ԼԵՒՈՆ ՄԵԼԻՔ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ
19 տարի առաջ` հոկտեմբերի 29-ին, Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի ստորաբաժանումներն Արցախի հարաւում ազրպէյճանական ասկեարներից ազատագրեցին վերջին կղզեակը` Կովսականը, որը թուրքերը վերանուանել էին Զանգելան: Աւարտուեց Իրանի հետ Արցախի սահմանի վերականգնման գործընթացը: Այս իրադարձութիւնը, որը հնարաւոր դարձաւ Ազրպէյճանի յարձակման պատճառով, անշուշտ, ռազմաքաղաքական մեծ նշանակութիւն ունէր: Թշնամական երկրի հետ ունեցած սահմանը զգալիօրէն կրճատուեց, որի շնորհիւ ազատուած ուժերը կենտրոնացուեցին ռազմաճակատի արեւելեան ուղղութեամբ: Կովսականում ռազմական գործողութեան յաջողութիւնը արդիւնաւէտ պաշտպանութեան հնարաւորութիւն տուեց ռազմաճակատի ողջ արեւելեան գծում. հայկական ստորաբաժանումների համար խոր թիկունք
ստեղծուեց` թեթեւացնելով բանակին զէնք ու զինամթերքի եւ պարէնամթերքի մատակարարումը: Նշեմ նաեւ, որ Կովսականում տարած յաղթանակը, ընդհանուր առմամբ, ուրուագծեց Արցախի Հանրապետութեան ներկայիս սահմանները:
Կարծում եմ` Ազրպէյճանում եւս գիտակցում են այս յաղթանակի նշանակութիւնն Արցախի Հանրապետութեան` եւ, ընդհանրապէս, հայ ժողովրդի համար: Այդ իսկ պատճառով նրանք տարէցտարի աւելի են հերոսացնում® ասկեարների փախուստը Զանգելանից: Կարդալով ճողոպրած ազրպէյճանցի ականատեսների յուշերը` հնարաւոր չէ չյիշել անդրկովկասեան թուրքերի ասացուածքը. «Տասից իննի դէպքում հերոսութիւնը դրսեւորւում է փախուստի մէջ»: Զանգելանում անդրկովկասեան թուրքերը լիովին ցուցաբերեցին այդ «հերոսութիւնը»:
Կովսականի թիւրքական բնակիչների խուճապահար փախուստը կարելի է հեշտութեամբ բացատրել. իրենց չպատկանող հողի վրայ` հայերի ձեռքերով կառուցուած տներում ընդամէնը մի քանի սերունդ ապրած մարդիկ ամենեւին էլ պարտաւոր չեն սիրել եւ պաշտպանել այդ հողն ու այդ տները: Այդ պատճառով էլ այդքան բնական է ընդունւում անդրկովկասեան թուրքերի փախուստի փառաբանումը. նրանք դարերի ընթացքում այս կերպ են գոյատեւել: Միայն ցաւալին այն է, որ հերոսացումը ուղեկցւում է կեղծիքով, եւ հէնց այդ մասին էլ կը խօսենք:
Կովսականի ազատագրման 19-րդ տարեդարձի նախօրէին Զանգելանի շրջանի նախկին գործադիր իշխանութեան ղեկավար Իլհամ Հիւսէյնովը պատասխանել է ազրպէյճանական day.az գործակալութեան հարցերին: Միգուցէ ստելը բնորոշ է իլհամներին, կամ մէկ այլ պատճառ կայ, սակայն խօսափողի առջեւ նստած «զանգելանցի» Իլհամն սկսել է յիմարութիւններ դուրս տալ.
«Այն ժամանակ Զանգելանը պաշտպանում էր Ֆիրուտին Շապանովի գլխաւորած 865-րդ գունդը: Շրջանը պաշտպանւում էր իր ներքին ուժերով, մինչդեռ Զանգելանի շրջանի գրաւման համար Հայաստանի կառավարութիւնը զօրաշարժի էր ենթարկել իր բոլոր ռազմական ուժերը: Պատկերացնո՞ւմ էք, թէ դա ի՛նչ է նշանակում: Զանգելանի ներքին ուժերը կանգնած էին Երեւանի, Մեղրիի, Կապանի եւ հայկական այլ շրջանների ամբողջ բանակի առջեւ: Շուրջ եօթ օր մենք յետ էինք մղում թշնամու յարձակումները, բայց ուժերն անհաւասար էին», վշտահար պատմում էր Իլհամը:
Այս կեղծիքը հեշտութեամբ կարելի է հերքել, միայն անհրաժեշտ է դիմել մշտապէս ձեռքիս տակ գտնուող Ազրպէյճանի ամենահեղինակաւոր աղբիւրին` Հայտար Ալիեւի յուշերին: 1993 թուականի նոյեմբերի
2-ին, Կովսականի եկուոր թուրքերի զանգուածային հերոսական փախուստից ընդամէնը մի քանի օր յետոյ, նա յատուկ յայտարարութեամբ հանդէս եկաւ հեռուստատեսութեամբ եւ ձայնասփիւռով, որից պարզապէս պարտաւոր ենք մի քանի մէջբերումներ անել:
«Բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկուել էին Զանգելանի պաշտպանութեան համար: Սակայն դա էլ ոչ մի արդիւնք չտուեց: Զանգելանի շրջանից հեռացան թէ՛ բնակիչները, թէ՛ բանակը: Գաղտնիք չէ, որ Ջեբրայիլի շրջանի տարածքում տեղի ունեցած վերջին իրադարձութիւնների ժամանակ, Հորադիզում եւ այլ բնակավայրերում մեր մարտիկներն իրենց դիրքերն աւելի շուտ լքեցին, քան` տեղի բնակչութիւնը: Վերահսկելով իրադրութիւնը` բազմաթիւ միջոցառումներ ձեռնարկելով զինուած ուժերի հսկողութեան տակ գտնուող շրջանի պաշտպանութեան համար, դրա հետ մէկտեղ մենք ականատես եղանք այն իրողութեանը, որ մեր զինուորների մեծ մասը դիրքերը լքեց` առանց կռուի, առանց դիմադրութեան եւ առանց կրակ բացելու: Նրանք նախընտրեցին նահանջել` փախչելով Իրանի տարածք»: Այսպէս դժգոհեց «համազգային առաջնորդն» իր հայրենակիցների անյաղթելի վախկոտութիւնից եւ պէտք է ասել, որ այն ժամանակ «զանգելանցի» Իլհամը չհամարձակուեց հանդէս գալ ընդդէմ այս ճշմարտութեան:
Հետաքրքիր է, որ day.az-ին տուած հարցազրոյցում նախկին Զանգելանի շրջանի նախկին ղեկավարը եւս յիշում է դէպի Իրան փախուստի մասին. «Հոկտեմբերի վերջին Զանգելանի շրջանի խաղաղ բնակչութիւնը Արաքս գետի վրայով տեղափոխուեց Իրանի տարածք` զաւթիչների դատաստանից պաշտպանուելու համար: Ինչպէ՞ս դա կատարուեց: Որոշում ընդունուեց անցնել գետը: Յանուն արդարութեան պէտք է նշել, որ իրանցի սահմանապահները չխոչընդոտեցին իրենց տարածքներ մեր անցնելուն: Ընդհանուր առմամբ, 37 հազար խաղաղ բնակիչ տեղափոխուեց Իրանի տարածք»:
Այս տողերը կարդալիս զգացւում է, որ նա կիսատ է պատմում, եւ ես գիտեմ, թէ բանն ինչումն է: Իրօք, իրանցի սահմապահները չեն խոչընդոտել Կովսականի վախեցած բնակիչներին ժամանակաւորապէս հատել սահմանը: Իսկ արդէն Իրանի տարածքում նրանք ամբողջովին մերկացրել են բոլոր տղամարդկանց եւ քշել գետի երկայնքով` նրանց հետեւից գնացող կանանց եւ երեխաների առջեւից: Ես չգիտեմ, թէ նրանք ինչ էին խօսում, (թէեւ դժուար չէ կռահել), սակայն մինչեւ հիմա աչքերիս առաջ է Զանգելանի` մինչեւ վերջ մերկացուած` հեռւում գլխահակ թափառող արական սեռի արարածների տեսարանը:
Չմոռանամ ասել, որ հէնց այդ օրերին ինձ բախտ վիճակուեց Արցախի շրջանի Հադրութի շրջանից անցնել Կովսական մեր փոքրաթիւ` եօթ միաւոր զրահապատների յետեւից: Եւս մի քանի միաւոր զրահապատ եկաւ Ջրականի կողմից: Թէ որտե՞ղ էր ստախօս Իլհամը «տեսել» Հայաստանից եկած գնդերն ու տիվիզաները, միայն Իլհամին է յայտնի: Դէ, Ալլահն իր հետ` ստի աչքերը մեծ են:
Սակայն պէտք է անպայման ասել «զանգելանցի» Իլհամի մի արտայայտութեան մասին: Նա յայտնում է, որ 37 հազար բնակիչների ժամանակաւորապէս տեղափոխել են Իրան` «դատաստանից նրանց պաշտպանելու համար»: Ինչի՞ մասին է խօսքը: Պատմութեան ողջ ընթացքում հայ մարտիկը երբեք խաղաղ բնակչի վրայ ձեռք չի բարձրացրել: Այստեղ առանցքային է «դատաստան» բառը` նկատի ունենալով վրէժխնդիր լինելու նպատակով պատժելը: «Զանգելանցի» Իլհամի կարծիքով, ումի՞ց եւ ինչու՞ պէտք էր վրէժխնդիր լինէին մեր մարտիկները: Այդ հարցի պատասխանն արդէն 19 տարի է գտնւում է իմ գրասեղանի դարակում:
1993 թուականի հոկտեմբերի 29-ին ես եղել եմ Կովսականում եւ Արցախի Հանրապետութեան առողջապահութեան նախարար Վեաչեսլաւ Աղաբալեանի հետ միասին անցել աւանդական երթուղով` գնացել շրջանային հիւանդանոց. Արցախը դեղամիջոցների խիստ կարիք ունէր: Այնտեղ, բժշկի սեղանին ես մի քանի լուսանկարներ գտայ, որոնցում պատկերուած էին յատակին գամուած վիրաւոր եւ սպաննուած հայեր: Բժշկական խալաթներով ճիւաղներն ու մարդակերները տանջել ու խոշտանգել էին մեր տղաներին` դանդաղ սպաննելով անօգնական վիրաւորներին: Ինչպէս ասացի, այդ լուսանկարները մինչ օրս պահում եմ եւ չեմ հրապարակում զուտ այն պատճառով, որ չեմ ուզում ցաւ պատճառել այդ մարտիկների ընկերներին ու հարազատներներին: Ի դէպ, այդ լուսանկարներից մէկում պատկերուած են նաեւ «բժիշկները» եւ իմ ցանկութիւններից մէկն է հանդիպել նրանց հետ:
Ի հարկէ «զանգելանցի» Իլհամը տեղեակ էր մարդակերների կողմից հայ վիրաւորների վրայ կատարուող այդ «փորձերի» մասին: Նրա խօսքերը, որ «պատանդ էին վերցուել 17 հայեր: Սպաննուած հայերի մարմինները թաղուել են Զանգելանի շրջանում», բաւականին թափանցիկ մատնանշում են այդ: Կարծում եմ, նրան բաւականութիւն կը պատճառի այն փաստը, որ մենք եւս գիտենք այդ մասին: Եւ, այնուամենայնիւ, Կովսականից փախած մարդիկ կարող էին չվախենալ «դատաստանից», քանի որ նրանց այդ վտանգը չէր սպառնում. Կովսական էին մտել հայրենիքի ազատարարները, որոնք ի տարբերութիւն անդրկովկասեան թուրքերի, շատ հեռու էին խաղաղ բնակչութեան հանդէպ «դատաստան» տեսնելուց:
Սակայն, չեմ ուզում թաքցնել, վերջին տարիներին մենք սկսել ենք վրէժխնդիր լինել, եւ մեր վրէժը քաղցր է: Դա Կովսականի վերածնունդն է, նրա բնակեցումը այդ հողի հազարամեայ տէրերի կողմից նոր տների` հայկական օջախների կառուցումը, հայ հողագործի ձեռքերի ջերմութեանը կարօտ հողի մշակումը:
Հ.Գ. Voskanapat.info-ի խմբագրութիւնը շնորհակալութիւն է յայտնում Նիժնի Նովկորոտի «Կամուրջ» թերթի գործընկերներին, ովքեր սիրով մեզ են տրամադրել տեսանիւթեր Արցախի վերադարձուած շրջանների մասին: Կովսականի կեանքի դժուարութիւնների եւ նուաճումների մասին է պատմում շրջանային վարչութեան ղեկավարը:
Նկարիչ` ՎԱՀՐԱՄ ՈՍԿԱՆԵԱՆ
Թարգմանիչ` ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆ
