ամէնն արւում է մէկ մարդու, մէկ քաղաքական ուժի` իշխանութիւնը պահելու յաւակնութիւնները բաւարարելու համար»: Այս տեսակէտը ատամներով պաշտպանում էր նաեւ ներկայումս միւս դաշինքային բեւեռը կառուցող Գագիկ Ծառուկեանը` յայտարարելով, թէ երկիրը ոչ թէ սահմանադրական փոփոխութիւնների կարիք ունի, այլ ընկերային-տնտեսական համակարգային փոփոխութիւնների: Նոյն տեսակէտն ունէին «ելքէ դաշինքի մէջ մտած «քաղաքացիական պայմանագիրէ եւ «հանրապետութիւնէ կուսակցութիւնները, անգամ` խորհրդարանական համակարգի ներդրումն իր ծրագրային համոզմունքը համարող նախկին ՕԵԿ-ը կամ ներկայիս «հայկական վերածնունդը», որի առաջնորդը հիմա յայտարարում է, թէ իրենք ԱԺ ընտրութիւններում յաղթանակ տանելու, ասել է թէ` իշխանութիւն ձեւաւորելու ամենափայլուն շանսերն ունեն:
Բայց տարակարծութիւնն անգամ իրենց համար մերժելի փոփոխութիւնների «պտուղներից» օգտուելու` այս «խիստ սկզբունքային» ուժերի ինքանամոռաց ձգտումները չեն, այլ այն, որ նոյնիսկ հիմա չեն ուզում խոստովանել, որ սխալուել էին, եւ որ հէնց նոր համակարգն է տալիս Հայաստանում համակարգային իշխանափոխութիւն իրականացնելու` գուցէ միակ իրական հնարաւորութիւնը` անկախ նրանից, թէ «համակարգային»-ի տակ ո՞վ ի՛նչ է հասկանում: Դրանք այն ուժերն են, որոնք ՀՅԴ-ին, ըստ էութեան, քաղաքական ներկայիս դաշտում խաղացող միակ ուժին, որը, նոյնիսկ իշխանութեան մէջ մտնելով, քաղաքական վնասներ կրելու գնով գնաց խորհրդարանական համակարգի ներդրման` իր սկզբունքային ծրագրային նպատակի իրականացմանը, մեղադրում էին ՀՀԿ-ական իշխանութեան վերարտադրումն սպասարկելու մէջ: Հիմա այդ տղերքին մնում է հարցնել` ինչպէ՞ս հասկանալ` դո՞ւք էլ էք այդ գործին լծուել, թէ՞ ձերը մի ուրիշ տեսակի սկզբունքայնութիւն է, որը սնւում է ամենամատչելի աղբիւրից` ամբոխավարութիւնից, եւ որն իր ձեռքերը տաքացնում է այլոց, տուեալ դէպքում` ՀՅԴ-ի վառած կրակին: Հիմա ձեր այդ «սկզբունքայնութի՞ւնը» աւելի շատ մօտեցրեց ձեր ցանկալի իշխանափոխութիւնը, տուեց այդ յոյսը, թէ՞ այն, ինչի անհրաժեշտութիւնը շեշտում էր ՀՅԴ-ն եւ ինչի յետեւից գնաց: