Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հայրենասիրութիւնը, Որ Դրօշակ Են Դարձրել, Գաղափար Չէ

December 20, 2012
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Հարցազրոյցը` ՅԱՐՈՒԹԻՒՆ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆԻ

Գրող հրապարակախօս Սպարտակ Ղարաբաղցեանի հետ մեր հարցազրոյցի երկրորդ մասը, որում եւս արծարծւում են հասարակութեանը յուզող բազմաթիւ խնդիրներ, հրապարակում ենք ստորեւ:

ՀԱՐՑՈՒՄ.- Ըստ ձեզ, մեր երկիրն ի՞նչ կարգի երկիր է:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Ես մի օրինակ եմ ուզում բերել: Հին ժամանակներում, երբ մէկն ուզում էր մատաղ կամ հարսանիք անել, իր աշխատած փողը փոխում էր դարբնի փողի հետ: Որովհետեւ  դարբինն այդ փողը քրտինքով էր աշխատել, որպէսզի այդ մատաղն ընդունելի լինի, որ հարսանիքի հարսն ու փեսան բախտաւոր լինեն, այսինքն աստուածահաճոյ լինի: Երբ մենք մեր արդար  քրտինքով աշխատածով  կարողանանք  հարսանիքներ, մատաղներ անել, այդ աւանդոյթները վերականգնել, մենք հաստատ հզօր ժողովուրդ կը դառնանք:

Հիմա դարբին չկայ, որ մեծահարուստները կարողանան բերել իրենց այդ հարամ փողերն ու ասեն` փոխի: Եթէ այսօր իսկական դարբին, հացթուխ ունենայինք, այդ տեսակը կ՛ունենանք:

Օրինակ` Գիւմրին, ինչո՞ւ էինք համարում մեր  մշակութային մայրաքաղաքը: Մի ժամանակ կար, երբ արհեստները Գիւմրիում էին կենտրոնացած, այսինքն ազնիւ մարդիկ այնտեղ էին, մետաղի հետ կռիւ տուողներն էին այնտեղ: Պատահական չէր, որ Գիւմրիում մի ամբողջ աշուղական դպրոց  ծնուեց: Պատահական չէր, որ Իսահակեանն այդ տարածաշրջանից դուրս եկաւ: Ու հիմա այդ հոգեւոր, համով-հոտով հսկայական տարածքն բնորոշում ենք մի բառով` աղէտի գօտի: Դա երկիմաստ բառ է: Իրօք, աղէտի գօտի է` հոգեւոր աղէտի գօտի: Փոխանակ այդ աղէտի  գօտին վերականգնէինք` իր ամբողջ երանգապնակով, բերեցինք մի քաղաքապետ կարգեցինք այնտեղ, որ աղէտալի դարձրեց այնտեղի վիճակը: Պատկերացրէք, որ  այդ քսան տարում դարբնի հոգեբանութեամբ մի մարդ լինէր այդ քաղաքապետը, մենք որտեղ հասած կը լինէինք: Կամ` այդ դարբնի հոգեբանութեամբ նախագահ ունենայինք: Այստեղ տեսակի խնդիրն է:

Հ.- Գոհ չէ՞ք նախագահի աշխատանքից:

Պ.- Նախագահի աշխատանք ասելով` երկիրս պէտք է տեսնեմ: Եթէ բնական երկիր ենք, բնական հասարակութիւն ենք, ուրեմն` փառք ու պատիւ նախագահին: Ես անկեղծ ասեմ` այդ նախագահ բառն էլ չեմ սիրում, ոչ էլ փրեզիտենթ բառն եմ սիրում: Ես սիրում եմ, երբ թագաւոր է լինում: Օրինակ` Շուէտի նման երկիրը, որ այսօր թագաւոր ունի, համարւում է ամենաքաղաքակիրթ երկրներից մէկը: Թագաւոր` չի նշանակում բռնապետ: Թագաւոր` նշանակում է թագ կրող եւ վստահութիւն կրող, Աստծոյ կողմից  տրուած շնորհ: Ռուսաստանը, օրինակ, մինչ այսօր չի կարողանում այդ արիւնն իր վրայից մաքրել` թագաւորասպան ժողովուրդ է դարձել Նիքոլայի սպանութիւնից յետոյ: Անընդհատ ուզում է մաքրուել, որովհետեւ գիտի, որ դրանով է վերականգնուելու: Մենք էլ հոկտեմբերի 27 ունեցանք. չմաքրուե՞նք այդ հոկտեմբերի 27-ից:

Հ.- Ինչպէ՞ս էք տեսնում այդ մաքրուելու ճանապարհը` արդէն տասներկու տարուց աւելի է  անցել:

Պ.- Այդ մաքրուելը կարող է քսան տարուց աւելի էլ տեւել: Չգիտեմ, օրինակ, Ռուսաստանում քանի՛ տարի անցաւ, ու նոր  միայն սկսուեց այդ գործընթացը: Ուղղակի մենք այլեւս զոհելու տեղ չունենք: Մենք պէտք է չսպասենք 10 կամ 20 տարի յետոյ մաքրուելուն: Օրինակ` ընտրութիւններն ի՞նչ են դարձել, ինձ խորհրդային տարիների հնգամեակ են յիշեցնում: Այս հինգ տարին այսպէս, այն  հինգ տարին` այնպէս, հօ այդպէս չէ: Այսինքն, եթէ ես այսօր նախագահ եմ ընտրում, ես ընտրում եմ ոչ թէ հինգ տարուայ համար, ես ուզում եմ, որ իմ նախագահը մնայ պատմութեան մէջ, ինքը դառնայ իմ պատմութեան էջը գրողը: Հիմա նորից ընտրութիւնների ճանապարհին ենք, այս ընտրութիւնները ես չեմ ուզում, որ խեղկատակութեան վերածուեն: Անկեղծ ասած` ոչ թէ ինչ-որ բանի համար եմ ասում, այլ անկեղծ` կ՛ուզեմ եւս հինգ տարուայ առիթ  տալ այս նախագահին, բայց այս նախագահը դառնայ իմ նախագահը, ոչ թէ դառնայ ինչ-որ կուսակցութեան առաջնորդ: Որովհետեւ, օրինակ, ես ՀՀԿ-ական չեմ, բայց դա չի նշանակում, թէ նախագահն իմը չէ: Ընդհակառա՛կը, նախագահն աւելի շատ իմը պէտք է լինի, քան` ՀՀԿ-ինը: Սա արդէն իմ ասած թագաւորի կերպարն է, որ ինքը կարողանայ նաեւ այդ զսպաշապիկը հագցնել այսօրուայ այդ մարդկանց:

Հ.- Փորձում է հագցնել, բայց, կարծես, չի ստացւում:

Պ.- Որովհետեւ, էլի եմ ասում, քծնանքը, որ մեր տունը քանդել է, այդ օրկանիզմն այնքան է մեծացել, որ զսպաշապիկն արդէն չի կարողանում հագցնել: Զսպաշապիկն ի սկզբանէ պէտք է հագցնէր: Ճենկիզ Այթմատովի ժամանակ մարդկանց գլուխներին մորթի էին հագցնում, դարձնում մանկուրտ, որ յիշողութիւնը մաքրեն, իսկ այժմ, ընդհակառակը, սրանք իրենց յիշողութեան, իրենց ինքնութեան ճանապարհը շեղած մարդիկ են: Որովհետեւ եթէ կուսակցութեան էութիւնը դառնում է հացի կռիւ… Համայնավար կուսակցութիւնից աւելի հզօր կուսակցութիւն հոյ չէ՞: Ինչո՞ւ կործանուեց այդ կուսակցութիւնը` կուսակցութեան ներսում սկսուեց  քծնանքը, կուսակցութեան ներսում սկսեցին մէկը միւսին չհանդուրժել կամաց-կամաց,  եւ քանդուեց: Նոյն բանը ես տեսնում եմ ներկայիս կուսակցական կռիւների մէջ: Եւ սա միայն ՀՀԿ-ի չի վերաբերում: Որովհետեւ այսօրուայ քաղաքական դաշտում գաղափարական հենք չի ձեւաւորուել: Հայրենասիրութիւնը դարձրել են դրօշակ, սակայն դա գաղափար չէ: Նկատի ունեմ բոլոր կուսակցութիւններին, քանի որ ոչ մէկի մէջ բացառապէս տարբերութիւն չեմ տեսնում: Որովհետեւ, երբ, օրինակ, նժդեհականութիւնը դառնում է նորօրեայ կոմսոմոլների դեւիզ` առանց իմանալու, թէ Նժդեհը որտեղից է սերուել, ինչ ճանապարհ է անցել…  Նժդեհին ծնող կուսակցութիւնն էլ պէտք է Նժդեհին տէր կանգնի: Եթէ դու ես ծնել, դու պէտք է տէր կանգնես, այլ ոչ թէ թողնես, որ դառնայ ծաղրուծանակի առարկայ: Ինչո՞ւ Նժդեհի արձանը չեն տեղադրում իր անուան հրապարակում:

Հ.- Որպէս նաեւ գրող-հրապարակախօս, որպէս շարժապատկերի բեմագրութիւնների հեղինակ` վաւերագրող, ինչպէ՞ս կը գնահատէք Հայաստանի այսօրուայ շարժապատկերի եւ գրականութեան վիճակը:

 Պ.- Այժմ երբ գրելու ցանկութիւն եմ ունենում, երբ ասելիք եմ ունենում, չնայած ասելիք միշտ ունեմ, գրում եմ: Ես այն մարդկանցից չեմ, որ ասում են` ո՞ւմ համար գրեմ: Ես նախ ինձ, իմ հանգստանալու համար եմ գրում: Երկրորդ, ժամանակակից գրականութիւն ասելով, պէտք է ասեմ, որ տաղանդաւոր երիտասարդներ կան, որ կարդում ու ինձ լաւ եմ զգում: Մտածողութիւնը կայ եւ այլն: Բայց չեմ ուզում, որ  մեր այսօրուայ գրականութիւնը տուրք տայ օտար գրականութեանը` այլ գրականութիւնից սերուի, երբ մենք հսկայական ժառանգութիւն ունենք: Ես, օրինակ, կ՛ուզեմ, որ այսօրուայ մեր գրականութեան մէջ շարունակուի Հրանդ Մաթեւոսեանի մտածողութիւնը, կ՛ուզեմ, որ Կոստան Զարեանի փիլիսոփայութիւնը լինի գրականութեան մէջ, շարունակուի, ոչ թէ պահպանուի, այլ շարունակուի: Բայց իմ ուզելը երեւի այսօր քիչ է: Ու, նայէ՛ք, երբ մենք լաւ գրականութիւն ենք ունեցել, լաւ էլ շարժապատկեր ենք ունեցել: Մէկը միւսի հետ կապուած բաներ են: «Մենք ենք մեր սարերը» օրական 10 անգամ նայիր ու չես ձանձրանայ: Ուրիշ օրինակներ էլի բերեմ, որ գրականութիւնը եկել ու շարժապատկեր է դարձել: Բայց այսօր ո՞ւմ գրականութիւնը բերես: Այսօր էժանագին գրականութիւնը դառնում է սերիալ: Եթէ այսօր ինձ միլիոններ էլ խոստանան` կարողութիւն, միեւնոյն է, ես սերիալների բեմագրութիւն չեմ կարող գրել, որովհետեւ դա իմ մտածողութիւնը չէ:

Հ.- Չէ՞ք համարում, արդեօք, որ հէնց այդ սերիալներով  ոմանք կրթում են մեր հասարակութիւնը` իրենց ուզած ձեւով: Սերիալների ազդեցութիւնն ինչպիսի՞ անդրադարձ է ունենում հասարակութեան կրթուածութեան վրայ:

Պ.- Կրթել բառն այստեղ անհեթեթ է դառնում: Կրթել` նշանակում է հէնց կրթել, բայց եթէ բառախաղ դարձնենք, սա արդէն կրտել է նշանակում, այլ ոչ կրթել: Այսինքն դու նրա յիշողութիւնը նրա միջից հանում ես, մտածելու ունակութիւնը, նրան մանկուրտ ես դարձնում: Ի՞նչ է նշանակում, երբ այսօր պոռնիկ հայ կնոջ կերպար է ստեղծւում` առանց չափազանցելու` իր խօսելով, հնչերանգով, իր մտածողութեամբ եւ այլն:

Հ.-  Բայց այդ պոռնիկ հայ կնոջ կերպարն էլ կայ մեր հասարակութեան մէջ:

 Պ.- Բայց դէ նրան պէտք չէ բերենք ու դարձնենք չափանիշ: Պոռնկութիւնը առաջներում հայ կնոջ չափանիշը չի եղել: Իսկ մենք այսօր պոռնիկներին դարձրել ենք հայ կնոջ կերպար:  Օրինակ` իտալական ժապաւէնները, երբ Ֆելինին ստեղծում էր,  կնոջ կերպարը ստեղծում էր աշխարհահռչակ Սոֆիա Լորենը: Բայց Սոֆիա Լորենը  նաեւ իտալացի կինն էր` իր բարոյականութեամբ եւ իր ամէն ինչով: Եւ դու սիրում էիր այդ կնոջը: Իր բոլոր վատ բաներն էլ ներում էիր: Եթէ մենք ուզում ենք լուրջ կերպարներ ունենալ մեր շարժապատկերում, շարժապատկերի մասին է խօսքը, այլ ոչ` սերիալների, ի՞նչ է` մենք չե՞նք ունեցել: Գալեա Նովենցի ստեղծած  կերպարն այսօր ո՞վ կարող է ստեղծել: Դա հէնց հայ կնոջ կերպարն էր: Ուզում եմ ասել, որ երբ ունես լաւ, բարոյական չափանիշների մէջ գտնուող հասարակարգ, կ՛ունենաս նաեւ լաւ գրականութիւն, կ՛ունենաս նաեւ լաւ շարժապատկեր:

Հ.- Հեռուստաընկերութիւնների ղեկավարները, այն հեռուստաընկերութիւնների, որոնք աւելի մեծ լսարան ունեն, ասում են, թէ հասարակութիւնը դա է ուզում:

Պ.- Ուրեմն մենք մեզ հասարակութիւնից դո՞ւրս ենք դնում: Որտեղի՞ց գիտեն, որ հասարակութիւնը դա է ուզում:

Հ.- Վարկանիշներն են դա ցոյց տալիս:

Պ.-  Դա Ահարոն Ադիբեկեանի ընկերաբանական հետազօտութիւնների պէս է: Նա էլ է չէ՞ ընկերաբանական հետազօտութիւնների միջոցով քաղաքական կուսակցութիւնների վարկանիշները ճշդում, իմանում: Վերջերս  նշուեց «Կուլտուրա» հեռուստաընկերութեան 15-ամեակը: Լոմոնոսովի համալսարանի լրագրութեան բաժանմունքն աւարտած մի աղջիկ, գալիս է «Կուլտուրա»-ում աշխատանքի ընդունուելու: Այնտեղ նրան ասում են, որ յարմար աշխատանք չունեն, ու աղջիկն ասում է, թէ պատրաստ է այդ հեռուստաընկերութիւնում մինչեւ իսկ հաւաքարար աշխատել, միայն թէ այդ միջավայրում լինի: Ի՞նչ է, մենք այստեղ նման միջոցներ չունե՞նք: Ինչո՞ւ մենք էլ մի այդպիսի հեռուստաընկերութիւն չունենանք, որ ինչ-որ մէկն էլ, ամէն ինչ թողած, ասի` կը գամ նոյնիսկ ձեր սեղանի փոշին մաքրելու, միայն թէ ձեր միջավայրում լինեմ: Միջավայր է ստեղծւում: Դրա համար եմ ասում, որ, օրինակ, ռուսական ալիքներն էլ ունեն այդ հիւանդութիւնը, բայց  Ռուսաստանը մեծ, հզօր երկիր է, որ այդ հիւանդութիւնը կարող է իր առողջ հատուածի հաշուին լուծել, որովհետեւ ինքն այդ միջավայրը ստեղծել է: Որովհետեւ ինքն իր այդ հզօր միջավայրին տէր է կանգնում: Մենք էլ ենք չէ՞ հզօր մշակոյթի ժառանգորդ` Արամ Խաչատրեան ունենք, նկարիչների ու քանդակագործների մի ամբողջ աստղաբոյլ ունենք, որոնց իրենք աւելի շատ են լուսաբանում ու մեկնաբանում, քան մենք: Օրինակ` մի քանի օր առաջ Աւետ Աւետեանի յոբելեանն էր, ո՞ր մի հեռուստաընկերութիւնը լուսաբանեց: Փառահեղ, աշխարհահռչակ դերասան էր:

Հ.- Մենք չենք կարողանում ներկայացնել մերը, յետոյ էլ դժգոհում ենք, թէ մերոնք համաշխարհային ճանաչում չեն ստանում:

Պ.- Ո՛չ, մենք էժանագինը ներկայացնելու դրսեւորումներ ունենք: Օրինակ` վերջերս եղած մի օրինակ կարող եմ ասել. Երեւանում տեղադրուած գաճէ արձանները: Ես որ տեսնում եմ Չարենցին` այդտեղ նստած, ինձ թւում է, թէ նա Կարսից եկել է, հիւրանոցում նրան տեղ չեն տուել ու նստել` դրսում է մնացել այս մարդը: Ինքը տիրոջ կերպարն արդէն չունի, այդ միջավայրի տէրը պէտք է լինի Չարենցը: Յետոյ` նրա կողքին ամէն մարդ իրաւունք չունի նստելու, սա էլ պէտք է հաշուի առնել: Կամ` Մհեր Մկրտչեանին անդրադառնանք: Օրինակ` «Տղամարդիկ» ժապաւէնի արձանը, որ դրուած է, գնում ենք այդ արձանի մօտ` ծաղիկներ են դրուած. արդէն ընդունում են մարդիկ այդ արձանը: Արժէ՞ր դրանից յետոյ բերել, այդ միջավայրից առանձնացնել ու բերել նորից գաճէ արձանի տեսքով դնել այդտեղ: Բայց մէկը պէտք է այդ մասին ասի, չէ՞, նրանց: Օրինակ` արդէն քսան տարի է, ինչ Այվազովսկու արձանի վրձինը չկայ: Ուզում ես ինչ-որ բա՞ն անել, բեր ու վրձինը դիր: Աւելի՛ն. Գարեգին Նժդեհի անուան հրապարակում Սպանդարեանի արձանն է դրուած, նժդեհապաշտ կուսակցութիւնը կարող է արձանը փոխել: Ոչ թէ լինի Գարեգին Նժդեհի անուան Սպանդարեանի հրապարակ: Անհեթեթութիւն է սա: Նոյնիսկ արձանների առումով  էլ անհեթեթութիւն է:

Հ.- Այսինքն, ո՛ր բնագաւառին էլ նայես, անհեթեթութեան մէ՞ջ ենք:

Պ.-  Սա այն պատճառով է, որ երբ բարոյալքման գործընթաց է գնում, այդ ժամանակ որ բնագաւառին էլ մատդ դնես, այդտեղ կան միայն խնդիրներ: Կրթութիւն, առողջապահութիւն, մշակոյթ, ո՛ր բնագաւառն ուզում ես մտիր: Ես չեմ ասում` անթերին ունենանք, հնարաւոր չէ: Անթերի միայն մէկ մարդ է եկել, բայց խաչուել ու վեր է համբարձուել: Բայց բոլորս մեզ Քրիստոսի տեղ ենք դրել, բոլորս ուզում ենք խաչուել, բայց էլ համբարձուելու տեղ չկայ, մի հոգի պէտք էր համբարձուէր, ով արդէն համբարձուել է. ի զուր ձեզ մի՛ կոտորէք ու մի՛ էլ խաչուէք:

 

Նախորդը

Նամակ 329

Յաջորդը

Ճատրակ. Լիբանանի Ախոյեանութիւն. Ֆայսալ Խէյրալլա` Լիբանանի Ախոյեան

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

ՀՅԴ Երրորդութիւնը

November 24, 2026
Մէկ Ազգ, Բայց Մէ՞կ Համակարգ
Անդրադարձ

Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

November 24, 2026
Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն
Անդրադարձ

Մայրենիի Դեսպանը Ամերիկայի Ափերուն

November 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.