ՅԱՍՄԻԿ ԴԻԼԱՆԵԱՆ
Վերջին շրջանում կառավարութեան ուշադրութեան մանրադիտակում մեր երկրի սահմանամերձ գիւղերի խնդիրներն են: Դրանք շատ են, սակայն գիւղերի բնակիչներին ամենաշատը մտահոգում են արտագաղթն ու գործազրկութիւնը:
13-ամեայ Անի Մկրտումեանն իր հասակակիցներից շատ բաներով է տարբերւում: Ակամայից` նրա մտքերն աւելի հասուն են ու բնորոշ, նոյնիսկ` իրենից մի քանի անգամ մեծերից: 13 տարի շարունակ Անին տարին 12 ամիս միայն կրակոցներ է լսում, սակայն դրանք չեն խանգարում, որ ծննդավայր Մովսէսի մասին խօսելիս` աչքերը փայլեն, նա պատրաստ է ժամերով, նոյն փայլող աչքերով անդադար ու սիրով պատմել հայրենի գիւղի` սահմանամերձ Մովսէսի մասին: «Գողտրիկ ու սարերի մէջ թաքնուած գիւղ է, շատ գեղեցիկ», պատմում է Անին ու միաժամանակ նկատում` «Ափսոս, որ մեր գիւղից շատերն են հեռանում»: 13-ամեայ աղջնակը գիտի նաեւ Մովսէսից հեռանալու պատճառը. «Ափսո՜ս, աշխատանքային պայմանները շատ քիչ են, դրա համար էլ բնակչութիւնը քիչ է, գիւղը նօսր է բնակեցուած, արտագաղթը շատ է դէպի Ռուսաստան ու տարբեր երկրներ»:
Անին անհանգիստ է` տղամարդիկ հեռանում են գիւղից, իսկ այն պահել է պէտք, ազրպէյճանական յենակէտերն ուղիղ գծով իրենց դպրոցին են նայում, ամէն օր` առանց ժամ ու պատարագ, կրակում են, ու այնքան յաճախ, որ 13-ամեայ աղջկայ, գիւղի միւս երեխաների ու նրանց ծնողների համար այն սովորական է դարձել. «Գրեթէ բնական են դարձել կրակոցները: Ծնողները երեխաներին հանգիստ դպրոց են ուղարկում նոյնիսկ կրակոցների օրերին: Հնարաւոր չէ կրակոցներին շատ ուշադրութիւն դարձնել, որովհետեւ կարող է շաբաթներով շարունակ կրակոցներ լինեն. երեխաները պէտք է կրթութիւն չստանա՞ն, տնից դուրս չգա՞ն»:
«Անիի նման հասուն մտածում են Մովսէսի բոլոր երեխաները, 15-ամեայ Ռայիսայի համար նոյնպէս մտահոգիչ է, որ շատերն են հեռանում գիւղից, պատճառն էլ գիտի` աշխատանք չկայ, եթէ աշխատանք լինի, անպայման կը մնան: Արտագաղթն ու գործազրկութեան բարձր մակարդակը Տաւուշի սահմանամերձ գիւղերի ամենամտահոգիչ խնդիրներն են: 2013-ին պաշտօնապէս 500 գործազուրկ էր գրանցուած Բերդի տարածաշրջանում. Բերդում` 300, միւս 16 համայնքներում` 200: Պաշտօնական վիճակագրութիւնը, սակայն, իրական գործազրկութիւնը չի արտացոլում», կարծում է Բերդի «Կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամի հիմնադիր տնօրէն Անահիտ Բադալեանը:
«Գործազրկութիւնը յանգեցնում է, արտագաղթին, պաշտօնական տուեալներ չեմ ուզում հրապարակել, որովհետեւ բոլորս գիտենք, թէ պաշտօնական տուեալները որքանով են համապատասխանում իրականութեանը»:
«Սօսէ մայրերի միութիւն»-ի նախագահ Նինա Ադամեանն ամուսնու հետ պատերազմի տարիներին առաջնագծում էր, շատ բան է տեսել, գլխով շատ բան է անցել, այսօր էլ մեն-մենակ ապրում է Բերդում ու կրկին ահազանգում` սահմանամերձ գիւղերում գործազրկութեան մակարդակը բարձր է ու անհանգստացնող. «Այստեղ կայ մի ազգ, որը կոչւում է հայ ազգ, որը կոչւում է հայեցի, որը պաշտպանելու համար մենք պէտք է կանխենք արտագնայ աշխատանքի մեկնողներին: Նկարիչ ունէինք` Կոշտանց Գառնիկ էր անունը, ասում էր` «Ով խելք ունի` մեռաւ, ով փող ունի` տեղափոխուեց, ով էլ անճար էր` մնաց»: Բայց ես չէի ասի, որ մենք անճար ենք, մենք մնացել ենք մեր հողն ու ջրին, ինչ որ հայրենասիրութեան միտումն ա մեր սրտերում, մեր հոգիներում: Բոլոր դէպքերում` մենք կանք, ուզում ա` մեզ օգնութեան գան, ուզում ա` չգանէ:
Պատերազմի տարիներին անգամ, սահմանամերձ եւ ոչ մի գիւղի բնակչի նոյնիսկ մտքով չի անցնել թողնել գիւղն ու հեռանալ առաւել անվտանգ վայր, այսօր, սակայն, երիտասարդների մի մասը հեռանում է գիւղից, նրանք ոչ թէ լքում են իրենց գիւղը, այլ գնում են աշխատելու եւ նորից վերադառնում գիւղ: Սահմանամերձ գիւղերում բնակուող տղամարդկանց հեռանալն այսպէս են մեկնաբանում ու երբեմն նաեւ արդարացնում համագիւղացիները: Այն, որ արտագաղթը չարիք է իւրաքանչիւր երկրի համար, գիտենք բոլորս, մեզ մնում է յուսալ, որ գիտակցում ենք նաեւ, թէ որքան աւելի վտանգաւոր է, երբ ստիպուած, սակայն, հեռանում են սահմանամերձ գիւղերի բնակիչները: Ու նաեւ մի պարզ ճշմարտութիւն` սահմանի վրայ գտնուող զինուորն ուժեղ է, երբ գիտի, որ թիկունքում գիւղն է, պաշտպանում է իր տունն ու ընտանիքը:
«Ռատիօլուր»
