Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Վահան Յովհաննիսեանի Գիրքերու Շնորհահանդէսին ՀՅԴ Բիւրոյի Մամլոյ Դիւանի Պատասխանատու Արտաշէս Շահպազեանին Արտասանած Խօսքը

Յուլիս 11, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

7-01-15_vahan-2Տարբեր առիթներով  խօսել  ենք մեզանից  հեռացած Վահան Յովհանիսեանի քաղաքական, ազգային ու կուսակցական գործունէութեան մասին: Այսօր, երբ պէտք է անդրադառնանք Վահան Յովհաննիսեան  մտաւորականին, գիտնականին, հրապարակախօսին  եւ գրողին, ցանկանում եմ  ասելիքս սկսել յիշելով մի զրոյց, որ ունեցել եմ  Վահանի հայրիկի, նոյնպէս անժամանակ մեզ լքած, երջանկայիշատակ Էդուարդ Յովհաննիսեանի հետ: Այդ զրոյցի ժամանակ ընկեր Էդիկը պատմում էր, որ պատանութեան շրջանում Վահանը յափշտակուած էր ընթերցանութեամբ:

Տարիներ շարունակ գրեթէ ամէն օր շփուելով ընկեր Վահանի հետ, կարող եմ վկայել, որ գրքի  նկատմամբ այդ սէրը նրա մէջ պահպանուել էր ողջ կեանքի ընթացքում: Ի դէպ, այդ մասին նա ինքը պատմում է հետաքրքիր մի հարցազրոյցում, որը տեղ է գտել յետմահու հրատարակուած  նրա «Մայրամուտ, որը պէտք է կասեցնել» յօդուածաշարն ամփոփող գրքում: 2007թուականին,  «3 միլիոն» խորագրով ամսագրին  տուած հարցազրոյցում Վահանն ասում է. «Հիմնական հոպիս հիմա կարդալն է, այսինքն միշտ է դա եղել: Ի դէպ, ես կարդում եմ երկու տիպի գրականութիւն` գիտական գրականութիւն եւ դեդեկտիւներ: Վերջինները աւելի շատ կարդում եմ, որ անգլերէնը չմոռանամ: Լուրջ գեղարուեստական գրականութիւն հիմա քիչ եմ կարդում: Ինչ որ պէտք է, ես ժամանակին կարդացել եմ»: Ի դէպ, դեդեկտիւի մասին արուած ակնարկը կարելի է յիշել, երբ կ՛անդրադառնանք «Մանդիլիոն» վէպին:

Վահան Յովհաննիսեանի հետ զրուցելիս, յատկապէս երբ կար ազատ ժամանակ եւ հակուածութիւն հոգեշահ զրոյցների համար, կարելի էր համոզուել, որ ընթերցած գրականութեան շնորհիւ նա կուտակել էր գիտելիքների հսկայական պաշար: Յիշելով պատառիկներ իր բանաւոր ելոյթներից, հրապարակախօսական գրութիւններից եւ ի հարկէ  ստեղծագործած ցաւօք միակ վէպից, կարելի է  հասկանալ, որ կուտակած այդ գիտելիքները բազմազան էին, ընդգրկում էին համաշխարհային պատմութիւնը, մշակոյթը եւ այլ ոլորտներ: Հայ, ռուս, եւրոպական եւ այլ ժողովուրդների պատմութիւնը, մշակոյթը, կենցաղը,  եւ  ժողովրդագրական առանձնայատկութիւնները գիտէր մասնագիտական  խորութեամբ:

Այլ հարց, որ նա մտաւորականի իր կերպարը ի ցոյց դնելու յաւակնութիւններից հեռու էր եւ միւս կողմից գիտելիքները դրսեւորելու ասպարէզից էլ  հեռացել էր, մի օր  կենսագրութեան կտրուկ շրջադարձ  կատարելով դէպի  ազգային ազատագրական պայքար, Հայաստանի անկախացման շարժում եւ կուսակցական, քաղաքական ու պետական գործունէութիւն:

Սա իր կեանքի աներկբայ ընտրութիւնն էր, թէեւ առիթների դէպքում  ափսոսանքով էր յիշում գիտական գործունէութեան  տարիները եւ երբեմն էլ  իրեն յատուկ հումօրով ասում էր. «Յաջողութիւն ձեր աշխատանքներին, ես վերադառնում եմ  հնագիտութիւն»:

Իր նախկին պաշտօնակիցներից լսել եմ, որ Վահան  Յովհաննիսեանը լաւ հնագէտ էր եւ քաղաքականութեան հաշուին պատմագիտութեան այս ասպարէզը կորցրեց հմուտ ու հեռանկարային  գիտնականի:

Մասնագիտութեան ընտրութեան եւ մասնագիտական աշխատանքի մասին պատկերացում կազմելու համար աւելի տպաւորիչ կը լինի, եթէ դարձեալ լսենք իրեն, մէջբերում կատարելով վերը նշուած հարցազրոյցից:

«Ես  մանկութեան տարիներից էլ ուզել եմ պատմաբան դառնալ: Ինձ սկզբում աւելի շատ հետաքրքրում էր միջնադարը: Երբ համալսարանն աւարտելուց յետոյ վերադարձայ Հայաստան (Մոսկուայում եմ աւարտել) ցանկացայ աշխատել եւ զբաղուել միջնադարեան Հայաստանի, յատկապէս` Կիլիկեան թագաւորութեան ժամանակաշրջանով: Ի դէպ, երբ աւելի վաղ ես Հայաստանում փորձեցի պատմութեան բաժանմունք ընդունուել, «ամենավերեւից» պահանջ եկաւ, որ պատմութեան մէջ չմտնեմ, քանի որ այլախոհիի որդի եմ: Ես ստիպուած` ընդունուեցի բանասիրական բաժանմունք, բայց, որպէսզի յետոյ անեմ այն, ինչ ուզում եմ, տեղափոխուեցի Մոսկուա: Երբ վերադարձայ, միջնադարի ուսումնասիրութիւնն էլ առջեւս փակեցին, ասացին, որ այնպիսի բան ընտրեմ, որը հեռու լինէր մեր ժամանակներից, որպէսզի «Դասակարգային պայքար» չլինէր: Ես ընտրեցի հնագիտութիւնը` պրոնզէ դարը: Ոտքով ու ձեռքով մտայ դրա մէջ եւ հասկացայ, որ դա աշխարհի ամենալաւ մասնագիտութիւնն է»:

«Ես տարբեր տեղեր եմ պեղումներ արել` հարաւային Հայաստանում, յատկապէս` Վայքում, Դիլիջանի շրջակայքում, Սեւանի աւազանում: Սակայն ամենակարեւոր յուշարձանը, որի պեղումները ղեկավարել եմ, եղել է յայտնի Քարաշամբի դամբարանադաշտը` Երեւանից 30 քմ հիւսիս` Հրազդան գետի հունով: Այդ դամբարանադաշտի նիւթերը մինչեւ հիմա դեռ ամբողջութեամբ հրապարակուած չեն: Այնպիսի ֆանթասթիք յուշարձան էր, որ պետութիւնը որոշեց դրա մի մասը դարձնել արգելանոց եւ դեռ չպեղել, հետագայում աւելի նոր ու կատարելագործուած սարքերի միջոցով շարունակել: Եւ հիմա այդպէս էլ մնում է: Դամբարանադաշտի տարածքը կառուցապատման տակ էր: Մենք շինարարների հետ բախումներով կարողացանք դադարեցնել շինարարութիւնը: Ես նոյնիսկ ստիպուած եղայ Աւանի դպրոցի  աշակերտներին պառկեցնել դամբարանաթմբի վրայ, որ թրաքթորները կանգնեն: Դրանից յետոյ  մենք ստացանք  պեղումների թոյլտւութիւն, արգելեցինք շինարարութիւնը  եւ սկսեցինք աշխատանքները, որոնք այնպիսի արդիւնքներ տուեցին, որ, 1940-ականներից սկսած ամբողջ Հարաւային Կովկասում չեն եղել: Յայտնաբերուած գանձերը ներկայումս պահպանւում են պատմութեան թանգարանում: Ես դրանք հրապարակել եւ դրանց հիման վրայ պաշտպանել եմ թեկնածուական թեզ»:

1980 թուականից Վ. Յովհաննիսեանը աշխատում է «Էրեբունի» թանգարանում, սկզբում` որպէս գիտաշխատող, յետոյ` գիտահետազօտական բաժնի վարիչ, իսկ 1989 թուականից տեղափոխւում է  Գիտութիւնների ակադեմիայի հնագիտութեան եւ ազգագրութեան հիմնարկ: Տարբեր հնագիտական արշաւախմբերի կազմում պեղումների է մասնակցում Հայաստանի տարածքով մէկ. այդ պեղումների ընթացքում յայտնաբերուել են պրոնզի եւ վաղ երկաթի դարի շատ արժէքաւոր նիւթեր:

Բայց ամէնից աչքի ընկնող գտածոները, ինչպէս եւ ինքն է նշում հարցազրոյցում պեղուել են Քարաշամբում, ուր աշխատում էր Վահան Յովհաննիսեանի ղեկավարած արշաւախումբը: Քրիստոսի թուականութիւնից առաջ 18-րդ դարի դամբարանում յայտնաբերուել են անգնահատելի գիտական եւ նիւթական արժէք ներկայացնող գտածոներ: Դրանց թւում է հռչակաւոր արծաթէ գաւաթը, որի վրայ պատկերուած դիցաբանական նիւթը մշակութաբանօրէն կապում է գաւաթի ստեղծողներին մեր երկրի հնագոյն հնդեւրոպական բնակչութեան` հայերի նախնիների հետ: Հրաշալի պահպանուած գաւաթը, վկայում է, որ այդ շրջանում արդէն Հայաստանը բաւական զարգացած արտադրական ու մշակութային կենտրոն է եղել:Այս եւ միւս ցուցանմուշներն այսօր Հայաստանի պատմութեան թանգարանի հպարտութիւնն են  եւ այցեքարտ որպէս ցուցադրւում են Հայաստանում ու արտերկրում:

Գտածոներն ու հետազօտութիւնները հիմք  են հանդիսացել Վահան Յովհաննիսեանի մի քանի տասնեակ գիտական աշխատութիւնների եւ թեկնածուական թեզի համար:

Ռուսաստանում եղած տարիներին Վահանը աշխատել է նաեւ, այսպէս ասած, ռուսական Լուվրում «Էրմիթաժում», եւ Լենինկրատի Արեւելագիտութեան ու հնագիտութեան հիմնարկներում:

Մէջբերուող հարցազրոյցում անդրադառնալով յայտնի ռուս գիտնական Պիոտրովսկու կողմից ասուած այն մտքին, թէ ափսոսում է, որ Վահանը հեռացել է հնագիտութիւնից եւ դարձել է քաղաքական գործիչ: Վահանն ասում է. «Ինձ յայտնի չէ, որ նման բան է ասել: Բայց եթէ ոեւէ մէկն ասել է, ապա ես համաձայն եմ: Ես էլ եմ ափսոսում: Բայց ճակատագիրն է ստիպել: Երբ պատերազմը Ղարաբաղում անխուսափելի դարձաւ, ես շատ երիտասարդ չէի, բայց մինչ այդ խորհրդային բանակում  չինական սահմանի վրայ յատուկ ջոկատներում էի ծառայել: Զէնքին եւ պատերազմի արուեստին տիրապետում էի: Եթէ գիտելիքներ ունես, որոնք քո ժողովրդին այդ պահին պէտք են, ուրեմն ընտրութեան առջեւ ես` «եթէ ոչ` ես, ապա ո՞վ»:

Հարցազրոյցից բերուած այս ընդարձակ մէջբերումների նպատակը ոչ միայն  գիտնական Վահան Յովհաննիսեանի  կենսագրական փաստերը ներկայացնելն էր, այլեւ կարծում եմ  որոշ պատկերացում են ստեղծում եւ իր մարդկային կերպարի մասին:

Քաղաքական գործիչ Վահանը մեզ յայտնի էր իր տրամաբանուած, կրակոտ ու սուր բանաւոր ելոյթներով, սակայն պատգամաւորութեան վերջին  տարիներին նա սկսեց նաեւ յօդուածներ գրել:

Վահանի համար այս աշխատանքը ձեռնարկելու մղիչ ուժը խոր մտահոգութիւնն էր Հայաստանի ապագայի վերաբերեալ: Յաճախ եմ լսել իրենից այն միտքը, թէ երկրի ժողովրդագրական եւ միւս կորուստները խորանալով կարող են մի  սահմանի հասցնել, որտեղից վերադարձ այլեւս հնարաւոր չի  լինի: Այս մասին է վկայում նաեւ «yerkir.am» կայքէջում հրապարակուած եւ Յարութիւն Յարութիւնեանի նախաձեռնութեամբ  այսօր արդէն գրքի վերածուած յօդուածաշարի  խորագիրը. «Մայրամուտ, որը պէտք է կասեցնել»:

Յօդուածաշարի նախաբանում Վահանը գրում է. «Ամենասարսափելին այն է, որ մենք հաշտւում ենք պարտութեան հետ, որին ինքներս ենք մեզ դատապարտում օրէցօր: Կա՛մ զարթօնքի թարմ քամի եւ քայլ դէպի ապագայ, կա՛մ մակաբուծութիւն սեփական պատմութեան վրայ, ահա սա է այն ընտրութեան իրական իմաստը, որի առաջ մեր երկիրը կանգնած է»:

Ընտրելով հրապարակախօսութեան լեզուն իրարայաջորդ յօդուածներում դրանց հեղինակը  անդրադառնում է մեր պատմութեանը, փորձում է բացայայտել հայ մարդու խառուածքի այն առանձնայատկութիւնները, որոնք որոշակի դեր են խաղացել նրա պատմական ճակատագրում, եւ կանխորոշել են  այսօրուայ իրականութիւնը: Հետաքրքրական ու խորը վերլուծութեան են ենթարկւում Հայաստանի անկախութեան  նոր շրջանի գործընթացները, ախտորոշելու նպատակով առկայ իրականութեան պատճառահետեւանքային կապերը: Իսկ հետապնդուող հիմնական նպատակն ի հարկէ ստեղծուած իրականութիւնը յաղթահարելու ելքերի որոնումն էր: Իր վերլուծութիւնները Վահանը  կատարում է պատմական  ընդգրկուն հայելու վրայ, համեմատութիւնների ճանապարհով ընդհանրութիւններն ու օրինաչափութիւնները յայտնաբերելու մտասեւեռմամբ:

Յօդուածաշարը արժէքաւոր է, քանի որ քննւում են մեր ընդհանուր ճակատագրի հարցերը, եւ միւս կողմից, որպէս քաղաքական-վերլուծական նիւթ հետաքրքրութեամբ էր ընթերցուելու, եթէ անգամ մեզ չվերաբերէր:

Ինչպէս յիշեալ եւ միւս յօդուածների  պարագայում, նոյնպիսի անակնկալ էր  ընկեր Վահանի վէպի լոյս աշխարհ գալը: Ի՞նչն էր «ստիպել» կուսակցական-քաղաքական, պետական աշխատանքներով  բազմազբաղ մարդուն ձեռք զարկելու  ստեղծագործական մի աշխատատար գործի: Յամենայն դէպս` հազիւ թէ գրողի համբաւ ձեռք բերելու յաւակնութիւնը: Ծանօթանալով այն ուղերձների հետ, որոնք յղում է վէպն ընթերցողին ինչպէս եւ գրքի վերաբերեալ Վահանի  որոշ արտայայտութիւններին կարելի է յիշել  քսաներորդ դարի երկրորդ կէսի լատինամերիկեան մեծ գրականութիւնը ստեղծած հեղինակների  հետեւեալ արտայայտութիւնը. «Ես գրում եմ, որպէսզի օգնեմ լատինամերիկեան յեղափոխութեանը»: Կարծեմ, որ այսպիսի մի քաղաքական-գաղափարական պատուէր է իր առջեւ դրել կամ, այլ կերպ ասած, յանձնառութիւն է ստանձնել նաեւ Վահանը, ձեռնամուխ լինելով իր համար նոր, ստեղծագործական աշխատանքի: Ենթադրութիւնս է հաստատում նաեւ ընկերոջ  այն բացատրութիւնը, թէ` «Վէպը ռուսերէն եմ գրել, որպէսզի  աւելի լայն լսարան ունենայ»: Այս նոյն նկատառումով էլ  սեփական կեանքի մայրամուտին նա անհամբեր էր, որ տեսնի, հայերէնի կողքին, անգլերէն թարգմանութիւնը: Վահանը հաւատում էր իր ուղերձների կարեւորութեանը այսօրուայ  համաշխարհային տագնապալի զարգացումների խորապատկերի վրայ եւ վէպի ընթերցողն էլ համոզւում է  ասելիքի կարեւորութեան մէջ:

Ի՞նչ վէպ է գրել Վահանը: Այն կարելի է դասել իր սիրելի դեդեկտիւի ժանրին: Աւելի ստոյգ քաղաքական դեդեկտիւի ժանրին: Կարելի է անուանել նաեւ պատմական դեդեկտիւ:  Միւս կողմից` դեդեկտիւ գրականութեանը բնորոշ է   որոշակի ժամանակահատուածի մէջ որոշակի իրադարձութիւնների զարգացումն ու հանգուցալուծումը: Այնինչ «Մանդիլիոն»-ը նման է երկու հազարամեակ ընդգրկող իրադարձութիւններով եւ  սերունդների խճճուած կենսագրութիւններով պատմավէպի: Սակայն ժանրային այս բնորոշումը եւս  կաշկանդիչ է թւում ներկայ ժամանակում ապրող մարդկանց ճակատագրերի եւ յարաբերութիւնների համապատկերի առումով եւ պէտք է պարզապէս ընդունել, որ ինչպէս ամէն մի լաւ ստեղծագործութիւն «Մանդիլիոն»-ը եւս չի տեղաւորւում իզմերի ու ժանրերի կաղապարների մէջ:

Մէկհատորեակի  ծաւալի մէջ յաջողուել է ընդգրկել երկու հազարամեայ ժամանակահատուած ամփոփող իրադարձութիւններ, սկսած` Եդեսիայի Աբգար թագաւորի նամակագրութիւնից Յիսուս Քրիստոսի հետ եւ Տիրոջ  գործունէութեան ու ձերբակալութեան նկարագրութիւններ,   Կոստանդնապոլսի կործանումից, մինչեւ  հայոց  ջարդերը, Ա. Աշխարհամարտը, կամաւորական շարժումն ու ինքնապաշտպանական կռիւները, Սարդարապատը, Ա. Հանրապետութեան անկումն  ու Փետրուարեան ապստամբութիւնը, Հայաստանի  խորհրդային տարիներից մինչեւ նոր վերազարթօնք, ղարաբաղեան պայքար ու Հայաստանի անկախացում: Եւ ի վերջոյ ներկայ իրականութիւնը`  կրօնական ծայրահեղականութիւնը եւ  միջազգային ահաբեկչութիւնը:

Ժամանակային մէկ կտաւի վրայ միախառնելով ու շաղկապելով պատմական իրադարձութիւնները` Վահան Յովհաննիսեանը փաստում  է, որ չկան իրարից կտրուած  անցեալ ու ներկայ, այլ կայ իրադարձութիւնների մէկ շղթայ: Անցեալը շարունակում է ուղղութիւն տալ ներկային եւ ներկան  կարող է ներգործել  անցեալի վրայ: Իր ստեղծագործութեան հերոս Ռալֆ Կոտերեանի բերանով նա  մէջբերում է Ճորճ Օրուէլի հետեւեալ արտայայտութիւնը. «Ով կառավարում է անցեալը` նա կառավարում է ապագան, ով կառավարում է ներկան` նա կառավարում է անցեալը»:

Կարծես, թէ այս ճշմարտութեամբ առաջնորդուելով է, որ իրար հետ կենաց-մահու մրցակցութեան մէջ են մտնում «Մանդիլիոն»-ի հակառակորդ կողմերի հերոսները, որոնց մէկ մասը ձգտում է գտնել եւ փրկել Քրիստոսի ձեռամբ արարուած նրա դիմապատկերը, իսկ միւս կողմը ձգտում է գտնել եւ ոչնչացնել այն:

Վէպը սկսւում է հէնց գլխաւոր հերոսուհու տարօրինակ երազով: Երազի մէջ    մանրամասնօրէն պատկերւում է զինուած մարդկանց ընդհարում, որը  հետագայ էջերում յիշեցնում է եւ Քրիստոսին փրկելու ժամանակ տեղի ունեցած բախումը եւ նման է Կոստանդնուպոլսի կործանման ժամանակ տեղի ունեցող կռիւներին եւ կարող է յիշեցնել  առհասարակ միջնադարեան ժամանակները:

Հերոսուհու մտածումների եւ  գործունէութեան հետ որեւէ առնչութիւն չունեցող այս երազը եւ դրան նախորդող նման երազները կարծես խորհրդանշում ու հաստատում են վերն ասուած միտքը, թէ անցեալն ապրում է մարդկանց հետ: Անի Մորանը ինչ-որ նախախնամութեամբ երազում տեսնում է իրադարձութիւններ, դէպի որոնց կեանքը նրան քայլ առ քայլ պէտք է տանի արդէն գալիք օրերում:

Պապի ողբերգական մահուանից յետոյ նա կամայ թէ ակամայ ներգրաւուում է Քրիստոսի ձեռամբ ստեղծուած փրկչի դիմապատկերի կամ Դաստառակի որոնման գործում: Իսկ այդ որոնումը արդիւնք կ՛ունենայ, եթէ յաջողուի գտնել ու վերծանել աշխարհով սփռուած Դաստառակի պահապանների մօտ եղած ու սերնդէ սերունդ փոխանցուած վկայութիւնները եւ այլ փաստաթղթերը:

Եւ այս ճանապարհին, առանց պատկերացնելու  դրա հաւանականութիւնն ու վտանգը, տեղի է ունենում ճանապարհների խաչաձեւումը իսլամական ծայրահեղական շարժման  ներկայացուցիչների հետ: Անդրադառնալով ներկայիս աշխարհը ալեկոծող երեւոյթներից մէկին` Վահան Յովհաննիսեանը ընթերցողին է յղում գլխաւոր ուղերձներից մէկը: Քրիստոսի դիմապատկերով Դաստառակը կամ յունարէն լեզուով յայտնի` Մանդիլիոնը իրապէս էլ լինելով քրիստոնեայ աշխարհի գլխաւոր սրբութիւններից  մէկը, ըստ վէպի, տարիներ եւ նոյնիսկ դարեր շարունակ հանդիսանալով կրօնամոլ  իսլամիստների  հետաքրքրութեան առարկան ներկայում դարձել է վերջինների հետեւորդ «Գայլերի վոհմակ» ծայրահեղական շարժման անդամների փնտռած թիրախը:

Մոլեռանդ այդ ուժերը համարում են, որ քրիստոնեայ հաւատը հետեւաբար եւ նրա հետեւորդներին կարելի է թուլացնել ու յաղթել  նրանց  գլխաւոր սրբութիւններին տիրանալու ու ոչնչացնելու ճանապարհով: Ֆիզիքական յաղթանակից առաւել կարեւոր է նկատւում հոգեւոր կռուանների թուլացումն ու ոչնչացումը: Միւս կողմից, նոյն այդ մարդիկ բացատրում են, որ իրենք փորձում են նոյն նպատակին հասնել շատ աւելի նրբօրէն: Ամբողջ աշխարհում նրանք ֆինանսաւորում են մարդկանց, ովքեր գրքեր կը գրեն, ըստ որոնց, կասկածի տակ կը դրուեն Քրիստոսի կեանքի ու գործի մանրամասները, քննարկման ու նորովի մեկնաբանութիւնների նիւթ կը դարձուեն քրիստոնէական տոքմաթիք ճշմարտութիւններ: Այս ճանապարհով փորձ է արւում կասկածի ենթարկել քրիստոնէական ճշմարտութիւնները, ձեւախեղել ու վարկաբեկել դրանք: Վահան Յովհաննիսեանի այս ասելիքը, ինչպէս տեսնում ենք, արդիական էր երէկ, խիստ արդիական է այսօր եւ հաւանաբար այդպիսին կը լինի դեռ երկար ժամանակ: Իսկապէս էլ արդեօ՞ք հոգեւորի անուան տակ նոյն այդ նեղկրօնական մոլեռանդութեան բորբոքած հրդեհի մէջ չէ աշխարհը: Միւս կողմից, բացայայտ ռազմական գործողութիւնների ու աւերների կողքին ականատես չե՞նք այն երեւոյթին, երբ հէնց քրիստոնեայ հզօր երկրներում  հրապարակւում են գրքեր, նկարահանւում են ժապաւէններ, որոնց միջոցով շատ նրբօրէն, յաճախ նոյնիսկ քրիստոնէութեան արժէքների պաշտպանութեան  անուան տակ, իրականացւում է կասկած սերմանելու, հոգեւոր արժէքներն ու սրբութիւնները վարկաբեկելու գործընթաց: Պատահականութի՞ւն  է այս բոլորը` Վահան Յովհաննիսեանը ասում է` ո՛չ: Այս ամէնի մէջ, որպէս կրօնամոլութեան հրդեհի բորբոքման հարցում դերակատար ու  սեփական շահերը հետապնդող ուժ նա մատնացոյց է անում թուրքերին: «Գայլերի վոհմակի» թուրք ղեկավարներից մէկը բացատրում է, որ իրենք ունեցել են իրենց արժանի նախորդները` ի դէմս երիտթուրքերի: Այլ խօսքով, ներկայումս դրսեւորուող իսլամական ծայրահեղականութեան ոչ միայն թիկունքում, այլեւ ակունքներում  մատնանշւում է Թուրքիան, որի աւերիչ ու զաւթողական  էութիւնը հիմքն է դեռեւս քրիստոնէութեան  պատուար Բիւզանդական կայսրութեան օրերից եւ դրանից էլ առաջ սկսուած ու այսօր էլ շարունակուող, աւերները, ժողովուրդների կոտորածների ու ցեղասպանութիւնների եւ չդադարող ահաբեկչութիւնները :

«Մանդիլիոն» վէպի երկրորդ գլխաւոր ուղերձը հետեւեալն է:

Եդեսիայի հայ Աբգար թագաւորը, փաստելով քրիստոնէական ուսմունքի նկատմամբ իր հաւատը, (նա հետագայում  նաեւ դառնում է քրիստոնէութիւն ընդունած առաջին արքան), արժանանում է Փրկչի բարեհաճութեանը եւ նրանից ստանում է իր դէմքի հետ կտաւի շփումից առաջացած դիմապատկերը: Այս գլխաւոր սրբութիւնը տրւում է յաւէրժօրէն ի պահ հայ ժողովրդին, որպէսզի վերջինս ամուր ու անկեղծ  հաւատի ուժով պահպանի այն, եւ միաժամանակ Դաստառակը  պէտք է պաշտպանի ու պահպանի հայ ժողովրդին: Դաստառակն ունի նաեւ շատ աւելի լայն ու խորհրդանշական  արժէք` այն օժտուած է պաշտպանելու քրիստոնեայ ժողովուրդներին: Վահան Յովհաննիսեանն իր վէպում ասում է, որ հայ ժողովուրդը  անուրանալի նուիրուածութեամբ ամենաիրական եւ նուիրեալ հաւատաւորն է քրիստոնեայ  աշխարհում եւ այս առումով նա ունի շատ կարեւոր առաքելութիւն: Քրիստոսը Դաստառակը` Աբգար թագաւորի պատուիրակին տալով ասում է. «Այն ինչ ստացար ինձանից, յատկապէս պահպանիր, դրանում քո ամբողջ ժողովրդին ուղղուած յաւիտենական օրհնանք է: Միայն թէ երբեք չմոռանաք` ում շատ է տրուած, նրանից շատ է պահանջւում»:

Շօշափելով վերը յիշատակուած հակադրութեան եւ բախումի պատկերը` միաժամանակ Վահան  վիպասանը շեշտում է մէկ շատ կարեւոր միտք. իրականում սա քրիստոնեայ ու իսլամ հաւատների եւ աշխարհների բախում չէ, այլ կոյր մոլեռանդների հրահրած անհանդուրժողութիւն` նեղ շահերին կրօնի գործօնի ծառայեցում, սեփական դաւանանքի  միտումնաւոր նեղ մեկնաբանութիւն ու այդպիսի զէնքով աշխարհին պատերազմ յայտարարելը:

Քաղցարաւենիք վաճառող սիրիացի իմաստուն ծերունին մէջբերում է Մոհամետ Մարգարէի հետեւեալ խօսքը. «Մեզանից չէ նա, ով  անհանդուրժողականութեան է կոչում, ով կռւում է անհանդուրժողականութիւնից ելնելով եւ նա, ով մեռնում է իր անհանդուրժողականութիւնից»: Ծայրահեղականններին իրական հաւատից ու հաւատացեալներից զատելու այլ օրինակներ եւս  ներկայացւում են վէպում:

Իսկապէս տպաւորութիւն է, որ Վահան Յովհաննիսեանը ձգտել է կարեւոր գաղափարներ տարածել  իր վէպի միջոցով եւ այդ գաղափարների շրջագիծը գծել լայն կարկինով: Օրինակ` ներկայացնել հայութեան  պայքարը, որ ըստ էութեան եղել է պայքար` վասն հայրենեաց եւ վասն հաւատոյ:

Հաւատի խորհրդանշական առարկայի  որոնումը  միաւորում է սփիւռքում ապրող ինչպէս եւ հայաստանցի հերոսներին: Խօսւում է ղարաբաղեան պայքարում սփիւռքահայերի ներդրման մասին: Վահան Յովհաննիսեանի համար հայութիւնը մէկ ամբողջութիւն է եւ որպէս իր գաղափարի խորհրդանշական հանգուցալուծում` ամերիկացու կեանքով ապրող նրա հերոսուհին սիրահարւում է հայաստանցի տղայի եւ պատրաստւում է բնակութիւն հաստատել Հայաստանում:

Վէպում տեղ է գտել նաեւ Դաշնակցութեան թեման, որ թռուցիկ պատառիկների ձեւով յայտնւում է տարբեր դրուագներում: Վահանը նպատակ չի դրել մերկապարանոց գովաբանութեամբ զբաղուել, բայց զուսպ նկարագրութիւններով Դաշնակցութիւնը ներկայացւում է որպէս ազգային պայքարը կրող ուժ, որի արժէքը հրաշալի գիտեն նաեւ հայութեան հակառակորդները: Իսկ կուսակցութեան պատմական դերակատարութիւնը վէպում ներկայացւում է Վիլեըմ Սարոյեանի հրաշալի եւ դիպուկ բնորոշումների մէջբերումով:

Եւ վերջին կարեւոր ասելիքը վէպի հետ կապուած:

«Մանդիլիոն»-ն ի հարկէ գեղարուեստական յօրինուածք է, բայց իր հեղինակի հետապնդած գաղափարաքաղաքական նպատակին ծառայելու համար ունի պատմական առումով փաստական ամուր հիմք: Խորենացու եւ ժամանակի նշանաւոր օտարազգի պատմիչների կողմից ներկայացուած փաստերով հիմնաւորուած են եւ Եդեսիայի Աբգար թագաւորի  նամակը Քրիստոսին եւ Քրիստոսի պատասխան նամակը: Դաստառակը նոյնպէս գեղարուեստական երեւակայութեան արգասիք չէ, այն իրապէս քրիստոնեայ աշխարհի գլխաւոր սրբութիւններից մէկն է, դարերի ընթացքում  հետապնդուելով` տեղից տեղ է տեղափոխուել եւ այսօր գտնւում է Ճենովայի Սուրբ Բարդուղիմէոս հայկական եկեղեցում: Ինչպէս ծանօթագրութիւնների բաժնում հեղինակը գրում է. մանրամասն ուսումնասիրուել եւ փաստական Ճշգրտութեամբ են ներկայացուած, թէ՛ Երուսաղէմը Քրիստոսի վերջին օրերին, թէ՛ Կոստանդնուպոլսի անկման շրջանի ընդհանուր պատկերը, թէ՛ հայոց եւ Դաշնակցութեան պատմութեան տարբեր դրուագները: Այս ամէնը ամուր ատաղձ են ծառայում վէպի նիւթի պատմական կառոյցի համար:

«Մանդիլիոն»-ը առաջին իսկ տողերից քաշում եւ ներսուզում է իր մէջ ընթերցողին եւ լարուածութիւնը չթուլացնելով` մէկ շնչով տանում է մինչեւ վերջ: Ընթերցողը հաճոյք է ստանում վառ պատկերների նկարագրութիւններից, ասես` աչքերի առջեւ տեսնելով պատմական կարեւորագոյն իրադարձութիւնների հաւաստի պատկերը: Գիրքն ունի սահուն, թեթեւ լեզու, ինչը ծաւալուն, յագեցած ասելիքով պատումը փրկում է ծանրաշունչ եւ ծանրամարս լինելուց:

Մեր օրերում, երբ գիրք կարդալը առաջուայ պէս գրաւիչ  չէ. «Մանդիլիոն»-ը Հայաստանում ամենավաճառուող գրքերից մէկն է: Ի դէպ, Լիբանան այցելելուց օրեր առաջ տեղեկացայ, որ ամենավաճառուող գրքերի թւում է նաեւ  «Մայրամուտ, որը պէտք է կանխել» գրքոյկը:

Այս ամէնից յետոյ մնում է կրկնակի ափսոսանք յայտնել, որ ընկեր Վահանի անժամանակ հեռանալը մեզ զրկեց նաեւ իր ծրագրած նոր  ստեղծագործութիւնները կարդալու հաճոյքից: Բայց միաժամանակ «Մանդիլիոն»-ը եղաւ եւ կը մնայ Վահան Յովհաննիսեանի  ապրող յուշարձանը:

 

1 յուլիս 2015

Պէյրութ

Նախորդը

Սահմանադրութիւն, Ժողովրդավարութիւն, Կառավարում

Յաջորդը

Այսօր Պիտի Սկսի Համազգայինի 21-րդ Ուսանողական Հաւաքը (Ֆորում)

RelatedPosts

Մկրտիչ Եւ Լիանա Միքայէլեաններու Համերգը
Անդրադարձ

Մկրտիչ Եւ Լիանա Միքայէլեաններու Համերգը

Հոկտեմբեր 30, 2025
Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Իրական Հայաստան Եւ Իրական Ամբարիշտներ

Հոկտեմբեր 29, 2025
Ընտրապայքարի Լուսանցքին Վրայ.  Ներազգային Անհանդուրժողութեան Եւ Պառակտումներու Հանդիսատեսի Ազատ Խոհեր
Անդրադարձ

Սփիւռքի Անելիքը Եւ Կարողականութիւնը

Հոկտեմբեր 28, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?