ԹԱՄԱՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Արուեստագիտութեան դոկտոր
Օրերս Երեւանում նշւում է անուանի արձակագիր, հրապարակագիր Ալիս Յովհաննիսեանի ծննդեան 70-ամեակը: Ալիս Յովհաննիսեանը երկար տասնամեակներ իր բազմաբեղուն (արձակագիր, հրապարակագիր, մշակութաբան, մանկավարժ, Հայաստանի Գրողների միութեան արձակի բաժանմունքի վարիչ) ազգանուէր գործունէութեամբ իր ուրոյն տեղն ունի ներկայիս հայ մշակութային կեանքում:
Հայաստանի Գրողների միութիւնում կայացած յոբելենական միջոցառման ուշադրութեան կենտրոնում էր նաեւ Ալիս Յովհաննիսեանի վերջերս հրատարակուած «Ամենակարգին մարդիկ եւ ագռաւները» ժողովածուն, որն իր իւրօրինակ բովանդակութեամբ եւ գեղարուեստական մակարդակով արդէն իսկ նուաճել է մասնագէտների եւ ընթերցասէրների ուշադրութիւնն ու ակնածանքը: Գրքում ամփոփուած են հեղինակի «Տարեդարձ» վիպակը եւ մի քանի պատմուածքների ընտրանի: Դրանց հերոսների մասին հեղինակը ուշագրաւ եւ ինքնօրինակ բնորոշում է զետեղել գրքի նախաէջում. «Այս վիպակի եւ պատմուածքների հերոսները երբեւէ չեն մտածել հերոսանալու մասին, բայց մարդիկ են` երբեմն աղճատուած, շեղուած ճակատագրերով, երբեմն` իրենց ոտքերի ու համոզմունքների վրայ հաստատուն կանգնած: Եւ միշտ կեանքի լոյսն են փնտռում»:
Չափազանց ուշագրաւ է Ալիս Յովհաննիսեանի այս ժողովածուի համար գրուած եւ դրա առաջին էջերում զետեղուած մեր ժամանակի մեծարգոյ մտաւորական, անուանի գրող, մշակութային-հասարակական գործիչ, Հայաստանում Համազգայինի միութեան հիմնադիր, ի ցաւ ամէնքիս` վերջերս Յաւերժի ճամբորդ դարձած Ռուբէն Յովսէփեանի առաջաբանը: Սիրով ներկայացնում ենք այն մեր ընթերցողին` «Ալիսն իրական եւ յիշողութեան երկրում» խորագրով.
«Մի զրոյցի ժամանակ Ալիսն ասաց, որ հէնց բացում է լուսամուտը եւ դուրս է նայում, տասնեակ սիւժեներ են քլթքլթում դրսում: Գրական-դասական առումով դրանք սիւժեներ չեն, մի կարգին ո՛չ սկիզբ ունեն, ո՛չ աւարտ, մշակման, իմաստաւորման կարիք էլ չեն զգում, այնպիսին են, ինչպիսին կան եւ դու լինես, թէ չլինես, լուսամուտդ բացես, թէ չբացես` նրանք կան, քլթքլթում են դրսում: Հաւանես, թէ ոչ, դառն է, թէ քաղցր` կեանք է, ժամանակագրութամբ քեզ բաժին ընկած կեանք, որ արագահոս է դարձել, բազմատեսք ու բազմաձեւ: Մինչ փորձես նոր տեսք ու ձեւ տալ, կեանքն ինքն է քեզանից առաջ ընկնում: Եւ կարծես սրբապիղծ կամ անիմաստ մի բան է դառնում միջամտութիւնը, շտկումը, վերաստեղծումը: Տեսէ՛ք, թէ կեանքի այս քլթքլթոցի միջից ի՜նչ կերպարներ է որսացել Ալիսը. Վանոյին, ում աղունիկները սատկեցին փակուած աղաւնաբնում, որովհետեւ աղունիկը ոչ միայն կուտ ուտելու համար է ծնուել, այլեւ` ճախրելու…
Որսորդ Նելսոնին, ով իր որսած հարիւր ճնճղուկներից պատրաստած հարիսայով հիւրասիրեց օլիգարխին, ում կոկորդին, սակայն, մնաց ճնճղուկի «շատ նուրբ ու սուր ոսկրիկը», որ հարիսան խառնելիս չէր նկատուել: Օլիգարխը հիւանդանոց ընկաւ եւ երկար տանջուելուց յետոյ աւանդեց հոգին: Այնինչ, պիտի Նելսոնենց փողոցը ասֆալթապատեր, գիշերային լուսաւորութիւն ապահովէր, հարեւաններից մէկ-երկուսի վառելափայտի հարցը լուծէր… Մարիամին, Գագոյին, Արեւաշող մայրիկին, Ֆելոյին, ծաղրածու Ֆելոյին, ռեփ պարող Ֆելոյին, գոյնզգոյն փուչիկներ վաճառող Ֆելոյին, ով մի անգամ, ընդամէնը մի անգամ յայտնուեց Ալիսի փողոցում եւ այլեւս չմոռացուեց… Ջրանցքի, հանրակացարանի մարդկանց…
Այս բոլորին յօրինել կը լինէ՞ր: Եւ ինչո՞ւ յօրինել, երբ նրանք կային, կան, ապրում են իրենց լաւ ու վատ կեանքը` չակնկալելով, որ ոեւէ մէկը պիտի բաց անի լուսամուտը եւ նկարի իրենց… թերեւս նրանց նկարեն, նկարեն նաեւ այլ լուսամուտ բացողներ, սակայն այն գրառումը, որ կատարել է Ալիսը յիշողութեան երկիր մտնելիս, միայն ինքը կարող էր, եւ միայն իրեն էր տրուած այդ շնորհը:
Ինձ թւում էր` ճանաչում եմ Ալիս Յովհաննիսեանին: Մարդկային մեր ծուլութիւնը, կողքիդ ապրողի նկատմամբ հետաքրքրութեան օրէցօր նուազման արատը, անշուշտ, արել են իրենց սեւ գործը, ստեղծել ճանաչողութեան, իմացութեան, տեղեկատուութեան կիսատ-պռատ մի վիճակ, ինչին սկսել ենք վարժուել, ինչը դարձրել ենք օրէնք եւ բաւարարւում ենք մօտաւորով, «թուացեալ»-ով: Խնդիրը, սակայն միայն սա չէ: Որքան էլ ես չծուլանայի, որքան էլ հետաքրքրուէի Ալիսով, միեւնոյն է, իրեն ճանաչել տալու համար նա պարտաւոր էր գրի առնել «Տարեդարձը»: Եւ երիցս իրաւացի էր Ալիսի մայրը` ասելով. «Կը ներես, ատ գիտելիքդ մէկ րոպէով կրնա՞ս մէկ կողմ դնել: Բան մը ունիմ ըսելիք: Ատ ապուշ-ապուշ բաները գրելուդ տեղը, հազար անգամ ըսած եմ, Պուլկարիայէն սկսած մինչեւ Հայաստան գալերնիս, մեր կեանքը գրէ»: Եւ յետոյ. «Ե՛ս գրող պիտի ըլլայի: Իբր թէ գրող աղջիկ ունեցանք»:
Բայց նա չգիտէր, որ Ալիսն արդէն հասել էր այդ մտքին: Ոչ միայն հասել, այլեւ լեցուն էր այդ կեանքով: Մայրը չգիտէր, որ Ալիսն իր մէջ կուտակել էր թանկարժէք հատիկներ ամէն օր պատմուած երազներից, յիշողութիւններից… «Երբ ես ու դու խուժեցինք Քասապովայի տան բակը, կարծում էիր, թէ առանց քո բացատրութիւնների ոչինչ չեմ հասկանայ, բայց այդպէս չեղաւ: Ուզում էիր կաշուիցդ դուրս գալ, որ զգացմունքներիդ տեղ-տեղ փոշիացած փշուրները անխաթար տեղափոխես իմ մէջ… բայց ներգաղթելիս, կամ աւելի կիրթ` հայրենադարձուելիս, երբ «Անիվա» շոգենաւով, յետոյ Պաթումիից երկաթուղիով, ապահովաբար փորիկիդ մէջ նստած ճամբորդում էի, գալիս էի մի ծնուելու վայրը` Լենինական (այժմ Գիւմրի), արդէն քո արեան հետ ինձ էին անցնում կորած ծննդավայրդ, Դանուբի ջրերի հետ քո մէջ շրջանառուած երիտասարդութիւնդ… Քո, հօրս երիտասարդութիւնը աւարտին հասաւ հէնց այդ
ճամբորդութեան մէջ` խորհրդային հայրենիքի վրայ դեռ ոտք չդրած: Միանգամից վրայ հասաւ հասունութիւնը, երբ նաւարկող բոլոր հայրենադարձուողներին կարգադրուեց իրենց հետ վերցրած ճերմակ հացի բոքոնները ծովը նետել եւ, փոխարէնը, անհասկանալի սեւ ճմուռներ բաժանեցին: Բայց ես փորիկիդ ներսից լաւատեսութեան կոչող հարուածներ էի տեղում…»:
Իմաստուն մայրը սա չգիտէր… Ես էլ, մենք էլ չգիտէինք ու չէինք իմանայ, եթէ Ալիսը չհամարձակուէր մտնել յիշողութեան երկիր…, այսպիսինն է Ռուբէն Յովսէփեանի` Ալիսի գրքի առաջաբանը:
Յոբելենական միջոցառմանը Հայաստանի Գրողների միութեան նախագահ Էդուարդ Միլիտոնեանը, անդրադառնալով Ալիս Յովհաննիսեանի արձակին, առանձնացրեց հեղինակի վերջին` «Ամենակարգին մարդիկ ու ագռաւները» գիրքը, որի յիշողութեան խաչաձեւումներում, կենսագրական փաստերով կենսագրական նիւթի մէջ շաղախուած անցեալի, ներկայի, դիտարկումներում, ըստ նրա, մնում է արձակագրի սուր հայեացքը: «Այսօրուայ արձակի մէջ քեզ նման ամուր, խորքային, աւանդական հայ կնոջ, բայց ժամանակակից հայ արձակագրի միտուածքով գործեր ես ստեղծում», ամփոփեց Էդուարդ Միլիտոնեանը:
Բանասիրական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսէօր Սարգիս Մխիթարեանը անդրադառնալով Ալիս Յովհաննիսեանի «Ճիւղեր, տերեւներ» վէպին` նշեց. «Ստեղծագործութիւնը շարադրուած է այնպէս, որ թւում է, թէ գործ ունենք օրագրային շարադրանքի հետ, սակայն օրագրային լինելուց զատ, այն ձեռք է բերում պատմական յատկանիշներ, որին գումարւում են երեւակայական-յօրինուածքային ինչ-ինչ դրսեւորումներ այն իմաստով, որ կերպարները երկակի դրսեւորում են ունենում»:
Հայաստանի Գրողների միութեան քարտուղար, գրականագէտ Պետրոս Դեմիրճեանի կարծիքով, Ալիս Յովհաննիսեանը, ետ նայելով, պէտք է գոհունակութեան զգացում ունենայ, որովհետեւ հեղինակ է մէկ տասնեակից աւելի գրքերի` ոչ միայն գեղարուեստական, այլեւ տեսական հրապարակումների` մասնաւորապէս Րաֆֆուն նուիրուած շարքը: «Նրա հայեացքը հորիզոնական ուղղութեամբ չի ընթանում, նա ոչ թէ պատմութիւններ է պատմում, այլ ամէն մի պատմութեան տակ ինչ-որ ընդհանրացում կայ», ասաց Դեմիրճեանը եւ յաւելեց, որ Ալիս Յովհաննիսեանը ունի երկրի, ազգի, պատմութեան ջիղն զգալու կարողութիւն:
«Ալիս Յովհաննիսեանի մեծագոյն արժէքները ես տեսնում եմ մեր ժամանակները իր հոգում նոյնացնելու, զտելու, վերապրելու, ուժի մէջ», ասաց գրականագէտ Սուրէն Դանիէլեանը: Ապա անդրադառնալով «Լենինական, Կումայրի, Գիւմրի» վէպին` նկատեց, որ Ալիս Յովհաննիսեանը իր սիրելի գրողի` Րաֆֆու նման կարողանում է գտնել ու ճանաչել մարդուն: «Ալիսը գնում է դէպի հերոսների մէջ մարդկայինի աւազանը կերտելու ուղին», ամփոփեց Սուրէն Դանիէլեանը: «Ալիս Յովհաննիսեանի արձակը նոր գեղագիտութեամբ եւ դասական արձակի լաւագոյն աւանդոյթներով, տեղ-տեղ հրապարակախօսութեամբ, իրականի եւ երեւակայականի ցոլացումներով, տարածութեան եւ ժամանակի նուրբ զգացողութեամբ իր ընթերցողին կարող է հասցնել հոգու նոր տարածքներ, անյիշելի ժամանակներ եւ նոր պտոյտով բերել-հասցնել մեր օրերը, նաեւ խօսել ապագայի մասին», իր խօսքում նշեց գրականագէտ Անի Փաշայեանը: Ելոյթ ունեցան նաեւ Պերճուհի Աւետեանը, ով «Կանաչ, ուրախ ճամբորդներ» հեքիաթը փոխադրել է արեւմտահայերէնի եւ տպագրել Հալէպում: Գրական հանդիսութեան ընթացքում հնչեցին Հայաստանի Գրողների միութեան նախկին նախագահ Լեւոն Անանեանի եւ բանաստեղծ Հրաչեայ Թամրազեանի խօսքերը, որոնք ասուել էին Ալիս Յովհաննիսեանի նախորդ յոբելեանի առիթով:
Ամէնքիս յիշողութեան մէջ վառ մնացած վերոյիշեալ գեղեցիկ յոբելենական միջոցառումից յետոյ, Ալիս Յովհաննիսեանը սիրով պատասխանեց տողերիս հեղինակի մի քանի հարցերին.
– Ո՞րն է կնոջ դերը հայ արձակում, եւ ըստ ձեզ, հայ գրականութեան մէջ կին գրողների գործերն ունե՞ն իրենց իւրայատուկ տեղն ու իմաստը:
– Ի տարբերութիւն որոշ գրողների ու գրականագէտների այն կարծիքի, թէ պէտք չէ տարբերակել կին եւ տղամարդ գրողներին, եւ որ առաւելութիւն է համարւում, երբ կին գրողը «տղամարդավարի» է գրում, ես գտնում եմ, որ Աստծոյ ստեղծած այս երկու արարածները նման են միայն մի կէտում` երկուսն էլ մարդ են: Որքան ծիծաղելի կը լինի տեսնելը, թէ ինչպէս է տղամարդ երգիչը աղջկայ բառերով արտայայտում իր սէրը եւ կամ` հակառակը: Կայ նաեւ այն տեսակէտը, թէ պոէզիան ճանաչելի է ըստ սեռական տարբերութեան, իսկ արձանը չունի կամ պէտք չէ ունենայ այդ կողմնորոշումը: Բայց ինչպէ՞ս կարող է կին արձակագիրը հրաժարուել իր սեռից, երբ գրում է: Եւ կին գրողը, ի հարկէ, գրականութեան եւ արուեստի ցանկացած ճիւղի մէջ կատարում է իր ներդրումը: Ինչպէս որ առանց կնոջ չի կարող երեխայ ծնուել, ինչպէս որ երեխան պէտք չէ զուրկ լինի տատիկի գուրգուրանքից, այդպէս էլ չի կարող լինել միայն արական գրականութիւն: Ամէն ինչի վրայ կինը իրաւունք ունի եւ կարող է իր իւրայատուկ դրոշմը դնել:
Ինչ վերաբերում է հայ գրականութեանը, այստեղ էլ կին գրողների պակաս չի զգացուել ո՛չ հնում, ո՛չ նոր ժամանակներում եւ ո՛չ էլ մանաւանդ ժամանակակից գրականութեան մէջ:
– Վերջերս մեծ արձագանգ ունեցաւ Րաֆֆու մասին ձեր յօդուածաշարը: Հետաքրքիր է իմանալ` ինչո՞ւ յատկապէս Րաֆֆին, ինչո՞վ է նա ձեզ այդքան հոգեհարազատ:
– Րաֆֆիով թէ ինչպէս յանկարծ հրապուրուեցի, ինքս էլ չգիտեմ: Մի օր ձեռքս առա նրա ուղեգրութիւնները եւ հասկացայ, որ իմ գիտելիքների մէջ մի մեծ բացութիւն կայ առանց դրանց: Նախ զգացի նրա` մեր այս հանճարի մեծութիւնը եւ ապա միայն փորձեցի հասկանալ, խորամուխ լինել նրա ստեղծած այդ անսահման մեծ աշխարհի մէջ: Ի մեծ բարեբախտութիւն ինձ` նա` Րաֆֆին ինքը, ինձ թոյլ տուեց մուտք գործել այնտեղ ու զարմանալ: Իմ այդ զարմանքը հետզհետէ ոչ թէ անցնում է, այլ` ամէն օր բազմապատկւում: Րաֆֆուն երեւի թէ հասայ միայն այն բանից յետոյ, երբ հասկացայ, որ մեր լաւագոյն գրողները հէնց նրանցից են սերում:
– Ինչպիսի՞ն է ձեր կարծիքը հայ արձակի ապագայի մասին: Ըստ ձեզ, ունե՞նք նախորդ եւ ներկայ սերունդներին արժանի յետնորդներ:
– Այս հարցին ես գրեթէ միշտ նոյն բանն եմ պատասխանում: Դուք յիշո՞ւմ էք մի այդպիսի ժամանակաշրջան, երբ հայ ժողովուրդը դադարել է գեղարուեստօրէն մտածելուց: Գիտէք, ի հարկէ, թէ որքան մագաղաթներ են պարսիկների, մոնկոլների, թուրքերի, քրտերի կողմից հրկիզման, ոչնչացման, տմարդութեան ճարակ դարձել: Անդրադառնանք նաեւ, թէ դեռ որքանն էլ մնացել են: Ուրեմն այսուհետեւ էլ այդպէս է լինելու: Եւ մնայուն, յաւերժական են մեր արժէքները, եւ անտարակոյս ունեն ապագայ: Նաեւ` հայ արձակն, որն, անշուշտ, ունի նախորդ սերունդներին արժանի յետնորդներ, եւ ունենալու է միշտ: Սա մեր տաղանդաւոր ազգի յաւերժական ստեղծարար ընթացքն է:
Այո՛, ճշմարտացի է Ալիս Յովհաննիսեանը իր այս գնահատանքների մտորումներում: Եւ մեր ազգի գրականութեան աննահանջ ընթացքի ապացոյցներից մէկն էլ իր ուշագրաւ ստեղծագործութիւններն են:
Երեւան