ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆԵԱՆ
Սպարտակ Ղարաբաղցեան` «Արեւի բնակավայր»: Սկսում եմ կարդալ` «Բազմալեզու մի մեծ ընտանիք էր յիշեցնում մեր Հին թաղը…»: Կանգ առնել այլեւս հնարաւոր չէ, ոչ էլ` արագ-արագ շրջել էջերը, առաւել եւս` փակել այն իր երեսի վրայ: Շարունակում եմ կարդալ` առանց կանգ առնելու, սրտխփոցի արագացումով, կարդում եմ մինչեւ վերջ ու լռում: Լռութիւնս երկարում է: Մտաբերում եմ իմաստուն խօսքը` «Ջուրը մտնողը թրջուելուց պէտք չէ վախենայ»: Սրտապնդւում եմ` մտածելով, որ «Արեւի բնակավայր» մտնողը լոյսից պէտք չէ վախենայ: Այդպէս էլ` աշխարհը ղեկավարողների խաղի կանոնների վրայ Սպարտակ Ղարաբաղցեանի բռնած լուսարձակի ներքոյ եւ իմ լռութեան հետ մտնում եմ «Արեւի բնակավայր»: Սպարտակն այդ բնակավայրի մասին ասում է` «Մեր Հին թաղը»: Այստեղ միտքս կտրւում է արեւից, լոյսից ու Սպարտակի լուսարձակից, եւ ինձ բռնում եմ աշակերտական իմ նստարանի առաջ, յետոյ` ուսանողական լսարանում, յետոյ` գիր ու գրականութեան մէջ, եւ այդ ողջ ճանապարհին ինձ ուղեկցում է հնամաշ վերարկուով համեստ մի մտաւորական` Միքայէլ Յովհաննիսեանը` նոյն ինքը Նար-Դոսը: Նար-Դոս, եւ «Մեր թաղը»: Այս արտայայտութեան գցած ճանապարհով անցել են նրանք, ովքեր գրաճանաչ են դարձել սկսած 20-րդ դարի սկզբներից: Այս ճանապարհով անցնողները, երբ մտել են թաղի տներից որեւէ մէկը, թախիծը խեղդել է նրանց, ինչպէս ճահիճն է խեղդում` քաշելով իր խորքերը:
Ինձ եւս չի շրջանցել նարդոսեան տրամադրութիւնը, եւ հիմա, երբ մտել եմ «Արեւի բնակավայր», հասկացայ, որ աշխարհում խոշոր խաղացողներ կան, որոնք խաղում են «թաղեր» կոչուող խաղաքարտերով: Այդ խաղի ու խաղաքարտերի մասին է Սպարտակ Ղարաբաղցեանի ժողովածուն: Գրականութիւն, որն իրաւամբ համարում եմ «Մեր թաղը» մատենաշարային գրականութեան երկրորդ հրատարակութիւնը` Նար-Դոսի գրականութիւնից յետոյ:
«Արեւի բնակավայր» թաղում, սակայն խաղի կանոններով խաղացողների համար թախիծն արդէն խեղդող ճահիճ չէ, այլ լուսաւոր ճիչ` երեսով դէպի կանոններ յօրինողներով: Վերջիններս այնպէս են շշմեցրել բնակավայրի բնակիչներին` կօշկակար Պօղոսին, սրճեփ Ասատուրին, վարժարանի օրիորդ Շաղիկին, գրագէտ Յակոբին ու նրանց շուրջը բոլոր եղողներին, որ սրանք տրուել են խաղի այն կանոններին, որոնք վերաբերում են «ուրիշներին շէնացնելը», «Գորգի պէս ուրիշներու ոտքի տակ փռուելը» եւ այլն, եւ այլն: Ահա թէ մեծ խաղի ո՜ր խաղաքարտերն են եղել մերոնց ձեռքին: Հիմա Սպարտակի լուսարձակը բռնել է այն պահը, երբ հալէպահայ Վազգէնն իր խանութում ընդունած հիւրին է դիմում` ձայնի մէջ վիրաւորանք, բարկութիւն, ցաւ ու ափսոսանք: «Մե՜ր, մեր խաղալու ժամանակը չեկաւ՞, Յակո՛բ…»:
Հարցը բարձրաձայնուած է, եւ բարձրաձայնողները «Արեւի բնակավայր» կոչուող Հին թաղի բնակիչների` Սպահանից այստեղ ներգաղթած Սերոժենց, Արժանթինից` քեռի Լեւոնենց, Աթէնքից` Զմբոյանների, Քեսապից` տիկին Մարթայի, Ֆրանսայից` Պոյաճեանների ընտանիքի եւ «Արեւի բնակավայրի» շատ այլ բնակիչների արիւնն իրենց երակներում ունեցողներն են:
Հարցն արդէն բարձրաձայնուած է, բայց մինչ այդ, ահա Արեւի բնակավայր Հին թաղը հոլովուում է երկնաշող արեւի տակ` Սպարտակ Ղարաբաղցեանի` գրիչ դարձած լուսարձակ մտքի, յիշողութիւն կոչուող նկարահանող անփոխարինելի երեւոյթի ներքոյ: Որքան էլ Պիլ Կէյթցը (եթէ ճիշտ եմ ասում անունը) փորփրի յիշողութիւն կոչուող երեւոյթը նրա ծալքերի տեխնիկան ընդօրինակելու համար, միեւնոյն է` աւելի հզօր ու մեծահարուստ է Սպարտակ Ղարաբաղցեանը, քանի որ նրա յիշողութեամբ արուած «Արեւի բնակավայրի» տեխնիկայի գաղտնիքներին աշխարհարար Աստուած միայն հայոց է առանձնաշնորհել:
Սպարտակ Ղարաբաղցեանի յիշողութիւնը դասաւորում ու վերադասաւորում է հին թաղի բնակիչներին` իրենց արեւային բնակավայրում` աշխատելով բաց չթողնել հասուն մանրամասները, իր սրտի ջերմութեան մէջ թաթախելով սիրելի դէմքերի` վարպետօրէն գծագրուած պատկերները:
Տասնեակ տարիների հեռուից, երբ հեղինակի հրաւէրով ինքդ էլ մտնում ես նրա արեւային գրուածքի բացուած դռնով ներս, տեսնում ես նրան, որ առաջին իսկ նկարագրութիւնից մինչեւ վերջինը իր հետ տանում է «մի տոպրակ հող»: Եթէ հարցնես, թէ ի՞նչ է տանում, կը լսես նրա անվարան պատասխանը` «Կարօտ… յիշողութիւն… արգելուա՞ծ է…»: Հեղինակը տանում է իր այդ քաղցր բեռը` չնայելով որեւէ խաղի, խաղաքարտերի ու խաղի կանոնների: Նա իր քաղցր բեռի տէրն է, որն առել է թեթեւացնելու համար հին թաղի բնակիչների ուսերի բեռը:
Սպարտակ Ղարաբաղցեանի «Արեւի բնակավայրը» Երեւանն է` տուն դարձած իր հարազատներով, հայութեան ու հայկականութեան տիպական կերպարներով, որոնց տրուած` «ներգաղթողներ», «հայրենադարձներ», «ախպարներ» անունները լոյսի շողեր են` իջած նրանց վրա, շրջանակներ, որոնց մէջ ամփոփուած տրոփում են օրհասական օրերի ժառանգների ազնուագոյն սրտերի բեկորները: Իսկապէս «Տաքուկ, մեղուի փեթակ յիշեցնող մի պճեղ Հայաստան» կայ այնտեղ, որտեղ այդ բեկորներն են: Սպարտակը վերցնում է իւրաքանչիւրին, գրկում հին հարազատի պէս, լուսարձակը պտտում նրա իւրաքանչիւր կողմի վրայ, որովհետեւ իւրաքանչիւր ամենանուրբ կողմն անգամ արժէք է, բարոյական արժէք:
Վերջապէս «Արեւի բնակավայրն» այն է, ինչ գրականութեան ու գրականագիտութեան մէջ որակւում է որպէս իրականութեան ճշմարտացի նկարագրութիւն, ակնարկագրութիւն, լրագրողական արհեստավարժութիւն եւ այլն: Մի խօսքով, այն, ինչ ասում է` ահա ես, դու եւ մենք` առանց երեւակայութեան չարչրկումների, հանելուկային տողատակերի, նմանակումների, …իզմերի… Անգամ, եթէ փորձ կայ վերանալու իրականութիւնից, հակառակ ճանապարհով, բայց կրկին վերադառնում ես նոյն իրական աշխարհը.
«Ո՞վ ես…
– Քո յիշողութիւնն եմ,- պատասխանեց հայելուց նայողը:
– Անունդ ի՞նչ է,- շշուկով հարցրեց Սահակիչը:
– Սահակ,- ժպտալով պատասխանեց արտացոլանքը…»:
Ի հարկէ, հեքիաթի ժանրից չէ այս ամէնը, այլ աւելի քան իրականութիւն է, որովհետեւ արմատների յիշողութեան մասին է, իսկ արմատների յիշողութիւնն իրականութեան արմատն է: Այդ արմատների վրայ է բացուած աշխարհի խոշոր խաղացողների խաղասեղանը: Այս դէպքում խաղասեղանը դրուած է «Արեւի բնակավայրում», որտեղ խաղաթղթերն աջ ու ձախ պտտող խաղացողների շուրջը հաւաքուածները Քեսապի, Հալէպի, Դամասկոսի, Արեւմտեան Հայաստանի, մի խօսքով, հայի` օրհասից փրկուած բեկորների զաւակներն են: Նրանք բոլորը մի իւրայատկութիւն ունեն. հանդիպում են, կարօտում, փաթաթւում, հիւրասիրում իրար, ու սկսւում է վէճը, որ դարձեալ կարօտի մասին է, իրարով աւելի լաւ ու շէն ապրելու, խաղի մէջ մտնելու, լաւագոյն խաղաքարտն ունենալու մասին:
«Արեւի բնակավայրը» Երեւանն է` տուն դարձած իր հարազատներով, որոնցից ոչ միայն բառ ու բանի հոտ ես առնում. անգամ օծանելիքի, սուրճի, ուրցի բոյրն է բարձրանում տողերի միջից:
«Արեւի բնակավայրը» Սպարտակ անունով տղեկի մանկութեան տունն է, ուր նա վերադարձել է երկար ճամբորդելուց, որպէսզի իր կարօտած սրտին սեղմի իր մանկութեան մէջ անխաղաքարտ խաղացող «երեւելիներին»:
Նրանց հանդիպումն առաւել քան ջերմ է, սրտառուչ, խօսուն, տեսանելի. ասես, ճիշդ ափիդ մէջ, նոյնիսկ ոչ թէ ափիդ, այլ հէնց քո սրտում, որն արեւաթաթախ է դառնում նրանց այդ հանդիպումից:
Ահա «Մեր թաղը» մատենաշարի երկրորդ հրատարակութիւնը, որը դուրս է եկել թաղի շրջանակից, գնացել նրա բնակիչներին ծանօթ աշխարհի արահետներով եւ վերադարձել նրանց պաշտելի յուշերի մասունքներով: Այն իր հետ մի տոպրակ հող ունի:
Սպարտակ Ղարաբաղցեանի «Արեւի բնակավայրի» մուտքի մօտ անտեսանելի մի կամար կայ, որտեղ գրուած է` «Արմատը հողով է կենդանի»: Եր՞բ է գրուելու «Մեր թաղը» մատենաշարի երրորդ հրատարակութիւնը, եւ ո՞վ է լինելու նրա հեղինակը, անշուշտ, չեմ կարող ասել, բայց մի բան պարզ է. այն սկսուելու է Սպարտակ Ղարաբաղցեանի հին թաղի բնակիչների կիսատ թողած խաղից:
Իմ ցանկութիւնն է` առանց մայրամուտի կեանք` «Արեւի բնակավայրին», եւ նրա լոյսի վրայ աւելացուած լոյսի առատութիւն` «Մեր թաղը» մատենաշարի հետագայ գրուածքներին:
Երեւան, 2016 թ. հոկտեմբերի 3