Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Մինչ Օրս Հայաստանը Ֆիզիքական Ոչնչացման Վտանգ Ունի» Ասում Է Լիթուայում Բնակուող Բեմադրիչ Մարատ Սարգսեանը

August 20, 2013
| Անդրադարձ, Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter

Հարցազրոյցը` ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ

Մարատ Սարգսեանը շարժապատկերի բեմադրիչ է, ով դեռեւս 16 տարեկանում  իր պապիկի հետ Վանաձորից տեղափոխուել էր Լիթուա, որտեղ իր աշխատանքն սկսել է Վիլնիւսի հեռուստատեսութիւնում: Նրա առաջին ժապաւէնը` «Լեռնաւանը», ներկայացուել էր  շարժապատկերի բեմադրիչ Էմիլ Քուսթուրիցայի հեղինակած շարժապատկերի փառատօնին` «Քուսթենտորֆին», որտեղ արժանացել էր մրցանակի: Դրանից յետոյ ժապաւէնը ներկայացուել էր երեւանեան «Ոսկէ ծիրան» միջազգային փառատօնին, որտեղ կրկին մրցանակի էր արժանացել: Այս տարի Մարատը «Ոսկէ ծիրան» փառատօնին մասնակցել էր վաւերագրական ժապաւէնով` «Հայրը», որն արդէն ունի 4 մրցանակ:

ՀԱՐՑՈՒՄ.- Մարատ, «Լեռնաւան» ժապաւէնը խաղարկային էր, իսկ «Հայրը»` վաւերագրական: Ինչո՞վ է պայմանաւորուած փաստավաւերագրական սեռի ընտրութիւնը:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Վաւերագրական ժապաւէնը փաստաթուղթ չէ, իրադարձութեան փաստ չէ, դա գործ է: Ինձ համար տարբերութիւն չկայ` ժապաւէնը գեղարուեստակա՞ն է, թէ՞ վաւերագրական. երկուսն էլ պարզապէս արտայայտման միջոցներ են:

Հ.- Բայց գեղարուեստականի դէպքում բեմադրիչն աւելի ազատ է` ստեղծում է այն իրականութիւնը, որն ինքն է պատկերացնում:

Պ.- Այսինքն` այն, ինչ պատկերացնում էր Փելեշեանը, չի՞ ստեղծել: Իմ ժապաւէնի դէպքում ես ներկայացրել եմ այն, ինչ տեսել եմ, այլ ոչ թէ այն, ինչ պատկերացրել եմ: Իմ նպատակը չէր յօրինել այդ ընտանիքի կեանքը կամ այն ներկայացնել յարմար ձեւով: Դժուար էր գտնել այն հերոսը, ով ե՛ւ հետաքրքիր լինէր, ե՛ւ խորութիւն ունենար: Անհրաժեշտ էր, որ շարժանկարը հոգի ունենար, գոյութենապաշտութեան տարրեր ունենար: Աշխատում եմ ինձ թոյլ չտալ մակերեսային կեանք վարել, քանի որ ամբողջ շրջապատը քաշում է դէպի մակերեսային կեանք: Թերեւս ամբողջ ժամանակի, ամբողջ շրջապատի 99 առ հարիւրը մակերեսային է, եւ ձգում է  դէպի մակերեսային կեանք: Մարդն իրականում թոյլ արարած է: Ժամանակը մարդուն չի տրուել թրեւ գալու կամ հաճոյք ստանալու համար: Այդ իմաստով, չեմ կարող մակերեսային գործ անել, իմ ժամանակը կորում է: Այս ժապաւէնի ստեղծումը պահանջել է 3 տարի, եւ այդքան ժամանակ ծախսել եմ, որպէսզի ժապաւէնում հոգի լինի, ժապաւէնը օրկանիզմ ունենայ, ինչպէս մարդը:

Հ.- Ժամանակից վախենո՞ւմ էք:

Պ.- Վախենում եմ անիմաստ անցկացրած ժամանակից:

Հ.- Իսկ ինչի՞ց էք վախենում:

Պ.- (Ժպտում է,- Մ.Մ.) Վախենում եմ վախենալ: Իրականում ոչ մի բանից չեմ վախենում: Բոլոր մարդկանց պէս վախենում եմ հարազատներ կորցնելուց: Ուղղակի գիտակցում եմ, որ ժամանակը ոչ թէ նուէր է, այլ այն տրուած է ճիշդ ձեւով անցկացնելու համար, անկախ այն հանգամանքից, թէ քեզ պարգեւատրելո՞ւ են, թէ՞ ոչ: Ժամանակը ճիշդ անցկացնելն արդէն պարգեւատրում է, որովհետեւ կարեւորը ոչ թէ վերջին կէտն է, այլ` ընթացքը: Մարդիկ երբեմն շատ են թուլանում` սկսելով մեղաւորներ փնտռել ամբողջ աշխարհում: Երբ մարդ թուլութիւն է զգում, ենթագիտակցում փորձում է գտնել մեղաւորներ իրեն արդարացնելու համար, յետոյ ինքն իր մէջ մեղաւոր է հանում նաեւ իրեն, ապա սկսում է խղճալ ինքն իրեն, սակայն դրսում իրենց ցոյց է տալիս որպէս հերոս: Այդ դէպքում նա դառնում է խղճուկ արարած:

Հ.- Մարդիկ փոխուե՞լ են:

Պ.- Չգիտեմ, ինչի՞ համեմատ:

Հ.- Օրինակ, նիւթական «արժէքների» պաշտամունքը կա՞ր մեր կենցաղում:

Պ.- Բայց դրա հետ ի՞նչ կապ ունի ժողովուրդը:

Հ.- Բայց ժողովուրդը մարդիկ են:

Պ.- Դա դրսից է գալիս:

Հ.- Ես նկատի ունէի աշխարհի մակարդակով:

Պ.- Այո, բայց հիմա այդպիսի փուլ է, ի՞նչ կարող ես անել: Եթէ հիւանդութիւնը նախապէս չես բուժում, այն սկսում է սաստկանալ, եւ այդ ժամանակ մարդ բժշկի է գնում:

Հ.- Իսկ այդ նոր միտումները մտահոգութիւն չե՞ն առաջացնում ձեր տեսակի շարժապատկերի բեմադրիչների մօտ:

Պ.- Ընդհանրապէս յարգում եմ միսիոնարական արուեստը: Եթէ զուարճալի արուեստի մէջ չկայ միսիոնարութիւն, ապա դա դերասանութիւն է: Միսիոնարական արուեստում կայ անկեղծութեան «հոտ», որտեղ ստեղծողն իրեն  չի ցանկանում ներկայացնել, որտեղ նրա եսասիրութիւնը թաքնւում է գործի մէջ: Իսկ ինչի՞ց պէտք է վախենամ` որ չե՞ն ընդունի իմ ժապաւէնները… Թող չընդունեն: Ես ժապաւէններ չեմ անում, որ ինձ ընդունեն, ես ժապաւէններ եմ ստեղծում, քանի որ չեմ կարող չստեղծել: Իմ գործը ժապաւէնը անկեղծ ու ճշմարիտ անելն է` չխաբուելով նորաձեւութիւնից, ներկայ ճաշակից: Պէտք է լինել շատ սթափ, զգօն լինել, ուրիշներին չթողնես տրորել արժէքներդ: Մարդը պէտք է յարգի ինքն իրեն: Այն մարդը, որ չի յարգում իր էութիւնը, տարւում է նիւթականով:

Հ.- Միեւնոյն ժամանակ, կարծես, ինչ-որ սպասում կայ հայաստանեան իրականութեան մէջ:

Պ.- Սպասումն ընդամէնն ինքնաարդարացում է: Ոչ մի անգամ վաղը լաւ չի լինելու, այսօր, հէնց այս րոպէին է լաւը:

Հ.- Առաջնահերթ ի՞նչ պէտք է փոխել:

Պ.- Առաջին հերթին անհրաժեշտ է ժամանակ: Չեմ կարող ասել, թէ սա է լաւը, կամ սա է վատը: Իւրաքանչիւրն ապրում է իր կեանքի իրական փուլը: Ընկերային տեսակէտից առաւել կարեւոր է մարդու ներքին ինքնազգացողութիւնը:

Հ.- Երկու անգամ մասնակցել էք «Ոսկէ ծիրան» փառատօնին: Հայաստանում սովորաբար այլ մօտեցում կայ փառատօների նկատմամբ, ինչը երբեմն դրսեւորւում է տարուայ մէջ մէկ անգամ լաւ քոսթիւմ կամ գլխարկ կարելով: Մօտեցման փոփոխութիւն տեսնո՞ւմ էք:

Պ.- Փառատօնը կապ չունի. կան մարդիկ, ովքեր գալիս են ցուցադրելու իրենց, կան բեմադրիչեր, ովքեր գալիս են քայլելու կարմիր գորգի վրայով: Կան բեմադրիչներ, ովքեր ծայրայեղ բաց են, կան նաեւ այնպիսիները, ինչպէս, օրինակ, Փելեշեանը, ծայրայեղ փակ են: Այս փառատօնի ընթացքում տեսայ այնպիսի հայ բեմադրիչներ, ովքեր շատրուանի պէս բաց են, իրենք են քայլող շարժապատկերները: Դա պայմանաւորուած է մարդու տեսակով: Ինձ համար շարժապատկերի փառատօնը ոչ միայն գնահատական է իմ ժապաւէնին, այլեւ` օգնութիւն, որպէսզի յաջորդ ժապաւէնի ֆինանսաւորումն աւելի դիւրին լինի:

Հ.- Մարատ, որոշել էք ժապաւէն նկարել Ցեղասպանութեան մասին: Ինչո՞ւ հէնց այդ թեմայով:

Պ.- Իսկ ինչո՞ւ ոչ… Որովհետեւ արդէն շա՞տ ժապաւէններ կան այդ թեմայով:

Հ.- Որովհետեւ չափազանց պատասխանատուութիւն պահանջող թեմա է:

«Հայրը» ժապաւէնէն
(Լուսանկարները` justamoment.it կայքէջէն)

Պ.- Որովհետեւ մօտեցումը շատ սուղ է: Այսօրուայ տեսանկիւնը ենթադրում է մեղաւոր թուրքերը, անմեղ հայերը… Իմ ապագայ ժապաւէնում մեղաւոր ու անմեղ չկայ, ուղղակի կայ իրադարձութիւն, որը կատարւում է ներկայ ժամանակներում, որն աւելի շատ անիրական է, մեթաֆորիք: Միեւնոյն ժամանակ նշեմ, որ դա երեւակայական ժապաւէն չէ, ես ընդհանրապէս չեմ սիրում նկարահանել երեւակայական ժապաւէններ: Ժապաւէնում մի փոքր երեխայ ցեղասպանութեան ժամանակ փախչելիս, յանկարծակի, ինչ-որ պատճառներով (չեմ ասի, թէ ի՛նչ պատճառներով), 100 տարի առաջ է ընկնում ժամանակի խափանման պատճառով: Այն, ինչ ասացի, չկայ ժապաւէնում, քանի որ իմ ասածը ժապաւէնի բացատրութիւնն է:

Հ.- Ինչո՞ւ այս տարիներին մեր արտայայտչամիջոցը` Ցեղասպանութեան ճանաչման պայքարում, չփոխուեց: Ինչո՞ւ, օրինակ, հրեաները հասան իրենց խնդրի  լուծմանը, իսկ մենք` 9 տասնամեակից աւելի նոյն մօտեցումն ենք որդեգրել: Ի՞նչն է պակասում:

Պ.- Ինչո՞ւ… որովհետեւ մենք հրեայ չենք: Մենք հայ ենք, ուրիշի գլխին բարձրացող չենք: Եթէ չես կարողանում ուրիշի գլխին բարձրանալ, հետեւաբար խեղճուկրակ ես լինում: Եթէ ժամանակին յարձակուող ազգ լինէինք, այսօր նոյն ձեւով կը պահէինք մեզ: Հայն յարձակողապաշտ ազգ չէ, դրա համար մնում  է խեղճ: Ես չեմ առաջարկում, որ յարձակողապաշտ լինենք, ես հպարտանում եմ, որ հայն յարձակողապաշտ ազգ չէ:

Հ.- Բայց, կարծես, ենթագիտակցաբար յոգնել ենք: Ինչո՞ւ:

Պ.- Մինչ օրս Հայաստանը ֆիզիքական ոչնչացման վտանգ ունի: Այո՛, յոգնել ենք, գիտեմ, բայց հայ ազգը, Հայաստանը ֆիզիքական ոչնչացման հարց ունի: Նայէք Հայաստանի հարեւաններին կամ Հայաստանի վիճակը երկրագնդի վրայ, թէ ի՛նչ կախուածութիւն ունի:

Հ.- Ինքնասպառմա՞ն ենք գնում:

Պ.- Չգիտեմ… Քաղաքական թեմաներ չեմ սիրում շօշափել, բայց շատ բաներ միանգամից կը լուծուէին, եթէ իւրաքանչիւր հայ գիտակցէր, որ հայն ու Հայաստանը ֆիզիքապէս ոչնչացման վտանգի առաջ են: Այդ ժամանակ ոչ թէ շատ բան կը փոխուէր Հայաստանում, այլ հայն ինքը կը փոխուէր:

Հ.- Երբեմն տպաւորութիւն է, որ չի էլ ուզում գիտակցել:

Պ.- Ուզում է հանգիստ ապրել, հաճոյքով, իսկ այս դէպքում` մակերեսային հաճոյքով, իսկ աւելի ճիշդ` իրերին հիմնուած հաճոյքով, բայց սա արդէն ինքնաբթացում է: Եթէ իւրաքանչիւր ընտանիքի հայր եւ մայր ճիշդ ձեւով գուշակի Հայաստանի այսօրուայ վիճակը եւ ճիշդ ձեւով վերաբերուի իր արարքներին, հայը կը փոխուի: Սա գլխաւոր պակասող հարցն հայի համար, որ չի գիտակցում, թէ ինքը որտե՞ղ է, ի՞նչ վտանգներ ունի:

Երեւան-Պէյրութ

Նախորդը

50 Տարի Առաջ (20 Օգոստոս 1963)

Յաջորդը

Ամրօրէն Կառչած Անցեալին… Գրաճեանի Գրապաճոյճ Գործը

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.