Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«ԲԱՆԱՍՏԵՂԾԸ ՊԷՏՔ Է ԱՆԿԵՂԾ ԼԻՆԻ» ԱՍՈՒՄ Է ԲԱՆԱՍՏԵՂԾ ՎԱՀԱՆ ԶԱՆՈՅԵԱՆԸ

August 26, 2011
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Արդէն երեկոյ էր, երբ որոշեցի զանգահարել բանաստեղծ Վահան Զանոյեանին` հարցազրոյց անելու համար (չնայած`  բանաստեղծ բառի համար Վ. Զանոյեանը միգուցէ նկատողութիւն անի ինձ, որովհետեւ ինքն անձամբ խուսափում է այդ որակումից): Այս անգամ հարցազրոյցի առիթը Վ. Զանոյեանի երկրորդ գիրքն էր` «Եզրէն դուրս», որի շնորհահանդէսը տեղի ունեցաւ օգոստոսի 24-ին: Այս գիրքն իրապէս տարբերւում է բանաստեղծի առաջին գրքից` «Վերադարձ»-ից, որտեղ ծպտուած խոհերի բաբախիւնի ու նուրբ գծագրուած վախերի մէջ գտնում ես ինքդ քեզ: Այն բանաստեղծի վերջին 12 ամսուայ զգացմունքների խտացումն է:

Արգելափակուած
գաղտնիքներուդ մէջ
կը նստիս կրկին
հոգիիդ եզրին
ու կը նայիս դուրս
պատնէշէն անդին
այն տարածութեան
որ շատոնց արդէն գէթ քեզի համար
դարձած է օտար
անծանօթ աշխարհ…
(հատուած «Հոգիիդ եզրին» բանաստեղծութիւնից)

Բանաստեղծութիւնների իւրաքանչիւր տողում բառերն ունեն այնպիսի գոյներ ու ջերմութիւն, որ թւում է` վերածւում են գեղանկարի: Ի դէպ, նշենք, որ գրքում տեղ են գտել հայ 7 նկարիչների գործեր, որոնք տրամադրել է «Նոա՛զ արք» ցուցասրահին` ի դէմս դրա տնօրէն, արուեստաբան Մովսէս Հերկելեանի: Գրքի շապիկին հուժկու  արտայայտչապաշտ  նկարիչ Վահան Ռումելեանի `«Պահ մը եզրից դուրս» գործն է, որն արդէն նախապատրաստում է ընթերցողին ներթափանցել բանաստեղծի եզրից դուրս գտնուող խոհերի մէջ: Վ. Զանոյեանի հետ հարցազրոյցի ժամանակ թւում էր` ես ոչ թէ հարցեր, այլ իրական աշխարհի, մարդու, ժամանակների եւ երեւոյթների խաչուղիներում փնտռում եմ մի ճշմարտութիւն կամ, թերեւս, այն եզրը, որ անհրաժեշտ է ամէնքիս: Իսկ զրոյցն սկսեցինք գրականութիւնից…

Պ.- Ամէն անձ ունի իր բարոյական նկարագիրը: Գրականութիւնը պէտք է անկեղծ լինի, եւ եթէ այն ունի գեղարուեստական ճաշակ, ինձ երբեւէ կարող վախեցնել: Ներկայ հայ գրականութեանը չեմ հետեւում, աւելի՛ն, նոյնիսկ չեմ ճանաչում գրական շրջանակը: Չունեմ նման խանդավառ վերաբերմունք : «Եզրէն դուրս»-ը բոլորովին տարբերւում է իմ առաջին գրքից: «Վերադարձ»-ն ունէր նեղ ու իւրայատուկ թեմա, անգամ լեզուն պարտադրուած էր թեմայով: Այս գիրքն աւելի շատ անձնական է` թէ՛ խորագրով, թէ՛ թեմայով: «Եզրէն դուրս»-ը բազմիմաստ է` այն կարող է լինել առօրեայից, ընդունուած կարգավիճակից դուրս կամ ինչպէս հայաստանցիներն են ասում` նորմայից դուրս: Այս գրքի առաջին բանաստեղծութիւնը բացում է բեմը, իսկ վերջինը` փակում է վարագոյրը: Այն ամէնը, ինչ գտնւում է այս երկուսի միջեւ, ներառում են եզրից դուրս գտնուող դեգերումները` կեանքի իմաստի, փիլիսոփայական եւ այլ կերպ ասած` հազար ու մէկ իմաստներով:

Հ.- Թւում է` «Եզրից դուրսը» անսահման տարածութիւն է, որը դուք , կարծես, դարձրել էք չափել:  Ձեր նշած բեմն ու փակուող վարագոյրը ենթադրում են տրամաթիք իրավիճակ: Մի գուցէ՞ ճիշդ չեն իմ ընկալումները:

Պ.- Գրքի բանաստեղծութիւնները կարդալիս առաջին տպաւորութիւնն այն է, թէ դրանք միմեանց հետ առնչութիւն չունեցող մտքեր են, քանի որ դեգերում է, թափառում: Մի առաւօտ արթնանում ես` ինքդ քեզ գտնելով եզրից դուրս, չպատկերացնելով, թէ մէկ գիշերուայ մէջ կարող ես ունենալ նման խոհեր ու ապրումներ: Մինչդեռ յաջորդ բանաստեղծութիւնը որեւէ կապ չունի նախորդի հետ: Գիրքը չունի  որոշակի բնաբան: Գրքում նշուած է գաղտնիքերի մասին, որոնք երբեմն մեզ կաշկանդում են, սակայն մարդու ազատագրումը տեղի է ունենում գաղտնիքների միջոցով:

Հ.- Բայց մարդիկ գրեթէ միշտ վախենում են գաղտնիքներից ազատագրուելուց, վախենում են ազատութիւնից: Որքանո՞վ է գրողն ազատ, եւ արդեօ՞ք այդ խնդիրը դրուած է գրողի առջեւ:

Պ.- Ըստ իս, բանաստեղծութեան մէջ պարզապէս անկարելի է սուտ խօսել: Գրողը բանաստեղծութիւն գրում է ոչ թէ ուրիշների, այլ ինքն իր համար: Եթէ դու պէտք է խաբես ինքդ քեզ, դա յայտնի կը դառնայ: Միեւնոյն ժամանակ դա չի նշանակում, թէ չես կարող չունենալ գաղտնիքներ: Անկեղծ մարդն էլ ունի գաղտնիքներ: Գաղտնիքը չխոստովանելը դեռ չի նշանակում, թէ մարդն անկեղծ չէ: Այս գրքի մէջ գաղտնիքը պատկերուած է որպէս իրականութիւնը կաշկանդող, արգելափակող միջոց: Իսկ գաղտնիքներն են, որ մարդուն արգելափակում են: Երբ մարդը գիշերը մենակ է լինում, նա գիտակցում է, որ ունի ներքին խոհեր, որոնք պատկանում են միայն իրեն: Իսկ այդ ներքին խոհերը գաղտնիքներն են, որտեղ աւելի պաշտպանուած ես լինում, քան որեւէ այլ տեղ: Սա հակասութիւն չէ: Երկուսն էլ ճշմարիտ են`  թէ՛ մարդու կաշկանդելու, թէ՛ ազատագրելու իմաստներով:

Հ.- Պարո՛ն Զանոյեան, գրականութիւնը միշտ համարում էին մարդուն դաստիարակելու միջոց: Այսօր այդ գործառոյթից հեռացե՞լ  է գրականութիւնը, թէ՞ պարզապէս մարդիկ են սկսել հեռանալ գրականութիւնից:

Պ.- Չեմ կարող յստակ պատասխան տալ, քանի որ, ինչպէս նշեցի, չեմ գտնւում գրական շրջանակում, անգամ կապ չունեմ այսօրուայ գրողների հետ: Ի հարկէ, ճանաչում եմ մի քանիսին, որոնց մեծ մասին ճանաչել եմ 40 տարի առաջ: Նոր ծանօթութիւններ չունեմ:

Հ.- Դրա կարիքը չունէ՞ք, թէ՞ հիասթափուել էք հայ ներկայ գրողներից:

Պ.- Ի հարկէ, ոչ: Հիասթափուելու առիթ չկայ: Գրողը գրում է առանձին, եւ պայման չէ շփուել միւսների հետ: Դա չի նշանակում, թէ ես խօսում եմ միւս գրողների հետ չշփուելու մասին: Դա չէ խնդիրը:

Հ.- Մեր նախորդ հարցազրոյցի ժամանակ իմ դիտարկմանն ի պատասխան` ասացիք, որ դուք գրող չէք, այլ ընդամէնը գրում էք: Ինչո՞ւ:

Պ.- Ես  չեմ ուզում ինքս ինձ սահմանել որպէս գրող կամ բանաստեղծ:  Այդ անուանումը որոշ յաւակնութիւնների առիթ կը տայ, եւ ես չեմ կարող յստակ սահմանել իմ գրող լինելը:

Հ.- Այդ դէպքում ինչո՞ւ  էք գրում:

Պ.- Մի բանի կարիք, որ մշտապէս ունեցել եմ, գրելն է: Հասկանում եմ, որ միայն գրելով եմ ազատագրւում: Իմ առաջին գրքի թեմայից` «Վերադարձից» պէտք է ազատագրուէի, իսկ դրա լաւագոյն դրսեւորումը գրելն էր: Գրելը հանրային արարողութիւն չէ: Այն անձնական երեւոյթ է: Մի գուցէ հարցնէք` եթէ հանրային չէ, ապա ինչո՞ւ եմ վաղը կազմակերպում գրքի շնորհահանդէս: Գիրքը հրատարակելուց յետոյ ճակատագիրը յանձնում ես հանրութեանը: Շնորհահանդէսը նման մի արարողակարգ է, աւելի ճիշդ` գրքի վերջին հանգրուանը: Իսկ գրելու արարողութիւնը խիստ անձնական է, յատկապէս` բանաստեղծութիւն գրելը: Այժմ ես աշխատում եմ մի վիպակի վրայ, որը կարիք ունի հետազօտութիւնների: Տուեալ պարագայում գրողը պէտք է հասկանայ կերպարների էութիւնը, ինչը բնականաբար տեղի է տալիս որոշ հետազօտութիւնների: Այլ է բանաստեղծութիւնների դէպքում, որտեղ միայն գրողի հոգին է, մտքերը: Միակ անհրաժեշտ բանը ժամանակն է, որպէսզի թղթին յանձնես այն, ինչ զգում ես:

Հ.- Տաղաչափական իմաստով բարդ չէ՞:

Պ.- Դա թեքնիք հարց է, թէեւ յանգերի իմաստով միգուցէ կան որոշ բարդութիւններ: Սակայն բանաստեղծութեան դէպքում չունես հետազօտութեան կարիք:

Հ.- Բայց մինեւնոյն ժամանակ կարեւոր է մտքի կշռոյթը հաղորդելը:

Պ.- Անխօս, բայց դա հէնց գրողի մէջ է, որը չի բերում դրսից: Արձակի դէպքում կերպարները պէտք է զարգանան եւ նման այլ խնդիրներ են դրուած: Իսկ բանաստեղծութիւնը հնարաւորութիւն է տալիս գրողին ազատագրուելու իր խոհերից: Իրապէս հրաշալի բան է բանաստեղծութիւնը:

Հ.- Բաւական յուզիչ է ձեր այն ձեւակերպումը, որ շնորհահանդէսը գրքի վերջին հանգրուանն է: Ի՞նչ էք զգում նախքան շնորհահանդէսը:

Պ.- Շնորհահանդէսը գիրքը հրապարակ յանձնելու ձեւ է ինձ համար:

Հ.- Ընդամէ՞նը, թէ՞ աւելի խոր շերտեր կան, որոնք թաքցնում էք:

Պ.- Ո՛չ, գիրքն արդէն հրատարակուած է, եւ գտնւում է Ձեր առջեւ: Իսկ շնորհահանդէսին կը գան մարդիկ, կը կարդան բանաստեղծութիւնները:

Հ.- Այսինքն` ձեւականութի՞ւն է:

Պ.- Ձեւական չէ: Հետաքրքիր է լսել, թէ իմ բանաստեղծութիւններն ինչպէս են կարդում ուրիշները, ինչպէս են մեկնաբանում այն տողերը, որոնք ես ապրել եմ: Դա, ասես, հրաժեշտի արարողութիւն է ինձ համար, այլ ոչ թէ հանդէս` գրքին գնաս բարով ասելով: Յամենայն դէպս, այդպէս էր առաջին գրքի շնորհահանդէսի ժամանակ, երբ յաջողութիւն մաղթեցի` ճակատագիրը թողնելով հանրութեանը,  իսկ ես անցայ այս երկրորդ գրքին:

Հ.- «Եզրից դուրս»-ը նուիրել էք ձեր երկու որդիներին ու կնոջը: Ինչո՞ւ:

Պ.- Դա խիստ անձնական պատմութիւն է: Շահանին ու Վարանդին, որոնց կը պարտիմ ապրելու կամքս: 6 տարի առաջ բժշիկներն ինձ երկու տարուայ կեանք տուեցին: Միակ յամառութիւնը, որ որոշեցի ապրել` իմ երկու որդիների ճակատագիրն էր: Մտածում էի, թէ ինչպէ՞ս են նրանք ապրելու: Ինձնից բացի որեւէ մէկին չէր կարող դա յուզել: Նրանք  ներկայ կը գտնուեն շնորհահանդէսին:

Հ.- Ձեր բանաստեղծութիւններում, ձեր խօսքի մէջ այնքան գոյն ու ջերմութեան կայ, ասել է, թէ սէր կայ: Մարդը քարանձաւից սկսած սիրոյ կարիք է ունեցել: Սիրոյ թեման նաեւ ձեր բանաստեղծութիւնների առանցքում է: Ի վերջոյ, ի՞նչ է կեանքը, եւ ընդհանրապէս, ինչո՞ւ է մեզ տրուած կեանք կոչուող այս ժամանակահատուածը:

Պ.- Սէրը ո՛չ կարելի է սահմանել, ո՛չ ձեւակերպել: Միակ պայմանը սիրոյ թեմայով  զբաղուելու` ողջ լինելն է: Չեմ կարող պատկերացնել կեանքն առանց սիրոյ թեմայի: Դա ասում եմ ոչ թէ վիպապաշտութիւնից ելնելով, այլ` բաւական իրատեսօրէն:  Յաճախ մեր ընկերային շրջապատը չի արտօնում սիրոյ առաւելագոյն ներուժի դրսեւորման համար: Կարծում եմ` դա ցաւալի երեւոյթ է, որովհետեւ սէրը պէտք է անկաշկանդ լինի: Խօսքն անպատասխանատու սիրոյ մասին չէ, այլ` ինքնաբուխ զգացմունքներով սիրոյ: Դժուար է ամէնուր, բայց` յատկապէս Հայաստանի համար: Դժբախտաբար Հայաստանում նկատել եմ ընկերային սահմանափակումներ, որոնք պէտք չէ լինեն:

Հ.- Մի  գուցէ՞ նահապետական բարքերի հետեւանք է:

Պ.- Ըստ իս, մենք աղաւաղել ենք մեր բարքերը: Չեմ հաւատում, թէ մեր հին, աւանդական բարքերն այնքան վատ էին, քան` այսօրուայ սովորոյթները: Այս պահին չեմ ուզում խորամուխ լինել այդ հարցերում:

Հ.- Բայց դրանք եւս եզրից դուրս են:

Պ.- (Ժպտում է,- Մ.Մ.): Հանաւաբար, այո…

Հ.- Այսօր մարդիկ, ասես, հոգեկան ճնշուած վիճակում են, եզրը չտեսնելու հնարաւորութիւնից զրկուած: Դա սիրոյ պակասի՞ հետեւանք է՞, թէ մի գուցէ՞ եզրը չտեսնելու:

Պ.- Անգամ պահպանողական մարդու համար է կարեւոր եզրից դուրս գալը, թէկուզ մի ոտնաչափ: Այն եզրերը, որոնք մենք սահմանել ենք, արհեստական են: Մարդը պէտք չէ ունենայ եզր, սահման, որոնք միշտ կը կաշկանդեն նրան: Կարծում եմ` հէնց այդ կաշկանդումների պատճառով են կոտրուած ընտանիքները, սրտի ցաւերը: Այս գրքում մի բանաստեղծութիւն ունեմ, որը մի մարդու մասին է, ով գտնւում է եզրից դուրս: Դա ընդգրկեցի համեմատութեան համար, որպէսզի հասկանալի լինի մարդկային այդ տեսակը:

Հ.- Մենք յաճախ խօսում ենք արժէքների մասին, խրատում, թէ դրանց պէտք է հետեւել: Որո՞նք են արժէքները:

Պ.- Այս գրքում խօսում եմ մի կարեւոր արժէքի մասին, որը ուղղակիօրէն չեմ նշել: Ամենակարեւորն այն է, որ մարդը պէտք չէ խաբի ինքն իրեն: Մի՛ հաւատայ, որ եթէ շարժուես բոլոր օրէնքներով, մարդիկ քեզ յարգեն, ասեն` լաւ մարդ ես: Ի վերջոյ, մարդը` որպէս անհատ, պէտք է անկեղծ լինի ինքն իր նկատմամբ, չխաբի իրեն: Եթէ դու չկարողանաս ապրել քո խղճի հետ, ուրիշի հետ չես կարող ապրել: Ի վերջոյ, մարդ պէտք է հաշտ ապրի իր խղճի հետ, իսկ հաշտ կ՛ապրի այն դէպքում, երբ երբեմն դուրս է գալիս եզրից:

Հ.- Մնում է փնտռել  եզրը, այո՞:

Պ.-  Եզրն այդքան էլ խորիմաստ չէ: Եզրը ներս ու դուրս չունի: Այն ունի երկու կողմ:

Հ.- Վերջում թոյլ տուէք շնորհակալութիւն յայտնել այն նուէրի համար, որ մենք բոլորս ունեցանք….«Եզրէն դուրս»…

Պ.- (Մեղմ ժպտում է,- Մ. Մ): Ես էլ զգացուած եմ ձեր զգացածի համար….

Հարցազրոյցը` ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆի

Երեւան
Յատուկ «Ազդակ»-ի համար

Նախորդը

«ՊԱՏՄԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆՆԵՐ, ԱԿՆԱՐԿՆԵՐ, ՅՈՒՇԵՐ ԵՒ ԱՅԼ ԷՋԵՐ» (ՀԵՂԻՆԱԿ` ՄԱՆՈՒԷԼ Ս. ՔԱՍՈՒՆԻ)

Յաջորդը

ՈՂՋՈՅՆԻ ԽՕՍՔԵՐ

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Գլխաւոր
  • Մեր մասին
  • Նուիրատուութիւն
  • Կապեր
  • Կապ մեզի հետ
  • PDF արխիւ
Powered by Alienative.net

© 2026 «Ազդակ» Օրաթերթ (Aztag Daily), Լիբանան։ Բոլոր իրաւունքները պահպանուած են։

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2026 «Ազդակ» Օրաթերթ (Aztag Daily), Լիբանան։ Բոլոր իրաւունքները պահպանուած են։