Բանասէր, լրագրող եւ հաղորդավար Նարինէ Թուխիկեան Յովհաննէս Թումանեանի անուան տուն-թանգարանի տնօրէնուհին է միաժամանակ: Ան տարիներ առաջ «Խոստովանութիւն» ընդհանուր խորագրին տակ հաղորդաշար մը կը վարէր, որ կը ներկայացնէր հայ գրական-մտաւորական դէմքեր` բացայայտելով անոնց նոյնիսկ ամենամտերմիկ ու ցարդ չպեղուած կեանքի ծալքերն իսկ: Սոյն դէմքերէն տասնեակ մը մէկտեղուած է 260 էջերէ բաղկացած գիրքի մը մէջ, որ տարիներ առաջ նոյն խորագրով` «Խոստովանութիւն», լոյս տեսաւ Երեւանի գրականութիւն եւ Արուեստի հրատարակչատան կողմէ:
Շնորհիւ իր բերած նորութիւններուն եւ Թուխիկեանի լեզուական առոգանութեան, գիրքեր կ՛ընթերցուի մեծ յափշտակութեամբ վէպի մը նման: Այլոց շարքին ներկայացուած է նաեւ Գրիգոր Զօհրապը, որուն առաջին բաժինը կու տանք ստորեւ:
«Չորս ժամ երկաթուղիով, յետոյ եօթ ժամ կառքով գիշերը Ուրֆա պիտի հասնինք»: Մինչ աքսորեալները Հալէպից կը հասնէին Ուրֆա, անյապաղ այստեղ են կանչւում Չերքեզ Խալիլ պէյը, Չերքեզ Ահմետը, Մուսթաֆան, ժանտարմիայի յիսնապետ Ապտիւրրահմանը, յստակ ցուցումներ են ստանում եւ սպասում վերջին հրահանգին:
1915 թ. յուլիսի 6-ին, հին տոմարով` 19-ին, եւրոպական ժամանակով առաւօտեան 5-ին կառքերն իջնում են սեւ քարերով ծածկուած «Շէյթան տերեսին»` «Սատանայի ձորը», եւ պատրաստւում անցնել Գարաքէօփրիւ կամուրջը: Յանկարծակի առջեւից գնացող հեծեալ ժանտարմը շրջւում է ձախ եւ շարժուելով առուի եզերքով, կառքը կանգնեցնում է Գասապթաշի երկու կողմերում եւ, նշան բռնելով կառքում նստածների վրայ` կրակում են: Գնդակներից մէկը դիպչում է Վարդգէս Սերինկիւլեանին: Նա սպաննւում է անմիջապէս: Միւս աքսորեալը չի վիրաւորւում:
Գրիգոր Զօհրապ
«Դահիճները մօտենում են կառքին:
– Իջիր,- կը պոռային ամէն կողմէ:
Բայց կարծես իրեն չէին, ձայն չի հաներ: Այն ատեն Չերքեզ Ահմետ պէյը կը բռնէ ետեւէն եւ ուժով մը ցնցելով.
– Իջիր,- կը կրկնէ,- այլեւս ապրելիք չունիս, որովհետեւ բարձրագոյն հրաման կայ:
Զօհրապ, աչուըները արցունքով լեցուն` կը մերժէ իջնել:
– Հոս սպաննեցէք, կ՛ըսէ,- կարողութիւն չունիմ շտկուելու:
Կը փորձեն քաշքշել զինքը եւ այդպէս վար առնել կառքէն, բայց երկու ձեռքերով կը կառչի կողմնակի ամբարտակներուն: Այն ատեն Ահմետ պէյ իր չերքեզի դաշոյնը կը խրէ անոր կուշտը: Միւսները նոյնպէս դաշոյնով բազմաթիւ հարուածներ կու տան, թերեւս` բոլորովին աւելորդ տեղը: Յետոյ մարմինը քաշքշելով` կը ձգեն գետին, Գասապթաշիի առջեւ եւ բոլորովին ապահով ըլլալու համար իրենց ռեվոլվերներով կը կրակեն վրան` միշտ աւելորդ տեղը»: Սա գրառում է պատմաբան, գրող Արամ Անտոնեանից: Իսկ ըստ Զարեհ Որբերեանի տեղեկութիւնների, Ահմետը չհանգստանալով` սպաննելուց յետոյ քարով ջախջախում է Զօհրապի գլուխը: Յետոյ սպաննուածների դիակներից հանում են հագուստները եւ ոտքերից քարշ տալով` տանում են կամուրջը եւ նետում ճանապարհի միւս կողմը, մացառուտների մէջ:
Իթթիհատի Ուրֆայի ներկայացուցիչ օսմանեան երեսփոխան Մեհմետ Նետիմը, ով մէկ օր առաջ Զօհրապին եւ Վարդգէսին հրաւիրել էր իր տուն խնճոյքի, Գասապթաշի մօտ կատարուած ոճրին հետեւում էր թաքստոցից եւ բաւարարուած էր: Ոճրագործութեան յաջորդ օրը` յուլիսի 7-ին, Ուրֆայի շուկայում վաճառքի են հանւում Գրիգոր Զօհրապի ոսկեայ ժամացոյցն ու մատանին եւ Վարդգէս Սերինկիւլեանի ճերմակեղէնը: Անգլիացի ճանապարհորդ ոմն Էքպր Ռիցցան նոյն այդ շուկայից գնում է եւ Հալէպ է տանում անուան սկզբնատառերով եւ արեան բծերով աղտոտուած Զօհրապի պայուսակը: Նոյն օրը ճանապարհների ինժեներ, փաստաբան, օսմանեան խորհրդարանի պատգամաւոր, հայ ազգային-հասարակական-քաղաքական գործչի Պոլսի բնակարանում հեռախօսազանգ է հնչում. Թալէաթի խորհրդական Ալի Միւնիֆ պէյը Քլարա Զօհրապին յայտնում է ամուսնու մահուան մասին:
Քսանեօթ ու կէս տարիների ընթացքում նրանք շատ անգամ էին բաժանուել: Մերթ պաշտօնական գործերով եւ քաղաքական պատճառներով, մերթ առողջական, երբեմն էլ անձնական հարցերով ամուսինը մեկնել էր արտասահման կամ կայսրութեան տարբեր անկիւններ: Բայց այդ բաժանումները եղել էին ժամանակաւոր: Ամէն օր անհամբերութեամբ պոկուող օրացոյցի թերթերը մօտեցրել էին հանդիպման պահը, իսկ նամակագրութիւնը նուազեցրել էր հեռաւորութիւնը:
1915 թ. յուլիս 7-ի չարաբաստիկ հեռախօսազանգը, ամենատհաճ լեզուով, ամենազզուելի ձայնով ասուած մէկ-երկու նախադասութիւնը այն էր, ինչից ամէնից շատ վախենում էր Քլարան: Նա խելացի կին էր եւ հասկանում էր, թէ ի՛նչ է կատարւում երկրում հայերի նկատմամբ, բայց երբ ամուսնուն մայիսին 20-ին տանը ձերբակալեցին եւ տեղափոխեցին Ղալաթասերայի ոստիկանատուն, այնտեղից էլ Գոնիա, ապա` Ատանա-Հալէպ, յետոյ էլ, երբ իմացաւ, որ Ուրֆա -Սեւավերակ կամ Սեւերեկ ճանապարհով Գրիգորին տանելու են Տիարպեքիր, դեռ յոյս ունէր եւ վատթարի մասին մտքերը անմիջապէս վանում էր իրենից: Երբ ներքին գործոց նախարար Թալէաթի, վարչապետ Սայիտ Հալիմ փաշայի եւ միւսների դռներն էր բախում, էլի յոյս ունէր: Երբ իրեն յուսադրում եւ խոստումներ էին տալիս, հաւատում էր եւ շտապում րոպէ առաջ լուր տալ ամուսնուն եւ հանգստացնել` մերթ, որ Խալիլ պէյը խոստացել է իրեն պաշտպանել եւ ազատել տալ, մերթ, որ Տիարպեքիրում նրա վիճակը ապահով կը լինի եւ անգամ յայտնում էր, որ մեկնելը անհրաժեշտ է: Եւ որտեղի՞ց իր եւ ամուսնու այս միամտութիւնը, վստահութիւնը թուրքերի ասածներին:
Մի՞թէ համակեցութիւնը դրանց հետ եւ հայերի նկատմամբ առկայ իրականութիւնը, որին այդքան լաւ տեղեակ էին, ոչինչ էր խմբագրել իրենց ուղեղում: Ի՞նչ պատահեց, որ յանկարծ Թալէաթը վստահութիւն ներշնչեց: Որովհետեւ ճիշդ ձերբակալութեան օրը, աւելի ստոյգ` դրանից մի քանի ժամ առաջ, Արեւելեան ակումբում Թալէաթի հետ Գրիգորը իսքեամպիլ կամ փոքեր էր խաղացել, եւ այդ փաստը կարող էր նուրբ յոյզեր արթնացնել օմանեան նախարարի սրտում: Թէ՞ Քլարան, Գրիգորը, ինչպէս միւս հայերը, թուրքերին եւ ընդհանրապէս մարդկային յարաբերութիւնները գնահատում էին հայկական կամ քրիստոնէական ազնուութեամբ, բարոյականութեամբ, քաղաքակրթութեան չափանիշներով: Նրանք մոռացել էին «Մարգարիտներդ խոզերի առաջ մի՛ նետիր» պատուիրանը: Այսինքն խոզի հետ վարուիր այնպէս, որ խոզը հասկանայ: Վեհ, համամարդկային արժէքները նրա համար խորթ են եւ անըմբռնելի, միեւնոյն է, նա կը փչացնի, կ՛ապականի դրանք: Ուրեմն առնուազն անմտութիւն էր նուրբ լարերին կպչելու յոյսերը: Չնայած` միանգամայն հասկանալի:
Հայութեան համար արդէն բաւական ուշ էր թուրքերի նկատմամբ ռազմավարութիւն փոխելը, մանաւանդ որ հայ էլ չէր մնացել: Առաւել եւս անհնար էր ընկճուած եւ դառնացած մի կնոջ համար, ով տեղեակ էր եղեռնագործութիւնների մասին եւ անզօրութիւնից կառչում էր մարդասպաններից` նրանց մէջ մարդ տեսնելու սպասումով: Կնոջը 1915-ի յուլիսի 2-ին գրած վերջին նամակներից մէկում Զօհրապը գրում է. «Հիմա, սիրական կինս, ալ վերջին վարագոյրը կը սկսի մեզի համար. հաւատալս չի գար, որ Խալիլ պէյը ամէն երախտիք մոռցած ըլլայ եւ օգնութեան չհասնի. ուստի յոյսս իր վրայ է, մէյ մըն ալ` անմեղութեանս, բայց այս միջոցիս անմեղութիւնը ստակ մը չ՛արժեր»:
Ինչեւէ, Զօհրապը արդէն չկայ, իսկ ինքը` կինը կայ, փառք Աստծոյ, կան նաեւ չորս զաւակները, տղաները` արտասահմանում, աղջիկները` պոլսում: Կան դեռ նրա հետ կապուած որոշ իրեղէն բաներ, որ սպրդել են տան խուզարկութիւնից եւ դրանց մէջ` նամակները: Շատ հետաքրքիր ճակատագիր է: Ծնուել է 1861-ի յունիս կամ յուլիս ամսին, սակայն եկեղեցական մատեանում իր ծնունդը թիւրիմացաբար, թէ ինչ, չի գրանցուել: Այսինքն նրա լոյս աշխարհ գալու ճիշդ ամսաթիւը յայտնի չէ: Բայց յայտնի է Կոստանդնուպոլիսի Պեշիկթաշ թաղամասի Սուրբ Աստուածածին եկեղեցում նրա մկրտութեան օրը` յուլիս 11-ը: Եւ, փաստօրէն, փաստաթղթերով վկայուած, Զօհրապի կեանքը սկսւում է նրա իրական կամ փաստացի կեանքից օրեր անց: Կեանքի ամենասկզբում նա չունեցաւ ծննդեան օրը հաստատող փաստաթուղթ, իսկ կեանքի վերջում` կեանքի աւարտը վկայող շիրմաքար: Բայց ունեցաւ լեցուն կեանք, գրական, ազգային-հասարակական եւ մեզ թողեց աւելին, քան հողաթումբն է: Աւելի ճիշդ` ոչ թէ մեզ ինչ-որ բան թողեց, այլ ուղղակի մնաց մեզ հետ: Մնաց, որ իրենից սովորենք գեղագիտութիւն, սովորենք խօսել գեղեցիկ հայերէնով, գործի մէջ լինենք ազնիւ եւ փրոֆեսիոնալ, ինչպիսին ինքն էր փաստաբանութեան մէջ, լինենք համարձակ եւ իր կեանքով սովորեցրեց չկրկնել իր եւ իր սերնդի սխալները, որ եթէ ստիպուած ենք վայրենիների հետ յարաբերուել, ապա նրանց հետ չլինենք կիրթ եւ հնազանդ: Վերջապէս կնոջն ու զաւակներին գրած նամակներով մեզ սովորեցրեց քնքշական հմտութիւններ, որ այնքան գեղեցկացնում են կեանքը: