ՀԵՐՄԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Դժուար է գրել ինչ-որ մէկի ճակատագրի մասին, երբ քեզ անյայտ են նրա ապրումները, սակայն երբ քո եւ նրա ճակատագրերի միջեւ գտնում ես նմանութեան եզրեր եւ զգում, որ դու կամ էլ քեզ հարազատ մէկը եւս ունեցել էք նման ապրումներ, ուղեղիդ բոլոր բջիջներով ընկալում ես ցաւի ուժը, որ համակում է մարմինդ, հասնում սրտիդ, ստիպում մերթ ժպտալ, մերթ յուզուել…
Մոսիեանների տանը գտայ կիսատ-ծուատ, ապրած-չապրած մանկութեան հետքեր. այդ հետքերն ամէնուր էին. զաւակների` Արմինէի, Հայկի, Մերուժանի աչքերում, պատերազմի տարիներից մնացած լուսանկարներում, ընտանեկան ալպոմում, նրանց մանկութեան յիշողութիւններում, անկեղծ զրոյցներում…դժուար է կորսուած մանկութեան մէջ փնտռել հարազատ մէկի պատկերը եւ գիտակցել, որ այդ պատկերն այլեւս քեզ ոչ ոք չի վերադարձնի, որ այն, ինչ ունես, փոքրիկ մի յուշ է, որը մերթ կայ, մերթ չկայ…
«Հայրիկիս հետ կապուած լոկ մի քանի յուշ ունեմ: Եղբայրս` Հայկը, շատ փոքր էր, իսկ կրտսեր եղբայրս` Մերուժանը, երբ ծնուեց, հայրս արդէն չկար: Մայրս նրան հօրս անունով կոչեց: Լոկ ես եմ երեխաներից, որ յիշում եմ հայրիկին: Նրա հետ կապուած յուշերս իմ ամենամեծ հարստութիւնն են, որ պահում եմ սրտումս: Այդ յուշերն ինձ թեւ են տալիս, չեն թողնում որեւէ բանից երկնչել կամ վհատուել…», ասում է Մերուժանի դուստրը` Արմինէն: Իսկ կինը` Գենեան, շտապում է սեղան բացել. «Մերուժը չէր սիրում, երբ ոեւէ մէկը մեր տնից առանց հիւրասիրութեան հեռանար: Մեր սեղանը միշտ բաց էր մօտիկ-հեռաւորի համար», ասում է:
Մերուժան Մոսիեան հրամանատարի մասին գիտեն ոչ միայն հայրենի Մարտունիում, այլեւ Արցախում ու Արցախից դուրս, քանզի նրանք, ովքեր ծանօթ են արցախեան պատերազմի պատմութեանը, դժուար թէ լսած չլինեն նրա հայրենանուէր կենսագրութեան մասին, քանզի նշանակալից էր նրա` որպէս հրամանատարի, ու նրա տղաների ներդրումը Մարտունու շրջանի պաշտպանութեան ու ընդհանրապէս արցախեան գոյապայքարում: Մերուժանն ու նրա «տղաները» (այդպէս էին նրանց կոչում) ամէնուր էին, Մարտունու բոլոր կողմերում, որտեղ թշնամին որեւէ ոտնձգութիւն էր ձեռնարկում: Երբ Մերուժն ու տղերքը երեւում էին, մարդիկ հանգիստ շունչ էին քաշում եւ ոգեշնչւում նրանց ներկայութեամբ, հաւատում, որ ամէն ինչ լաւ է լինելու:
Շարժման առաջին իսկ օրերից անհանգիստ էր: Պատմութեան ճիւղի ուսանողը շատ լաւ հասկանում էր իրավիճակի իսկութիւնը, եւ ընկերների հետ անցնում է ընդյատակեայ գործունէութեան: «Միասին հոսքային դասեր էինք անում: Ես բանասիրական բաժանմունքում էի սովորում, նա` պատմական,- պատմում է տիկին Գենեան,- շատ լռակեաց երիտասարդ էր: Անտեղի չէր խօսում: Երբեմն անհետանում էր, երբեմն յայտնւում, սակայն դասերին միշտ պատրաստ էր, խելամիտ: Նրա կերպարը բացայայտուեց 4-րդ տարում, երբ սկսուեց շարժումը: Բոլորին կոչ էր անում, որ միանան շարժմանը, ասում էր` հրապարակը պիտի դատարկ չլինի, ամէն օր պիտի հաւաքուենք, Արցախի ձայնը պէտք է լսելի դարձնենք: Ուսանողներով մասնակցում էինք փետրուարեան ցոյցերին. գիշեր-ցերեկ այնտեղ էինք: Ընկերացանք: Բայց ո՛չ ես, ո՛չ նա` չգիտէինք, որ հետագայում միասին կը լինենք: Այդ ժամանակ բոլորս տարուած էինք շարժման գաղափարով: Մի օր` ապրիլի 1-ին, յանկարծակի յայտնեց իր զգացմունքների մասին: Ես կատակի վերածեցի` մտածելով, որ ապրիլմէկեան կատակ է, սակայն ամէն ինչ իրական էր, փոխադարձ: Հակառակ պատերազմին` ամուսնացանք:
Աշխատում էինք Մարտունու դպրոցում. Մերուժը պատմութիւն ու իրաւագիտութիւն էր դասաւանդում, նաեւ աշխատում էր «Ամարաս» թերթում, այնուհետեւ` Մարտունու կոմերիտշրջկոմում: Դասերից յետոյ նաեւ բնութեան մէջ զբօսաշրջութեան խմբակի հետ էր պարապում` դեռ այն ժամանակ գիտակցելով, որ երիտասարդները պէտք է կարողանան զէնքին տիրապետել, գոյատեւել դրսի պայմաններում, պատերազմական իրավիճակում: Այն ժամանակ արդէն ինքը հասկանում էր, որ լայնածաւալ պատերազմն անխուսափելի է, որ` առանց զէնքի հարցը լուծում չի ստանայ:
Առաւօտեան դասի էր գնում, գիշերը տղերքի հետ հսկում էին Մարտունու սահմանները, զբաղւում` զէնք հայթայթելու գործով: Երբ հարցնում էի ստեղծուած իրավիճակի մասին, ասում էր. «Սա մեր վերջին կռիւն է լինելու թշնամու դէմ: Պիտի յաղթենք: Այլապէս, եթէ պարտուենք, այս ծանր բեռը պիտի ընկնի մեր սերունդների ուսերին: Նրանք ստիպուած պիտի լինեն ազատագրել մեր հողերը»… Նա կամաւորների ջոկատ հաւաքեց. սկզբում մի քանի հոգի էին, յետոյ ջոկատը վերածուեց վաշտի, միացան Աշանի, Խնուշինակի, Մաճկալաշէնի եւ մի շարք այլ գիւղերի կամաւորական ջոկատները: Մարտունու շուրջ հզօր պաշտպանութիւն ձեւաւորուեց, որից թշնամին սարսափում էր: Առաւօտեան Մերուժը շտապ տուն էր մտնում, վերցնում գրքերն ու շտապում դպրոց: Որպէս երիտասարդ մասնագէտի` տնօրէնն ամէն օր լսում էր նրա դասերը, ու ամէն անգամ գովեստի խօսքեր էր ասում` սկզբում անգամ չգիտակցելով, թէ Մերուժանը որտեղ է լինում գիշերները: Յետոյ, երբ իմացաւ, խնդրեց, որ Մերուժն իրեն էլ անդամագրի ջոկատին, բայց մերժում ստացաւ: «Չեմ կարող, իսկ ո՞վ դպրոցը պիտի ղեկավարի: Դուք շատ մեծ գործ էք անում` սերունդ էք կրթում»: Հետագայում երբ դպրոցական պարապմունքները նոյնպէս տեղափոխուեցին նկուղներ, դպրոցի տնօրէնին ընդգրկեց իր գումարտակի կազմում»:
1989-ին ծնուեց առաջնեկը` Արմինէն: Մերուժանը հազուադէպ էր տանը լինում, բայց եղած ժամանակ դստերը դնում էր ծնկներին ու «Սասնայ ծռեր» արտասանում: Փոքրիկ Արմինէն անգիտակցաբար, բայց ուշադիր լսում էր:
«Եկաւ այն պահը, երբ ՕՄՕՆ-ը ռուսական բանակի հետ խուզարկութիւններ սկսեց Արցախում` զէնք գտնելու նպատակով: Շրջանի պաշտպանութեան համար եղած զէնքերը հարկաւոր էր թաքցնել: Սկզբում անտառներում էին պահում, յետոյ էլ` մեր տան մի սենեակում: Մերուժն ինձ սովորեցրեց զէնքին տիրապետելու կանոնները, եւ գիշերն իրար հերթափոխելով, ինքնաձիգը ձեռքներիս, հսկում էինք սենեակը: Իսկ մինչ այդ ինքնաձիգը գիշերները դնում էի Արմինէի տեղաշորի տակ: Մերուժանն ասում էր. «Գիտե՞ս, ՕՄՕՆ-ներն այնպիսի արարածներ են, որ մեծ-փոքր չեն նայում, կարող են տեղաշորի հետ երեխայի էլ շրջել` զէնք գտնելու: Այնպէս որ, եթէ տանը մօտենան, ամէն կերպ պիտի պաշտպանուենք: Այստեղ ամբողջ շրջանի պաշտպանութեան համար եղած-չեղած զէնք-զինամթերքն է: Սա շատ մեծ պատասխանատուութիւն է…»:
Մի օր իմացայ, որ անդամագրուել է Դաշնակցութեանը, կուսակցական գրականութիւն բերեց տուն: Երբեմն գրքերը տանում էր իր հետ` հնարաւորութեան դէպքում կարդալու համար: 1992 թուականի սեպտեմբերի 1-ից ՀՅԴ Կենտրոնական կոմիտէի անդամ էր:
Մերուժանը միաժամանակ զբաղւում էր նաեւ լրագրութեամբ: Տեղեկատուական շրջափակման ժամանակ շրջանի գիւղերից իրավիճակի մասին հաւաքագրուած տեղեկութիւնները փոխանցում էր Դաշնակցութեան խողովակով` ներկայացնելով արցախեան իրականութիւնը, թշնամու ոտնձգութիւնները, յարձակումները: Գենեան հնարաւորինս օգնում էր նրան: Նախ` ֆաքսով, յետոյ միայն հեռակապով փոխանցում էին տեղեկատուութիւնը:
«Յիշում եմ, երբ պիտի ծնուէր աւագ որդիս` Հայկը, վիճակը Մարտունիում ծանր էր: Նկուղային կեանքի պայմաններում դժուար չէր կռահել, թէ ինչ էր նշանակում երեխայ ունենալ, երբ ամուսինդ կռուի դաշտում է, իսկ քեզ շրջապատող մարդիկ իրենց կեանքը պիտի վտանգեն` քեզ նկուղային հիւանդանոց տեղափոխելու համար: Մերուժանը որոշեց ինձ ուղարկել Գորիս` ծնողներիս մօտ: Մերուժն ու Սերգէյը (Սերգէյ Շահուերդեան) ինձ ճանապարհում էին: Թռիչքից առաջ յուզուեցի, Սերգէյը ժպտաց ու ասաց` մի՛ մտածիր, շուտով վերադառնալու ես ազատագրուած Լաչինով: Այդպէս էլ եղաւ: Մայիսի 17-ին Հայկը լոյս աշխարհ եկաւ, ժամեր անց` 18-ի գիշերը Լաչինն ազատագրուեց: Առաջին բանը, որ անցաւ մտքովս, Սերգէյի խօսքերն էին: Ես գրկեցի երեխային եւ ուրախութիւնից լաց եղայ…մայիսի 18-ի գիշերը տղերքն ինձ այցի եկան ազատագրուած Լաչինով»:
Մերուժանին ճանաչողներն ասում են` նա ոչ միայն լաւ հրամանատար էր, այլեւ` հաւատարիմ ընկեր: Զոհուած ընկերների ընտանիքներին երբեք աչքաթող չէր անում: Ամէն օր այցելում էր ոեւէ մէկի ընտանիքին, ծանօթանում ընտանիքի հոգսերին, փորձում օգնել, աջակցել հնարաւորինս:
Իսկ մարտերի ժամանակ շատ անգամ անհաւատալի իրավիճակից ընկերներին կարողացել է հանել: Ընկերներից մէկը պատմում էր, որ Մարտակերտում ջոկատով շրջափակման մէջ էին յայտնուել: Դիրքն այնպիսին էր, որ հնարաւոր չէր փրկուելու յոյս անգամ ունենալ: Բայց Մերուժանի հնարամտութեան, ռազմական հնարքներին տիրապետելու մեծ ընդունակութեան շնորհիւ նրանք կարողացան անկորուստ դուրս գալ շրջափակումից: Յաջորդ ընկերը շարունակում է, որ ինքը վիրաւորուել էր, եւ Մերուժանին խնդրում էր իրեն թողնել, մնացածներին գոնէ հասցնել հանել շրջափակումից: Սակայն Մերուժանը ոչ միայն չի թողնում վիրաւոր ընկերոջը` միւսներին փրկելու տրամաբանութեամբ, այլեւ անձամբ ինքը վիրաւորին շալակած` դուրս է հանում տեղանքից, որը բաւականին հեռու է լինում:
Դողում էր ամէն մի ընկերոջ կեանքի, առողջութեան համար: Իր սիրելիներին, հարազատներին, մտերիմներին, ընկերներին, բոլորին նուիրուած էր անմնացորդ: Համարեա չէր քնում, որ ամէն ինչ հասցնէր: Ինչպէս ընկերներն են պատմում, արդէն գիտէին, որ ամէն գիշեր պահակակէտերի իրենց գիշերային այցելուն անպայման Մերուժանն էր… Անընդհատ ստուգում էր իրավիճակը: Ուզում էր վստահ լինել, որ ամէն պահակակէտում ամէն ինչ բնական է, զինուորները քնած չեն եւ այլն…
«Ազատ ժամանակ չէր ունենում, երբ ես կամ ընկերները ինչ-որ բան էինք հարցնում, անընդհատ ասում էր` միլիոն գործ ունեմ, միլիո՛ն… Սկզբից չէի հասկանում, յետոյ արդէն ինձ համար պարզ էր, որ, իրօք, բոլորը նրա խօսքին ու խորհրդին են սպասում, զօր ու գիշեր զբաղուած է, ամէն ինչ ճիշտ ժամանակին պիտի անի, մարդիկ նրան ապաւինում ու հաւատում էին…», ասում է կինը եւ յաւելում, որ դուստրը` Արմինէն, շատ էր կապուած հօր հետ: Ամէն օր փախչում էր տնից` հօրը տեսնելու համար: Ինքը` Արմինէն էլ աղօտ յիշողութիւններ ունի. «Յիշում եմ` գումարտակը տեղակայուած էր Մարտունու դպրոցում: Ես մայրիկից թաքուն փախչում էի տնից, անցնում ճանապարհն ու թաքուն մտնում դպրոց: Այնտեղ կապաւոր կանայք կային, ովքեր սիրով ընդունում էին ինձ: Ես հետաքրքրութեամբ հետեւում էին նրանց աշխատանքին, երբեմն հեռակապով ես էլ էի տղերքի հետ ինչ-որ բան թոթովում, ու նրանք աշխուժանում էին: Երբ հայրիկը ներս էր մտնում, թաքնւում էի սեղանի տակ, որպէսզի չբարկանայ, որ փախել եմ տնից,- պատմում է Արմինէն: – Նման միջադէպ արդէն եղել էր, երբ գումարտակ վազելու ճանապարհին շունը հետեւիցս էր ընկել, եւ ես` 2-3 տարեկան փոքրիկս, թողնելով կօշիկներիցս մէկը` լացելով հասել էի գումարտակ»:
Մարտունու շրջանի մոթոհրաձգային գումարտակի հրամանատար Մերուժան Մոսիեանի մարտական ուղին բաւականին ընդգրկուն է` Մարտունի, Քելբաջար, Ղուբաթլու, Մարտակերտ, Աղդամ, Ֆիզուլի, Մարզիլի…մարզիլին եղաւ նրա խաչատեղին, քանզի այնտեղ` 1993 թուականի օգոստոսի 23-ին, ընկերների` Մհեր Ջուլհաճեանի, Արտակ Մնացականեանի, Լեւոն Համբարձումեանի եւ Ռուդիկ Աւագեանի հետ մահաբեր ականի պայթիւնից անմահանում են` իրենց սրտերում տանելով Արցախի ազատագրման ու Միացեալ Հայաստանի երազանքը…
Այդ օրը լրանում էր Մերուժանի եւ Գենեայի ամուսնութեան 5-րդ, իսկ Մհերի եւ Կարինի ամուսնութեան` առաջին տարին: Նախորդ օրը խոստացել էր, որ մի քիչ շուտ տուն կը գան, որ ամուսնութեան տարեդարձ նշեն…
Մերուժանը չհասցրեց տեսնել կրտսեր որդուն, սակայն գիտէր, որ զաւակ պիտի ունենան, եւ հաւատացած էր, որ նա յաղթանակի ծնունդ պիտի լինի… Այդպէս էլ եղաւ: 1994 թուականի մայիսի 14-ին ծնուեց որդին, որին կինը Մերուժան կոչեց: Հօր յաղթական անունն ու յաղթական երազանքը փոխանցուեց որդուն: Ասել է թէ` հերոսների գործը կտակուեց սերունդներին` մհերներից մհերներ, արմէններից արմէններ, մերուժաններից մերուժաններ…
«Ապառաժ»