Երէկ Մարոք մեկնեցան լիբանանեան երեք խումբեր` Ժընուպ Թուլ (տղաք), Շապապ Ֆաուար եւ Ատապ Ուալ Ռիատա Քֆարշիմա (աղջիկներ)` Մարաքեշի մէջ իրենց մասնակցութիւնը բերելու համար Արաբական ակումբներու փինկ փոնկի 24-րդ ախոյեանութեան, որ տեղի պիտի ունենայ 28 նոյեմբերէն 4 դեկտեմբեր:
Լիբանանի ախոյեան Ժընուպ Թուլի տղոց խումբը, որ մաս կազմեց Դ. խմբակին, իրեն մրցակից պիտի ունենայ Արապի Քաթարը, Ֆաթըհ Մարոքը, Սարայա Լիպիան, Ըրպըհա Ալճերիան եւ Ժազիրա Յորդանանը:
Ինչ կը վերաբերի Շապապ Ֆաուարի (աղջիկներ), անոր խմբակին (Գ.) մէջ են Մարաան (Քաթար), Զամալեքը (Եգիպտոս), Շաքլաուան (Իրաք) եւ Աթլեթիքօ Օլիմփիքը (Եգիպտոս):
Իսկ Ա. խմբակին մաս կը կազմեն Ատապ Ուալ Ռիատա Քֆարշիմա, տիտղոսակիր Ահլի (Եգիպտոս), Ուաֆաք (Ալճերիա), Սատաքա (Մարոք) եւ Մոհամատիէ (Պահրէյն):
Նշենք, որ տղոց մրցաշարքին կը մասնակցին 21 խումբեր, իսկ աղջկանց պարագային` 11:
Նախքան Պէյրութի միջազգային օդակայան մեկնիլը, Ատապ Ուալ Ռիատա Քֆարշիմայի կազմը այցելեց Քֆարշիմայի քաղաքապետ Թոնի Ռատիի, որ անոնց մաղթեց յաջողութիւն` բարձր պահելու համար Լիբանանի անունը:
Նշենք, որ Քֆարշիմայի խումբին մաս կը կազմեն Հալա Ուըհպէ, Լիզ Հաժ Նիքոլա, Մելիսա Սապեր եւ Միշլին Հաննա, իսկ խումբին մարզիչն է Քրիսթիան Թաուեհ:


