ԱՐԱ ՊԱՊԵԱՆ
«Մոդուս Վիւենդի» կեդրոնի
ղեկավար
Վերջին շրջանում շատացել են քննարկումները ռուս-թուրքական յարաբերութիւնների եւ այդ յարաբերութիւնների պատմութեան մասին: Դա մեծապէս պայմանաւորուած է ռուսական քաղաքացիական օդանաւի պայթեցման գործում թուրքերի ունեցած դերի, Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի կործանման, ինչպէս նաեւ ռուս-թուրքական` աւելի ճիշդ պոլշեւիկա-քեմալական, Մոսկուայի, 1921թ. մարտի 16-ի պայմանագրի առաջարկուած չեղարկման հետ:
Ռուս քաղաքական գործիչները յաճախ շեշտում են, որ թուրքերը երախտամոռ եղան` եթէ չլինէր ռուսական օգնութիւնը, ապա Թուրքիայի Հանրապետութիւնը չէր կայանայ ներկայ սահմաններով: Դա ի հարկէ իրականութիւն է, սակայն իրականութեան մի մասն է միայն: Պատմական փաստերը վկայում են, որ ռուս պոլշեւիկները ոչ միայն եղել են քեմալական շարժման աջակիցները, այլեւ, ըստ էութեան, եղել են այդ շարժման հրահրողները:
Աւանդական թուրքագիտութիւնը պոլշեւիկա-քեմալական առաջին շփումները թուագրում է 1920թ. ապրիլից` Լենինին հասցեգրուած Աթաթուրքի նամակից: Սակայն փաստերը վկայում են, որ յարաբերութիւնների հաստատման նախաձեռնողները եղել են պոլշեւիկները, եւ դա տեղի է ունեցել նշեալ փաստից գրեթէ մէկ տարի առաջ` 1919թ. մայիսի վերջին: Հէնց ռուս-պոլշեւիկներն են եղել նախկին իթթիհատականներին ոգեշնչողները, օգնութիւն առաջարկողներն ու տրամադրողները: Բանակցութիւնները վարել է այդ ժամանակ գնդապետ, հետագայում ՍՍՀՄ մարաջախտ, Սիմիոն Պուտիոնին: Բանակցութիւնների մանրամասները պահպանուել են բանակցութիւններին մասնակցած Հուսամէտտին Էրթուրքի (Husameddin Erturk) յուշագրութեան մէջ: Հուսամէտտին Էրթուրքը Մուսթաֆա Քեմալի մերձաւոր զինակիցներից էր, օսմանեան բանակի փոխգնդապետ, իթթիհատական կուսակցութեան եւ տխրահռչակ Թաշքիլաթ-ի Մահսուսա կազմակերպութեան անդամ: Նա ազգայնական Քարաքոլ (Karakol) կազմակերպութեան եւ Միմ-միմ խմբի (Musellah Mudafaa-i Milliye Gribu (Ազգային զինուած դիմադրութեան խումբ) հիմնադիրներից եւ ղեկավարներից էր:
Յուշագրութիւնը տպագրուել է 1957թ.ին Պոլսում` «Երկու ժամանակաշրջանի յետնաբեմը» (Iki Devrin Parde Arkasi) վերնագրով: «Մոդուս Վիւենդի» կենտրոնը, Յակոբ Չաքրեանի թուրքերէնից կատարած թարգմանութեամբ, հայ ընթերցողի ուշադրութեանն է ներկայացնում մի յիշարժան հատուած այդ յուշագրութիւնից: Յուշագրութեան 70-րդ գլուխը` 338-342 էջերի հատուածը, ներկայացւում է չնչին կրճատումներով:
Գլուխ 70
Ինչի Մասին Է Խօսել Մուսթաֆա Քեմալը
Հաւզայում Ռուսական Պատուիրակութեան Հետ
1919 թ. մայիսի 19-ին «Պանտիրմա» (Bandirma) շոգենաւով Սամսոն հասած Մուսթաֆա Քեմալ փաշան այնտեղ մնաց մի քանի օր, ապա իր սպայակոյտի հետ մեկնեց Հաւզա (Havza):
Մուսթաֆա Քեմալն ու ընկերներն այս գողտրիկ աւանում մնացել են 22 օր եւ հանդիպել են մինչ այդ այնտեղ հասած խորհրդային պատուիրակութեան հետ: Պատուիրակութիւնը գլխաւորում էր ռուս գնդապետ (զօրավար) Պուտիոնին: Թաւ բեղերով, անփառասէր այս զինուորականի հետ Մուսթաֆա Քեմալն արագ մտերմացել եւ նրանք շուտով բարեկամացել էին (էջ 338):
Գնդապետը պոլշեւիկեան Ռուսաստանից զէնք, զինամթերք եւ դրամական միջոցներ էր խոստանում եւ փոխարէնը` թուրքերին կոչ էր անում պայքարի դուրս գալ ընդհանուր թշնամիների` Անտանտի պետութիւնների դէմ: Եթէ Պուտիոնու պահանջներն այսքանով սահմանափակուէին, Մուսթաֆա Քեմալ փաշան իսկոյն կը համաձայնէր, եւ կարիք չէր լինի այդքան երկարաձգել բանակցութիւնները: Սակայն ռուս գնդապետը մի նկրտում էր ունեցել, որը նա շուտով բերանից թռցրեց: Գնդապետ Պուտիոնին Մուսթաֆա Քեմալին հարցրել էր.
– Ինչպիսի՞ վարչակարգ է ենթադրում մեծարգոյ զօրավարը Անատոլիայում նախատեսուող կառավարութեան համար:
Մուսթաֆա Քեմալը իսկոյն գլխի էր ընկել, թէ ի՛նչ նկրտում ունի զրուցակիցն ու առանց շփոթուելու պատասխանել.
– Հարկաւ պետական խորհուրդներին, խորհրդային հանրապետութիւնների վարչակարգերին նման կառավարում… Այսինքն` պոլշեւիկեան սկզբունքների վրայ ստեղծուած հանրապետութիւն, այդպէս է, իմ զօրավար… Այո, այդպէս է, եթէ ասենք պետական ընկերվարութիւն, աւելի ճշգրիտ արտայայտուած կը լինենք:
– Սակայն, ընկերվարութիւնը հասարակական ոլորտին է վերաբերում, կացութեան մի ձեւ է, կ՛ուզենայինք, որ դուք նկատի ունենաք նաեւ համայնավարութիւնը: Միայն այդ դէպքում ձեր մեծ հարեւան Ռուսաստանը ձեզ օգնելու համար կ՛անի այն, ինչ հնարաւոր է:
Մուսթաֆա Քեմալը կռահում էր, որ գնդապետ Պուտիոնին փորձում է կանխաւ խոստում կորզել, սակայն չէր մոռանում օգնութեան այն կարիքը, որի անհրաժեշտութեան մէջ էր ինքը: Խորհրդային պատուիրակութիւնը Հաւզայից հեռացել էր մեծ յոյսերով: Մուսթաֆա Քեմալը հնարամտօրէն ձերբազատուել էր նրանցից: Նոյնիսկ մտադիր էր վտանգի սաստկացման դէպքում օգտուել ռուսական զօրամասի ծառայութիւնից: Ֆեւզի Չաքմաքի (Fevzi Chakmak) վկայութեամբ, որին անձամբ հանդիպել եմ, այդ միջադէպի մասին Մուսթաֆա Քեմալն իրեն հետեւեալն էր ասել (էջ 339).
– Այդ ժամանակ արհաւիրքի կամուրջով անցնելու խնդիր ունէինք, ժողովրդական առածին համապատասխան «Մինչեւ կամուրջն անցնելը… (արջին- Յ. Չ.) քեռի ենք ասել»:
Հանդիպմանը գնդապետ Պուտիոնին Մուսթաֆա Քեմալ փաշային ասել էր, որ արեւելքում նախատեսուող հայկական եւ քրտական պետութիւնները, այդ թւում Սեւ ծովի առափնեայ շրջանում ձեւաւորուող պոնտական կառավարութիւնը, Պաթումը ներառեալ, Անտանտի տէրութիւնների կողմից սեփականացուել են, աւելացնելով, թէ Խորհրդային Միութիւնը պատրաստ է այս ամէնի դէմ պայքարի դուրս գալու նոր Թուրքիայի հետ: Գնդապետ Պուտիոնին ասել էր.
– Մենք մտադիր չենք երես տալ ցարական Ռուսաստանի առաջամարտիկ եւ Կովկասի սադրիչ հայերին: Առաւել եւս դժգոհ ենք հայ դաշնակների եւ հնչակների յետպատերազմեան գործունէութիւնից: Նրանք ուժեղների ծառան կը դառնան: Ո՞վ կարող է երաշխաւորել, որ վաղը չեն գործելու անգլիացիների, ֆրանսացիների կամ ամերիկացիների օգտին:
Գնդապետի այս խօսքերը հիմք էին հանդիսացել, որ Մուսթաֆա Քեմալը յանգի Անատոլիային գործական օգնութիւն տրամադրելու խորհրդայինների առաջարկի ենթադրութեան: Թերեւս դա էր պատճառ, որ գնդապետը հարցրել էր.
– Իմ զօրավար, Մուտրոսի զինադադարի հետ համակերպուելու պատճառով զինաթափուել է ձեր բանակը (էջ 340), առգրաւուել են զէնքերը, զինապահեստները, չեմ պատկերացնում, թէ այս պայմաններում մի կողմից յոյների, իսկ միւս կողմից` հայերի, պոնտացիների, եւ Անատոլիան ամբողջովին բռնագրաւուած Անտանտի տէրութիւնների դէմ ինչպէ՞ս էք պայքարելու…
Ի պատասխան` նա (Մուսթաֆա Քեմալը-Յ. Չ.) ասել էր.
– Այո՛, գնդապետ իմ, մեր վիճակը խիստ անմխիթարական է: Սակայն մեր ազգը օրհասական պահերին հրաշքներ գործելու ունակութիւն ունի: Դուք հանգիստ եղէք, ընդհանուր թշնամու դէմ մենք աւելի վտանգաւոր եւ հզօր կը լինենք, քան ենթադրում էք, յետոյ յանկարծ չզարմանաք…
Այս խօսքերի վրայ գնդապետ Պուտիոնին, Ճեւատ Ապպասի (Cevad Abbas) փոխանցմամբ, երկար մտածելուց յետոյ ասել է.
– Ես լիազօրուած եմ յայտնելու, որ Ռուսաստանը պատրաստակամ է բաւարարել ձեր կարիքները: Միայն թէ դուք ընդառաջ գնաք մեր ցանկութիւններին: Վերացրէք սուլթանութիւնն ու խալիֆայութիւնը եւ հռչակէք համայնավարական կարգեր:
Մուսթաֆա Քեմալն հաշուենկատ էր խօսել, դիմացինին յուսադրել էր եւ վստահութիւն ներշնչել նրան: Ապա ծիծաղելով ասել էր.
– Սիրելի՛դ իմ գնդապետ, ձեր ասածները այնքան դիւրին չեն, ինչ ենթադրում էք: Սուլթանական հաստատութիւնը խիստ թուլացել է, հասել տապալման շեմին: Խալիֆայութիւնը աւելի մեծ համբերութիւն է պահանջում (էջ 341), նոյնիսկ աւելի, քան` զգօնութիւն: Մէկ էլ` թիկունքում իսլամական աշխարհն է: Դա պէտք է հաշուի առնենք: Նրանց աջակցութիւնն, այո՛, այս պահին մեծ անհրաժեշտութիւն է: Անգլիացիներին զսպելու ենք շնորհիւ դրա: Ներկայ պահին անհնար է համայնավարութիւն հռչակելը: Նախ պէտք է հարցը բացատրել երկրին: Ներկայումս մեր գլխաւոր նպատակը, պատերազմը, պայքարը յաղթական աւարտին հասցնելն ու բռնագրաւումը վերացնելն է: Յաղթանակի ապահովումից յետոյ մենք ձեր պայմանների մասին կը մտածենք անհամեմատ հանգիստ մթնոլորտում եւ աւելի հանդարտ հոգեվիճակով:
Մուսթաֆա Քեմալը հեռատես զինուորական էր: Ամէն ինչ անկեղծօրէն ասել էր նրանց: Մեծ պայքարի շեմին թուրքերին շուտափոյթ աջակցութիւն էր պէտք: Այդ առումով խիստ օգտակար եղաւ Հաւզայի հանդիպումը: Գնդապետ Պուտիոնին վայելում էր ե՛ւ Լենինի, ե՛ւ Ստալինի եւ թէ՛ Թրոցքու վստահութիւնը: Երբ նա վերադարձաւ Ռուսաստան, Մուսթաֆա Քեմալը մարտահրաւէր նետեց Պոլսի կառավարութեանն ու սուլթանին եւ Ռուսաստանից ստացաւ այն, ինչ ուզում էր` հրանօթ, հրացան, զինամթերք եւ ռուբլի` ոսկով: Խորհրդայինների օգնութիւնը գագաթնակէտին էր հասել վճռական ճակատամարտից առաջ (էջ 342):
Աղբիւրը` Husameddin Erturk, Iki Devrin Perde Arkasi, yazan: Samih Nafiz Tansu, Istanbul, 1957, s. 338-342. (Հուսամէտտին Էրթուրք, «Երկու ժամանակաշրջանի յետնաբեմը», գրի առաւ` Սամիհ Նաֆիզ Թանսու, Պոլիս, 1957թ., էջ 338-342):
15 փետրուարի 2016թ.