
Ֆրանսայի մէջ տեղի ունեցող Եուրօ-2016-ի Եւրոպայի ֆութպոլի ախոյեանութեան ծիրին մէջ, երէկ աւարտեցան նաեւ Գ. եւ Դ. խմբակներուն մրցումները:
Ուքրանիա հրաժեշտ տուաւ մրցաշարքին, երբ կրեց իր երրորդ յաջորդական պարտութիւնը, այս անգամ` Լեհաստանէն, 1-0 արդիւնքով: Մրցումին միակ կոլը նշանակեց Եաքուպ Պլասզիքովսքի` 54-րդ վայրկեանին: Մրցումին ներկայ էին 60 հազար հանդիսատեսներ, մինչ օրուան կեդրոնի իրաւարարն էր Սվէյն Օտվար Մոյեն (Նորվեկիա):
Լեհաստան Գ. խմբակին մէջ գրաւեց 2-րդ դիրքը` նկատի ունենալով, որ Գերմանիա ինք եղաւ առաջին դիրքը գրաւողը, երբ 1-0 արդիւնքով յաղթելէ ետք Հիւսիսային Իրլանտային, իր ունեցած կոլէվըրէյճին տարբերութեամբ գերազանցեց Լեհաստանը:
44 հազար հանդիսատեսներու ներկայութեան, Մարիօ Կոմեզ նշանակեց Գերմանիոյ եւ մրցումին միակ կոլը (30-րդ):
Սակայն պէտք է նշել, որ շուրջ տասը առիթներէն միայն մէկը Գերմանիա կոլի կրցաւ վերածել:
Այս մրցումին օրուան կեդրոնի իրաւարարը` Քլեման Թուրփին (Ֆրանսա) երբեք չգործածեց իր դեղին քարտը:
Երէկ գիշեր աւարտեցան նաեւ Դ. խմբակին մրցումները:
Բաւական տպաւորիչ մրցում մը ներկայացնելով (մանաւանդ` Բ. կիսախաղին), Խրուաթիա 2-1 արդիւնքով յաղթեց Սպանիոյ եւ գրաւեց խմբակին պարագլուխի դիրքը:

Յաղթական կազմին կոլերը նշանակեցին Նիքոլա Քալինիչ (45-րդ) եւ Իվան Փերիսիչ (87-րդ), մինչ Սպանիոյ կոլը` Ալվարօ Մորաթա (7-րդ):
Քրիսթիանօ Ռոնալտոյի նման անբախտ դուրս եկաւ Ռէալ Մատրիտի անոր խմբակից Սերճիօ Ռամոս (անոր նման խմբապետ), որ 72-րդ վայրկեանին փենալթի մը չկրցաւ կոլի վերածել:
Օրուան իրաւարարն էր Պիոռն Քուիփերս (Հոլանտա), մինչ մրցումին ներկայ էր 37 հազար հանդիսատես:
Չեխիա 2-0 արդիւնքով պարտութիւն մը կրելով Թուրքիայէն, դուրս մնաց մրցաշարքէն:
Օրուան իրաւարարն էր Ուիլիըմ Քոլիւ (Սկովտիա), մինչ մրցումին ներկայ էր շուրջ 33 հազար հանդիսատես:
Ստորեւ` դասաւորումը.
Գ. ԽՄԲԱԿ | Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ |
1.- Գերմանիա | 2 | 1 | 0 | 3 | 0 | 7 |
2.- Լեհաստան | 2 | 1 | 0 | 2 | 0 | 7 |
3.- Հիւսիսային Իրլանտա | 1 | 0 | 2 | 2 | 2 | 3 |
4.- Ուքրանիա | 0 | 0 | 3 | 0 | 5 | 0 |
Դ. ԽՄԲԱԿ | ||||||
1.- Խրուաթիա | 2 | 1 | 0 | 5 | 3 | 7 |
2.- Սպանիա | 2 | 0 | 1 | 5 | 2 | 6 |
3.- Թուրքիա | 1 | 0 | 2 | 2 | 4 | 3 |
4.- Չեխիա | 0 | 1 | 2 | 2 | 5 | 1 |
Ստորեւ` այսօրուան մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
Զ. ԽՄԲԱԿ | ԺԱՄ |
Հունգարիա – Փորթուգալ | 19:00 |
Իսլանտա – Աւստրիա | 19:00 |
Ե. ԽՄԲԱԿ | |
Իտալիա – Իրլանտա | 22:00 |
Շուէտ – Պելճիքա | 22:00 |