ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ
ՀՅԴ-ի կողմից իրականացուող երիտ-պատանեկան ճամբար-բանակումների ծրագիրը, որ մեկնարկել է 1993 թուականից, երբ Արցախում պատերազմը դեռ աւարտուած չէր: Ճամբարների կազմակերպման առաջին տարիների հիմնական նպատակն էր Արցախի պատանիների համար հետաքրքիր առօրեայի ապահովումը:
ՀՅԴ կառոյցների կողմից կազմակերպած առաջին պատանեկան բանակումը` սկաուտական անուան տակ, կայացել է 1994թ. օգոստոսին, Մարտունու շրջանի Աշան գիւղում, իսկ առաջին երիտասարդական բանակումը` 1993թ. մայիս-յունիս ամիսներին` Աշանի «Աբունց չափար» տեղամասում:
Աշան գիւղում ճամբարները կազմակերպուել են նաեւ 1994 թուականի յուլիս ամսին` Արտեմիս Գրիգորեանի, Ալինա Խաչատուր-Մովսիսեանի եւ Արամ Ֆրանկեանի պատասխանատուութեամբ:
1994թ. Իրանից Արցախ եկաւ կուսակցական ընկեր Վարուժը, ով Պատարա գիւղի դպրոցի տնօրէն, ՀՅԴ անդամ Ռիտա Մնացականեանի եւ Կարէն Արզումանեանի հետ քննարկեց բանակումներ կազմակերպելու հարցը: Եւ արդէն 1994 թուականի դեկտեմբերին պատանեկան բանակում կայացաւ նաեւ Պատարա գիւղի դպրոցում: Բանակումին հիմնականում մասնակցում էին Ստեփանակերտի համար 1 դպրոցի եւ Պատարա գիւղի դպրոցի աշակերտները:
«Պատերազմ ապրած պետութիւնը ի վիճակի չէր պատանիների համար ծրագրեր իրակացնել` պատերազմի թողած բացասական երեւոյթներից ազատուելու համար: Այդ պատճառով ՀՅԴ-ի կառոյցները որոշեցին կազմակերպել ամառնային բանակումներ, որոնց նպատակն էր պատանիների համար հետաքրքիր ամառնային հանգիստ կազմակերպել: Պատանեկան բանակումները հնարաւորութիւն տուեցին նորից բարձրաձայնել պետական արժէքների, հայրենասիրութեան ու ազգասիրութեան մասին: ՀՅ Դաշնակցութիւնը այդ պատասխանատուութիւնը ստանձնեց 1993թ. մինչեւ այսօր, եւ այդ ծրագիրը կը կրի շարունակական բնոյթ», ասում է Ռիտա Մնացականեանը:
ՀՅԴ ծրագրով Արցախի պատանիներին հնարաւորութիւն է տրուել մասնակցելու նաեւ Արցախից դուրս կազմակերպուող բանակումներին:
Մարօ Քեշիշեանի հայթայթած ֆինանսական միջոցների շնորհիւ Կարկառ գետի մօտակայքում կազմակերպուող ճամբարներները կրել են շարունակական բնոյթ:
1999-ին Իրանից եկան Արմոնդ Թահմազեանը, Ժիրայր Շահիջանեանը եւ ուրիշներ, ովքեր դարձան պատանեկան ճամբարների ծրագրի շարունակողներ:
Այսօր Հայ յեղափոխական դաշնակցութիւնը, իր ծրագրային դրոյթների համաձայն, երիտասարդական թեւերի հետ համատեղ ամէն տարի ամրանը կազմակերպում է աւանդոյթ դարձած բանակային ճամբարները:
Պատանեկան ճամբարները նպատակաուղղուած են երեխաների մէջ կազմակերպուածութիւն, կարգապահութիւն եւ ազգային ոգու սերմանմանը: Ճամբարները նաեւ հնարաւորութիւն են տալիս կապ հաստատել սփիւռքում եւ հայրենիքում ապրող երիտասարդների միջեւ, առիթ են ընձեռում, որպէսզի սփիւռքահայ երիտասարդները աւելի մօտիկից եւ աւելի լաւ ծանօթանան հայրենիքում առկայ խնդիրներին:
«Սփիւռքի ՀՅԴ կառոյցների կողմից Արցախում կազմակերպելով ամառնային ճամբարները նպատակ ունեն արցախցի պատանիների ամառնային արձակուրդները հետաքրքիր եւ բովանդակալից դարձնելու: Միեւնոյն ժամանակ միտուած են Սփիւռքի եւ Արցախի երիտասարդների միջեւ ամուր կապ հաստատելուն», ասում է Ֆրանսայի ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպութեան անդամ, Ֆրանսայի կողմից Արցախում իրականցուող ճամբարի գլխաւոր պատասխանատու Յարութ Շիրինեանը:
Ճամբարների ծրագրերը շատ լայն, հետաքրքիր ու բազմազան են: Նրանց ուսուցանւում է ազգային, հայրենասիրական երգեր, հայոց պատմութիւն, կազմակերպւում են զանազան հետաքրքիր խաղեր, ժապաւէնների դիտումներ, ձեռագործութիւն եւ այլն:
Հայ յեղափոխական դաշնակցութեան երիտասարդական միութիւնների ջանքերով ամէն ամառ Արցախում կեանքի կոչուող պատանեկան ամառնային ճամբարներին մասնակցելու հնարաւորութիւն են ունենում արցախցի մօտ 1000 պատանիներ: Ճամբարին կարող են մասնակցել 9-16 տարեկան պատանիներ: Ամառնային ճամբարի տեւողութիւնը 2 շաբաթ է:
Արդէն 11 տարի է, ինչ Լիբանանի «Զաւարեան» ուսանողական միութիւնը (ԶՈՄ) Արցախում իրականացնում է տարբեր ծրագրեր, այդ թւում նաեւ կազմակերպում է պատանեկան ճամբարներ` «Քաշաթաղը իմ հայրենիքն է» ծրագրով: «Զաւարեան» ուսանողական միութեան կողմից կազմակերպուած ճամբարների աշխարհագրութիւնը շատ յստակ է. նրանք 10 տարի շարունակ գործունէութիւն են ծաւալում եւ ճամբարներ են կազմակերպում Քաշաթաղի շրջանի տարբեր համայնքներում:
«Ամառնային ճամբարների ծրագրին մասնակցող սփիւռքահայ երիտասարդները ծրագրի շրջանակներում տեսնում ենք հայրենիքի այս հրաշք մասնիկը` Արցախը, ծանօթանում եւ մասնակցելով այս ծրագրին` մեր կապը հայրենիքի հետ աւելի է ամրապնդւում:
Այս ճամբարները իւրօրինակ կամուրջ են ստեղծում սփիւռքի եւ հայրենիքի ու Արցախի երիտասարդների միջեւ: Ծրագրի շրջանակներում հայրենիք են վերադարձել եւ հաստատուել մօտ 10 երիտասարդ: Միւս ընկերները խոստացան ուսումը աւարտելուց յետոյ նոյնպէս հայրենիքում հաստատուել», ասում է ճամբարների շնորհիւ Հայաստանն ու Արցախը ճանաչած եւ արդէն Հայաստանում հաստատուած Փաթիլ Ասլանեանը:
Արեւմտեան Ամերիկայի ՀՅԴ երիտասարդական միութեանը ճամբարների ծրագրերը անց է կացնում 2008 թուականից, Հայաստանի Հանրապետութիւնում, իսկ 2010 թուականից` նաեւ Արցախում: Մտայղացումը տուել են դաշնակցական երիտասարդներ Սօսէն եւ Ալենը: Հայրենադարձներ Սօսէն եւ Ալենը Հայաստանում ամուսնանալուց յետոյ անմիջապէս հաստատուեցին հայրենիքում` օրինակ ծառայելով տասնեակ այլ երիտասարդների համար: Ցաւօք, ինքնաշարժի արկածը խլեց երիտասարդ հայրենադարձների կեանքը:
Արեւմտեան Ամերիկայի ՀՅԴ երիտասարդական միութեան ծրագրի շրջանակում ճամբարներն են կազմակերպուել` Ստեփանակերտում, Շուշիում, Ասկերանում եւ Մարտունիում: Արեւմտեան Ամերիկայի ծրագրին անցեալ տարի միացել են նաեւ Հոլանտայից 3 ընկերուհի:
Մէկ տարի շարունակ ՀՅԴ միութիւնների անդամները տարբեր ձեռնարկներ են կազմակերպում, որպէսզի իրականութիւն դարձնեն Արցախում ամրանը ճամբար կազմակերպելու ցանկութիւնը:
Արցախում ամառնային ճամբարներ կազմակերպելու նախաձեռնութեանը միացել է ԼԵՄ-ը (Լիբանանի երիտասարդական միութիւնը)` ճամբարներ իրականացնելով քաղաք Մարտունիում եւ Շուշիում` «Անուշ հայրենիք» խորագրով:
Արդէն 3-րդ տարին է, ինչ ամառնային ճամբարների ծրագրեր է կազմակերպում նաեւ Ֆրանսայի «Նոր սերունդ» երիտասարդական միութիւնը:
Այս տարի Արցախում նախատեսւում է իրականացնել 6 պատանեկան ճամբարներ, որոնք կը կազմակերպուեն Ստեփանակերտում Շուշիում, Ասկերանի շրջանի Աստղաշէն համայնքում, Մարտունիում, եւ Քաշաթաղի շրջանի Միջնաւան համայնքում:
Ճամբարներն արդէն մեկնարկել են Ստեփանակերտի թիւ 2-րդ դպրոցում եւ Ասկերանի շրջանի Աստղաշէն համայնքում:
«Ապառաժ»
16.07.2015