ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Հայաստանի պաշտպանական եւ անվտանգութեան համակարգը, համաձայն երկկողմ եւ բազմակողմ փաստաթղթերի ու պայմանաւորուածութիւնների, բազմաշերտ է: Գետնի վրայ, սակայն, գլխաւոր դերակատարութիւնը վերապահուած է հայկական բանակին: Սա անվիճարկելի ճշմարտութիւն է, որը ապացուցուել է ոչ վաղ անցեալի իրադարձութիւններով: Այսպէս, 1991-1994 թթ. ռազմական գործողութիւնների, ինչպէս նաեւ զինադադարի աւելի քան 20 տարիների ընթացքում, այդ թւում անցեալ տարուայ ամրանը արձանագրուած հայ-ազրպէյճանական «մինի» պատերազմի օրերին, հէնց հայկական բանակն էր, որ զսպում էր Ազրպէյճանի ռազմատենչ նկրտումները:
Հէնց անկախութեան առաջին տարիներից Հայաստանը սկսեց ստորագրել երկկողմ պայմանագրեր, որոնք միտուած էին թշնամական հարեւաններով շրջապատուած եւ դէպի ծով ելք չունեցող հանրապետութեան սահմանների պաշտպանութիւնը եւ անվտանգութիւնը ամրապնդելուն: 1992-ին ստորագրուեց հայ-ռուսական պայմանագիր, որով Հայաստանում տեղակայուած խորհրդային 7-րդ բանակի հենքով Գիւմրիում ձեւաւորուեց 102-րդ ռուսական ռազմակայանը: Անկասկած, Գիւմրիում գտնուող ռուսական բանակը առաջին հերթին պաշտպանում է ռուսական շահը կովկասեան տարածաշրջանում, սակայն, միւս կողմից, Թուրքիան եւ Ազրպէյճանը իրենց ապագայ ծրագրերը մշակելիս հաշուի են նստում Հայաստանում ռուսական ռազմական ներկայութեան իրողութեան հետ նոյնպէս:
Անկասկած, Հայաստանը աւելի անվտանգ իրեն կը զգար, եթէ չունենար պատերազմի սպառնալիքներ հնչեցնող հարեւան Ազրպէյճան եւ շրջափակման քաղաքականութիւն վարող մէկ այլ հարեւան` Թուրքիա: Այդ դէպքում ռուսական ռազմական ներկայութիւնը ոչ միայն կը լինէր անիմաստ, այլեւ գուցէ կ՛ընկալուէր խոչընդոտող գործօն հայ-թուրքական եւ հայ-ազրպէյճանական յարաբերութիւններում:
1992-ին Հայաստանը եւ Ռուսաստանը ստորագրեցին մէկ այլ պայմանագիր, որով հայ-թուրքական եւ հայ-իրանական (սրանք, ի տարբերութիւն հայ-վրացական եւ հայ-ազրպէյճանական սահմանների, համարւում էին արդէն գոյութիւն չունեցող ԽՍՀՄ-ի արտաքին սահմաններ) սահմանների պաշտպանութիւնը դրուեց հայ-ռուսական համատեղ վերահսկողութեան տակ: Այսպիսով, դեռ 1992-ին Հայաստանը իր անվտանգութեան նկատառումներից ելնելով` Ռուսաստանի հետ ստորագրեց համապատասխան պայմանագրեր:
1992-ի գարնանը հիմքը դրուեց Հաւաքական անվտանգութեան պայմանագիր կազմակերպութեան (ՀԱՊԿ): Սա արդէն ոչ թէ երկկողմ, այլ բազմակողմ պայմանագիր էր, որին Հայաստանը միացաւ իր պաշտպանութեան եւ անվտանգութեան համակարգը առաւել բարելաւելու նկատառումով: Այսօր ՀԱՊԿ-ին անդամակցում են վեց երկրներ` Ռուսաստան, Պելոռուսիա, Ղազախստան, Հայաստան, Տաճիկստան եւ Խըրխըզիստան: Այս կառոյցի կանոնադրութեան մէջ ասւում է, որ անդամ երկրներից որեւէ մէկի վրայ արտաքին յարձակումը համարւում է յարձակում միւս անդամների վրայ:
Անշուշտ, ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցութիւնը պարտադրաբար դեռ չի նշանակում, որ Հայաստանի վրայ ռազմական յարձակման դէպքում Ռուսաստանը կամ Ղազախստանը օգնութեան կը շտապեն: Միւս կողմից, սակայն, ՀԱՊԿ-ի գոյութիւնն արդէն Հայաստանի անվտանգութեան ապահովման եւս մէկ հարթութիւն է: Աւելի՛ն. Հայաստանը ՕԹԱՆ-ի հետ համագործակցում է եւ մասնակցում վերջինիս խաղաղապահ առաքելութիւններին ոչ միայն իր ներդրումը բերելու միջազգային խաղաղարար գործողութիւններին, այլ առաջին հերթին փորձում լրացուցիչ լծակներ ձեռք բերել սեփական անվտանգութեան համար:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Հայաստանը իր պաշտպանական եւ անվտանգութեան համակարգը ապահովում է երեք հարթութիւններում. առաջին եւ հիմնական` հայկական բանակ, երկրորդ` երկկողմ պայմանագրեր (առաջին հերթին` հայ-ռուսական), երրորդ` բազմակողմ դիւանագիտութիւն կամ եռակողմ ձեւաչափ (ՀԱՊԿ, ՕԹԱՆ):
Յունուարի 2-ից Հայաստանը պաշտօնապէս անդամակցում է Եւրասիական տնտեսական միութեանը (ԵՏՄ): Սա մի կառոյց է, որ իրականում դեռեւս գոյութիւն չունի: Բայց ենթադրենք, որ այն կայանալու է, ենթադրենք Ռուսաստանի տնտեսական եւ քաղաքական ներուժը հնարաւորութիւն է տալու, որպէսզի տարածքով մոլորակի ամենամեծ այս տէրութիւնը Ղազախստանի, Պիելոռուսիայի, Հայաստանի եւ (հաւանաբար մայիսից) Խըրխըզիստանի հետ ստեղծի տնտեսական ընդհանուր տարածք:
Հայաստանում ԵՏՄ-ին անդամակցելու կողմնակիցները, այդ թւում` երկրի իշխանութիւնները, պնդում էին կամ հասկացնել տալիս, որ Հայաստանը այլընտրանք չունէր եւ չէր կարող «ոչ» ասել Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինին, իսկ եթէ «ոչ» ասէր, ապա դրա դիմաց շատ թանկ կը վճարէր եւ այդ գինը մօտաւորապէս կը լինէր այն, ինչ այսօր վճարում է Ուքրանիան: Հայաստանի անվտանգութիւնը եւ ապագան Ռուսաստանի հետ կապողները (եւ ոչ միայն նրանք) հաւատացած են, որ ԵՏՄ-ին անդամակցելով` Հայաստանը լուծում է առաջին հերթին ոչ թէ տնտեսական, այլ անվտանգութեան խնդիր:
Որ` Հայաստանը, աւելի ճիշդ` այսօրուան ղեկավարութիւնը, այլընտրանք չունէր եւ չէր կարող «ոչ» ասել Փութինին, դա հաւանաբար ճիշդ է: Սակայն անհասկանալի է, թէ ինչպէս է Հայաստանը անվտանգութեան հարցեր լուծելու մի միութեան մէջ, որը տնտեսական է: Եթէ աւելի պարզեցնենք հարցը, ապա կը ստացուի հետեւեալը. քանի դեռ Հայաստանը մաս է կազմում Ռուսաստանի կողմից ստեղծուած ԵՏՄ-ին, Ազրպէյճանը խիզախութիւն չի ունենայ յարձակուել եւ նոր պատերազմ սկսել Հայաստանի եւ Արցախի դէմ:
Անկասկած, ԵՏՄ-ն քաղաքական եւ աշխարհաքաղաքական կառոյց է առաջին հերթին եւ ոչ` տնտեսական միաւորում: Սակայն ակնկալել, որ այդ միաւորման մէջ մտնելով` Հայաստանը անվտանգութեան խնդիրներ է լուծելու, արդարացուած չէ: Անվտանգութեան եւ պաշտպանութեան հարցեր լուծելու նպատակով, ինչպէս տեսանք, Հայաստանը յենւում է ներքին պաշարների (հայկական բանակ), ինչպէս նաեւ` երկկողմ եւ բազմակողմ դիւանագիտութեան վրայ:
Ամէնից վտանգաւորը հայութեան տարբեր շրջանակներում առկայ այն միտումն է, որ եթէ Հայաստանը մաս չկազմէր ԵՏՄ-ին, ապա Ռուսաստանը կը պատժէր Հայաստանին եւ Արցախի հարցում կ՛աջակցէր Ազրպէյճանին: Այսինքն Ռուսաստանը Հայաստանին կը պատժէր Արցախով:
Այստեղ հարց է առաջ գալիս. եթէ Ռուսաստանը Արցախի հարցը շահարկելով իր կրտսեր ռազմավարական գործընկեր Հայաստանին ստիպում է միանալ ԵՏՄ-ին, ապա ո՞րն է երաշխիքը, որ հետագայում նոյնպէս Մոսկուան չի շահարկի Արցախի հարցը եւ հայերի գլխավերեւում ռուսական սուր չի ճօճի: Եւ ի՞նչ տարբերութիւն` Հայաստանը ԵՏՄ-ո՞ւմ է, թէ՞ ոչ: Եթէ Մոսկուան անտեսում է հայ-ռուսական ռազմական գործընկերութիւնը, եթէ անտեսում է բազմակողմ դիւանագիտութիւնը (Հայաստանի ՀԱՊԿ-ում անդամակցութիւնը) եւ յանուն ռուսական շահերի Հայաստանին տանում դէպի ԵՏՄ` շահարկելով Արցախի հարցը, ապա ինչո՞ւ նոյն քաղաքականութիւնը չի շարունակելու, երբ Հայաստանը արդէն ԵՏՄ կազմում է, ընդ որում` առանց Արցախի:
Սա մի հարց է, գուցէ` ապագայի նոր մարտահրաւէր, որին պէտք է հայ քաղաքական եւ պետական միտքը պատասխան գտնի: Հակառակ դէպքում` Հայաստանի անկախութիւնից եւ ինքնիշխանութիւնից շատ բան չի մնայ:
Հայկական ուսումնասիրութիւնների ԱՆԻ կենտրոն
Յատուկ «Ազդակ»-ի համար