ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

1921թ. մարտի 15-ը հայ ժողովրդի մեծագոյն դահիճներից Թալէաթ փաշայի կեանքի վերջին օրն էր: Գրող Շահան Նաթալին Սողոմոն Թեհլիրեանին բացատրել է, թէ ինչ պէտք է անի 25-ամեայ հայ վրիժառուն Պերլինում Թալէաթին սպաննելուց յետոյ. «Թիւ մէկ ազգասպանի գանկը կը պայթեցնես եւ չփորձես փախչել. կը կանգնես տեղում` ոտքդ սատակի վրայ ու կը յանձնուես ոստիկաններին, որոնք կը գան ու կը ձերբակալեն»:
Թեհլիրեանն այսպէս է նկարագրում Թալէաթի կեանքի վերջին ժամը. «Առաւօտը սովորականից շուտ վեր կացայ. արեւի շողերը արդէն հասել էին դիմացի շէնքի պատուհանին: Հազիւ էի աւարտել թէյս եւ ուզում էի բազկաթոռը մօտեցնել պատուհանի եզրին, երբ յանկարծ դիմացի շէնքի պատշգամբում տեսայ Թալէաթին: Քարացայ. նա՞ էր արդեօք: Այո՛: Նա մէկ-երկու քայլ առաջ անցաւ, ուշադիր զննեց մայթը` նախ վեր, ապա վար, ու կարծես ինչ-որ մտքերի ծանրութեան տակ` գլուխը կախ: Ըստ երեւոյթին, թեթեւ չէր կեանքը գործած անպատում ոճիրից յետոյ: Թէեւ անցել էր հինգ-վեց տարի, բայց վախը անբաժան էր մնացել նրանից: Իր լայն ուսերին կրում էր երկու հրապարակային մահավճիռներ` Պոլսոյ պատերազմական ատեանի եւ ՀՅԴ-ի: Առաջինը նրա համար հաւանաբար ունէր բարոյական նշանակութիւն. փոխանակ վեր հանելու իր «ազգանուէր» մեծ գործը, հարազատ երկրի մէջ դատապարտում էին նրան մահուան` որպէս սովորական ոճրագործի: Բայց ժամանակը կարող էր այդ «թիւրիմացութիւնը» պարզել. ապագայ սերունդները կը հասկանային կատարած գործի արժէքը, եթէ չլինէր ՀՅԴ դատավճիռը: Նայեցի ժամացոյցին. 10-ն էր, Ուհլանտ գնալու իր սովորական ժամը: Զէնքը վերցրի` պատրաստ դուրս գալու: Յանկարծ նա յայտնուեց դրան մօտ եւ փղի պէս ծանրօրէն սկսեց վար իջնել: Սառը դատողութիւնը ինձ ասում էր, որ այս անգամ անկարող պիտի լինի ազատուել ձեռքիցս, բայց եւ յուզումը բազմալեզու աղաղակներով փոթորկում էր ինձ»:
Երիտթուրք ոճրագործները կամ նրանց մեծագոյն մասը կը խուսափէր հայ ժողովրդի ոչնչացումը կազմակերպելու եւ իրագործելու պատժից, եթէ չլինէին հայ երիտասարդ վրիժառուներն ու ՀՅԴ-ի «Նեմեսիս» գործողութիւնը: Յունական դիցաբանութեան մէջ Նեմեսիսը վրիժառութեան աստուածուհին էր: 1919թ. աշնանը Երեւանում կայացած ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովը որոշեց պատժել Երիտթուրքերի պարագլուխներին եւ Հայոց ցեղասպանութեան միւս իրականացնողներին: Առանձնացուեց 650 անուն, որից 41-ը գլխաւոր ոճրագործներն էին: «Նեմեսիսի» իրագործման համար ստեղծուեց պատասխանատու մարմին, ղեկավար ընտրուեց Միացեալ Նահանգներում Հայաստանի դեսպան Արմէն Գարոն, ինչպէս նաեւ` յատուկ ֆոնտ Շահան Մարչակլեանի ղեկավարութեամբ: Գործողութեան անմիջական ղեկավար նշանակուեց Շահան Նաթալին, օգնական` Գրիգոր Մերճանովը: Տեղեկութիւնների հաւաքումն իրականացնում էր թուրքերի շարքերը թափանցած Հրաչ Փափազեանը, ով գերազանց տիրապետելով թուրքերէնին, դարձել էր Ճեմալ Ազմիի որդու «ընկերը» Մեհմետ Ալի անունով:
ՀՅԴ պատմագիրներից Հրաչ Տասնապետեանը նկատում է, որ «հասկանալի պատճառներով» ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովի որոշումների գրքոյկը Հայոց ցեղասպանութեան կազմակերպիչներին պատժելու մասին որեւէ յիշատակում չի թողել, սակայն Սողոմոն Թեհլիրեանի, Միսաք Թորլաքեանի եւ Արշաւիր Շիրակեանի յուշերը յստակօրէն հաստատում են քաղաքական այս դատավճիռների կազմակերպուած լինելու իրողութիւնը:
Թալէաթ փաշայի սպանութեան կազմակերպման հարցում առաջնահերթ է եղել ՀՅԴ Ամերիկայի Կենտրոնական կոմիտէի եւ Արմէն Գարոյի ու Շահան Նաթալիի դերակատարութիւնը:
Թեհլիրեանը իր յուշերում գրում է. «Դիմացի մայթով հաւասարուեցի Թալէաթին, արագ քայլերով բաւական առաջացայ, անցայ նոյն մայթը, որտեղով գնում էր նա: Յետ դարձայ: Մօտենում էինք իրար: Նա գալիս էր ճեմելու ձեւով` ձեռնափայտը անփոյթ ճօճելով: Մի կարճ տարածութիւն մնացած` զարմանալի անդորրութիւն համակեց էութիւնս: Հաւասարուելու վրայ Թալէաթը շեշտակի նայեց ինձ. աչքերի մէջ առկայծեց մահուան սարսուռը: Վերջին քայլը բեկուեց. մի քիչ թեքուեց, որ խուսափի, բայց զէնքը դուրս քաշելս ու գլխին պարպելս մէկ եղաւ: Թալէաթը հարուածից կարծես ցցուեց ու մի ակնթարթ հզօր մարմինը պրկուեց ձիգ, բայց երերուն, ապա, սղոցուած կաղնու բնի պէս թնդիւնով երեսի վրայ տապալուեց»:
Թեհլիրեանը ծնուել է Կամախի Բագառիճ գիւղում: Արեւմտեան Հայաստանի դատարկումից եւ Եղեռնից յետոյ, որին զոհ են գնացել նրա մայրն ու հարազատները, Թեհլիրեանը զինուորագրւում է «Նեմեսիս» գործողութեանը: Թալէաթին սպաննելուց հետ նա ձերբակալւում է, սակայն 1921թ. յունիսի 3-ին ազատ է արձակւում դատարանի դահլիճից, որտեղ նրան պաշտպանում էր Եոհաննես Լեփսիուսը:
Դատարանի նախագահ – Դուք ձեզ ինչո՞ւ յանցաւոր չէք համարում:
Թեհլիրեան – Ինքս ինձ յանցաւոր չեմ համարում, որովհետեւ խիղճս հանգիստ է:
Նախագահ – Խիղճդ ինչո՞ւ է հանգիստ:
Թեհլիրեան – Մարդ եմ սպաննել, բայց մարդասպան չեմ:
Նախագահ – Թալէաթ փաշային ուզո՞ւմ էիք սպաննել:
Թեհլիրեան – Այս հարցը չեմ հասկանում: Ես նրան արդէն սպաննել եմ:
Նախագահ – Ուզում եմ ասել` նրան սպաննելու ծրագիր ունէի՞ք:
Թեհլիրեան – Ես որեւէ ծրագիր չունէի:
Նախագահ – Ե՞րբ արթնացաւ այդ գաղափարը:
Թեհլիրեան – Դէպքից մօտ երկու շաբաթ առաջ ինձ շատ վատ էի զգում, ջարդերի պատկերները աչքերիս առաջ էին: Մօրս դիակը տեսայ: Այդ դիակը ոտքի ելաւ, կանգնեց առջեւս եւ ասաց ինձ. դու տեսար, որ Թալէաթը այստեղ է ու անտարբե՞ր ես մնում:
Նախագահ – Իսկ դուք ի՞նչ արեցիք:
Թեհլիրեան – Յանկարծ արթնացայ եւ որոշեցի այդ մարդուն սպաննել»:
Դաշնակցութեան կողմից մահապատժի դատապարտուած միւս իթթիհատականները եւ մուսաւաթականները սպաննուեցին 1921-1922 թուականների ընթացքում: ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովի որոշումով մահուան դատապարտուած եւ սպաննուած բոլոր թուրքերը, բացառութեամբ Էնվէր փաշայի, ընկան դաշնակցականների ձեռքով:
Գերմանական դատարանի կողմից արդարացուած Թեհլիրեանը տեղափոխւում եւ բնակւում է Պելկրադում, ապա հաստատւում է Ֆրեզնոյում, որտեղ եւ կնքում է մահկանացուն 1960-ին:
ԱՆԻ կենտրոն