Պարոն Սարգիս Կիրակոսեանի հարազատներին, մերձաւորներին եւ գործընկերներին
Սրտի կսկիծով եւ ցաւով տեղեկացայ յայտնի եւ վաստակաշատ մտաւորական, բանաստեղծ, հասարակական գործիչ եւ մանկավարժ Սարգիս Կիրակոսեանի մահուան մասին: Նրա կեանքի անցած ուղին օրինակ է երիտասարդ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու համար: Նա ծաւալել էր համընդգրկուն եւ ազգանուէր գործունէութիւն կրթական, հրատարակչական, մանկավարժական, թարգմանչական ոլորտներում: Հայաստանի գրողների միութեան անդամ էր: Հայրենիքը բարձր է գնահատել Սարգիս Կիրակոսեանի վաստակը: 2015թ. մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանի հրամանագրով Սարգիս Կիրակոսեանը արժանացել է «Մովսէս Խորենացի» բարձր պարգեւի:
Անդառնալի կորստի այս ծանր պահին իմ եւ Լիբանանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան ողջ անձնակազմի անունից խորին ցաւակցութիւն եմ յայտնում հանգուցեալի հարազատներին, մերձաւորներին եւ գործընկերներին:
Նուիրեալ մտաւորականի եւ բանաստեղծի, վառ անհատականութեան, անկեղծ եւ ճշմարիտ մարդու բարի անունն ու յիշատակը միշտ վառ կը մնան բոլորիս յիշողութիւններում:
ԱՇՈՏ ՔՈՉԱՐԵԱՆ
ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԵՒ ԼԻԱԶՕՐ ԴԵՍՊԱՆ
21 յուլիս, 2015