ՅԱՐՈՒԹԻՒՆ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
Իր մայրամուտի վերջին շրջանն ապրող ծերունի զօրավարը, ճօճաթոռին նստած, նոր-նոր էր սկսել նիրհել, երբ խաւարասէրները որոշեցին խախտել նրա ծերունական անդորրը: Ո՞ւմ մտքով կ՛անցնէր, որ նրանք մի օր գլուխ կը բարձրացնեն: Այնքան հեզ էին, այնքան հնազանդ, որ նոյնիսկ նրա կենսաքիմիկոս կինը, ոգեւորուած, որոշել էր նպաստել նրանց արագ բազմացմանը եւ արու խաւարասէրներին իր ստեղծած յատուկ շիճուկից էր ներարկել: Գործողութիւնը յաջող էր անցել, բայց յետոյ, էգ խաւարասէրների մի խմբաքանակ չէր դիմացել արուների անզուսպ պահանջներին եւ մէջքի վրայ շրջուել էին` խախտելով մութ սենեակի ժողովրդագրական պատկերը: Տանտիրուհուն ոգեւորել էր այն հանգամանքը, որ զօրավարին պատկանող ճաշարաններում խաւարասէրներից պատրաստուած ուտեստները մեծ պահանջարկ էին վայելում եւ որոշել էր զարկ տալ միջատաբուծման գործին:
Ըստ էութեան, կինը խաբկանքի մէջ էր, որովհետեւ այդ միջատներից պատրաստուած ուտեստների նկատմամբ հետաքրքրութիւնն ու պահանջարկը ձեւական էին` քծնածին: Այն ժամանակ շատերն էին երազում զօրավարի շուաքի տակ յայտնուել եւ զօրավարական խոհարարի փորձարարական ճաշացանկը համտեսելուց յետոյ պարտադրուած հիացել էին նոր ուտեստի համով, ինչից էլ ոգեւորուած` զօրավարը հրահանգել էր, որ իր բոլոր ծանօթ-մտերիմները ճաշեն միայն այդ ճաշարանում եւ պատուիրեն յատկապէս այդ ուտեստները:
Բոլորը խօսում էին նոր ուտեստների մասին եւ, նախապէս պատուիրում իւրայատուկ ուտեստը ճիշդ այն ժամերին, երբ զօրավարը ճաշարանում էր լինում: Եթէ նրան չէին հանդիպում եւ չէին արժանանում նրա ուշադրութեանը, այնքան էին ուտեստի մասին խօսում, համուհոտով պատմութիւններ յօրինում, որ դրանք բերնեբերան գնում-հասնում էին զօրավարի ականջին: Նա էլ վարձահատոյց էր լինում` նրանց արժանացնելով իր ընդունելութեանն ու բարեհաճութեանը: Կանչում էր, զրուցում, հալուքէֆ հարցնում, յորդորում, որ երբեք չընկճուեն, չխեղճանան եւ միշտ ամուր կառչած մնան իրենց հող ու ջրին: Միայն այդքանը բաւական էր, որ արդէն յաջորդ օրը յաճախորդները նոր կարգավիճակով փողոց դուրս գային եւ յօնքի տակից, ցից պրկուած աչքերով նայէին համաքաղաքացիներին:
Զօրավարը չէր ճաշակել այդ ուտեստներից: Նրա ճաշացանկը խնամքով, առողջապահական յատուկ կարգով էր սահմանուած` ջայլամի միս, քանի որ այն զուրկ էր քոլեսթերից եւ` անվտանգ, շաքարախտով հիւանդների համար, հորթի համեմուած կրծքամիս, տապակած գայլաձուկ, տարաշխարհիկ բանջարեղէններով եւ մրգերով աղցաններ եւ այլն: Նրա մտքով չէր էլ կարող անցնել, որ կոյուղում վխտացող խաւարասէրներից կարելի է ուտեստներ պատրաստել, բայց մի անգամ այցելուներից մէկի ձայնը գրաւեց ճաշարանի յաճախորդների ու անձնակազմի ուշադրութիւնը:
Oրուայ այցելուն` զօրավարի շրջապատին ոչ անյայտ Մլեհը, կամ, ինչպէս նրան քաղաքում էին ճանաչում, Մլեն, որոշել էր հիւսիսից եկած իր հիւրերին պատուել ու նրանց հրաւիրել էր քաղաքի ամենայայտնի` «Մարաջախտ» ճաշարան: Յայտնի խոհանոցի անուշաբոյր համ ու հոտից անակնկալի եկած հիւսիսցիները այլայլուել էին, երբ նրանցից մէկի ափսէում մէջքի վրայ փռուած, ոտքերը վեր պարզած խաւարասէր էր նկատուել: Մլեհի հայհոյախառն գոռգոռոցի վրայ ներս խուժած` ճաշարանը «նայող» տղերքը, իմանալով եղելութիւնը, սիրալիր ներողութիւն էին խնդրել հիւրերից, իսկ Մլեհին «հրաւիրել էին» զրոյցի: Բարձրաձայն բողոքելու համար նրան անձամբ «մշակել» էր զօրավարի համհարզը` թիկնապահ Համամը, ով արդէն հասցրել էր դառնալ քաղաքի ահ ու սարսափը: Իր գործն անելուց յետոյ նա խոհարարին պարտադրել էր Մլեհի համար խաւարասէրներից ապուր պատրաստել:
Խոհարարն էլ իր հերթին ջանացել եւ ստեղծագործել էր` այնպէս, որ ինքն էլ էր զարմացել, թէ ինչպիսի հաճոյքով Մլեն ոչ թէ կերել, այլ կուլ էր տուել տարաշխարհիկ ապուրը, սրբել մինչեւ ականջները հասնող բեղերն ու, շնորհակալութիւն յայտնելով` հիւրերի հետ դուրս եկել ճաշարանից:
«Ես Քորէայում էլ եմ սրանցից կերել, բայց սրա համն ուրիշ է, լաւն էր», հիւրերի մօտ արդարացել էր Մլեհը եւ շարունակել. «Հաւանաբար, ջրից է»: Իսկ յետոյ, որպէսզի իր ասածներն աւելի արժանահաւատ լինեն, առաջարկել էր խմել տեղական գարեջուր կամ «Քոքա-քոլա» եւ համոզուել, որ, իրօք, համի առումով շատ են տարբերւում աշխարհի որեւէ երկրում պատրաստուած խմիչքներից:
Դէպքին յաջորդող օրերին, երբ քաղաքում լոյսի արագութեամբ տարածուեց «Մարաջախտ»-ում խաւարասէրներ հրամցնելու մասին լուրը, Մլեհին ոչինչ չէր մնում, քան այդ պատմութիւնը հունցէր եւ հրամցնէր իր տարբերակով: Ուր նստում էր, պատեհ անպատեհ գովաբանում էր ճաշարանի խոհարարի ձեռքի շնորհքը եւ իր բոլոր ծանօթ-բարեկամներին, ընկերներին, խորհուրդ տալիս անպայման համտեսել այդ հրաշք ուտեստը: Նոյնիսկ առաջին հինգ հոգուն ինքն անձամբ որոշեց հիւրասիրել: Երբ մտել էին ճաշարան, սրահի վարիչը լարուել էր եւ փորձել ռատիոկապով Համամին կապ տալ: Մլեհը, հասկանալով լարուածութեան պատճառը, մեղմել էր իրադրութիւնը: Ասել էր. «Տղերքով որոշեցինք բզէզներ ուտել»: Ապա շրջուելով մատուցողի կողմը` բարձր, բարձր, այնպէս, որ բոլորը լսեն, ասել էր. «Մեզ համար հինգ բաժին բզեզապուր բեր»: Մատուցողի եւ սրահի վարիչի շփոթուած հայեացքները միայն Մլեհն էր նկատել: Նոյնիսկ տեսել էր, թէ ինչպէս նրանց ճակատներին քրտինքի կաթիլներ յայտնուեցին:
Զօրավարը զարմացած էր: Քաղաքում պտտուող տարբեր պատմութիւններից հասկացել էր, որ խաւարասերով ապուրը հրաշալի համ ունի, բայց նրա հաւատարիմ համհարզը, ով նոյնիսկ գիշերները չէր հեռանում զօրավարի կողքից եւ նինջի ժամանակ հերթապահում էր` դրան տակ, հասցրել էր անկեղծանալ եւ ներկայացնել ուտեստի ստեղծման եղանակը, որը զօրավարին շատ էր դուր եկել: Նա էլ մարտադաշտում էր առաջնորդուել նման մի հնարքով` զինուորներին պարտադրաբար, առանց փամփուշտի կրակի բերան էր ճամբել… եւ յաղթել:
Զօրավարի նկատմամբ հիացական վերաբերմունքը դրսեւորուեց, երբ ռազմաճակատում էր:
Պատմութիւնները, մինչ հասնում էին հայրենի փոքրիկ քաղաք, աւելի ազդեցիկ էին դառնում: Իրականութիւնն անզօր էր ժողովրդական բանահիւսութեան դէմ: Պատմում էին ու պատմում, յօրինում էին ու գունազարդում եւ այդ յօրինուածքներով սփոփում մարտի դաշտում զոհուած զինուորների ծնողների, ազգականների, ընկերների սրտերը: Ըստ այդ պատմութիւնների, զօրավարը տասնապատիկ, հարիւրապատիկ վրէժխնդիր էր լինում ամէն մի զոհուած զինուորի դիմաց` այնպէս, որ նրա անունը լսելիս թշնամին գլխապատառ, մի ոտն առաջ ճողոպրում էր մարտի դաշտից` թողնելով տուն-տեղ, ինքնաշարժ, կահոյք, հնաոճ իրեր, փայտանիւթ, երկաթեայ ամրաններ, զանազան անպիտան, նոյնիսկ պէտքական իրեր…
Ու հիմա նա էր տիրացել քաղաքի միակ ճաշարանին: Հին խօսք է` յաղթողին չեն դատում ու մինչ նա կը վերադառնար, նրա թիկնապահը` Համամը, արդէն հասել էր ճաշարան եւ ազդարարել նոր սեփականատիրոջ անունը:
Կրակոցների ձայնից այդ օրը քաղաքը չքնեց: Դիմադրութիւնն անողոք էր, բայց` անիմաստ: Յաջորդ օրերին քաղաքում դերերը վերաբաշխուեցին: Շուկայի մսավաճառներից սկսած մինչեւ ինքնաշարժների կայանատեղիների հսկիչները փոխւում էին, եւ նորերն էին նշանակւում Համամի ու նրա նմանների որոշումով: Ով ընդդիմանում էր, տեղում, բոլորի աչքի առաջ ստորացւում եւ դուրս էր շպրտւում տարածքից, աւելի յամառներին, չկոտրուողներին տանում, գցում էին զօրավարի ձիերի ախոռը, որտեղից կա՛մ չէին վերադառնում, կա՛մ վերադառնում էին, որպէսզի ունեցած-չունեցածը հաւաքեն եւ հարկադրաբար հեռանան երկրից:
Քաղաքում մեռելային լռութիւն էր: Բոլորը շշուկով իրար պատմում էին, թէ ինչպէս երկրից անվերադարձ հեռացան քաղաքի յարգուած գերդաստանները` մսավաճառ Խոսրովի, արծաթագործ Զարեհի եւ այլոց ընտանիքները: Հեռացաւ նաեւ քաղաքի գուսանը, ով զօրավարի ամէնօրեայ խնճոյքների սեղանի զարդն էր: Ոչ ոք այդպէս էլ չիմացաւ գուսանի հեռանալու պատճառը: Քաղաքն ապրում էր` շունչը պահած, ու թւում էր, ուր որ է` շնչահեղձ է լինելու:
***
Զօրավարը միայն լսում եւ ընդունում էր հաւատարիմ թիկնապահի խորհուրդները: Համամը նրա շրջապատի ամենաուսեալ եւ լուսաւոր մարդն էր: Նա տառաճանաչ էր. աւարտել էր հանրակրթական դպրոցի ութերորդ դասարանը եւ մի քանի ամիս յաճախել հիտրոմելիորաթիւ ուսումնարան: Համամը ամէն առաւօտ պարտաճանաչ, զօրավարի համար ընթերցում էր մամուլի կարեւոր հրապարակումները, յետոյ նոյնը ջանում բացատրել հասկանալի լեզուով: Թէեւ զօրավարը Համամի ո՛չ ընթերցանութիւնից էր բան հասկանում, ո՛չ էլ` բացատրածից, բայց ամէն անգամ խորհրդաւոր շարժում էր գլուխը` հաւանութիւն տալով նրա անկեղծ ջանքերին: Թերթեր կարդալը Համամի համար Քրիստոսի տառապանք էր, մանկուց ատել էր գիրն ու գիրը ստեղծողին, բայց յանուն իր հրամանատարի` ի՜նչ զոհողութիւնների ասես չէր գնացել, մինչեւ որ շահել էր նրա վստահութիւնը: Նա վերջնականապէս դարձաւ զօրավարի «կողոսկորը», երբ նրա ծննդեան օրուայ առթիւ որպէս նուէր ձիարշաւարանից բռնազաւթեց արաբական ազնուացեղ մի ձի: Զօրավարը ձիեր շատ էր սիրում: Համամն էլ քայլում էր կիպ` զօրավարի թիկունքը պահած, միշտ գրպանը լի շաքարի կտորներով:
Զօրավարի ամենասիրելի զբաղմունքը ձիերին շաքարով կերակրելն էր: Համամը դա լաւ գիտէր: Ձիանոց միայնակ մտնելու իրաւունք միայն նա ունէր, նոյնիսկ զօրավարի կողակիցը` կինն էր զրկուած այդ արտօնութիւնից, փոխարէնը` նրան տրուած էին խաւարասէրների բուծարանում գործելու բոլոր իրաւունքները: Իսկ երբ ախոռից լսւում էր ձիերի անզուսպ խրխինջը, նշանակում էր` զօրավարը այնտեղ է` ձիերի հետ, եւ այդ ժամանակ նոյնիսկ Համամին էր արգելուած մտնել ու խանգարել տիրոջ վայելքները:
Այն օրը, երբ փոքրիկ քաղաքում պայթեց բզէզապուրի լուրը, Համամը հասկացաւ, որ պէտք է զարկ տալ խաւարասէրների բուծման գործին: Նա շատ արագ կողմնորոշուեց եւ, տիրոջից թաքուն, իր տղաների հետ ներխուժեց քաղաքում գործող` արդէն միակ արհեստագործական ուսումնարանը եւ, խլելով ուսումնարանի հաստոցները, որպէս մետաղի ջարդոն` դրանք վաճառեց մատակասկարցի մի անծանօթ գործարարի եւ ստացած ողջ եկամուտով Մատակասքարից ցեղական խաւարասէրներ ներմուծեց: Զօրավարը այդ մասին իմացաւ, երբ խաւարասէրների խմբաքանակն արդէն տեղ էր հասել: «Մարաջախտ»-ում արդէն բզեզապուրի հերթեր էին գոյանում:
Զօրավարի բեղերի գոհունակ դիրքից Համամը հասկացել էր` ամէն ինչ ճիշդ է արել: Խաւարասէրների բիզնեսը փթթում էր: Մատակասքարից ներմուծուած խաւարասէրները մեծ էին, ե՛ւ տռուզ: Նոյնիսկ երկրի վարչապետը որոշեց գիւղնախարարի հետ այցելել եւ ծանօթանալ այս նորամուծութեանը: Նրանք, ի հարկէ, բզեզապուր չճաշակեցին, զօրավարն էլ չառաջարկեց, բայց այն, ինչ տեսան, ցնցող էր: Բարձրաստիճան ընկերները աւելի ապշեցին, երբ իմացան, որ ներմուծուած միջատները իւրայատուկ են` միասեռ, եւ շատ արագ բազմացող: Մտածել էին, թէ այդ հնարքի հեղինակը զօրավարի կենսաքիմիկոս կողակիցն է, բայց երբ իմացել էին, որ այս խմբաքանակը ներմուծելուց յետոյ նա կնոջը հրահանգել է դադարեցնել կենսաբանական փորձերը, աւելի էին ապշել: Նման բան ոչ ոք չէր լսել, նոյնիսկ` գիւղնախարարը: Սա արդէն բնութեան կանոններին հակառակ էր, բայց խաւարասէրներն անողոք բազմանում էին:
Վարչապետի եւ գիւղնախարարի այցելութեան մասին լրատուութիւնը լռեց: Պայմանաւորուել էին, որ լրագրողներ չեն լինելու, քանի որ զօրավարը խնդրել էր ոչինչ չհրապարակել: Գաղտնիութեան գաղափարը կրկին Համամինն էր: Ասել էր` եթէ այս մասին լուր հրապարակուի, շատերը կը սկսեն խաւարասէրներ բուծել եւ կը խփեն մեր գործին, պէտք է միառժամանակ չիմանան, որ յետոյ նման գործ նախաձեռնողներին էլ մենք խաւարասէրներ մատակարարեն: Գիւղնախարարը սակայն չէր դիմացել եւ հպարտացել էր նոր ձեռքբերումներով: Հերթական անգամ, երբ Համամը տիրոջը ծանօթացնում էր մամուլի անցուդարձին, քիչ էր մնացել ուշագնաց լինէր, բայց զօրավարը հանգստացրել էր նրան. «Թող գրեն, թող իմանան, որ, բացի կռուելուց, նաեւ լաւ բիզնես անել գիտենք»: Ասել էր ու բռնօթին քթերը քաշելուց յետոյ շարունակել. «Լաւն էլ են գրում` նեղւում էք, ա՛յ մարդ»: Ու մի լաւ փռշտալուց յետոյ ասել. «Ըհը, էդքան էլ ղորթ»:
Համամը չէր հանդարտուել, նրա առաջարկով զօրավարը զանգահարել էր վարչապետին եւ, որպէս պայմանաւորուածութեան խախտման փոխհատուցում, պահանջել կառավարութեան առաջիկայ նիստում որոշում ընդունել, իր ընկերութեանը տալ խաւարասէրների բուծման մենաշնորհի իրաւունք:
Զօրավարը խաւարասէր երբեք չհամտեսեց, բայց մանկան պէս սկսեց զուարճանալ, երբ մի անգամ բուծարանում մի տռզած խաւարասէր ընկաւ նրա ոտքի տակ ու պայթեց: Այդ ճայթոցի ձայնը զօրավարին տեղափոխեց մանկութեան տարիները, երբ գիւղի ճահճուտներից ընկերների հետ գորտեր էին բռնում, յետոյքից փչում ու պայթեցնում: Դրանից յետոյ ամէն օր Համամը տիրոջ համար ընտրում էր ամենատռուզ խաւարասէրին, իսկ զօրավարը այտուցուած ոտքերից հանում էր հողաթափերը եւ սկսում զուարճանալ…:
***
Զօրավարը ի ծնէ տհաս էր, իսկ վերջին տարիներին` անբուժելի հիւանդ: Նա մի քանի անգամ մահացել էր եւ յառնել: Նրա մահերը միշտ գաղտնի էին պահուել: Զօրավարը վերջին անգամ մահացաւ բոլորի աչքի առաջ` ծնկած, երբ վախը սպաննեց նրան: Այդ օրը նա վերջին շնչում հասաւ իր գրասենեակ, ամուր կողպեց դռները, գլխիկոր վերջին հրաժեշտը տալով շրջապատին` փակուեց իր դամբարանում: Գնաց, հեռացաւ, անհետացաւ: Մարմինը շնչում էր, ինքը` ոչ: Եւ միայն ամիսներ անց վերադարձաւ այտուցուած այտերով, արիւնակալած աչքերով, կապտած դէմքով եւ ցանցառ` դեղնած բեղերով: Ինքն էլ չգիտէր` ինչո՞ւ է Բարձրեալն այդքան հանդուրժող, բայց կռահում էր` եթէ հանդուրժում է, ուրեմն իր կարիքը դեռ ունի: Եւ ամէն անգամ, երբ յառնում էր մեռեալներից, աւելի դաժան, շնական եւ ագահ էր դառնում: Ներքուստ հանգիստ էր, գիտէր, որ միայն ուտելուց չի մահանալու, մնացած բոլոր դէպքերում կա՛մ արդէն մահացել էր, կա՛մ սպաննուել:
Հերթական անգամ, երբ դարձեալ յարութիւն էր առել, նախաձեռնեց եւ հիմնեց «Բնաբանների եւ յատկապէս` խաւարասէրների բնապահպանական ակումբ»-ը, որի` օր օրի շատացող, անթիւ, անհամար անդամների հետ կնքուած պայմանագրի համաձայն, ակումբի իւրաքանչիւր անդամ պէտք էր դառնար հայրենասէր եւ անմնացորդ նուիրուէր հայրենի բնութեան պահպանման գործին: Նրա ստեղծած ակումբը կարճ ժամանակում այնքան հզօրացաւ, որ զօրավարը որոշեց դրա անդամներին միւսներից տարբերակելու համար խաւարասէրի պատկերով նշաններ բաժանել: Ինքը, անշուշտ, առաջինը կրեց` ադամանդակուռ քարերով, իսկ Համամին եւ նրա տղաներին բաժանեց ոսկեջրած տարբերակները: Մնացած անդամների նշանները ձուլուած էին պարզ` սեւ մետաղից: Պահանջարկն այնքան մեծ էր, որ Համամը առաջարկեց դրանցից վաճառքի հանել: Զօրավարը դէմ չէր յաւելեալ գումար վաստակելուն: Մի քանի ամիս անց կազմակերպութիւնը տարածուեց երկրով մէկ, եւ ամէն քայլափոխի կարելի էր հանդիպել, խրոխտ քայլող` խաւարասէրի պատկերով կրծքանշանակիրների: Խաւարասէրը դարձել էր երկրի խորհրդանիշը: Խաւարասէրներից ուտեստներ էին պատրաստում կարկանդակներ, լցոնուած սնկեր, տապակայ, ապուր, ծխեցնում էին գարեջրասէրների համար եւ այլն: Վաճառւում էին խաւարասէրների տեսքով զարդեր, վզնոցներ, մատանիներ:
Աւելի խելայեղները մարմնի տարբեր մասերին խաւարասէրի պատկերով դաջուածքներ էին անում: Երգահանները երգեր էին ձօնում, մշակոյթի գործիչները փառատօներ, գիտաժողովներ կազմակերպում, եկեղեցիներում ամէն կիրակի` պատարագից յետոյ, հոգեւորականները արեւշատութիւն եւ երկար կեանք էին մաղթում երկիրը բարեկեցութեան հասցրած կազմակերպութեանն ու նրա առաջնորդներին, իսկ իրիկնային հրավառութիւնները տեղանքը վերածում էին փառատօնային քաղաքի:
Արտաքուստ ուրախ քաղաքի առօրեան պարուրուած էր տխրութեամբ: Անարդարութեան, անգործութեան, սովի ճիրաններում յայտնուած քաղաքացիներին այլ ելք չէր մնում, քան` հրավառութիւնների երկիրը լքելը: Ահագնացող արտագաղթը միայն այն ժամանակ տեսանելի դարձաւ, երբ կտրուկ անկում ապրեց առեւտուրը, կիսադատարկ դարձան սպասարկման հիմնարկներն ու կրթական հաստատութիւնները: Կտրուկ կրճատուեց ֆինանսական շրջանառութիւնը, իսկ կառավարութիւնը միայն մէկ բան էր փորձում անել` անդադար համոզում էր, որ ամէն ինչ լաւ է, ուղղակի պէտք է հաւատալ, հաւատալ ու հաւատալ:
Ոչ անյայտ Մլեհը, ով երկար ժամանակ ստիպուած գովաբանել էր բզէզապուրը, ինքն էլ կապեց քոչը եւ ընտանիքով հեռացաւ: Նա այդ որոշմանը յանգեց, երբ փորձել էր ընդվզել եւ ասել ճշմարտութիւնը: Եւ քանի որ նրա թիրախն այս անգամ ոչ թէ զօրավարն էր, այլ` համընդհանուր անտարբերութեան մէջ թաղուած իշխանութիւնը, նրան ձիանոց չնետեցին. պարզապէս մի լաւ ծեծ կերաւ փողոցում` երիտասարդ հայրենասէր բնաբանների կողմից: Մլեհի` երկրից հեռանալը թեթեւակի ցնցեց լրատւութեան դաշտը: Նա աւելի յայտնի անձ էր, քան` մինչ այդ արդէն գաղթի ճամբան բռնածները: Յաջորդ օրը, ի պատասխան լրատւութեան հրապարակումներին, իշխանութեան նախաձեռնութեամբ, երիտասարդների խմբեր քաղաքի տարբեր մասերում` ելեկտրասիւներին, պատերին, օդակայանում, ինքնաշարժների կայարաններում, ամէնուր փակցնում էին չուող թռչուններ պատկերող պաստառներ` վերեւում գրուած` «Մի՛ հեռացիր», իսկ ներքեւում` «Լքելով փոքրիկ հայրենիքը` դարձնում ես այն աւելի փոքր»: Նոյն բովանդակութեամբ թռուցիկներ բաժանւում էր առձեռն, երկրում դեռ գործող հատուկենտ թաքսի ծառայութիւնների եւ համատիրութիւնների աշխատակիցների միջոցով: Արտագաղթողները կարդում էին, յուզւում, բայց մնում անդրդուելի իրենց որոշումներում. հեռանում էին մարդկային կարաւաններով:
Գարուն չէր, ամառ չէր, աշուն չէր, ձմեռ էլ չէր… Ուրիշ եղանակ էր: Զօրավարի գլխում ամէն ինչ խառնուել էր: Ընկերները յաճախ չէին յիշում նրան, բայց փոխարէնը` նա դարձել էր լրագրողների սիրելին: Ամէն առիթով լրագրողները զանգահարում եւ կարծիք էին հարցնում: Իսկ քանի որ նա մանկուց սէր չունէր գրել-կարդալու հետ կամ, աւելի ճիշդ, տառաճանաչ չէր, նրան չէր հետաքրքրում, թէ իր մեկնաբանութիւններն ինչպէս են ընդունւում հասարակութեան կողմից: Նա սկսել էր սերտ համագործակցել լրագրողական հանրութեան հետ: Որոշ լրատուամիջոցների կողմից անցկացուած արդար քուէարկութեան արդիւնքում նա նոյնիսկ հռչակուեց Տարուայ մարդ, եւ մէկ տարի շարունակ նրա մեծադիր դիմանկարով պաստառը փակցուեց մայրաքաղաքի ամենակենտրոնական մասում` խաղատան գովազդի հարեւանութեամբ:
Զօրավարը երանութեան մէջ էր: Շաբաթը մի քանի անգամ հաւատարիմ համհարզի ուղեկցութեամբ գնում էր մայրաքաղաք, կանգնում, հեռուից նայում էր պաստառից ժպտացող Տարուայ մարդուն եւ, ուժ հաւաքած, ոգեւորուած, վերադառնում տուն: Նրա համագործակցութիւնը լրատւութեան ոլորտի ներկայացուցիչների հետ վերածուել էր բարեկամութեան եւ նա, իբր թաքուն, այնպէս, որ լրատւութեան ներկայացուցիչները գլխի չընկնեն, կառավարում էր լրատուական հոսքերը: Ամէն երեկոյ զօրավարի համար կարդում էին յաջորդ օրուայ լուրերը, որից յետոյ նա որոշում էր, թէ որ լուրն է հրապարակուելու եւ դառնալու իրականութիւն, իսկ որը` ոչ: Նա այնքան էր զբաղուած իր նոր գործով, որ դադարել էր զուարճանալ մանկութեան յիշողութիւններով: Փքուն խաւարասէրները նրան այլեւս չէին հետաքրքրում: Իսկ դրանք շարունակում էին բազմանալ: Փոխարէնը` Համամը վերջին օրերին ջղաձգուած էր: Բիզնեսը անկում էր ապրում, փողոցներում մարդիկ պակասել էին, օրուայ եկամուտը` կտրուկ նուազել: Զօրավարը սկզբում Համամ մտահոգութիւնները ցնդաբանութիւն էր համարել: Նա վստահ էր, որ բոլոր դժուարութիւնները ժամանակաւոր են, այդպէս էին նրան ասել կառավարութիւնում իր մտերիմները եւ նա էլ կարգադրել էր Համամին հեռու մնալ գաղջ մթնոլորտ տարածողների ազդեցութիւնից: Բայց Համամը չէր հանդարտւում: Օր օրի նա աւելի ջղագրգիռ էր դառնում, ինչը զօրավարի աչքից չէր վրիպում:
***
Իր մայրամուտի վերջին շրջանն ապրող ծերունի զօրավարը, ճօճաթոռին նստած, նայում էր բթամատի ծաղկած եղունգին: Չէր յիշում, թէ ե՞րբ եւ որտե՞ղ էր լսել, որ եթէ եղունգը ծաղկում է, ուրեմն մեծ փոփոխութիւններ են լինելու: Նա ամէն օր երկար նայում էր ծաղկած եղունգին ու սպասում: Հաւատում էր, որ դրական փոփոխութիւնները երկար սպասեցնել չեն տալու. հէնց կտրի ծաղկած եղունգը, վիճակը կը լաւանայ: Այդ օրն էլ եղունգը երկար զննելուց յետոյ հասկացաւ, որ պէտք է սպասի եւ յուսահատ ննջեց:
***
Չհասկացաւ` երա՞զ էր, թէ՞ իրականութիւն. խաւարասէր բարեկամներն ընդվզել էին: Նախ` բուծարանից խմբերով տեղափոխուել էին զօրավարի լոգասենեակ, յետոյ` կոյուղու խողովակներով հասել խոհանոց, այնտեղից` պիլիարտի սրահ եւ տեղաւորուել սենեակի շրիշակների ետեւում: Իսկ յետոյ արդէն բարձրացել եւ տաքուկ բնաւորուել էին պաստառների ու պատերի արանքում` բոլոր տեղերում կէտ-կէտ թողնելով իրենց արտաթորանքի հետքերը: Աւելի ուշ նրանք կարողացել էին սողոսկել նաեւ հարեւանների բնակարաններ, նոր` «Ազատութիւն, արդարութիւն, մարդկութեան հետ փոխշահաւէտ համարկում» կարգախօսով ռազմավարական ծրագրեր մշակել ու անցել յարձակման, բառի բուն իմաստով` կատաղի յարձակման:
***
Զօրավարը կէս քուն, կէս արթուն բացեց աչքերը ու տեսաւ, թէ ինչպէս են տռզած խաւարասէրները տեղաւորուել դէմքին եւ արիւնակալած աչքերին կախուած կոպերից ծծում արիւնը: Սիրտը սկսեց անհամաչափ բաբախել, օդը պակասեց, շնչառութիւնը ծանրացաւ: Յետոյ տեսաւ, թէ ինչպէս պայթեց առաջին խաւարասէրը, եւ դէմքը ողողուեց արեամբ: Լեզուն արճիճի պէս ծանրացաւ, ուզում էր օգնութիւն կանչել, բայց ձայնը խեղդուեց կոկորդում` դուրս չեկաւ: Ձեռքերով, ծովում խեղդուողի պէս, մի քանի անհամաչափ շարժումներ արեց, եւ հէնց այդ պահին ականջին հասան մանկութեան տարիների ճայթիւնների ձայները: Հեզ ու հնազանդ խաւարասէրները դարձել էին գիշատիչներ, խմում էին զօրավարի` արդէն թանձրացած արիւնն ու ճայթելով թափւում ցած: Հողը պատուել էր շագանակագոյն լերդացած արեամբ, իսկ ըմբոստացած խաւարասէրների հոսքը դէպի արիւնաքամ զօրավարի մարմինը շարունակւում էր: Գալիս էին արդէն ոչ թէ կարգախօսը իրականացնելու մղումով, այլ` արեան հոտին կարօտ: Գալիս էին, ծծում, պայթում ու թափւում հողին: Զօրավարը մի վերջին անգամ հայեացք նետեց բթամատի եղունգին եւ շունչը փչեց:
Շոգ էր: Անտանելի շոգ: Գուցէ աշխարհի պատմութեան ամենաշոգ օրը: Հողն ու արիւնը եռում էին կրակի ճիրաններում, եւ կատաղի արագութեամբ հողից գլուխ էին բարձրացնում անհասկանալի տեսքով անողնաշար էակներ, որոնք, մի քանի ժամից պիտի փքուէին եւ պայթէին` իրենցից յետոյ թողնելով գարշահոտութիւն:
Մի քանի ժամ յետոյ նեխահոտը բռնեց քաղաքը: Նրանք, ովքեր ինչ-ինչ հանգամանքներից դրդուած դեռ մնացել էին մեռնող քաղաքում, գլուխներն առած` փախչում էին տարբեր ուղղութիւններով, մի մասը` մեքենաներով, մի մասը` հեծանուով, մի մասը` ոտքով, մի խօսքով` ով ոնց կարող էր: Անամպ, պայծառ երկինքը մռայլուել էր: Երաշտ էր, անձրեւի յոյս չկար ու երկնքից մրուր էր թափւում: Մի քանի ժամուայ ընթացում նեխահոտը բռնեց ողջ երկիրը: Գիշատիչ խաւարասէրները խժռում էին իրենց ճանապարհին յայտնուած ամէն ինչ ու պայթում:
Սակայն կեղտոտ արիւնը չէր ներծծւում հողի մէջ, եւ քիչ անց ամէնուր սկսում էին վխտալ բազում վարակակիր միջատներ: Աղէտալի լուրը, չնայած տեղական լրատուամիջոցների յամառ լռութեանը, կայծակնային արագութեամբ տարածուեց երկրի սահմաններից դուրս: Ոչ ոք չէր հասկանում, թէ ինչ է կատարւում, բայց հապշտապ ձեռնարկուեցին կանխարգելիչ միջոցառումներ: Սահմանակէտերում հարեւան պետութիւնները յայտարարեցին արտակարգ դրութիւն, զօրավարի իւրաքանչիւր համերկրացի ենթարկւում էր բուժզննման, որից յետոյ էր միայն ստանում սահմանը հատելու թոյլտւութիւն: Սահմանին գոյացած հերթերը ձգւում էին մինչեւ յարակից գիւղերը, որոնց բնակիչները հերթի մէջ սպասող աղէտեալներ էին:
Համամը փորձեց ճարպկութիւն բանեցնել եւ առանց հերթի հատել սահմանը, բայց հանդիպելով սահմանապահների բիրտ միջամտութեանը` թեւաթափ վերադարձաւ: Աղէտից փախչողների հերթում բոլորն էին հաւասար: Ոչ ոք չգիտէր` կը յաջողի՞ փախչել դժոխքից, թէ՞… ու բոլորը մի մարդու պէս ենթարկւում էին օտար սահմանապահների սահմանած կարգ ու կանոնին:
Օրուայ երկրորդ կէսին սահմանակէտերում բուժստուգումները դադարեցուեցին: Աշխուժութիւնը մարեց, սակայն փութով հեռանում էին օտարերկրեայ դիւանագիտական մարմինների եւ կազմակերպութիւնների աշխատակիցները: Նրանց հեռանալուց յետոյ հոգեհանգստեան լռութիւն իջաւ, եւ երկաթեայ արգելափակչի ծանր ճռիւնը երկիրը զատեց աշխարհից …
Տեւական ժամանակ ձգուող վիճակը պաշտօնականացուեց, յայտարարուեց կարանտին, եւ այդ կարանտինը շարունակուելու էր դեռ շատ երկար` մինչեւ վերջնականապէս կը խժռուէր երկրի վերջին լեշի` զօրավարի սմքած մարմինը:
* Quarantaine


