Երէկ` հինգշաբթի, 9 հոկտեմբեր 2014-ին, Աղեքսանդրիա (Եգիպտոս) մեկնեցաւ ՀՄԸՄ Անթիլիասի պատուիրակութիւնը` իր մասնակցութիւնը բերելու համար Արաբական պասքեթպոլի աղջկանց ախոյեանութեան:
ՀՄԸՄ Անթիլիասէն բացի (Լիբանանի բաժակակիր), այս մրցաշարքին իր մասնակցութիւնը կը բերէ նաեւ Լիբանանի ախոյեան Ռիատի Պէյրութ:
Ստորեւ կը ներկայացնենք Աղեքսանդրիա մեկնած ՀՄԸՄ-ի պատուիրակութիւնը.
Րաֆֆի Գասապեան (պատուիրակութեան նախագահ), Անդրանիկ Պոյաճեան (վարչական պատասխանատու), Յակոբ Ճերենեան (յանձնախումբի պատասխանատու), Նեմանժա Պժետով (Սերպիա, մարզիչ), Սեւակ Քեթենճեան (օգնական մարզիչ), Տանա Խալաթ (ֆիզիոթերափի), Ատել Խուէյրի (միջազգային իրաւարար), Լուպնա Քաթալին – Ապտալլա, Նաթալի Իթանի, Ալիք Թապաքեան, Մեղրի Թորոս, Այտա Պախոս, Քաթրին Պապիկեան, Նայիրի Ոսկերիչեան, Լէյլա Ֆարես, Քրիսթին Մուֆարրեժ, Ելենա Փրլուվովիչ, Էշլի Տանիել Ճոնզ, Նաթալի Սվաճեան, Սանտրա Նաժըմ եւ Մակի Զաքարեան (մարզիկներ):
Այսօր բացման մրցումը (ժամը 16:30-ին) իրարու դէմ կը հանէ Ռիատի Պէյրութը (Լիբանան) եւ Օրթոտոքսին (Յորդանան): Ժամը 18:00-ին տեղի կ՛ունենայ մրցաշարքին բացման հանդիսութիւնը, որմէ ետք ժամը 18:30-ին` Սփորթինկ – Սըմուհա (Եգիպտոս) մրցումը:
ՀՄԸՄ Անթիլիաս իր մրցումը կը կատարէ վաղը, ժամը 18:00-ին, մրցելով Ժամհիեթ Ամալի (Մարոք) դէմ:
Երէկ յետմիջօրէին Սփորթինկ ակումբին մէջ (Աղեքսանդրիա) տեղի ունեցաւ Արաբական աղջկանց պասքեթպոլի ախոյեանութեան վիճակաձգութիւնը` ներկայութեամբ Արաբական պասքեթպոլի ֆետերասիոնի ընդհանուր քարտուղար Հանֆի Ապու Թալեպի, կազմակերպիչ յանձնախումբի նախագահ Ուսամա Ժատալլայի, ինչպէս նաեւ կազմակերպիչ ակումբին` Սփորթինկի պատասխանատուներուն:
Մրցաշարքին իրենց մասնակցութիւնը կը բերեն ութ խումբեր:
Ա. խմբակին մաս կազմեցին Ժազիրա (Եգիպտոս), ՀՄԸՄ (Լիբանան) Ժամհիեթ Ամալ (Մարոք) եւ Մուժամաա Փեթրոլի (Ալճերիա), իսկ Բ. խմբակին` Սփորթինկ (Եգիպտոս), Ռիատի (Լիբանան), Օրթոտոքսի (Յորդանան) եւ Սըմուհա (Եգիպտոս):
Նշենք, որ մրցաշարքին մասնակցող իւրաքանչիւր խումբ կ՛ընդգրկէ 18 անդամ (մարզիկ, մարզիչ եւ պատասխանատու):
Մրցաշարքը կը սկսի 10 հոկտեմբերին եւ կ՛աւարտի 20 հոկտեմբերին:


