ՎԱՀԷ ՄԱԿԱՐԵԱՆ
Յուլիսի 25-ին Ջաւախքի Կարծախ գիւղում ամէնամեայ հերթական սպասուած տօնն էր. կարծախցիները նշում էին իրենց գիւղի ծնունդ, մեծանուն աշուղ Ջիւանու (Սերոբ Ստեփանի Լեւոնեան) օրը: Այս տարի, սակայն, տօնն առանձնացաւ մի կարեւոր ու նշանակալի իրադարձութեամբ. տեղի ունեցաւ Ջիւանու տուն-թանգարանի հիմնարկէքի արարողութիւնը:
Ջաւախքի շրջանների ղեկավարութեան, Հայաստանից եւ Թիֆլիսից ժամանած մի շարք բարձրաստիճան հիւրերի ներկայութեամբ եւ Սամցխէ-Ջաւախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Բաբգէն վրդ. Սալբիեանի օրհնութեամբ յիշատակի գրութեամբ գլանակը տեղադրուեց պատի մէջ եւ այդպիսով յայտարարուեց շինարարական աշխատանքների մեկնարկը: Այս ամբողջ նախաձեռնութիւնը Ջաւախքի աջակցութեան հիմնադրամին էր պատկանում:
Յատկանշական է, որ տուն-թանգարանում մինչեւ վերջերս բնակուող է եղել, եւ այս տարի տան տէրերը որոշել են նուիրաբերել իրենց ապուպապի` աշուղ Ջիւանու տունը` թանգարան կառուցելու համար: Նրանք նաեւ արգելել են, որ իրենց բարեկամուհին, ով մինչ այդ բնակւում էր այս տանը, վաճառի այն այլ ազգանուն ունեցող ոեւէ մէկին. վաճառելու դէպքում միայն Ջիւանու տոհմից ոեւէ յետնորդ պէտք էր գնէր այն. այդպէս էին իրենք իրենց մէջ որոշել Ջիւանու տոհմի ներկայացուցիչները:
«Մենք էստեղ չենք ապրել, մենք Երեւանում ենք ապրում, էս մեր պապի տունն է: 10 տարի առաջ, 2005 թուին, ես Երեւանից իմացայ, որ էս տունը վաճառւում է: Իմանալուն պէս` ես մեքենան նստայ ու ոնց որ խելագարուած` քշեցի եկայ գիւղ ու տեսայ, որ հօրեղբօրս կինը, ով ապրում էր էս տանը, վաճառել է տունը հարեւաններին, փողն էլ դեռ չէր առել: Ասի` ա՛յ հօրեղբօրկին, դու էս տունը ո՞նց կը վաճառես, ո՞ւմ տունը կը վաճառես, էսիկ մեր պապի տունն է, էսիկ վաճառելու տուն չէ: Ինչքա՞ն փող ես ուզել: Ըսաւ` 2000 տոլար: Ըբա ուրիշ ազգը մեր տանը ի՞նչ գործ ունի, որ գայ մեր պապի տունը նստի: Ես հէնց որ տունը գնել եմ, իրեն ասել եմ, որ էս տունը պիտի շինենք թանգարան», մեզ հետ զրոյցում պատմեցին տան տէրերը` Սպիրիդոն Բանգոյեանն ու իր կինը:
Նրանք նշեցին, որ իրենց որդիները խոշոր գործարարներ են, պիզնեսներ ունեն Հայաստանում եւ Ռուսաստանում, եւ իրենք իրենց գիւղի` Կարծախի համար շատ բան են արել, դպրոցին օգնութիւն են յատկացնում, օգնում են կարիքաւոր ընտանիքներին, ամէն տարի սեպտեմբերի 1-ին նուէրներ են տալիս դպրոցականներին, ճանապարհներ են սարքել գիւղում, Ջիւանու օրերը տարիներ շարունակ իրենք են հովանաւորում, որ անցկացուի պատշաճ կարգով եւ` այդպէս շարունակ: Եւ իրենք դա, ըստ Սպիրիդոն պապի եւ նրա կնոջ, անում են իրենց խղճի հանգստութեան համար, որ քանի դեռ իրենք ունեն որոշակի նիւթական հնարաւորութիւն, ուրեմն որքան կարող են, պէտք է օգնեն իրենց հարազատ ծննդավայր Կարծախին ու կարծախցիներին, նաեւ վառ պահեն իրենց տոհմի անուանի Աշուղ Ջիւանու անունն ու յիշատակը գիւղում:
Նրանք ցոյց տուին մեզ ամբողջ տունը, որը երկու մասից էր բաղկացած, մէկը հէնց Ջիւանու ապրած տունն էր, որտեղ ծնուել ու մեծացել է նա, միւսը կառուցուել է աւելի ուշ, որտեղ էլ բնակւում էր մեր զրուցակցի հօրեղբօր կինը, ով միայն վերջերս է լքել տունը, սակայն շարունակում է բնակուել գիւղում: Տունը թանգարանի վերածելու համար շատ աշխատանք պէտք չէ, ընդամէնը տանիքի ամրացման ու մի քանի այլ վերանորոգման աշխատանքներն են հարկաւոր, մնացածը ամբողջութեամբ` իր տեսքով ու հնութեամբ, պահպանուելու է:
Տուն-թանգարանի հիմնարկէքի արարողութիւնից յետոյ արդէն բլրի վրայ կառուցուած բեմին տեղի ունեցաւ բուն միջոցառումը, որտեղ ելոյթ ունեցան տարբեր պարային խմբեր, Թովմաս Պօղոսեանի աշուղական երգի համոյթը, Ջաւախքի Բարալեթ գիւղից ժամանած մանկական պարի խումբը: Ջիւանու յայտնի ստեղծագործութիւններից արտասանեց ջաւախքցի գրող Գէորգ Հայասան, իսկ Հայաստանից ժամանած երգիչ, Ջիւանու երգերի լաւագոյն կատարող Գրիգոր Սաֆարեանն էլ կատարեց Ջիւանու յայտնի ստեղծագործութիւններից մէկը` «Ձախորդ օրերը»:
Գէորգ Հայասան Hraparak.am-ի հետ զրոյցում ցուցադրեց նաեւ Ջիւանու քնարի կրկնօրինակը, որը ինքն է իր ձեռքերով պատրաստել նոյնութեամբ, եւ այն պատրաստւում է` որպէս նուէր յանձնելու Ջիւանու տուն-թանգարանին:
«Ես յիշեցի Ջիւանու մանկութիւնը` մայրակարօտ, որբ: Ջիւանին, երբ հորթարած է եղել, մօր կարօտը սրտում երգել է, եւ քնար չի ունեցել, ծառի կեղեւից ու ձիու մազերից քնար է պատրաստել, որ նուագի դրանով: Ես ուզում էի ժողովրդին ցոյց տալ, որ ահա Ջիւանու քնարը, որը ինքը ժամանակին չի ունեցել, ես որոշեցի պատրաստել եւ ես այս փոքրիկ նուէրը մեծ ուրախութեամբ կը ներկայացնեմ Ջիւանու տուն-թանգարանին», ասաց նա` նշելով, որ եկող տարի, Ջիւանու 170-ամեակին, երբ տուն-թանգարանն էլ պատրաստ կը լինի, Ջիւանին ըստ արժանւոյն կը ներկայանայ աշխարհին:
«Ջիւանին պահում է այս գիւղը, Ջիւանու անունը պահում է Ջաւախքը ջաւախավարի, հայավարի, հայրենասիրաբար, հայաբար: Փառք Աստծուն, որ ստեղծել է Ջիւանի եւ Ջիւանիներ», իր խօսքը եզրափակեց Գէորգ Հայասան:
«ՀՐԱՊԱՐԱԿ»