Թուրքիայի Մասնակցութիւնը Քրտերի Դէմ Վերսկսած Պատերազմում

ՐԱՖՖԻ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Հարիւր տարի առաջ օսմանեան կառավարութեան առաջնորդները խուճապի մէջ էին յայտնուել` մտածելով, թէ հայերի բարենորոգումների պահանջները, բարելաւուած օրէնսդրութիւնը, քաղաքացիական իրաւունքները, կեանքի եւ գոյքի պաշտպանութիւնը պատմական Հայաստանի նահանգներում կը յանգեցնէին հայերի անկախութեանը, ինչն էլ իր հերթին կայսրութեան փլուզման պատճառ կը հանդիսանար: Որպէս պատասխան` Հայկական հարցը մէջտեղից հանելու համար փորձում էին վերացնել հայերին: Կայսրութիւնից անհետացած քաղաքացիական հայկական բնակչութիւնը կազմում էր կայսրութեան ընդհանուր բնակչութեան 10 տոկոսը:

Հարիւր տարի անց Թուրքիայի առաջնորդները խուճապահար են, որ մէկ այլ փոքրամասնութեան պահանջները` մայրենի լեզուով կրթութիւն, ինքնակառավարում եւ տեղական ինքնավարութիւն, կը յանգեցնեն անկախութեան, ինչն էլ իր հերթին պետութեան փլուզման պատճառ կը հանդիսանայ: Ինչեւէ, հեշտ չէ Քրտական հարցը մէջտեղից հանել քրտերին վերացնելու ճանապարհով, քանի որ քրտերը կազմում են Թուրքիայի բնակչութեան 1/3 մասը եւ Թուրքիայի հարաւային եւ հարաւարեւելեան նահանգների բնակչութեան մեծամասնութիւնը: Ընդհակառակը, կառավարութիւնը որդեգրել է քրտական հիմնական բնակչութեան կամքը կոտրելու ռազմավարութիւնը` «շրջանը մաքրելով քիւրտ զինեալներից»` մեկուսացնելով նրանց աւան առ աւան, փողոց առ փողոց, տուն առ տուն:

Հետեւանքը եղան քաղաքացիական բնակչութեան հսկայական տառապանքներն ու կորուստները: Անցեալ մի քանի շաբաթուայ ընթացքում հարաւարեւելեան 7 նահանգում պարետային ժամ են մտցրել: Դադարեցուել է ելեկտրականութեան, ջրի եւ հիմնական ծառայութիւնների մատակարարումը: Մէկ կամ երկու փուռ են թողել բաց, սակայն մարդկանց վրայ կրակ են բացում, երբ նրանք համարձակութիւն են ցուցաբերում հաց գնելու համար տնից դուրս գալ: Ոստիկաններն ու ռազմական միաւորումները կրակ են բացում նրանց վրայ, ովքեր համարձակւում են տնից փողոց դուրս գալ: Քաղաքացիական բնակչութիւնն ունի 100-աւոր, եթէ ոչ 1000-աւոր կորուստներ` ներառեալ կանայք, երեխաներ ու ծերեր:

Պետութիւնն ու պետութեան կողմից վերահսկուող զանգուածային լրատուամիջոցները լռում են քաղաքացիական կորուստների մասին կամ պարզապէս նրանց ներկայացնում որպէս «սպաննուած ահաբեկիչներ»: Երբ խօսք է գնում այդպիսի սպանութիւններից, պետութիւնը փաստացիօրէն օգտագործում է «ահաբեկիչները շարքից դուրս են եկել» պայմանական արտայայտութիւնը: Որպէս ահաբեկիչներ սպաննուած քաղաքացիական բնակչութեան մէջ են 5 ամսական երեխայ, յղի կին եւ 80-ամեայ տարեց: Քաղաքացիների մարմինները մի քանի օր է, ինչ ընկած են փողոցներում, որտեղ կրակել են, քանի որ անհնար է ոստիկանների եւ ռազմական միաւորումների կրակահերթի պատճառով տեղափոխել դրանք: Նրանց մարմինները, ում կրակել են իրենց տներում, չեն կարող հողին յանձնուել, քանի որ մարդիկ չեն կարող դուրս գալ իրենց տներից: Սպաննուածների մարմինները պահւում են ելեկտրածին շարժակներին միացուած սառցեխցիկներում կամ փաթաթում են նայլոնէ պարկերի մէջ: Հիւանդանոցի դիարաններն այնքան լիքն են` հաղորդում են, որ հիւանդանոցի խոհանոցի սառնարանների սառցեխցիկներն են օգտագործում դիակները պահելու համար, որի հետեւանքով ողջ շինութեամբ մէկ գարշահոտութիւն է տարածւում:

Ամենավտանգաւոր շրջաններից մէկը Տիարպեքիրի (Տիգրանակերտի) Սուրի թաղապետարանի պատմական կենտրոնն է, որտեղ տեղակայուած է վերջերս վերանորոգուած հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին: Այս շրջանը իր բազմաթիւ պատմական կառոյցներով, եկեղեցիներով ու մզկիթներով ճանաչուել է որպէս մշակութային ժառանգութիւն: Այն այժմ մեծամասամբ աւերակների է վերածուել: Այստեղի կառոյցների մեծ մասն աւիրուել է հրթիռներից եւ հրասայլերի հրանօթների կրակից: Սուրբ Կիրակոս եկեղեցին համեմատաբար անվնաս է մնացել` լոկ ջարդուած պատուհաններ եւ հրազէնի գնդակների որոշ անցքեր, սակայն հայկական կաթողիկէ եկեղեցու դռները ջարդուել են, վնասուել է նաեւ եկեղեցու ներսը: Ամենակարեւոր մզկիթը Սուրում` պատմական Քուրշունլու մզկիթը, որը նախկինում եղել է Սուրբ Թէոդորոս կամ Սուրբ Թորոս հայկական եկեղեցին, որը ԺԶ. դարում վերածուել է մզկիթի, ամբողջութեամբ հրկիզուել է:

Սուրի բնակչութիւնը միայն անցեալ ամիս 24 հազարով նուազել է` հասնելով 2000-ի: Տիարպեքիրի (Տիգրանակերտ) մարդաշատ եւ գործունեայ կենտրոնում չի մնացել գործող ոչ մի խանութ եւ ճաշարան: Այժմ այն ամբողջովին լքուած է: Վերջերս յաջող բանակցութիւնների եւ դատական գործի արդիւնքում վերստին Սուրբ Կիրակոս եկեղեցու սեփականութիւն ճանաչուած մի քանի խանութներ փակուել են` վնաս հասցնելով եկեղեցու եկամուտներին: Վերջերս կառավարութիւնը հեգնական շեշտով յայտարարեց, որ Սուրի` գնդակներից եւ կրակից վնասուած պատմական շինութիւնները սեփականազրկուելու եւ քանդուելու են` ժամանակակից բնակելի շինութիւններով փոխարինելու համար, որն իրականացնելու է կառավարութեան Քաղաքային վերանորոգման գործակալութիւնը:

Ինչո՞ւ են այս իրադարձութիւնները ճգնաժամային հայերի համար:

նախ նրա համար, որ այս հարաւային եւ հարաւարեւելեան նահանգների տառապեալ քրտական քաղաքացիական բնակչութեան մէջ անյայտ թուով «ծպտեալ հայեր» կան: Ինչ դժոխային տառապանքների միջով որ անցել են նրանց պապերը 100 տարի առաջ, այժմ էլ այս իսլամացած հայերն են նոյն ձեւով տառապում: Նրանք, ովքեր վերջերս «բացայայտուեցին» եւ ի յայտ բերեցին իրենց հայկական ինքնութիւնը, հաւանաբար աւելի շատ տառապանքներ են կրում:

Երկրորդ` թուրքական հասարակութեան մէջ, յատկապէս թուրքական անվտանգութեան ուժերում, հայերի նկատմամբ ատելութիւնը բացայայտ կերպով դրսեւորւում է այս շրջափակման եւ քրտերի դէմ յարձակումների ժամանակ: Զանգուածային լրատուամիջոցներում, կրթական համակարգում եւ կառավարական շրջանակներում հայերի նկատմամբ ուղեղի լուացումը, խտրականութիւնն ու ատելութիւնն ակներեւ են թուրքական ոստիկանութեան բարձրախօսներից հնչող յայտարարութիւններում, որոնք «ծաղրում են» քրտական հասարակութեանն ու զինեալներին այնպիսի յայտարարութիւններով, ինչպիսիք են` «Դուք բոլորդ հայ էք», բոլորդ հայի ծնունդ էք» կամ «Դուք բոլորդ մեռնելու էք, հայի՛ ծնունդներ»:

Երրորդ եւ ամենասարսափելին` Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ անուղղակի պատերազմի հաւանականութիւնը շատ բարձր է եւ այս իրադարձութիւնների հետ առնչութիւն ունի: Թուրքիայում քրտերի դէմ պատերազմը նպատակ ունի կանխելու քրտական ինքնավարութեան շարժումը Սիրիայում եւ Իրաքում: Ի յայտ եկող ընդարձակ կապերը եւ համագործակցութեան փաստերը կամ առնուազն Թուրքիայի եւ «Իսլամական պետութեան» միջեւ եղած յանցակցութիւնն աւարտուել են ընդլայնուող վտանգաւոր քայլերով, որոնք ձեռնարկել են թուրքական առաջնորդները` փաստերը կոծկելու համար: Լրագրողներն, ովքեր բացայայտել են Թուրքիայից ԻՊ ուղարկուող զէնքի փաստը, ձերբակալուել կամ նոյնիսկ սպաննուել են: Ռուսաստանի, Նորվեկիայի եւ միջազգային փաստերն առ այն, որ ԻՊ-ը քարիւղ է վաճառում Թուրքիային, աւարտուեցին ռուսական ինքնաթիռի խոցմամբ: Ռուսաստանի պատասխան քայլերից մէկն էլ եղաւ Հայաստանում ամենաուժեղ հակաօդային պաշտպանութեան համակարգի տեղակայումը` հրաման արձակելով խոցել ցանկացած թուրքական ինքնաթիռ, որը կը հատի հայ-թուրքական սահմանը: Տարածաշրջանում պատերազմի մէջ ընդգրկուող հաւանական մի քանի պետութիւնների թիւը շարունակւում է մեծանալ:

«Արմինըն Ուիքլի»

Թարգմ.` Անահիտ Քարտաշեան

«Ակունք»

 

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )