ԿԷՈՐԿԻ ՔՈԼԱՐՈՎ
Պուլկարիայի Հանրապետութեան նախկին նախագահ, «Պուլկարական վերածննդի այլընտրանք» կուսակցութեան նախագահ Կէորկի Փարւանովը 2015թ. ապրիլի 28-ին կուսակցութեան խորհրդաժողովում վերընտրուել է այդ պաշտօնում: Ըստ նրա, «Հարաւային հոսքի» կորուստը նշանակում է «պուլկարական արտաքին քաղաքականութեան կատարեալ ձախողում» եւ կոչ է արել վարչապետին, արտաքին գործերի նախարարին ու եւրապատգամաւորներին Պրիւքսելում ստանալ թոյլտուութիւն, որպէսզի Եւրոպական Միութեան շրջանակներում կարգաւօրէն Մոսկուայի հետ Սոֆիայի յարաբերութիւնները: Արտաքին գործերի նախարար Տանիել Միթովն իր «գործունէութիւնը» «պատճառաբանում» է Մակեդոնիայի Հանրապետութիւնում քաղաքական իրավիճակի սրման շուրջ «մտահոգութեամբ»: Նա անգամ «անհանգստացել է» հարեւան հանրապետութիւնում ապրող պուլկարացիների ճակատագրով` այդպիսով փորձելով ինչ-որ կերպ պահպանել անշեղօրէն ընկնող իր վարկանիշը:
Մակեդոնիայի Հանրապետութիւնում դրութիւնն իսկապէս ցանկացած պահի կարող է դուրս գալ վերահսկողութիւնից: Դիմակայութիւնը Մակեդոնիայի ներքին յեղափոխական կազմակերպութեան (ՄՆՀԿ) աջ կենտրոնամէտ կառավարութեան (Նիքոլա Կրուեւսքի) եւ ընդդիմադիր` Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միութեան (ՄՍԴՄ, Զօրան Զայեւ) միջեւ յանգեցրել է նրան, որ վերջինի դէմ ճնշումներ են գործադրւում. ապրիլի 9-ին հերթական անգամ նա հարցաքննուել է գլխաւոր դատախազութիւնում այն սպառնալիքների համար, որոնք հասցէագրել է Կրուեւսքուն:
Այս պարունակում առանձնանում է Մակեդոնիայի նախագահ, ընկերաբանութեան փրոֆեսէօր Կէորկի Իւանովի յարմարուողական պահուածքը (տողերիս հեղինակը նրան ծանօթ է դեռ ուսանողական տարիներից): Նա մասնակցել է Կալիփոլիի ճակատամարտին նուիրուած հանդիսութիւններին, որոնք կազմակերպել էր Թուրքիայի նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանը: Իր հետ տարել էր նաեւ պաշտպանութեան նախարարին եւ սպայակոյտի պետին: Հաւանաբար` այն յոյսով, թէ որոշակի քանակութեամբ սպառազինութիւն, ռազմամթերք եւ զինուորական սարքեր նուէր կը ստանայ հարուստ թուրքերից:
Մինչդեռ Մակեդոնիայում խիստ սրուել են յարաբերութիւններն ալպանացիների հետ: Վերջին ժամանակներս մակեդոնական լրատուամիջոցները կրկին բարձրացրել են գիշերը ձկնորսութեան ժամանակ անմեղ զոհուած գիւղացի տղաների (ազգութեամբ` պուլկարների) սպանութեան թեման: Սպանութիւնը ծիսական ալպանական ձեւով էր կատարուել: Անմիջապէս հասկանալի դարձաւ, որ դա ալպանական վրէժխնդրութեան դրսեւորում էր: Ալպանացիներն անմեղ տղաներից «վրէժ էին լուծել» այն բանի համար, որ դրանից ոչ շատ առաջ վէճ էր ծագել ինքնաշարժների կայանատեղիում, որի ժամանակ մակեդոնացի նախկին պետանվտանգութեան ծառայողն ինքնապաշտպանութեան նպատակով հանել էր օրէնքով իրեն ամրագրուած ատրճանակն ու կրակել ալբանացի երկու խուլիկանների վրայ:
Այս միջադէպից յետոյ ալպանացի երիտասարդութիւնն անմիջապէս սկսեց բռնութիւններ գործադրել խաղաղ բնակիչների` պուլկարների նկատմամբ հանրակառքերում, փողոցներում, հրապարակներում, տներում: Ալպանացիները հանդարտուեցին միայն լճի մօտ ձկնորս տղաներին սպաննելուց յետոյ. նրանց համար վրէժը սրբազան նշանակութիւն ունի, կարելի է ասել, որ այն ալպանական ոգու խորհրդանիշն է եւ ուղեկցել է նրանց ողջ պատմութեան ընթացքում:
Սակայն այստեղ մի առանձնայատուկ պահ կայ. թէ՛ ՄՆՀԿ, թէ՛ ՄՍԴՄ-ն համագործակցում են կառավարող քոալիսիոնի անդամ ալպանական կուսակցութիւններից մէկի` Համարկումի դեմոկրատական միութեան (ՀԴՄ) հետ, որի ղեկավարն է նախկին ահաբեկիչ Ալի Ահմետը: Զորան Զայեւի այդ վտանգաւոր խաղը կարող է խախտել երկրի քաղաքական փխրուն հաւասարակշռութեանը: Նկատի ունենալով, որ սոցիալ-դեմոկրատներն առանց այդ էլ պոյքոթի ենթարկում են մակեդոնական խորհրդարանը եւ չեն մասնակցում նիստերին, Զորան Զայեւին դատապարտող վճիռը (նախկինում նման բան արուել է նրան նախորդող Վլատօ Պուչքովսքու հանդէպ) կարող է յանգեցնել դիմակայութեան սրման պուլկարական համայնքների միջեւ: Իսկ ալպանական համայնքը բաց չի թողնի պատեհ առիթն ու կ՛օգտուի դրանից` անմիջապէս դիմակայութեան նոր ալիք հրահրելով, որը կը յանգեցնի նրան, որ պուլկարական նոր պատմական տարածքներ կը խլուեն եւ տեղի կ՛ունենան հերթական ցեղային զտումները: Այսինքն տեսանելի ապագայում անխուսափելի կը դառնայ Մակեդոնիայի Հանրապետութեան բաժանումը, եւ ապագայ միաւորուած Ալպանիան կը դառնայ էլ աւելի մեծ ու կը շարունակի սպառնալ սլաւոնական բոլոր հարեւանների եւ Յունաստանի տարածքային ամբողջականութեանը:
Չարժէ կասկածել, որ ալպանացի առաջնորդների նպատակը Թիրանայում, Փրիշթինայում եւ Թեթովոյում մեծ Ալպանիայի ստեղծումն է, եւ դրա իրագործման հնարաւորութիւններն օրէցօր աւելանում են: Արժէ նկատի ունենալ, որ 10-ից աւելի երեխայ ունեցող ընտանիքը բնական երեւոյթ է ալպանացիների համար: 20-րդ դարասկզբին աշխարհում ընդամէնը 300.000 ալպանացի կար, հիմա 20-30 անգամ աւելին են:
Մակեդոնական պետութիւնն ու հասարակութիւնը խարխլող բոլոր խնդիրների խորապատկերին Սքոփիէին ամենամեծ նուէրը մատուցեց Սոֆիան` հրաժարուելով «Հարաւային հոսքից»: Այսպիսով, Մոսկուան որոշեց իրականացնել «Թուրքական հոսքը» Թուրքիայի, Յունաստանի, Մակեդոնիայի, Սերպիայի, Հունգարիայի, Աւստրիայի եւ այլ տարածքներով: Նշեալ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը Պուտափեշթում հաստատեց այսպէս կոչուած «Կազփրոմեան քոալիսիոն ստեղծումը: Այն երկրները, որոնք Եւրոպական Միութեան անդամներ են, կը ստանան ռուսական «հակապատժամիջոցների» թուլացում եւ կը կարողանան խթանել առաջին հերթին գիւղատնտեսութիւնը, սննդի եւ խմիչքի արդիւնաբերութիւնը: Տարանցման մաքսավճարները, որոնք կը վճարի «Կազփրոմը», թոյլ կը տան նպաստել այդ ճիւղերին եւրոպական այս ամենաաղքատ երկրներից որոշներում: Ինչպէս յայտնի է, առանց դրանց կը մնայ միայն Պուլկարիան: Ապագան ցոյց կը տայ, թէ որքանով են հիմնաւորուած Սեւ ծովի ջրաւազանում պուլկարա-ռումանիական սահմանին գտնուող հանքավայրերից բնական կազի արդիւնահանման հետ կապուած հաշուարկները: Յամենայնդէպս, կազի տարանցումը եւ «Հարաւային հոսքի» ենթակառուցուածքն արագ ոտքի կը հանէին Պուլկարիայի տնտեսութիւնը: Ե՛ւ նախագահ Կէորկի Փարւանովը, ե՛ւ վարչապետ Պոյքօ Պորիսովը դեռ չեն կորցրել Պրիւքսելից նախագծի իրագործման համաձայնութիւնն ստանալու յոյսը: Նոր իրավիճակում դա կարող էր լինել խողովակաշարի բաժանում երկու մասի Սեւ ծովի մէջտեղում. մէկը` դէպի Պուլկարիա, միւսը` դէպի Թուրքիա: Մինչդեռ պուլկարական ուժանիւթային մարզը նոր, խիստ անսպասելի հարուած ստացաւ. ամերիկեան «Ուեսթինկսհաուզ» ընկերութիւնը հրաժարուեց ֆինանսաւորում տրամադրել Տանուպի պուլկարական միջուկային ուժանիւթի թարմացման եւ զարգացման համար…
Մի բան յստակ կարելի է ասել. եթէ Պուլկարիան չհրաժարուէր, Մակեդոնիան տարանցիկ երկիր դառնալու հնարաւորութիւն չէր ունենայ: Իսկ հիմա առանց դրա ոչ մի կերպ հնարաւոր չէ. հասկանալի է, որ «Կազփրոմը» խողովակաշար չի անցկացնի ո՛չ Ալպանիայով, ո՛չ Քոսովոյով, ո՛չ Պոսնիա-Հերցեկովինայով: Իսկ վերջերս նոյնիսկ Մոնթենեկրոն է սառեցրել յարաբերութիւնները Ռուսաստանի հետ եւ փորձում է արագ Եւրոպային համարկուիլ: Նկատի ունենալով, որ այնտեղ սպառնալիքի տակ է անգամ Ռուսաստանի Դաշնութեան քաղաքացիների սեփականութիւնը, խողովակաշարի անցկացման ցանկացած փորձ կարող է աւարտուել այնպէս, ինչպէս «Հարաւային հոսքի» պարագայում: Բացի այդ, վերոնշեալ վերջին երկրների տարածքը լեռնային է, եւ ուժանիւթային ենթակառուցուածքի շինարարութիւնը գրեթէ անհնար է թւում: Թէեւ «Թուրքական հոսքի» երթուղին նոյնպէս խնդրայարոյց է` ահաբեկչութեան տեսակէտից: Հէնց Թուրքիայում քրտական եւ ծայրայեղ ձախ այլ ապստամբները ձեռքից բաց չեն թողնի այդքան հեշտ խոցելի թիրախը, ինչպիսին է «Թուրքական հոսքը», կառավարութեանը շանթաժի ենթարկելու եւ իրենց նպատակներին հասնելու համար: Նրանք նորագոյն պատմութեան մէջ քանիցս ի ցոյց են դրել իրենց մարտական կարողութիւնը: Նրանց կուռքն առայսօր անցեալ հարիւրամեակի թուրք առասպելական ծայրայեղ ձախակողմեան փարթիզան Տենիզ Կեզմիշն է: 20-րդ դարի 70-ական թթ. սկզբին ծայրայեղ ձախ թուրք ահաբեկիչների երկու ջոկատ, որոնցից իւրաքանչիւրը կազմուած էր չորս զինեալից, զաւթեցին թուրքական երկու քաղաքացիական ինքնաթիռ եւ դրանցով վայրէջք կատարեցին Սոֆիայի օդակայանում: Այստեղից թուրքական կառավարութեանը ներկայացրին անիրականանալի պահանջներ: Հակառակ դէպքում սպառնում էին պայթեցնել ինքնաթիռները բոլոր ուղեւորներով հանդերձ:
Ի վերջոյ, պուլկարացի դիւանագէտները եւ յատուկ ծառայութիւնները կարողացան տարհամոզել նրանց եւ ազատ արձակել ուղեւորներին:
Թէեւ Ապտիւլլա Օճալանը բանտում է, բայց մշտապէս սպառնում է թուրքական պետութեանը քաղաքացիական պատերազմով եւ ահաբեկչական գործողութիւններով: Բացի այդ, հէնց Թուրքիայի եւրոպական մասում, աւելի ճիշդ Պոլիսում են ապրում ծայրայեղ ձախ հաւանական ահաբեկիչները: Դրանք «Կազի Օսման փաշա» թաղամասի բնակիչներն են, որոնք շիա մահմետական են եւ ձախ արմատականութիւն են դաւանում: Նրանք էլ համալրում են ամէն տեսակ ծայրայեղ ձախ ահաբեկչական կազմակերպութիւնները, ինչպիսիք են «Տեւեոլը», «Տեւ կենչը» եւ այլն: Դրանցից ամենավտանգաւորը թուրքական համայնավարական կուսակցութիւնն է (մարքսիստ-լենինիստներ): Այն պատկանում է Միջազգային յեղափոխական շարժմանը (մաոական ինտերնացիոնալ) եւ իրականացնում է կազմակերպուած ահաբեկչական գործողութիւններ հէնց Թուրքիայում եւ վերջինի ներկայացուցչութիւններում ամբողջ աշխարհում:
Երկար տարիներ գրել եմ այդ կուսակցութեան արարքների մասին` նրա գործիչներից անձամբ ոչ մէկին չճանաչելով: Եւ պէտք է ասեմ, որ թիւրիմացաբար սխալուել եմ նրա անդամների թուաքանակի հարցում. թւում էր, թէ դա մոլեռանդ ահաբեկիչների սակաւաթիւ աղանդ է: Բայց 2008թ. յունուարի 1-ին Վիեննայում, մայիսմէկեան ցոյցի ժամանակ պատահաբար յայտնուելով թուրքական համայնավարական կուսակցութեան (մարքսիստ-լենինիստներ) շարքերում, հասկացայ, որ թիւր պատկերացում եմ ունեցել. այնտեղ հազարաւոր թուրք երիտասարդներ կային: Նրանց մայիսմէկեան տրամադրութիւնը լի էր թուրքական պետութեան ուժային կառոյցներին մինչեւ վերջ դիմակայելու վճռակամութեամբ, եթէ պէտք է` կեանքի գնով:
Հիւսիսարեւելեան Յունաստանում հիմնականում ապրում են թուրքեր եւ փոմաքներ (մուսուլման պուլկարներ), որոնք ձգտում են ինքնորոշման եւ Թուրքիայի հետ վերամիաւորուելու, ինչի պատճառով ենթարկւում են բռնաճնշումների յունական կառավարութեան կողմից: Եթէ ֆինանսական, ընկերային-տնտեսական իրավիճակը Յունաստանում շարունակի վատթարանալ (իսկ դա գրեթէ անխուսափելի է), պատմական հակասութիւնների խորապատկերին այնտեղ նոյնպէս կարող են ի յայտ գալ իսլամիստական կամ ազգայնական ուղղուածութեան ահաբեկչական կազմակերպութիւններ: Եւ «թուրքական հոսք» խողովակաշարը կարող է դառնալ նրանց թիրախն ու տնտեսական եւ քաղաքական արտօնութիւններ կորզելու միջոցը:
Օրերս լաւ զինուած 40 ալպանացի ահաբեկիչներ Կոսովոյի տարածքից թափանցել են Մակեդոնիա եւ իրենց հսկողութեան տակ վերցրել Կոշինցէի անցակէտը: Չորս սահմանապահի եւ մաքսաւորների (պուլկարական ծագմամբ) կապոտել են ու ծեծել: Նրանց ասել են, թէ իրենց չեն հետաքրքրում խաղաղ գործընթացը եւ Ալի Ահմետիի ցանկութիւնը` իշխանութիւնը վերցնել խաղաղ ճանապարհով: Նրանք իրենց յայտարարել են Մեծ Ալպանիայի մարտիկներ, որը ներառելու է հարեւան երկրների այն ամբողջ տարածքը, որտեղ ապրում են ալպանացիներ: Եւ յայտարարել են, որ պատրաստ են մինչեւ վերջ պայքարել իրենց նպատակն իրագործելու համար:
Հիւսիսարեւմտեան Մակեդոնիայում եւ հարաւարեւելեան Սերպիայում առայսօր գոյութիւն ունեն ալբանական ահաբեկչական զինուած կազմաւորումներ (որպէս «քնած օղակներ»), ինչպիսիք են Քոսովոյի ազատագրութեան բանակը, Ազգային ազատագրութեան բանակը, Ալպանական ազգային բանակը, Փրեշեւոյի, Մետվեժայի եւ Պոյանովացի ազատագրութեան բանակը: Ի դէպ, ալպանական բնակչութիւն ունեցող սերպական Փրեշեւօ, Մետվեժա եւ Պոյանովաց քաղաքները գտնւում են «Թուրքական հոսքի» ճանապարհին, եւ եթէ խողովակաշարն անցկացուի, այն հեշտ թիրախ կը հանդիսանայ ահաբեկիչների համար, որոնք պայքարում են Պալքանեան այն բոլոր հողերի ազատագրութեան համար, որտեղ ալպանական բնակչութիւն կայ: Գաղտնիք չէ, որ, ինչպէս եւ բոլոր ահաբեկչական կազմակերպութիւններն աշխարհում, դրանք իրենց միջոցները հայթայթում են զէնքի, թմրանիւթերի առեւտրով, պատուիրուած սպանութիւններով եւ այլն: Ալպանացիները 200 հազարանոց սփիւռք ունեն Զուիցերիայում, որը կազմակերպում եւ հովանաւորում է ուժային գործողութիւնների այդ ողջ ապօրինի գործունէութիւնը` ուղղուած Պալքանեան թերակղզում իրաւակարգի եւ պետական սահմանների խափանմանը:
Ալպանական հրոսակային կազմաւորումների մարտական գործողութիւնների տարածքը բաժանւում է երեք մասի.
1.- Տարածք, որը պէտք է նուաճել: Այնտեղ գործում են միայն մասնագիտացուած մարտական խմբեր, որոնք իրականացնում են ռազմավարական նշանակութեան միասնական գործողութիւններ եւ յետոյ անցնում են թիկունք:
2.- Տարածք, որտեղ վարւում են աշխուժ, լայնածաւալ մարտական գործողութիւններ: Այստեղ լայնօրէն կիրառւում են ինչպէս աշխուժ ահաբեկչական, այնպէս էլ դասական զանգուածային ռազմական գործողութիւններ:
3.- Տարածք, որտեղ հրոսակներն արդէն հաստատել են իրենց տիրապետութիւնը եւ կեանքը կազմակերպել ըստ իրենց կանոնների եւ կարգի: Այն սովորաբար կոչւում է «աջակցութեան խարիսխ»: Այստեղ բուժում են վիրաւորներին, նախապատրաստում զինակոչիկներին, կատարւում է վերախմբաւորում, ստեղծւում են հրոսակային նոր կազմաւորումներ:
Յաղթանակը նուաճուած է համարւում, երբ երկրի ամբողջ տարածքը, որտեղ վարւում է հրոսակային պատերազմը, վերածւում է աջակցութեան խարիսխ: 1999թ. դա տեղի ունեցաւ Քոսովոյում, ի հարկէ` ՆԱԹՕ-ի օդուժի եւ յատուկ նշանակութեան ստորաբաժանումների օգնութեամբ: Այն ժամանակ զոհուել է աւելի քան 60 կամաւորական նախկին խորհրդային երկրներից, ովքեր գործողութիւններին մասնակցում էին սերպական բանակի եւ ոստիկանութեան կողմից:
Մաօիստական հրոսակները համապատասխանաբար բաժանւում էին երեք խմբի` ըստ առաջադրուած խնդիրների եւ կառուցուածքի.
1.- Տեղական ջոկատներ, որոնք փորձում են աչքի չընկնել խաղաղ բնակչութեան շրջանում եւ աշխուժօրէն զբաղւում են գիւղատնտեսական եւ այլ աշխատանքներով:
2.- Շրջանային ջոկատներ, որոնք զբաղւում են հրոսակային գործունէութեամբ ողջ շրջանի կամ երկրի մի մասի չափով, որի տարածքում ընթանում է հրոսակային պատերազմը:
3.- Ազգային ջոկատներ` կազմուած հրոսակային բանակի լաւագոյն մարտիկներից: Նրանք կատարում են միայն ազգային նշանակութեան ռազմավարական խնդիրներ:
Դասական հրոսակային պատերազմը կարող է տասնամեակներ տեւել: Այդպէս եղաւ, օրինակ, Չինաստանում եւ Ծայրագոյն Արեւելքի այլ երկրներում, ինչպէս նաեւ` Փերուում, Քոլոմպիայում, Թուրքիայում, Իրանում: Նախկին Եուկոսլաւիայի տարածքում պատերազմը շարունակւում է նաեւ այսօր` չնայած անկախ Քոսովոյի ստեղծմանը եւ Մակեդոնիայի Հանրապետութեան քաղաքական կեանքում նախկին ալպանական զինուած կազմաւորումների ներգրաւմանը: Սերպիայում այդ պատերազմն ընթանում է Փրեշեւոյի, Մետվեժայի եւ Պոյանովացի շրջանում, որտեղ պարբերաբար բռնկւում եւ յետոյ մարում են ահաբեկչական գործողութիւնները: Մակեդոնական Կոշինցէի անցակէտի հետ կապուած վերջին միջադէպը սառեցրեց լաւատեսների` ալպանացիների եւ հարեւան սլաւոնական ցեղերի միջեւ հակամարտութեան խաղաղ լուծման եռանդը:
Այս բոլոր մարտահրաւէրներն են կանգնած թուրքական, յունական, մակեդոնական, սերպական ուժային պետական մարմինների առջեւ, որոնք պէտք է ապահովեն խողովակաշարի անվտանգութիւնն այդքան երկար եւ բարդ երթուղու ամբողջ երկայնքով: Հազիւ թէ դա 100 տոկոսով հնարաւոր լինի իրականացնել. ինչպէս տեսնում ենք, ահաբեկչական աշխուժութիւնն այդ երկրներում չի նուազում նաեւ այսօր: Եւրոպական միութեան անվտանգութեան մարմինները հազիւ թէ օգնեն. նրանք դժուարանում են նոյնիսկ սեփական երկրներում յաղթահարել ահաբեկչութիւնը:
ԿԷՈՐԿԻ ՔՈԼԱՐՈՎ
Քաղաքական գիտութիւնների թեկնածու, Ժողովուրդների
բարեկամութեան Ռուսաստանի հիմնարկի դոկտորանտ,
Ռուս-հայկական (Սլաւոնական) համալսարանի (Երեւան) եւ
Տնտեսագիտական համալսարանի (Վառնա) դասախօս:
«Նորավանք»