ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ
3 ապրիլի երեկոյեան արուեստասէր հանդիսատեսով եւ պաշտօնատար հիւրերով լեցուն էր Երեւանի Կոմիտասի անուան սենեկային երաժշտութեան տունը: Լիբանանահայ սոփրանօ Շողիկ Թորոսեանի հայաստանեան առաջին մենահամերգը համընկել էր ղարաբաղա-ազրպէյճանական շփման գծի վրայ լարուած իրադարձութեան ամենաթէժ օրերից մէկին: Հանդիսականը եկել էր սպասումներով` զգալու երգի եւ ոգեւորող հայրենասիրութեան ուժը, որ արուեստի միջոցով հնարաւոր է փոխանցել համընդհանուր լարուածութեան եւ սպասողական իրադրութեան մէջ: Համերգին ներկայ էին պաշտօնատար հիւրեր, որոնց մէջ` Հայաստանում Լիբանանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Ժան Մաքարոնը:
Բացելով համերգային ծրագիրը եւ ներկայացնելով հիւրերին` ասմունքող, հաղորդավար Սարգիս Նաճարեանը յիշեցրեց, որ թշնամին ղարաբաղա-ազրպէյճանական շփման գծում նորից գլուխ է բարձրացրել եւ յորդորեց բոլորին աղօթել յանուն հայ զինուորի եւ յանուն ուժեղ Հայաստանի ու Արցախի:
Սարգիս Նաճարեանը հանդիսականին ներկայացրեց նաեւ Շողիկ Թորոսեանի կենսագրութիւնը` նշելով, որ փոքր տարիքից երաժշտութեանը նուիրուած եւ մի շարք յաջողութիւնների արժանացած երգչուհին շարունակում է արհեստավարժութեան իր ճանապարհը` հաւատարիմ մնալով հայ երգին եւ այդ երգը սփիւռքում հայ մանուկներին փոխանցելու առաքելութեանը:
Իր հերթին երգչուհին` Շողիկ Թորոսեանը, նշեց, որ իր փափաքը` ելոյթ ունենալ համայն հայութեան մայրաքաղաքում, իրականացաւ, ինչը իր համար վեր է ամէն տեսակ կոչումներից եւ վկայականներից: Նա շեշտեց, որ իր մենահամերգը համընկաւ հայ զինուորի եւ հայ ժողովրդի համար օրհասական օրերին, ինչը մեծ յուզմունք է պատճառում, եւ ինքը իր աղօթքն ու խոնարհումն է յղում հայ զինուորին եւ սահմանին կանգնած հայ մարդուն: Շողիկ Թորոսեանն իր ելոյթը սկսեց «Նորօրեայ հերոսին» երգով, որը, ինչպէս նշեց, անցնող օրերին կատարել է նաեւ Լիբանանում` Արցախի ազատագրութեանը նուիրուած ձեռնարկներին: «Իմ այս ելոյթս թող սկիզբ կամ վերահաստատում լինի խաղաղութեան», յուզմունքով յայտարարեց երգչուհին:
Համերգի առաջին բաժնում Շողիկ Թորոսեանին նուագակցում էր հայրենի դաշնակահարուհի Տաթեւիկ Եսայեանցը, իսկ երկրորդ բաժնում երգչուհին երգեց Հայաստանի Ազգային նուագարանների պետական նուագախմբի ընկերակցութեամբ (գեղարուեստական ղեկավար եւ գլխաւոր խմբավար, Հայաստանի Հանրապետութեան վաստակաւոր արուեստագէտ, փրոֆեսէօր Նորայր Դաւթեան): Հնչեցին հայկական ժողովրդական երգեր, դասական երգերի նորագոյն մեկնաբանութիւններ, հատուածներ հայկական եւ եւրոպական օփերաներից: Հանդիսականի կողմից յատկապէս ջերմ ընդունելութեան արժանացան երգչուհու ներկայացրած կոմիտասեան ստեղծագործութիւնների ընտրանին, հայ հոգեւոր երգացանկի երգերի ինքնատիպ մեկնաբանութիւնները, ինչպէս նաեւ համերգի անակնկալը` երիտասարդ բանաստեղծ Աշոտ Բագրատունու եւ հայրենի երաժշտահան Գէորգ Մանասեանի համատեղ երգը, որը Շողիկ Թորոսեանի մենահամերգի ընթացքում հնչեց առաջին անգամ: Երգի ներկայացմանը ներկայ էր Աշոտ Բագրատունին, որը իր շնորհակալութիւնը յայտնեց գեղեցիկ կատարման համար:
Համերգի աւարտից յետոյ իր սրտի խօսքն ասաց նաեւ Հայաստանում Լիբանանի արտակարգ եւ լիազօր դեսպան Ժան Մաքարոնը:
«Շողիկ Թորոսեանը երգեց եւ հմայեց` ներկայացնելով երաժշտական արուեստի ամենագեղեցիկ խառնուրդը: Նա ունի մեծ տաղանդ, գեղեցիկ ձայն եւ այդ ամէնը լաւ ներկայացնելու շնորհ: Նա երգեց խորը դասական երգեր, որոնք երաժշտարուեստի ամենաբարդ ստեղծագործութիւններն են: Լիբանանցի գրող, փիլիսոփայ Ժըպրան Խալիլ Ժըպրանն ասում է, որ երաժշտութիւնն ազգերի լեզուն է եւ գոյութեան խորհուրդն է ազգի: Ես կ՛ասէի նաեւ` ազգի հոգևոր լեզուն է երաժշտութիւնը: Ես հայերէն չեմ հասկանում, բայց այս երաժշտութիւնը լսելով բաւականին լաւ զգացի ինձ: Ես գիտեմ, որ առանց երաժշտութեան կեանքը երկար ճանապարհ է անապատում: Երգը հեռու է վանում վատ հոգիները: Ես տեսայ այդ ամբողջ տրամադրութիւնները` այս դահլիճում: Սէր, տխրութիւն, ուրախութիւն, մայրական սէր: Ամենավեհ երգը նուիրած է մօրը, Աստծուն եւ հայրենիքին: Այդ երգերը աղօթքներ են, որոնք տեղ են հասնում: Գնահատում եմ երգչուհուն, մայեսթրոյին եւ դաշնակահարին: Եւ այս օրերին աղօթում ենք, որ խաղաղութիւն լինի Հայաստանում»: